Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհակարգի վերաձևման և աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերի կիզակետում հայտնված ռուս-ուկրաինական հակամարտությունն օրեցօր ընդունում է ավելի անզիջում ու կործանարար բնույթ։ Այն, ինչ սկսվել էր որպես տեղային դիմակայություն, վաղուց վերածվել է գլոբալ բևեռների գոյաբանական պայքարի, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է գնալ մինչև վերջ՝ օգտագործելով իր տնտեսական, ռազմական ու մարդկային ողջ արսենալը։

Այս գերհզոր ճնշման ու դիմակայության հերթական արյունալի դրսևորումը դարձավ Կիևի վրա իրականացված վերջին զանգվածային բալիստիկ հարձակումը, երբ ընդամենը 40 րոպեում արձակվեց 41 բալիստիկ հրթիռ ու 125 անօդաչու թռչող սարք։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ պատերազմը թևակոխել է ենթակառուցվածքային ու նյութական ոչնչացման ավելի կատաղի մի փուլ։ Չնայած հակաօդային պաշտպանության հերոսական ջանքերին, հարվածների ահռելի ծավալն ու դրանց ներթափանցումը քաղաքային միջավայր հանգեցնում են աղետալի հետևանքների։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի խոր թիկունքում ռազմավարական օբյեկտների թիրախավորումը, «Վայլդբերիզի» պահեստների պայթյուններն ու վառելիքի բազաների հրդեհները, որոնք որոշ շրջաններում արդեն իսկ տեղային վառելիքային ճգնաժամեր են առաջացրել, ցույց են տալիս, որ պատերազմի աշխարհագրությունն ընդլայնվում է։ Ռուսաստանի շարքային քաղաքացին և ռուսական պետությունը կրում են հսկայական կորուստներ, սակայն Ռուսաստանի «մահվան» մասին լուրերը խիստ չափազանցված են։

Որքան էլ հնարավոր լինի վնասել նրան, Ռուսաստանը մեծ պետություն է, որն իր ներքին, բնական ու ժողովրդագրական ռեսուրսների հաշվին դեռևս երկար ժամանակ կարողանալու է դիմակայել ու սնուցել սեփական ռազմական մեքենան։

Այս ամենի ֆոնին ուժեղ կողմի հետ բանավիճել նրա քայլերի կամ, ընդհանրապես, պետական քաղաքականության տրամաբանության շուրջ պարզապես իրատեսական չէ, որովհետև գլոբալ թատերաբեմում փոքր պետությունների ձայնն այնտեղ լսելի չէ։ Այս համատեքստում բոլորովին անիմաստ ու սնանկ է այն ներքին դիսկուրսը, թե արդյոք Ուկրաինան, Հայաստանը կամ ժամանակին Վրաստանը «ճիշտ» էին, թե «սխալ» Ռուսաստանի հետ իրենց բանավեճերում ու հակադրություններում։ Միջազգային հարաբերություններում ճշտի ու սխալի փիլիսոփայական վեճերն անպտուղ զբաղմունք են, քանի որ աշխարհի ճակատագիրը տնօրինողներն ու որոշումներ կայացնողները սպիտակ ձեռնոցներով փիլիսոփաների ակումբ չեն, որտեղ նստած կշռում են արդարության չափը։ Գոյություն ունեն կոշտ, ռեալ իրողություններ, որոնցում փոքր, գոյաբանական խնդիրներ լուծող պետությունների գոյության միակ իրական երաշխիքը մեծերի հետ հնարավորինս լավ հարաբերություններ պահպանելն է, աշխարհաքաղաքական առկա իրավիճակին հարմարվելն ու հսկաների ոտքի տակ չընկնելը։ Պետք է կառուցել այնպիսի քաղաքականություն, որը չի հարուցի մեծերի զայրույթը, չի տրորի նրանց կոշտուկները և չի հակասի նրանց կենսական շահերին, որպեսզի սեփական պետությունը չկրի կործանարար վնասներ։ Սա է աշխարհի հստակ կարգը, որի դեմ դեռևս ոչ ոք ավելի աշխատող բանաձև չի կարողացել գտնել։

Փոքր պետությունների պարագայում պետք է սառնասրտորեն հաշվարկել, թե ի վերջո ինչ տվեց այս պատերազմն Ուկրաինային, որտեղ սարսափելի զոհերի ու ավերածությունների արդյունքում երկիրը վաղուց է անցել անդառնալի կորուստների շեմը։ Բռնի ու ագրեսիվ զորահավաքների այն ողբերգական տեսարանները, երբ ընտանիքներից ու փողոցներից տղամարդկանց բռնի ուժով, զոռով քաշ տալով տանում են դեպի մահվան բերան, ակնհայտ փաստում են, որ մարդկային պարզ, ընտանեկան հարաբերություններից մինչև վերպետական ամենաբարձր մակարդակ երկիրն արդեն հասարակական ու ժողովրդագրական ծանր ախտահարման մեջ է։ Սա դաժան, ցուցադրական դաս է բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե գերհզոր բևեռների հակամարտության մեջ հնարավոր է շահեկան դիրքեր գրավել՝ սեփական տարածքն ու ժողովրդին դնելով հարվածի տակ։

Այս ամենի ուղղակի զուգահեռները, ցավոք, արդեն տեսանելի են Հայաստանում։ Ռուսաստանի հետ սխալ հարաբերություններ կառուցելու հետևանքով մենք, ըստ էության, վաստակել ենք տնտեսական պատերազմ, որի հետևանքներն առաջիկայում մետաստազների նման խրվելու են մեր տնտեսության ու հանրային կյանքի մեջ։ Որքան էլ հայրենական հանրային-քաղաքական դաշտում բարձրագոչ հայտարարություններ արվեն շուկաների դիվերսիֆիկացիայի մասին, խիստ ակնհայտ է, որ Եվրոպան մեր համար շուկա չէ և երբեք չի կարողանալու փոխարինել ռուսական շուկային՝ իր խիստ ստանդարտների, լոգիստիկ բարդությունների ու աշխարհագրական հեռավորության պատճառով։ Օրեցօր ահագնացող տնտեսական վնասները, արտահանման խոչընդոտներն ու էներգետիկ սպառնալիքները շատ արագ զգալ են տալու իրենց յուրաքանչյուր քաղաքացու գրպանի վրա։ Ուստի հարց է առաջանում՝ այս աշխարհաքաղաքական համատարած խժդժությունների մեջ ի՞նչ ենք շահելու մենք՝ Ռուսաստանի դեմ հերթական ճակատը բացելով։ Պատասխանն ակնհայտ է. փոքր պետության պարտականությունը ոչ թե աշխարհակործան բախումների մեջ կողմնորոշվելն է, այլ սեփական կենսական շահերն ու անվտանգությունը պրագմատիկորեն պաշտպանելը, այլապես մետաստազների տարածումը դառնալու է անկանգնելի։

Ի վերջո, այս ողջ գործելաոճը ցավալիորեն ու չափազանց հստակ հիշեցնում է Արցախյան հարցում իշխանության որդեգրած «հանճարեղ» լուծումների տրամաբանությունը։ Այն ժամանակ ևս, շարունակելով «ոչմիթիզականության» հռետորաբանությունը, Ադրբեջանի հետ անպատրաստ նետվեցին աղետալի պատերազմի մեջ, կրեցին սոսկալի պարտություն, իսկ դրանից հետո միայն սկսեցին բարձրագոչ խոսել խաղաղություն բերելու ու «խաղաղության դիսկուրսի» անհրաժեշտության մասին։ Նույն կործանարար շրջապտույտն է կրկնվում նաև այսօր տնտեսական ճակատում. կորցնելով ռեալ, գործող շուկան ու տարեկան միլիարդավոր դոլարների իրական շրջանառությունը, նոր միայն սկսել են հապշտապ խոսել դիվերսիֆիկացիաների ու ինչ-որ այլընտրանքային շուկաների որոնման ու փնտրտուքների մասին։ Ոչինչ չէր խանգարում այս բոլոր տարիների ընթացքում հանգիստ պայմաններում փնտրել նոր շուկաներ ու հաստատել նոր տնտեսական հարաբերություններ։ Սակայն, ավանդույթի համաձայն, Հայաստանի իշխանություններն ամեն անգամ նախ անում են հերթական կործանարար սխալը, այնուհետև ողջ թափով սկսում են հերոսաբար պայքարել իրենց իսկ արած սխալների աղետալի հետևանքների դեմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները