Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական խոսույթում վերջին տարիներին ամենաինտենսիվ քննարկվող թեմաներից մեկը Եվրամիության հետ մերձեցման հեռանկարն է, և այս թեմայի շուրջ ձևավորված հանրային սպասելիքներն ու իրականության միջև եղած անդունդը օրեցօր ավելի է խորանում։ Երկրի ղեկավարությունը համառորեն հայտարարում է եվրոպական ուղղվածության մասին, Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենք՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները խոստանում են արագ տեմպերով մտնել պաշտոնական բանակցային փուլ, սակայն Բրյուսելից հնչող ազդակները վկայում են բոլորովին այլ իրականության մասին։

Ամենաուշագրավ և ամենախոսուն փաստը վիզային ռեժիմի ազատականացման հարցում Եվրամիության դիրքորոշումն է։ Երբ ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ չափազանց վաղ է խոսել Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին (թեկուզ նկատի ունենալով կոնկրետ թվական նշելը), սա ոչ թե տեխնիկական բնույթի մեկնաբանություն է, այլև քաղաքական ազդակ, որը պետք է ընկալել իր ամբողջ ծավալով։ Վիզայի ազատականացումը Եվրամիության հետ հարաբերությունների ամենահասարակ, ամենանախնական և համեմատաբար հեշտ իրագործվող քայլն է։ Սա այն գործիքն է, որով Եվրամիությունը պարգևատրում է առնվազն իրեն համակողմանիորեն լոյալ գործընկերներին կամ նրանց, որոնց օգտակար է համարում, և այն երբեք չի համարվել անդամակցության նախապայման կամ անդամակցության գործընթացի մաս։

Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան այս արտոնությունն ստացել են դեռևս այն ժամանակ, երբ անդամակցության հեռանկարի մասին լուրջ խոսք անգամ չկար։ Այսինքն, վիզային ռեժիմի ազատականացումը Եվրամիության արտաքին քաղաքականության մեջ այն նվազագույն զիջումն է, որն արվում է նույնիսկ առանց խորքային ռազմավարական պարտավորությունների։ Եթե Հայաստանի դեպքում նույնիսկ այս նվազագույն քայլի ժամկետների մասին (կրկնում ենք՝ թեկուզ կոնկրետ ինտերվալի մասին) խոսելը «չափազանց վաղ» է համարվում, ապա ի՞նչ հիմքերի վրա է կառուցվում այն պատրանքը, թե անդամակցության գործընթացը կարող է արագ սկսվել և հաջողությամբ ընթանալ։

Այստեղ անհրաժեշտ է հասկանալ Եվրամիության համայնքի որոշումներ կայացնելու ներքին մեխանիզմը, որն ակնհայտորեն անտեսվում է հայաստանյան հանրային քննարկումներում։ Եվրամիությունը միասնական քաղաքական դերակատար չէ, այլ քսանյոթ անդամ պետության համախումբ, որտեղ յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական շահերը, վետոյի իրավունքը և ներքին քաղաքական հաշվարկները։ Անդամակցության հարցում պահանջվում է բոլոր անդամների միաձայն համաձայնություն, և պատմությունն էլ ցույց է տվել, որ նույնիսկ մեկ երկրի առարկությունը բավարար է տասնամյակներով սառեցնելու թեկնածու երկրի հեռանկարները։ Թուրքիայի օրինակը ավելի քան խոսուն է. այդ երկիրը թեկնածուի կարգավիճակ ունի արդեն քառորդ դարից ավելի, սակայն անդամակցության իրական հեռանկարը գործնականում չկա։ Ուկրաինան, որին պատերազմի պայմաններում արտակարգ արագությամբ շնորհվեց թեկնածուի կարգավիճակ, այնուամենայնիվ, կանգնած է տասնամյակներ տևող բարեփոխումների ճանապարհի առաջ, և նույնիսկ նրա դեպքում մի շարք անդամ երկրներ բացահայտ դիմադրություն են ցույց տալիս ընդլայնմանը։

Այս ֆոնին Հայաստանի համար խոսել արագ անդամակցության մասին՝ նշանակում է անտեսել ոչ միայն Եվրամիության ներքին դինամիկան, այլև ընդլայնման նկատմամբ Բրյուսելում առկա աճող հոգնածությունը։ Եվրամիության ընդլայնման հոգնածությունը նոր նկատվող երևույթ է։ Վերջին երկու տասնամյակում ԵՄ-ն բախվել է ներքին լուրջ ճգնաժամերի՝ ֆինանսական ճգնաժամից մինչև Բրեքսիթ, միգրացիոն ճգնաժամից մինչև աջ պոպուլիզմի վերելք, և այս պայմաններում նոր անդամների ընդունումը՝ հատկապես տնտեսապես թույլ և ռազմավարականորեն անկայուն տարածաշրջանից, շատ անդամների համար ոչ թե ներդրում է, այլև լրացուցիչ բեռ։

Հայաստանը, որի տնտեսության ծավալը չափազանց փոքր է, որի արտահանման կառուցվածքը սահմանափակ է, և որը գտնվում է բարդ անվտանգային միջավայրում, Եվրամիության համար ներկայում չի ներկայացնում այն գրավչությունը, որը կարող է հաղթահարել ընդլայնման դիմադրությունը։ Ավելին, Հայաստանը չունի Եվրամիության հետ ցամաքային սահման, ինչը տեխնիկապես և իրավականորեն լուրջ հարցադրումներ է առաջացնում անդամակցության հնարավորության վերաբերյալ, քանի որ Եվրամիության պայմանագրերը ենթադրում են եվրոպական աշխարհագրական պատկանելություն, ու թեև այս չափանիշը պատմականորեն ճկուն է մեկնաբանվել, այնուամենայնիվ, այն լրացուցիչ խոչընդոտ է, որը պահանջում է բոլոր անդամների քաղաքական կամքը, ինչը ներկայումս բացակայում է։

Բացի իրավական և ինստիտուցիոնալ խոչընդոտներից, կան նաև ռազմավարական և անվտանգային հանգամանքներ, որոնք անտեսելը ոչ միայն անիրատեսական է, այլև վտանգավոր։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում, որտեղ իր անվտանգության հիմնական մարտահրավերները պահանջում են անմիջական և գործնական լուծումներ, ոչ թե հեռավոր ապագայի ինտեգրացիոն նախագծեր, որոնք այդպես էլ կարող է իրականություն չդառնան։ Եվրամիությունը, ինչպես ցույց է տվել վերջին տարիների փորձը, չի կարող և չի ցանկանում Հայաստանին տրամադրել անվտանգության երաշխիքներ։ ԵՄ դիտորդական առաքելությունը, որը ներկայացվում է որպես մերձեցման զգալի արդյունք, խորհրդանշական բնույթ ունի և չի կարող փոխարինել իրական անվտանգային համակարգին։

Այս պայմաններում երկրի ղեկավարության կողմից բոլոր ռազմավարական խաղաթղթերը դնելը եվրոպական ուղղվածության վրա՝ նշանակում է թուլացնել այլ ուղղություններով հարաբերությունները՝ առանց փոխհատուցում ստանալու։ Սա է հենց այն վտանգավոր սխալը, որի քարոզչությունը կարելի է բնութագրել որպես հեռավոր ապագայի համար ինչ-որ հավանական իրադարձության համար նախատեսված «լապշաներ», որոնց համար զոհասեղանին են դրվում ներկայի և մոտ ապագայի շահերը։

Այստեղ հարկ է առանձնացնել քաղաքական հռետորաբանության և պետական ռազմավարության տարբերությունը։ Երբ իշխանությունը հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, այս հայտարարությունը կարող է ունենալ ներքին քաղաքական նպատակներ՝ ձևավորելու դրական օրակարգ, շեղելու ուշադրությունը սոցիալ-տնտեսական և անվտանգային կարևոր խնդիրներից, ստեղծելու առաջընթացի պատրանք։ Սակայն պետական ռազմավարությունը չի կարող հիմնվել հռետորաբանության վրա։ Իրական ռազմավարությունը պահանջում է սառը հաշվարկ՝ ի՞նչ է տալիս Եվրամիությունը այսօր, ի՞նչ կարող է տալ վաղը, և ի՞նչ գնով։ Վիզային ազատականացման հարցում Բրյուսելի դիրքորոշումը հստակ ցույց է տալիս, որ այսօր Եվրամիությունը պատրաստ չէ նույնիսկ նվազագույն զիջումների։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար եվրոպական ինտեգրացիայի գինը ներկայում անհամաչափ բարձր է կորսվող օգուտների համեմատ. պահանջվում են լուրջ զիջումներ աշխարհաքաղաքական դաշտում, հարաբերությունների սրում ավանդական գործընկերների հետ, տնտեսական կապերի վերակառուցում, իսկ փոխարենը առաջարկվում են միայն խոստումներ և խորհրդանշական ժեստեր։

Կարևոր է նաև հասկանալ, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը և Եվրամիությանն անդամակցելը երկու տարբեր բաներ են։ Հայաստանը կարող է և պետք է զարգացնի հարաբերությունները Եվրամիության հետ առևտրի, ներդրումների, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում, քանի որ դա համապատասխանում է երկրի շահերին։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն արդեն իսկ գործում է, լավ հիմք է այդ համագործակցության համար։ Սակայն այս համագործակցության խորացումը չի պահանջում անդամակցության հռետորաբանություն և երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման սրված փոփոխություն։

Խնդիրը սկսվում է այնտեղ, որտեղ գործնական համագործակցությունը փոխարինվում է «իդեոլոգիական» նախագծով, երբ երկրի արտաքին քաղաքականությունը սկսում է կառուցվել ոչ թե շահերի հաշվարկի, այլև պատկերացումների և ակնկալիքների հիման վրա։

Անդամակցության գործընթացի իրատեսական գնահատականը պահանջում է նաև հասկանալ, թե ինչ փուլեր է ներառում այդ գործընթացը։ Նույնիսկ եթե Հայաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ, ինչը ներկայիս պայմաններում խիստ կասկածելի է, դրանից հետո սկսվում է տասնամյակներ տևող բարեփոխումների շրջան՝ օրենսդրության ներդաշնակեցում եվրոպական ստանդարտների հետ, որը ներառում է հարյուրավոր օրենքների և կանոնակարգերի փոփոխություն, տնտեսության մրցունակության բարձրացում մինչև եվրոպական մակարդակ, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ ամրապնդում, դատական համակարգի արմատական բարեփոխում և այլն, և այլն։ Այս բոլորը պահանջում է հսկայական ռեսուրսներ, քաղաքական կայունություն և սոցիալական համերաշխություն, որոնք ներկայիս Հայաստանում խնդրահարույց են։ Իսկ ամենակարևորը՝ այս գործընթացի ավարտի երաշխիք չկա, քանի որ վերջնական որոշումը կախված է ոչ թե թեկնածու երկրի ջանքերից, այլև անդամ երկրների քաղաքական կամքից, որը կարող է փոխվել ցանկացած պահի ներքին քաղաքական զարգացումների արդյունքում։

Այս ամենի ֆոնին հարց է առաջանում՝ ինչո՞ւ է երկրի ղեկավարությունը շարունակում խթանել այն սպասելիքները, որոնք օբյեկտիվորեն չեն կարող իրականանալ կանխատեսելի ապագայում։ Պատասխանը, հավանաբար, ավելի շատ թաքնված է ներքին քաղաքական հաշվարկներում։

Եվրոպական ինտեգրացիայի թեման հարմար գործիք է հասարակության որոշակի շերտերի աջակցությունը պահպանելու, արևմտյան գործընկերների բարեհաճությունը ձեռք բերելու և արտաքին քաղաքականության ոլորտում «ձեռքբերումներ» ցուցադրելու համար։ Սակայն այս մոտեցումը կարճատև է ու վտանգավոր, քանի որ երբ սպասելիքները չիրականանան, ինչը անխուսափելի է, հասարակության հիասթափությունը կլինի համեմատաբար ավելի խորը, իսկ երկրի ռազմավարական դիրքերը՝ ավելի թույլ, քան եղել են գործընթացի սկզբում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները