Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրակի նշվեց Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրը, որը ևս մեկ անգամ հնարավորություն տվեց վերաիմաստավորել ոչ միայն երկրի Հիմնական օրենքի դերը, այլև պետության զարգացման տրամաբանությունը, պետական իշխանության սահմանները, քաղաքացու ազատությունների երաշխիքները, հանրային պատասխանատվության մշակույթը և այն արժեքային համակարգը, որի վրա հիմնվում է մեր ժամանակակից պետականությունը։ Պետք է նկատի ունենալ, որ Սահմանադրությունը պետության քաղաքական և իրավական ինքնության առանցքն է, հասարակական պայմանագրի բարձրագույն արտահայտությունը և պետական իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրը։ Հենց այդ պատճառով էլ Սահմանադրության օրվա խորհուրդը վերածվում է ներկայի գնահատման և ապագայի նկատմամբ պատասխանատվության խորհրդանիշի։

Ժամանակակից աշխարհում պետությունների մրցունակության առումով կարևոր նշանակություն ունեն պետական ինստիտուտների կայունությունը, օրենքի գերակայությունը, իշխանությունների հավասարակշռված գործունեությունը, դատական համակարգի անկախությունը, քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունը և հասարակության վստահությունը պետական կառավարման նկատմամբ։ Այս բոլոր հիմնարար սկզբունքներն իրենց սկզբնաղբյուրն ունեն հենց Սահմանադրության մեջ։ Եթե Սահմանադրությունը գործում է ոչ միայն թղթի վրա, այլ նաև իրական քաղաքական և իրավական կյանքում, ապա պետությունն ունի զարգացման ամուր հիմքեր։ Եթե, հակառակը, այն ընկալվում է որպես քաղաքական նպատակահարմարությունից կախված փոփոխվող փաստաթուղթ, ապա աստիճանաբար թուլանում են պետական կառավարման բոլոր հիմնասյուները։

Սահմանադրությունը պետական իշխանության «սահմանագծման» ու սահմանափակման ամենակարևոր գործիքն է։ Իսկ պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ անվերահսկելի իշխանությունը գրեթե միշտ հանգեցնում է կամայականության, իրավունքների սահմանափակման և հանրային վստահության կորստի։ Այդ պատճառով սահմանադրական պետության գաղափարը ձևավորվել է ոչ թե իշխանությանը լրացուցիչ հնարավորություններ տալու, այլ հակառակը՝ իշխանությունը իրավական շրջանակների մեջ պահելու նպատակով։ Սահմանադրությունը սահմանում է, թե ով կարող է իրականացնել պետական իշխանություն, ինչ սահմաններում, ինչ ընթացակարգերով և ինչ պատասխանատվությամբ։ Այն կանխում է իշխանության կենտրոնացումը մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի ձեռքում և ստեղծում է փոխզսպումների ու հակակշիռների այնպիսի համակարգ, որը նվազեցնում է քաղաքական ճգնաժամերի և ինստիտուցիոնալ անկայունության հավանականությունը։

Հայաստանի Հանրապետության պետականության զարգացման երեք տասնամյակի փորձը ցույց է տալիս, որ սահմանադրական կարգի կայունությունը դարձել է երկրի քաղաքական կյանքի առանցքային մարտահրավերներից մեկը։ Անկախության վերականգնումից հետո Հայաստանը ձևավորեց իր սահմանադրական համակարգը՝ փորձելով համադրել ազգային պետականության ավանդույթները, միջազգային իրավունքի սկզբունքները և ժամանակակից ժողովրդավարական կառավարման պահանջները։

Սակայն սահմանադրական զարգացումը երբեք չի եղել մեկանգամյա գործընթաց։ Այն մշտապես ուղեկցվել է քաղաքական քննարկումներով, բարեփոխումների անհրաժեշտությամբ, իշխանության տարբեր ճյուղերի հարաբերակցության վերանայմամբ և հանրային լայն բանավեճերով։ Մյուս կողմից էլ՝ 2018 թվականի իշխանափոխությունից ի վեր բազմաթիվ են դեպքերը, երբ իշխանությունները ոտնահարել են Սահմանադրությունն ու սահմանադրական սկզբունքները։ Այս տեսանկյունից խնդիրը ոչ թե (կամ ոչ այնքան) Սահմանադրությունն է, այլ դրա կիրառումը։ Շատ հաճախ այնպես է ներկայացվում, որ սահմանադրական փոփոխությունները մեզ համար տարբեր հարցեր կլուծեն։ Սակայն հետաքրքրականն այն է, որ իշխանությունները նման փոփոխությունների հիմքում դնում են կա՛մ սեփական շահը, կա՛մ էլ արտաքին պահանջը՝ հատկապես Անկախության հռչակագրին կատարվող հղումից ազատվելու նպատակով։ Բայց պետության Հիմնական օրենքի հեղինակությունը մեծապես կախված է նրանից, թե որքան կանխատեսելի, կայուն և հանրության կողմից ընդունված է այն։ Հասարակությունը պետք է վստահ լինի, որ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են ոչ թե կարճաժամկետ քաղաքական, այլ երկարաժամկետ պետական շահերով և ինստիտուցիոնալ զարգացման անհրաժեշտությամբ։

Սահմանադրության առանցքային նշանակությունը հատկապես տեսանելի է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում։ Ժողովրդավարական պետության արժեքը չի չափվում միայն ընտրությունների կազմակերպմամբ կամ իշխանության ձևավորման մեխանիզմներով։ Այն առաջին հերթին արտահայտվում է քաղաքացու արժանապատվության նկատմամբ վերաբերմունքով։ Սահմանադրությունն է ամրագրում կյանքի իրավունքը, անձնական ազատությունը, սեփականության անձեռնմխելիությունը, խոսքի ազատությունը, հավաքների իրավունքը, խղճի և կրոնի ազատությունը, արդար դատաքննության իրավունքը, սոցիալական պաշտպանության հիմնական սկզբունքները և բազմաթիվ այլ հիմնարար ազատություններ։ Այս իրավունքները չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից։ Դրանք պետության նկատմամբ քաղաքացու բնական և սահմանադրորեն պաշտպանված պահանջներն են։

Մյուս կողմից էլ՝ իրավական պետության գաղափարը չի կարող իրականություն դառնալ առանց սահմանադրական մշակույթի ձևավորման։ Սահմանադրական մշակույթը ենթադրում է, որ ոչ միայն պետական մարմինները, այլև հասարակությունն է գիտակցում սահմանադրության նշանակությունը։ Երբ քաղաքացիները ճանաչում են իրենց իրավունքները և միաժամանակ գիտակցում իրենց պարտականությունները, ձևավորվում է հանրային պատասխանատվության նոր որակ։ Այդ պայմաններում օրենքի նկատմամբ հարգանքը դառնում է ոչ թե վախի հետևանք, այլ քաղաքացիական գիտակցության դրսևորում։ Սա այն միջավայրն է, որտեղ ժողովրդավարությունն ամրապնդվում է ինչպես իրավական նորմերով, այնպես էլ հասարակական վարքագծով։

Հայաստանի համար սահմանադրականության նշանակությունը պայմանավորված է նաև տարածաշրջանային անվտանգության բարդ իրողություններով։ Երկիրը գտնվում է աշխարհաքաղաքական լարվածությունների, անվտանգության բազմաշերտ սպառնալիքների և արագ փոփոխվող միջազգային հարաբերությունների կենտրոնում։ Նման պայմաններում առավել կարևոր է, որ պետական ինստիտուտները գործեն կայուն, կանխատեսելի և իրավական սկզբունքների հիման վրա։ Արտաքին մարտահրավերների պայմաններում ներքին ինստիտուցիոնալ կայունությունը դառնում է ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ։ Ուժեղ բանակը, արդյունավետ դիվանագիտությունը և մրցունակ տնտեսությունը չեն կարող լիարժեք գործել, եթե պետական կառավարման հիմքում չլինի սահմանադրական կարգի նկատմամբ անվերապահ հարգանքը։

Սահմանադրությամբ նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հավասարակշռված հարաբերակցությունը ժողովրդավարության հիմնական երաշխիքներից է։ Երբ որևէ ճյուղ գերիշխում է մյուսների նկատմամբ, խախտվում է պետական համակարգի բնական հավասարակշռությունը։ Իսկ արդյունավետ համագործակցությունը՝ զուգորդված փոխադարձ վերահսկողությամբ, ապահովում է պետական որոշումների որակը, հանրային հաշվետվողականությունը և քաղաքական կայունությունը։ Այդ տեսանկյունից Սահմանադրությունը ոչ միայն սահմանում է պետական մարմինների լիազորությունները, այլև կանխում է իշխանության չարաշահման հնարավորությունները, ինչն, ավաղ, մեզ մոտ բացակայում է։

Հասարակության և պետության միջև վստահության ձևավորումը նույնպես անմիջականորեն կապված է սահմանադրականության հետ։ Քաղաքացին վստահում է պետությանը այն դեպքում, երբ համոզված է, որ օրենքը հավասարապես կիրառվում է բոլորի նկատմամբ, պետական մարմինները գործում են իրավական սահմաններում, իսկ դատական համակարգը կարող է անաչառ պաշտպանել իր իրավունքները։ Եթե այս վստահությունը թուլանում է, նվազում է նաև հասարակության մասնակցությունը պետական կառավարմանը, խորանում է քաղաքական բևեռացումը, և մեծանում են սոցիալական լարվածության ռիսկերը։ Ուստի, Սահմանադրության արդյունավետ կենսագործումը ոչ միայն իրավական, այլև հասարակական համերաշխության կարևոր նախապայման է։

Աշխարհի զարգացած ժողովրդավարությունների փորձը վկայում է, որ սահմանադրական կայունությունը ձևավորվում է տասնամյակների ընթացքում։ Այն հնարավոր չէ ապահովել միայն իրավական նորմերի ընդունմամբ։ Անհրաժեշտ է անկախ դատարանների կայուն գործունեություն, մասնագիտական պետական ծառայություն, պատասխանատու քաղաքական մշակույթ, ազատ և բազմակարծիք լրատվամիջոցներ, ակտիվ քաղաքացիական հասարակություն և բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիներ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները