Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրորդ Արցախյան պատերազմի ու դրա աղետալի պատճառների, արդյունքների և հետևանքների հետ կապված բազմաթիվ հարցեր մնում են բաց կամ մշուշոտ, ու բազմաթիվ հարցականներ կան օդում կախված։ Ճիշտ է՝ իշխանությունները փորձում են հավաստիացնել, թե իրենք թափանցիկ են ժողովրդի առաջ, բայց գաղտնի են պահում ժողովրդից մի շարք եղելություններ։ Այդպես, օրինակ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն ինչ-որ կերպ կարող էր լույս սփռել որոշ հարցերի վրա, չի հրապարակվել և ուղարկվել է Ազգային ժողովի առաջին (գաղտնի) բաժին: Այսինքն, հասանելի չէ հանրության համար։ Բերվում է այն հիմնավորումը, որ այդ զեկույցը գաղտնի տեղեկություններ է պարունակում։ Ու անգամ հավաստիացումներ կան, որ թեև ամբողջական տարբերակը մնալու է փակ, հանրությանը աստիճանաբար հասանելի կդառնան զեկույցի առանձին հատվածներ, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում:

Սակայն խնդիրը միայն գաղտնիությունը չէ։ Իշխանությունները նաև այնպիսի պարզ հարցերի պատասխանները դեռևս մինչև հիմա չեն տվել, որոնք ընդհանրապես գաղտնիության հետ կապ չունեն, և որոնց պատասխանները հանրությունը վաղուց պետք է արդեն իմացած լիներ։ Օրինակ՝ մինչև այսօր անհայտ է, թե պաշտոնապես ինչքան զոհ է ունեցել հայկական կողմը պատերազմի արդյունքում, ինչը տարբեր տարընթերցումների տեղիք է տալիս՝ անգամ պաշտոնական մակարդակով։ Ի մասնավորի, Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը՝ նշելով 4800։ Բնականաբար, երկրի նախագահը նման հայտարարության համար ինչոր տվյալների ծանոթ եղել է, այլապես դժվար թե որևէ կոնկրետ թիվ հնչեցներ։ Բայց հետաքրքիրն այն է, որ շատ չանցած՝ մեծ արագությամբ նախագահի աշխատակազմը հերքեց այդ թիվը՝ նշելով, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։ Եթե նայենք ժամանակի ընթացքում իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, ապա կարող ենք հանդիպել բոլորովին տարբեր՝ միմյանց հետ կապ չունեցող թվեր, օրինակ՝ 3833, 4273, 3825, 3815, հիմա էլ՝ 3755։

Սա չափազանց զգայուն թեմա է. ի վերջո, գործ ունենք ոչ զուտ վիճակագրական տվյալների կամ ֆինանսական ինչ-որ ցուցանիշների, այլ կոնկրետ մարդկանց, մարդկային ճակատագրերի հետ, մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի։ Եվ նրանցից յուրաքանչյուրը հատուկ հարգանքի ու պատվի է արժանի։ Ավելին՝ յուրաքանչյուր զոհված հերոսին պետք է հիշել, հիշատակել անուն-ազգանունով։ Բայց, ինչպես արդեն համոզվել ենք, իշխանությունների համար այդ ճակատագրերը չեն կարևորվում ու անգամ նշանակություն չունեն։ Չնայած, ինչ սպասես մի կառավարությունից, մի իշխանությունից, որի ղեկավարը մեր նահատակների մասին խոսում է պլ յուսմինուսով՝ նշելով. «Մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50»:

Միգուցե պատերազմից անմիջապես հետո հնարավոր էր մոտավոր թվերից խոսել՝ հաշվի առնելով, որ տեղի ունեցածը դեռ թարմ էր ու ճշտումների, հստակեցումների կարիք կար։ Այդ դեպքում ինչ-որ կերպ կարելի էր ըմբռնումով մոտենալ թվերի տարբերությանը։ Բայց ամենազարմանալին այն է, որ պատերազմից վեց տարի է անցել, սակայն հստակ պատկեր դեռևս չունենք։

Դժվա՞ր էր զոհերի ու անհետ կորածների քանակը պարզել ու հրապարակել կոնկրետ անուն-ազգանուններով: Իհարկե՝ ոչ։ Շատ արագ կարելի է այդ հարցին վերջնական ու մեկընդմիշտ լուծում տալ: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ իշխանությունները չեն հրապարակում զոհերի ու անհետ կորածների ցուցակները, որ այդ հարցը մեկընդմիշտ փակվի։ Իսկ գուցե նրանք վախենո՞ւմ են նման ցուցակ հրապարակել, ինչի՞ց են վախենում: Եվ արդյո՞ք տրամաբանական չէ, որ մարդկանց շրջանում կասկածներ կան, թե ինչու չեն հրապարակվում այդ տվյալները, կասկածներ կան, որ այդ թվերը էականորեն տարբերվում են նրանից, ինչ ներկայացվում է հիմա։ Պատահական չէ, որ պատերազմից հետո և մինչ այսօր տարբեր թվեր են շրջանառվում, այդ թվում՝ 5 հազար զոհերի մասին խոսակցությունները, ավելին՝ սոցցանցերում նույնիսկ հանդիպում են շատ ավելի մեծ թվեր, ինչից քպականներն ընկնում են հիստերիայի մեջ, իսկ Արարատ Միրզոյանը նույնիսկ այնքան էր ոգևորվել, որ այսպիսի արտահայտություն թույլ տվեց. «Տո ստի հերն անիծեմ, թե էդքան զոհ ունենք»։

Եթե չկա զոհերի ամբողջական, հստակ անվանական ցուցակ, բնական է, որ միշտ էլ տարբեր մեկնաբանություններ, տարբեր թվեր լինելու են, նույնիսկ շահարկումներ, ինչպես ներկայացնում են իշխանությունները։ Միայն հերքելով կասկածները չեն վերանում, քանի դեռ վերջնական հաստատված ցուցակ չկա։

Որպեսզի նման հակասություններ չլինեն, որպեսզի չլինեն «շահարկումներ», դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ հրապարակեք բոլոր զոհվածների ու անհետ կորածների անունները, և վերջ: Այդ ժամանակ զոհ ունեցած կամ իրենց զավակի, հարազատի մասին տեղեկություն չունեցողները կտեսնեն՝ կա, արդյոք, իրենց հարազատի, զավակի անունը այդ ցուցակում: Եթե «բացեր» չլինեն, արձագանքներ չլինեն, բոլորն էլ կհասկանան, որ, այո, հենց այնքան են մեր զոհերը, որքան ներկայացվում է: Եթե չկա անհանգստանալու բան, ինչի՞ համար է այս ձգձգումը, ի՞նչն է խանգարում հրապարակել այդ ցուցակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները