Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի առաջին կիսամյակի տնտեսական իրավիճակը ՀՀ-ում մակրոտնտեսական տեսանկյունից կարող է առաջին հայացքից չթվալ ճգնաժամային, սակայն դետալային բացվածքը ցույց է տալիս, որ գնաճային գործընթացների արագացումը աստիճանաբար վերածվում է սոցիալ-տնտեսական լուրջ մարտահրավերի։

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները փաստում են, որ 2026 թվականի հունիսին տարեկան ինֆլ յացիան արագացել է՝ հասնելով 5,1 տոկոսի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,9 տոկոսի փոխարեն։ Թվային առումով տարբերությունը կարող է մեծ չթվալ, սակայն տնտեսագիտության տեսանկյունից նույնիսկ մեկ տոկոսային կետի արագացումը կարող է էական ազդեցություն ունենալ բնակչության իրական եկամուտների, սպառողական վարքագծի, ներդրումային միջավայրի և ընդհանուր տնտեսական կայունության վրա։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ գնաճի հիմնական շարժիչ ուժը կրկին դարձել է առաջին անհրաժեշտության սննդամթերքը, ինչը նշանակում է, որ ամենամեծ հարվածը կրում են միջին և հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։

Գնաճի կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ներկայիս իրավիճակը պարզապես թվերի աճ չէ, այլ տնտեսության ներսում ձևավորվող ավելի խորքային անհավասարակշռությունների արտահայտություն։ Սննդամթերքի գները տարեկան կտրվածքով աճել են 8,5 տոկոսով՝ նախորդ տարվա 6,2 տոկոսի փոխարեն։ Սա նշանակում է, որ հենց այն ապրանքները, որոնցից քաղաքացին չի կարող հրաժարվել, թանկանում են ամենաարագ տեմպերով։ Միաժամանակ, ծառայությունների գների աճը դանդաղել է՝ կազմելով 2,4 տոկոս, իսկ ոչ սննդային ապրանքների գները, որոնք մեկ տարի առաջ գրեթե չէին բարձրանում, այժմ արդեն աճել են 2,3 տոկոսով։

Այս համադրությունը խոսում է այն մասին, որ գնաճի բնույթը փոխվում է։ Եթե նախորդ տարիներին որոշակի դեր ունեին ծառայությունների կամ արտաքին պահանջարկի ազդեցությունները, ապա այժմ առաջնային խնդիրը դարձել է սպառողական զամբյուղի ամենակարևոր հատվածի՝ սննդամթերքի գների շարունակական աճը։

Առանձնապես մտահոգիչ է, որ ամենաբարձր գնաճը գրանցվել է այնպիսի ապրանքների դեպքում, որոնք կազմում են գրեթե յուրաքանչյուր ընտանիքի ամենօրյա սննդակարգի հիմքը։ Օրինակ՝ ձվի գնի գրեթե 30 տոկոսանոց աճն անմիջապես արտացոլվում է յուրաքանչյուր ընտանիքի ամենօրյա ծախսերում։ Նույնը վերաբերում է կովի մսի ավելի քան 23 տոկոսանոց թանկացմանը, արևածաղկի յուղի, պաստերիզացված կաթի, թթվասերի, պանիրների, կաթնաշոռի, մակարոնեղենի, հացի և ալ յուրի գների աճին։ Այս բոլորն առաջին անհրաժեշտության ապրանքներ են, որոնց սպառումը դժվար է կրճատել առանց կենսամակարդակի վատթարացման։

Սննդամթերքի գնաճի առանձնահատկությունն այն է, որ այն առավել ծանր ազդեցություն է ունենում սոցիալապես խոցելի խմբերի վրա։ Բարձր եկամուտ ունեցող ընտանիքների ծախսերի կառուցվածքում սննդամթերքի բաժինը համեմատաբար փոքր է, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների դեպքում սննդի վրա ծախսվում է ընտանեկան բյուջեի զգալի մասը։ Հետևաբար, նույնիսկ 8-10 տոկոսանոց գնաճը կարող է վերածվել կենսամակարդակի էական անկման։ Ավելին, պաշտոնական միջին գնաճի ցուցանիշը նույնիսկ չի արտացոլում հասարակության տարբեր շերտերի իրական իրավիճակը։ Շատ ընտանիքների համար իրական գնաճը կարող է զգալիորեն գերազանցել պաշտոնապես հրապարակվող միջին ցուցանիշը։

Հատկանշական է նաև, որ թանկացել են սպիտակուցային հիմնական սննդամթերքները՝ միսը, կաթնամթերքը, ձուն և թռչնամիսը։ Սա կարող է հանգեցնել ոչ միայն տնտեսական, այլ նաև առողջապահական խնդիրների։ Երբ ընտանիքներն սկսում են խնայել սննդի վրա, առաջին հերթին կրճատվում է որակյալ սպիտակուցների սպառումը, ինչը երկարաժամկետ հեռանկարում բացասաբար է անդրադառնում հատկապես երեխաների, տարեցների և խրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների առողջության վրա։ Այդ պատճառով գնաճը պետք է դիտարկել ոչ միայն որպես տնտեսական, այլև որպես սոցիալական և ժողովրդագրական մարտահրավեր։

Միաժամանակ, որոշ ապրանքների՝ բրնձի, ոսպի, լոբու և շաքարի գների նվազումն ընդհանուր պատկերն էականորեն չի փոխում։ Նախ՝ այդ նվազումները համեմատաբար փոքր են, և երկրորդ՝ դրանք չեն փոխհատուցում առաջին անհրաժեշտության բազմաթիվ այլ ապրանքների զգալի թանկացումը։ Տնտեսագիտական տեսանկյունից ավելի կարևոր է ընդհանուր սպառողական զամբյուղի արժեքի փոփոխությունը, իսկ այդ զամբյուղն ակնհայտորեն շարունակել է թանկանալ։

Ծառայությունների ոլորտում առավել աչքի ընկնող թանկացումները նույնպես վկայում են տնտեսության կառուցվածքային փոփոխությունների մասին։ Ամբողջական հանգստի կազմակերպման ծառայությունների գրեթե 16 տոկոսանոց և հյուրանոցային ծառայությունների ավելի քան 9 տոկոսանոց թանկացումը կարող է կապված լինել զբոսաշրջության ակտիվացման, պահանջարկի աճի և ոլորտի ծախսերի բարձրացման հետ։

Առողջապահական ծառայությունների 5,27,2 տոկոսանոց աճը հատկապես զգայուն է բնակչության համար, քանի որ բժշկական ծառայություններից հրաժարվելը շատ դեպքերում հնարավոր չէ։ Սա նշանակում է, որ առողջապահական ծախսերն ավելի մեծ բեռ են դառնում ընտանիքների համար։

Առանձնապես մտահոգիչ է վառելիքի շուկայի իրավիճակը։ Բենզինի ավելի քան 10 տոկոսանոց, դիզելային վառելիքի 19 տոկոսանոց և հեղուկ ածխաջրածնային գազի ավելի քան 76 տոկոսանոց թանկացումը կարող է ունենալ բազմապատկվող ազդեցություն ամբողջ տնտեսության վրա։ Վառելիքը յուրաքանչյուր արտադրանքի ինքնարժեքի կարևոր բաղադրիչ է։ Երբ թանկանում է վառելիքը, ավելանում են փոխադրումների, գյուղատնտեսական աշխատանքների, արդյունաբերության և ծառայությունների ծախսերը, ինչը հետագայում նոր գնաճային ճնշումներ է ստեղծում գրեթե բոլոր ապրանքների համար։ Այս երևույթը հայտնի է որպես ծախսային գնաճ, երբ գների բարձրացման հիմնական պատճառը ոչ թե պահանջարկի աճն է, այլ արտադրական ծախսերի ավելացումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները