Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս նշվեց ԱՄՆ-ի ստեղծման 250-ամյակը. այն ոչ միայն ամերիկյան պետականության պատմության կարևորագույն հանգրվաններից մեկն է, այլև համաշխարհային քաղաքականության, ժողովրդավարական արժեքների և միջազգային հարաբերությունների զարգացման տեսանկյունից խորհրդանշական իրադարձություն։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է նոր աշխարհաքաղաքական վերափոխումների, տեխնոլոգիական հեղափոխության, անվտանգային սպառնալիքների և տնտեսական մրցակցության պայմաններում, ԱՄՆ-ի ստեղծման 250-ամյակը նաև առիթ է գնահատելու այն ուղին, որով անցել է ամերիկյան պետությունը, և վերաիմաստավորելու նրա դերը ժամանակակից միջազգային համակարգում։

Միացյալ Նահանգների հաջողության հիմքում ընկած են ուժեղ պետական ինստիտուտները, օրենքի գերակայությունը, մասնավոր նախաձեռնության խրախուսումը, գիտության և նորարարության նկատմամբ հետևողական ուշադրությունը, ինչպես նաև համաշխարհային գործընթացներին ակտիվ մասնակցությունը։ Ամերիկյան տնտեսությունն իր ծավալով շարունակում է մնալ աշխարհում ամենախոշորը, իսկ տեխնոլոգիական ոլորտում ԱՄՆ-ը շարունակում է առաջնորդել արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների, տիեզերական հետազոտությունների, թվային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման հիմնական ուղղությունները։ Միաժամանակ ԱՄՆ-ը շարունակում է առանցքային դեր ունենալ միջազգային անվտանգության համակարգում, համաշխարհային ֆինանսական ճարտարապետության ձևավորման, ինչպես նաև բազմաթիվ միջազգային նախաձեռնությունների իրականացման գործում։ Թեև վերջին տարիներին աշխարհաքաղաքական մրցակցությունը զգալիորեն սրվել է, իսկ միջազգային հարաբերություններն ավելի բազմաբևեռ բնույթ են ստացել, Միացյալ Նահանգների կողմից քաղաքական, տնտեսական և ռազմավարական որոշումները զգալի ազդեցություն են ունենում աշխարհի տարբեր տարածաշրջանների վրա։

Հայաստանի համար ԱՄՆ-ի ստեղծման 250-ամյակը միայն բարեկամ երկրի պատմական հոբելյանը չէ։ Այն նաև առիթ է գնահատելու հայ-ամերիկյան հարաբերությունների անցած ճանապարհը և դրանց հետագա զարգացման հնարավորությունները։ Հայաստանի անկախությունից հետո երկու երկրների հարաբերությունները հետևողականորեն զարգացել են քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, ժողովրդավարական բարեփոխումների, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում։ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ եղել է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը՝ աջակցելով պետական կառավարման բարեփոխումներին, քաղաքացիական հասարակության զարգացմանը, տեղական ինքնակառավարման ամրապնդմանը, կրթական ծրագրերին և տնտեսական նախաձեռնություններին։ Միաժամանակ, ամերիկյան ներդրումները, տեխնոլոգիական համագործակցությունը և գիտակրթական կապերը կարևոր դեր են ունեցել Հայաստանի զարգացման տարբեր փուլերում։

Հայ-ամերիկյան հարաբերությունների առանձնահատկություններից մեկը նաև ԱՄՆում ձևավորված կազմակերպված և ազդեցիկ հայկական համայնքն է։ Ամերիկահայությունը ոչ միայն պահպանել է ազգային ինքնությունը, այլև դարձել է ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային և հասարակական կյանքի ակտիվ մասնակից։ Հայկական կազմակերպությունները, համայնքային կառույցներն ու լոբբիստական խմբերը երկար տարիներ նպաստել են հայամերիկյան հարաբերությունների խորացմանը, Հայաստանի շահերի պաշտպանությանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Իսկ այս ճանապարհին ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քաղաքական և բարոյական իրադարձություն էր, որը ոչ միայն վերահաստատեց պատմական արդարության կարևորությունը, այլև նոր բովանդակություն հաղորդեց երկու ժողովուրդների միջև ձևավորված փոխադարձ վստահությանը։

Այսօր հայ-ամերիկյան հարաբերությունների նշանակությունն առավել մեծ է դարձել նաև տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Հարավային Կովկասը շարունակում է մնալ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման կարևոր հարթակ, որտեղ անվտանգության, հաղորդակցությունների, էներգետիկ նախագծերի և տնտեսական համագործակցության հարցերը փոխկապակցված են։ Այդ պայմաններում Հայաստանի համար չափազանց կարևոր է ունենալ բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որի շրջանակներում Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը կարող է նպաստել երկրի տնտեսական դիմակայունության, տեխնոլոգիական զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման և միջազգային կապերի ընդլայնմանը։

Համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի հատկապես գիտության, նորարարության, կրթության, թվայնացման, առողջապահության և մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև տնտեսական համագործակցության հեռանկարը։ Հայաստանն, ունենալով բարձր որակավորում ունեցող մասնագետներ, արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ և նորարարական միջավայր, կարող է ամրապնդել համագործակցությունը ամերիկյան բիզնեսի և ներդրումային շրջանակների հետ։ Իսկ, ահա, բարձր տեխնոլոգիաների, կիսահաղորդիչների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և ստարտափների ոլորտներում համագործակցությունը կարող է դառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ կարևոր ուղղություններից մեկը։ Նման համագործակցությունը կնպաստի ոչ միայն տնտեսական աճին, այլև Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացմանը։

Միևնույն ժամանակ, հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումը պահանջում է ռազմավարական մտածողություն, իրատեսական քաղաքականություն և փոխշահավետ օրակարգի ձևավորում։ Միջազգային հարաբերություններում հաջողություն են ունենում այն պետությունները, որոնք կարողանում են իրենց գործընկերների հետ կառուցել ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն։ Այս տեսանկյունից երկկողմ հարաբերությունների համատեքստում առանցքային է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունեն խորքային արժեքաբանական ընդհանրություններ։

Այս իրողությունն էլ ավելի հետաքրքիր է դառնում պատմական հակադրության ֆոնին. հայ ժողովուրդն իր պատմական ու պետական ուղին կերտել է հազարամյակներ առաջ՝ կանգնած լինելով համաշխարհային քաղաքակրթության ակունքներում, մինչդեռ ԱՄՆ-ը, պատմական չափանիշներով, բավական երիտասարդ պետություն է։ Այդուհանդերձ, պատմական տարիքի այս զգալի տարբերությունը չի ստվերում երկու երկրների հոգևոր և մշակութային արժեքների ընդհանրությունը։ Ամերիկյան պետականության հիմքում ի սկզբանե դրվել է քրիստոնեական արժեհամակարգը, որն արտացոլված է նրանց հիմնադիր հայրերի փիլիսոփայության, Սահմանադրության հիմնարար սկզբունքների և նույնիսկ առօրյա պետական խորհրդանիշների մեջ։ Իսկ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը դեռևս 4-րդ դարի սկզբին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն՝ այն դարձնելով իր ինքնության, գոյապահպանման և մշակույթի անկյունաքարը։

Արժեհամակարգային այս ընդհանուր տարրը՝ հիմնված մարդասիրության, ազատության, արդարության և բարոյական բարձր սկզբունքների վրա, պարզապես պատմական փաստ չէ։ Այն կարող է և պետք է ծառայի որպես ամուր ռազմավարական հենք՝ ժամանակակից աշխարհաքաղաքական բարդ զարգացումների պայմաններում հայ-ամերիկյան դիվանագիտական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա խորացման, ընդլայնման ու որակական նոր մակարդակի բարձրացման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները