Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ քաղաքական գործընթացների հիմքում սկսում են գերակշռել ոչ թե պետական կամ ազգային շահերը, այլ անձնական վիրավորանքները, անձնական հակակրանքը, քաղաքական հակառակորդներին հաշվեհարդարի ենթարկելու ցանկությունը կամ անձնական վրեժխնդրությունը, քաղաքական համակարգը սկսում է կորցնել իր ժողովրդավարական բնույթը։ Այդպիսի իրավիճակում քաղաքականությունը վերածվում է անձնական հարաբերությունների շարունակության, իսկ պետական ինստիտուտները՝ անհատական հակամարտությունների սպասարկման գործիքների։

Քաղաքագիտության մեջ այս երևույթը հաճախ բնութագրվում է որպես քաղաքականության անձնավորում կամ անձնականացված իշխանություն, որի ծայրահեղ դրսևորումներից մեկը քաղաքական գործընթացներում անձնական վրեժխնդրության տրամաբանության գերակայությունն է։ Այդ դեպքում պետական իշխանության լծակները սկսում են օգտագործվել ոչ այնքան հանրային կարգուկանոնը պաշտպանելու կամ օրենքի գերակայությունն ապահովելու, որքան քաղաքական հակառակորդներին ճնշելու, նախկին մրցակիցներին մեկուսացնելու, նրանց հեղինակությունը խաթարելու կամ քաղաքական դաշտից դուրս մղելու նպատակով։ Երբ պետական կառավարման ամբողջ տրամաբանությունը սկսում է կառուցվել «համախոհ–թշնամի» բաժանման վրա, իշխանության բոլոր գործողությունները հասարակության զգալի մասի կողմից ընկալվում են ոչ թե որպես պետական քաղաքականություն, այլ որպես անձնական հաշվեհարդարի շարունակություն։

Հայաստանը վերջին տարիներին դարձել է հենց նման համակարգի վառ օրինակ: Խնդիրն այն է, որ 2018 թվականի իշխանափոխությունից սկսած ականատես ենք լինում նման դրսևորումների, երբ մեկ անձի ան հա տա կան քմա հա ճույք նե ր ի ո ւ վրեժխնդրության պատճառով հետապնդումներ են սկսվում տարբեր քաղաքական ուժերի, գործիչների, այդ թվում՝ նախկին նախագահների, խոշոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու հանրային կյանքում մեծ կարևորություն ունեցող կառույցների, տվյալ դեպքում՝ Եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ։

Այս երևույթի ամենավտանգավոր կողմն այն է, որ այն աստիճանաբար վերափոխում է պետության ամբողջ ինստիտուցիոնալ կառուցվածքը։ Եթե իրավական պետությունում պետական մարմինները ծառայում են օրենքին, ապա անձնական վրեժխնդրության տրամաբանության պայմաններում օրենքն աստիճանաբար սկսում է ծառայել քաղաքական նպատակներին։ Այս փոփոխությունը հաճախ տեղի է ունենում ոչ թե մեկ ակնթարթում, այլ աստիճանական գործընթացի միջոցով, երբ տարբեր պետական կառույցներ կորցնում են իրենց ինքնուրույնությունը և ավելի ու ավելի են ընկալվում որպես քաղաքական իշխանության (ավելի կոնկրետ՝ մեկ անձի) կամքը կյանքի կոչող մեխանիզմներ։

Սկզբնական շրջանում անձնական վրեժխնդրության, անձնական քմահաճույքների կոնտեքստում քրեական գործեր էին կարվում, փորձ էր արվում ցույց տալ, թե իբր դրանք իրավապահ համակարգի «որոշումներն» են, թե իբր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դրանց հետ կապ չունի, մի խոսքով՝ գոնե ձևեր էին թափում, թեկուզ և դրանց հավատացողների թիվը մեծ չէր, իսկ այդ գործերի գերակշիռ մեծամասնությունը «ճանապարհի կեսից» քանդվում էր: Հիմա արդեն վրեժխնդրության հեղինակը բացահայտ ու անթաքույց հայտարարում է դրա մասին, որ «իր թանին թթու ասողներին» «սատկացնելու» է, նստեցնելու է, պատժելու է։ Պարզ ասում է, որ սպառնում է: Ավելին, որոշ դեպքերում նույնիսկ կոնկրետ պատժաչափեր է թելադրում (ասենք՝ մինչև մյուս ընտրությունների ավարտը): Ու նրա հայտարարություններից անմիջապես հետո միանգամից սկսվում է տեռորի հերթական «սերիան»:

Անձնական դրդապատճառներով պայմանավորված քաղաքական հետապնդումների տնտեսական բաղադրիչը նույնպես ուշադրության է արժանի։ Երբ տնտեսվարողները սկսում են ենթադրել, որ իրենց տնտեսական անվտանգությունը կախված է քաղաքական դիրքորոշումներից կամ իշխանությունների հետ հարաբերություններից, ներդրումային միջավայրը դառնում է անկանխատեսելի։ Անկախ նրանից՝ յուրաքանչյուր առանձին դեպքի վերաբերյալ իրավական գնահատականն ինչպիսին կլինի, տնտեսության համար առավել կարևոր է կանխատեսելի և հավասար պայմանների առկայությունը։ Եթե ձևավորվում է հանրային ընկալում, որ վերահսկողական կամ վարչարարական գործիքները կարող են կիրառվել նաև քաղաքական համատեքստում, ապա բիզնես միջավայրի նկատմամբ վստահությունը նվազում է։

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության շուրջ առաջացող հակասությունները նույնպես նույնպես կարելի է դիտարկել այս դաշտում, երբ ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իրականացվում են իրավական կամ վարչական գործողություններ մեկ անձի ու նրա գլխավորած քաղաքական ուժի քմահաճույքը սպասարկելու «հենքով»։ Ու դա է պատճառը, որ մի շարք դեպքերում անգամ ընտրված մի շարք համայնքապետերի նկատմամբ հատուկ գործեր են հարուցվում, որպեսզի նրանք չկարողանան պաշտոնավարել։ Ավելին, հետո ամեն ինչ արվում է, որ նոր ընտրություններ անցկացվեն: Ընդ որում, այս ամենն արվում է դարձյալ անթաքույց, ինչպես, օրինակ՝ վերջերս հայտարարվեց Գյումրիում նոր ընտրություններ անցկացնելու ցանկության մասին, երբ այնտեղ վերջերս է ժողովուրդը մերժել ՔՊ-ին ու ձևավորել իր իշխանությունը:

Ինչպես արդեն նշեցինք, անձնական վրեժխնդրության տրամաբանության ամենավտանգավոր հետևանքը, սակայն, վերաբերում է ոչ թե առանձին քաղաքական գործիչներին, այլ ամբողջ իրավապահ համակարգին։ Իրավապահ մարմինների առաքելությունը օրենքի գերակայության ապահովումն է։ Եթե հասարակության մեջ ձևավորվում է այնպիսի պատկերացում, որ այդ կառույցները ներգրավված են քաղաքական պայքարում կամ ենթարկվում են քաղաքական ազդեցությունների, ապա վտանգվում է հենց պետականության հիմքերից մեկը։ Իրավապահ համակարգի հեղինակությունը կառուցվում է բացառապես նրա անկախության և անաչառության վրա։ Այդ հեղինակության կորուստը վերականգնելը չափազանց բարդ գործընթաց է։

Ժողովրդավարական երկրների փորձը ցույց է տալիս, որ կայացած պետական համակարգերում իշխանությունների և դատական իշխանության միջև առկա է իրական հակակշիռների մեխանիզմ։ Անկախ դատարանները անհրաժեշտության դեպքում կարող են գործադիր իշխանության որոշումները ճանաչել հակասահմանադրական կամ հակաօրինական, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են առաջնորդվել ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ բացառապես օրենքով։ Հենց այդ ինստիտուցիոնալ անկախությունն է, որ կանխում է պետական իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական կենտրոնի շուրջ և ապահովում իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը։

Վերջին տարիներին միջազգային մի շարք կառույցներ իրենց զեկույցներում անդրադարձել են Հայաստանում դատական համակարգի, իրավապահ մարմինների անկախության, դատաիրավական բարեփոխումների և ինստիտուցիոնալ կայունության հետ կապված հարցերին՝ ընդգծելով, որ այդ ոլորտներում շարունակական բարեփոխումների անհրաժեշտությունը մնում է արդիական։ Սակայն բարեփոխումների անվան տակ մենք տեսնում ենք հետընթաց, երբ իրավապահ համակարգը դարձել է վրեժխնդրության իրականացման գործիք։

Քաղաքականության մեջ անձնական վիրավորանքների գերակայությունը վտանգավոր է նաև հասարակական հոգեբանության տեսանկյունից։ Երբ իշխանությունն իր քաղաքականությունը կառուցում է ատելության, թշնամանքի, ոչնչացման «գաղափարահենքով», այդ մթնոլորտը փոխանցվում է նաև հասարակությանը։ Քաղաքացիները սկսում են միմյանց ընկալել ոչ թե որպես քաղաքական տարբեր հայացքներ ունեցող համաքաղաքացիներ, այլ որպես հակառակ ճամբարների ներկայացուցիչներ։ Այդպիսի բևեռացումը թուլացնում է ազգային համերաշխությունը և սահմանափակում քաղաքական երկխոսության հնարավորությունները։

Կարևոր է հաշվի առնել, որ պետական ինստիտուտների արդյունավետությունը կախված է ոչ միայն օրենքներից, այլև քաղաքական մշակույթից։ Եթե քաղաքական մշակույթում գերակշռում է մրցակցի ոչնչացման, վրեժ լուծելու կամ ցանկացած գնով, նույնիսկ ամենաանօրինական ճանապարհով իշխանությունը պահպանելու տրամաբանությունը, ապա նույնիսկ ամենակատարյալ իրավական համակարգը դժվարությամբ կարող է ապահովել ժողովրդավարական կայունություն։ Պատահական չէ, որ այն հասարակություններում, որտեղ ընդունված է իշխանության խաղաղ փոխանցումը, քաղաքական հակառակորդի լեգիտիմության ճանաչումը և ինստիտուտների նկատմամբ հարգանքը, պետությունն ավելի դիմացկուն է ներքին և արտաքին մարտահրավերների նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները