«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական հետապնդումների շղթան որևէ կերպ չի ընդհատվում։ Այս ի՞նչ մոլուցք է բոլորին կալանավորելը։ «Այդ մարդու խառնվածքի և իշխանատենչության հետ է կապված, իշխանազավթման, ահաբեկչական ու, ինչու ոչ, նաև ռասիստական մտածողությունն է, որը ստեղծում է իր մոտիվացիան, այսինքն՝ ամբողջ աշխարհը պետք է իմ պես լինի, ով իմ պես չէ, պետք է չլինի։ Սա նոր բան չէ, դա տեսել ենք թե՛ բոլ շևիկների, թե՛ Հիտլերի, թե՛ երիտթուրքերի կողմից։ Մյուսը՝ հակակշիռ չլինելու պատճառն է։ Եթե ժամանակին այսպիսի մոտեցումները զսպում էին ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունները, ապա հիմա կանաչ լույս են վառել և ոչ միայն թույլատրում, այլ նաև խրախուսում են նրա գործողությունները, որովհետև այդ կենտրոններն արդեն ոչ թե արժեքաբանական գործունեություն են ծավալում, այլ կոնկրետ պատերազմական գործողություններ։ Նրանց համար կարևոր չէ, թե Հայաստանում քանի մարդու իրավունքներ կտուժեն, կարևոր է, որ իրենց ռազմավարությունների հարցում առաջխաղացում լինի։ Դրա համար Հայաստանը և Հայաստանի քաղաքացին հայտնվել են այսպիսի ծանր իրավիճակում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է իրավապաշտպան, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։

Զուգահեռ իշխանությունը նաև սահմանափակում է Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքը, այն է՝ ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ կլինի վերջին երկու տարում առնվազն 366 օր ապրել Հայաստանում, և ոտնահարում է քաղաքացիների ընտրելու իրավունքը, այն է՝ քաղաքացիների ձայները, որոնք քվեարկել էին ԲՀԿ-ի օգտին, ուղղակի առոչինչ համարվեցին։ «Փաստորեն, նա, ով չի ընտրում Նիկոլ Փաշինյանին, ում գլխին «զենք չեն դրել», որ ընտրի Նիկոլ Փաշինյանին, ով շանտաժի չի ենթարկվում, նա իրենց թշնամին է։ Նույնը մաֆիայի պարագայում է։ Նրան չի հետաքրքրում կարգ ու կանոնը։ Նրան հետաքրքրում է՝ ո՞վ է իր ազդեցության գոտում, իսկ ով իր ազդեցության գոտում չէ, հակառակորդ է, թշնամի։ Հայաստանի ընտրողն այս մարդկանց համար թշնամի է, ժողովրդավարությունն այս մարդկանց համար թշնամի է, որովհետև ժողովրդավարությունը և ընտրողը, քաղաքացին, վնասում են իրենց իշխանությանը։ Չեն կարող վերարտադրվել, իրենց ապօրինություններն անել, կեղեքել Հայաստանի քաղաքացուն, եթե լինեն ազատ և արդար ընտրություններ։ Ամեն ինչ սկսվեց, երբ խոչընդոտեցին արցախցիների մասնակցությունն ընտրություններին, դիտավորյալ ուշացնում էին քաղաքացիության տրամադրումը, ընդ որում՝ նրանց ապօրինի էին զրկել քաղաքացիությունից։ Ջնջեցին մարդկանց քաղաքացիությունը, սկսեցին արհեստական խոչընդոտներ ստեղծել, որպեսզի արցախցիները չմասնակցեն խորհրդարանական ընտրություններին։

Բայց գիտեմ բազմաթիվ արցախցիների, որոնք ընտրություններից հետո անձնագրեր ստացան։ Կարծես ասեն՝ ձեզ քաղաքացիությունից, ձեր տուն-տեղից զրկել ենք, ձեր վերադարձի իրավունքի մասին չենք խոսում, Արցախում մշակութային ժառանգությունը վերացնում են, ձայն չենք հանում, բայց դուք չեք կարող ընտրություններով բողոքել դրա համար և մեզ հեռացնել, որ գա նոր իշխանություն և զբաղվի ձեր հարցերով: Եթե ձեզ տանք քաղաքացիություն, բնականաբար, մեր դեմ եք քվեարկելու, որովհետև ձեզ հայրենազրկել ենք, զրկել սեփականությունից և այլն։ Այս ամենը հաշվի առնելով՝ պետք էր արցախցիներին հանել ընտրական պայքարից։ Հետո սկսվեց զազրախոսությունը Ռուսաստանից եկած հայերի հանդեպ։ Մարդը գալիս է իր ընտրական իրավունքն իրացնելու, սրանք ինչ հերյուրանք ասես չեն տարածում, ընդ որում՝ սրանց բերանից դուրս եկած ամեն բառն է հերյուրանք, դա գիտենք սկսած դեռևս 44-օրյա պատերազմից և, ինչու չէ, Բագրատ Սրբազանին և նրա մտերիմներին ահաբեկիչ անվանելուց։ Սկսեցին ոչ միայն վարկաբեկել մարդկանց, այլ նաև պատժել՝ ուղարկելով 25-օրյա վարժական հավաքների։ Նախ՝ բանակի հեղինակությունն են գցում այն իմաստով, որ բանակի կարգավիճակը, հայրենիքի պաշտպանությունը պատժի տեղ չէ, բանտախուց չէ, որ ցանկանաս մարդուն պատժել։ Փոփոխեցին նաև բանակի իմաստն այդ առումով։ Ստացվում է, որ մարդուն ասում են՝ քեզ կպատժենք, եթե ընտրական իրավունքդ իրացնես։ Հաջորդը եղավ արտասահմանում բնակվող հայերի թեման։ Նրանց անհրաժեշտ է նվազեցնել ընտրողների քանակը, որ կարողանան Սահմանադրական հանրաքվե անցկացնել։ «Հանրաքվեի մասին» օրենքով առնվազն 25 տոկոս մասնակցություն պետք է լինի, միևնույն ժամանակ մասնակիցների 25 տոկոսն էլ պետք է կողմ լինի հանրաքվեի դրված հարցին։ Ստացվում է, որ պետք է քչացնել ընտրողների թիվը, որ կարողանաս ավելի հեշտ անցկացնել Սահմանադրությունը։ Որևէ պարագայում գործ չունենք Սահմանադրության 2-րդ հոդվածի հետ, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իշխանությունը զավթված է ժողովրդից, և իշխանությունը, զավթված լինելով ժողովրդից, անընդհատ ժողովրդի իրավունքները սահմանափակում է, որ կարողանա ընտրությունների և հանրաքվեների միջոցով իրականացնել իր իշխանությունը։ Սա է ամենակարևոր խնդիրը, որ բոլորս պետք է հասկանանք և պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար։ Իշխանության կամքը չի համընկնում ժողովրդի կամքի հետ, և, բնականաբար, ժողովուրդը պետք է ցանկանա ազատվել նրանցից և նաև արդարադատություն իրականացնել։ Իրենք էլ պետք է հակառակն անեն՝ «զենք դնեն» ժողովրդի գլխին և ասեն, որ չեն գնալու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ամեն ինչ արժեզրկելու այս ճանապարհին կրկին թիրախավորում են Եկեղեցուն, հոգևոր դասին և Կաթողիկոսին։ «Մի փոքր հստակեցում՝ ոչ թե նորից հարվածել Եկեղեցուն, այլ Եկեղեցու ոչնչացման ռազմավարությունը փոխել, ավելի ճիշտ՝ արդեն ունեցած արդյունքների հիման վրա նոր խաղ սկսել։ Եկեղեցին այն կառույցներից է, որը զբաղվում է հայերի իրավունքների պաշտպանությամբ։ Այս իշխանության համար այն խոչընդոտ է։ Խոսեցի խառնվածքի մասին՝ կա՛մ ոչ ոք չի լինի, կա՛մ բոլորը պետք է լինեն իմ պես։ Ո՞րն է «իր պեսը»։ Զազրախոս, դեղին մամուլի խմբագիր, որն աջ ու ձախ ամեն ինչ հանձնում է։ Տեսեք, թե ինչ է կատարվում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար Լիպարիտ Դրմեյանի շուրջ։ Լրագրողը Դրմեյանին հարցրել էր՝ հնարավո՞ր է, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը Հայաստանը կյանքի չկոչի։ Որպես մասնագետ՝ Դրմեյանն ասել է՝ ոչ, պարտադիր է, պարտավորություններ կան, որոնց Հայաստանը միացել է։ Նրան ապօրինաբար աշխատանքից հեռացնում են, քանի որ մարդն ասել է մի բան, որը, իր մասնագիտության համաձայն, ճշմարիտ է։ Հիմա Դրմեյանի դեմ գործ է հարուցում, որովհետև նա մնացել է իր մասնագիտական կարծիքի տիրույթում, ոչ թե, օրինակ՝ արդարադատության նախարարի պես ենթարկվել է Փաշինյանին։ Ստացվում է, որ Հայաստանում մասնագետը չի կարող իր մասնագիտական կարծիքն արտահայտել, պետք է անպայման ասի նիկոլական կարծիք։ Գործ ունենք մի դիկտատորի հետ, որն ասում է՝ իրավունք չունես քո մասնագիտական ճիշտ կարծիքն ասելու, պիտի ասես այն, ինչը ես եմ համարում, որ այդպես պետք է լինի»,-հավելում է նա։

Իսկ զրույցի վերջում անդրադառնում ենք ինքնիշխանության թեմային։ Իշխանյանն ասում է՝ որպես անհատներ՝ շատերս ինքնիշխան ենք, բայց հիմա գերության մեջ ենք և փորձում ենք այդ գերությունից ազատվել, որպեսզի մեր ինքնիշխանությունը տարածվի նաև մնացյալի վրա։ «Ինքնիշխանությունն այն է, երբ պաշտպանում ես քո ժողովրդի շահերը, իրավունքները։ Կարող ես ինքնիշխանություն բառը չօգտագործել, բայց, ասենք, Պրահայում Միշելի և Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, երբ քեզ ասեն՝ Արցախը հանձնի, ռուսական խաղաղապահներին այնտեղից հանի և այլն, արձագանքես՝ եթե Արցախը ճանաչեմ Ադրբեջանի կազմում, 150 հազար մարդ անտուն է մնալու, զրկվելու է իր սեփականությունից, մարդիկ ցեղասպանության են ենթարկվելու։ Բայց նա հակառակն է արել՝ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ինքնիշխանն այն մարդն է, ով պաշտպանում է իր երկրի քաղաքացիների իրավունքները։ Պաշտպանո՞ւմ է, ոչ, հակառակը՝ սահմանափակում է։ Եվ երբ չես պաշտպանում քաղաքացիներիդ իրավունքները, հայտնվում ես հիմար իրավիճակներում, որտեղ ամեն մեկը քեզանից պահանջում է հանրաքվե իրականացնել։ Հնարավոր է՝ մի օր Էրդողանն էլ պահանջի հանրաքվե անել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ գլխարկ կամ գուլպաներ պետք է հագնի։ Ինքնիշխանությունը կախված է նրանից, թե որքան է քո քաղաքացին պաշտպանված»,-եզրափակում է Հովհաննես Իշխանյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները