Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորման, սահմանների հնարավոր բացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման անվան տակ ձևավորվող քաղաքական օրակարգում հաճախ առևտրային կապերի առկայությունը ներկայացվում է որպես հարաբերությունների առաջընթացի ապացույց։ Տրամաբանությունը թվում է պարզ. եթե նախկինում երկու երկրների միջև գրեթե բացակայում էր օրինական առևտուրը, իսկ այժմ արդեն կան ապրանքների ներմուծման փաստեր, ապա, կարծես, հակամարտային հարաբերությունները աստիճանաբար փոխակերպվում են տնտեսական համագործակցության։

Այս մեկնաբանությունը (հասկանալի է՝ պաշտոնական), սակայն, բաց է թողնում մի էական տարբերություն. առևտրի պարզ առկայությունը դեռևս չի նշանակում հավասարակշռված տնտեսական փոխկապակցվածություն։ Իսկ 2026 թվականի առևտրային տվյալները ցույց են տալիս ոչ թե փոխադարձ ինտեգրման ձևավորված համակարգ, այլ խիստ անհամաչափ հարաբերություն։ Առևտրային հոսքի հիմնական ուղղությունը Ադրբեջանից դեպի Հայաստան է. հակառակ ուղղությամբ հայկական ապրանքների արտահանումը կա՛մ բացակայում է, կա՛մ ունի այնքան փոքր ծավալ, որ դժվար է այն դիտարկել որպես երկկողմ առևտրային կապի իրական հիմք։

Երբ մի կողմը մյուսին ապրանք է վաճառում առանց հակառակ ուղղությամբ համարժեք վաճառքի, դա փոխադարձ առևտրային փոխկախվածություն չէ, այլ միակողմանի մատակարարման հարաբերություն։ Տարբերությունը սկզբունքային է։ Տնտեսական փոխկախվածությունը ենթադրում է կառուցվածք, որտեղ երկու կողմերն էլ միմյանց համար ունեն նշանակալի շուկաներ, մատակարարումներ, ներդրումներ կամ արժեքային շղթաներ, ինչը ստեղծում է որոշակի հավասարակշռություն։ Երբ հարաբերության մեջ գերակշռում է միայն մեկ ուղղությամբ հոսքը, կախվածության ռիսկն աստիճանաբար կենտրոնանում է ներմուծող կողմի վրա։ Հենց սա է Հայաստան–Ադրբեջան առևտրային պատկերի հիմնական խնդիրը. առկա տվյալներն ավելի շատ վկայում են ասիմետրիկ կառուցվածքի, քան փոխադարձ համագործակցության ձևավորման մասին։

Այս ասիմետրիայի ամենազգայուն օղակը էներգակիրներն են։ Ադրբեջանից Հայաստան մատակարարվող ապրանքների կառուցվածքում կարևոր տեղ են զբաղեցնում հենց էներգետիկ նշանակություն ունեցող ապրանքները։ 2025 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է շուրջ 20 միլիոն դոլարի (մոտ 7 միլիարդ դրամի) ապրանք, այդ թվում՝ ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք և շինարարության մեջ օգտագործվող ջերմամեկուսիչ ծակոտկեն սալեր։ Սա զուտ առևտրային վիճակագրության ցուցանիշ չէ. ապրանքային կառուցվածքն ինքնին խնդիրը տեղափոխում է տնտեսական անվտանգության հարթություն։ Բենզինն ու դիզելային վառելիքը սովորական սպառողական ապրանքներ չեն. դրանք լայնորեն կիրառվում են տրանսպորտում, գյուղատնտեսությունում, շինարարությունում և լոգիստիկայում, ուստի դրանց մատակարարման կայունությունը կարող է ունենալ համակարգային նշանակություն։

Եթե էներգետիկ շուկայի որևէ հատվածում մեկ արտաքին մատակարարի դերը շարունակաբար մեծանում է, ապա նույնիսկ քաղաքական հարաբերությունների բարենպաստ պայմաններում ձևավորվում է խոցելիության որոշակի մակարդակ։ Իսկ եթե այդ մատակարարը միաժամանակ նաև քաղաքական ու անվտանգային հակասությունների երկար պատմություն ունեցող հարևան պետություն է, հարցն արդեն դուրս է գալիս զուտ առևտրային արդյունավետության սահմաններից։

Այստեղ, սակայն, կարևոր է մեկ հստակեցում. Ադրբեջանի կողմից նավթամթերքի մատակարարման փաստն ինքնին դեռ չի նշանակում, որ Հայաստանն արդեն հայտնվել է Ադրբեջանից տնտեսական կախվածության մեջ։ Նման եզրակացությունն այս փուլում կլիներ չափազանց կտրուկ։ Կախվածությունը պետք է գնահատել ոչ միայն ներկրման փաստով, այլև մատակարարի շուկայական մասնաբաժնով, այլընտրանքային աղբյուրների առկայությամբ, փոխարինման արժեքով, պահեստավորման հնարավորություններով և այն ժամանակահատվածով, որի ընթացքում հնարավոր կլինի փոխարինել տվյալ մատակարարին։ Այլ կերպ ասած՝ 20 միլիոն դոլարի շրջանառությունն ինքնին չի ապացուցում ազգային տնտեսության լայնածավալ կախվածությունը, բայց կարող է ցույց տալ այնպիսի հարաբերության ձևավորման վաղ փուլը, որը, չկառավարվելու դեպքում, ապագայում կարող է վերածվել կախվածության։

Հենց այս պատճառով խնդիրը պետք է դիտարկել ոչ թե «Ադրբեջանից ապրանք ներմուծել՝ այո՞, թե՞ ոչ» պարզունակ երկընտրանքի, այլ տնտեսական անվտանգության և մատակարարման դիվերսիֆիկացման տրամաբանության շրջանակում. որքանո՞վ է հեշտությամբ և մրցունակ պայմաններով փոխարինելի տվյալ ապրանքն այլ երկրներից ներկրմամբ։ Որքան ցածր է այդ փոխարինելիությունը, այնքան բարձր է կառուցվածքային կախվածության ձևավորման հավանականությունը։ Այս զգուշավորության անհրաժեշտությունը ցույց է տալիս մեկ այլ իրողություն։ 2026 թվականի մարտին ադրբեջանական վիճակագրության մեջ արձանագրվել է 960 դոլարի «ներմուծում Հայաստանից»։ Առաջին հայացքից այս թիվը կարող էր ընկալվել որպես Հայաստանից Ադրբեջան արտահանման պատմական մեկնարկ։ Սակայն Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հետագայում պարզաբանել է, որ խոսքը Նիդեռլանդներից Հայաստան ներմուծված և այնուհետև Ադրբեջան վերաուղարկված վարդերի մասին է։ Մաքսային վիճակագրության մեթոդաբանության համաձայն, գործընկեր երկիր է համարվել այն երկիրը, որտեղից ապրանքն անմիջականորեն ուղարկվել է, ուստի այն գրանցվել է որպես Հայաստանից ներմուծված։ Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան զգույշ պետք է լինել «Հայաստանը սկսել է արտահանել Ադրբեջան» ձևակերպման նկատմամբ, քանի որ վիճակագրական գրանցումը և ապրանքի իրական տնտեսական ծագումը միշտ չէ, որ նույնն են։ Ստացվում է հակասական պատկեր. մինչ քաղաքական հռետորաբանության մեջ շեշտադրվում է տնտեսական հարաբերությունների առաջընթացը, առևտրային հոսքերի իրական կառուցվածքը ցույց է տալիս, որ Հայաստանից Ադրբեջան ուղղակի արտահանման ծավալ դեռ գոյություն չունի։

Նույն տրամաբանությունը վերաբերում է նաև շինանյութերին։ Ջերմամեկուսիչ սալերի ներմուծումը կարող է լինել լիովին շուկայական տրամաբանությամբ հիմնավորված գործարք, սակայն եթե որևէ արտադրատեսակի մատակարարման մեջ մեկ երկրի բաժինը շարունակաբար մեծանում է, պետք է հետևել ոչ միայն ներկրման գնին, այլև հայկական արտադրության մրցունակությանը։ Եթե էժան ներկրումը երկարաժամկետ ճնշում է տեղական արտադրողին և հանգեցնում արտադրական կարողությունների կրճատմանը, ապա կարճաժամկետ սպառողական օգուտը կարող է վերածվել երկարաժամկետ արտաքին կախվածության. սա մատակարարման շղթայի և տեղական արտադրական կարողության դասական հակասությունն է։

Կարևոր է նաև խուսափել չհիմնավորված կանխատեսումներից։ Այն, որ Ադրբեջանից վառելիքի ներմուծումն ապագայում կարող է աճել, դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը պարտադիր կերպով կվերածի այդ կապն ազդեցության գործիքի։ Բայց տնտեսական անվտանգության տրամաբանությունը հենց այստեղ է. վտանգը պետք է գնահատել ոչ միայն այն ժամանակ, երբ այն արդեն դրսևորվել է, այլ դեռ այն փուլում, երբ հնարավոր է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Այս իմաստով Հայաստանի համար առավել անվտանգ մոդելը «Ադրբեջանից որքան հնարավոր է շատ ապրանք ներմուծելը» չէ, այլ «Ադրբեջանի հետ առևտուրը զարգացնել այնքան, որքան այն մեծացնում է ընդհանուր տնտեսական դիմակայունությունը՝ չստեղծելով մեկ մատակարարից կրիտիկական կախվածություն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները