Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վերջին սրացումը Մերձավոր Արևելքի և, ընդհանրապես, Եվրասիական աշխարհաքաղաքականության ամենակարևոր գործընթացներից մեկն է, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն տարածաշրջանային երկու տերության միջև առաջացած հակասություններին, այլև ամբողջ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերաձևակերպմանը։

Եթե դեռևս 1990-ականներին Թուրքիան և Իսրայելը համարվում էին ռազմավարական գործընկերներ, որոնց համագործակցությունը ներառում էր ռազմական, հետախուզական, տնտեսական և քաղաքական ոլորտները, ապա այսօր նրանց հարաբերությունները բնութագրվում են փոխադարձ անվստահությամբ, կոշտ հռետորաբանությամբ, տարածաշրջանային մրցակցությամբ և հաճախ նաև բաց քաղաքական առճակատմամբ։

Սակայն այս հակամարտության հիմքում ընկած են ոչ միայն ընթացիկ իրադարձությունները, այլև երկարաժամկետ աշխարհաքաղաքական, գաղափարական, ռազմավարական և ներքաղաքական գործոններ։ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների սրման առաջին և ամենակարևոր պատճառներից մեկը կապված է Թուրքիայի արտաքին քաղաքական ինքնության փոփոխության հետ։ Սառը պատերազմի ավարտից հետո, հատկապես 2002 թվականին իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցության օրոք Թուրքիան աստիճանաբար հրաժարվեց բացառապես արևմտամետ և աշխարհիկ արտաքին քաղաքականության ավանդական մոդելից և սկսեց որդեգրել ավելի ինքնուրույն, բազմավեկտոր և նեոօսմանյան բնույթ ունեցող ռազմավարություն։ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը ձգտում է երկիրը ներկայացնել ոչ միայն որպես ՆԱՏՕ-ի անդամ, այլև որպես իսլամական աշխարհի քաղաքական առաջնորդներից մեկը։ Այս համատեքստում պաղեստինյան հարցը դարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Դա թուրքական քաղաքական դիսկուրսում ունի ոչ միայն արտաքին, այլև ներքին նշանակություն։ Թուրքիայի հասարակության զգալի հատվածը համակրում է պաղեստինցիներին, իսկ իսրայելա-պաղեստինյան հակամարտության յուրաքանչյուր սրում Թուրքիայում առաջացնում է հասարակական լայն արձագանք։ Թուրքիայի նախագահը բազմիցս փորձել է իրեն ներկայացնել որպես պաղեստինյան իրավունքների գլխավոր պաշտպաններից մեկը՝ քննադատելով Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և Արևել յան Երուսաղեմում։ Այս քաղաքականությունը ոչ միայն ամրապնդում է Թուրքիայի դիրքերը իսլամական աշխարհում, այլև ծառայում է ներքաղաքական նպատակների՝ համախմբելով պահպանողական և իսլամամետ ընտրազանգվածին։

Մյուս կողմից՝ Իսրայելում Թուրքիայի այս քաղաքականությունը հաճախ ընկալվում է որպես ոչ թե մարդասիրական կամ քաղաքական դիրքորոշում, այլ որպես տարածաշրջանային ազդեցության ընդլայնման գործիք։ Թել Ավիվում աճել է այն համոզմունքը, որ Անկարան փորձում է օգտագործել պաղեստինյան հարցը՝ սեփական աշխարհաքաղաքական հավակնություններն առաջ մղելու համար։ Հատկապես լարվածություն է առաջացրել Թուրքիայի հարաբերությունները պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման հետ, որը Իսրայելի կողմից դիտարկվում է որպես ահաբեկչական կազմակերպություն։

Իսկ արդեն 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո տարածաշրջանում սկսված լայնամասշտաբ հակամարտությունը դարձավ Թուրքիայի և Իսրայելի միջև հակասությունների նոր էսկալացիայի պատճառ։ Թուրքիան խստորեն քննադատում է Գազայում իրականացվող ռազմական գործողությունները՝ դրանք բնութագրելով որպես միջազգային իրավունքի խախտում, իսկ Իսրայելի ղեկավարությանը մեղադրելով զանգվածային բռնությունների և քաղաքացիական բնակչության նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու մեջ։ Ի պատասխան՝ Իսրայելն իր հերթին մեղադրում է Թուրքիային միակողմանի քաղաքականության, «ՀԱՄԱՍ»-ին աջակցելու և հակաիսրայելական քարոզչություն իրականացնելու մեջ։

Սակայն հակասությունները միայն պաղեստինյան հարցով չեն սահմանափակվում։ Թուրքիան և Իսրայելը դարձել են մրցակիցներ նաև տարածաշրջանային ազդեցության համար։ Արևել յան Միջերկրական ծովում բնական գազի հանքավայրերի հայտնաբերումից հետո ձևավորվել է նոր աշխարհաքաղաքական մրցակցություն։ Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը զարգացնում են եռակողմ համագործակցությունը, իսկ Թուրքիան այդ գործընթացները դիտարկում է որպես իրեն տարածաշրջանային էներգետիկ նախագծերից դուրս մղելու փորձ։ Անկարան հատկապես դժգոհ է Արևել յան Միջերկրականի գազային նախագծերից, որոնք նախատեսվում է իրականացնել առանց Թուրքիայի մասնակցության։

Սիրիական ճգնաժամը ևս խորացրել է տարաձայնությունները։ Թեև Թուրքիան և Իսրայելը տարբեր ժամանակահատվածներում ունեցել են որոշակի համընկնող շահեր Սիրիայի հարցում՝ մասնավորապես Իրանի ազդեցության սահմանափակման առումով, այնուամենայնիվ, նրանց ռազմավարական նպատակները էապես տարբեր են։ Թուրքիան առաջնահերթ է համարում քրդական գործոնի վերահսկումը և Սիրիայի հյուսիսում սեփական ազդեցության պահպանումը, մինչդեռ Իսրայելի հիմնական մտահոգությունը կապված է Իրանի ռազմական ներկայության և «Հեզբոլլահի» գործունեության հետ։

Հարաբերությունների սրման կարևոր գործոն է նաև տարածաշրջանում առաջնորդության համար պայքարը։ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իրանը և Իսրայելը փաստացի պայքարում են Մերձավոր Արևելքի ապագա քաղաքական ճարտարապետության ձևավորման համար։ Եթե Իրանը և Իսրայելը գտնվում են բաց հակամարտության վիճակում, ապա Թուրքիան և Իսրայելը հաճախ մրցում են ավելի բարդ և բազմաշերտ ձևերով՝ քաղաքական ազդեցության, տնտեսական նախագծերի, էներգետիկ հաղորդակցության ուղիների, դիվանագիտական նախաձեռնությունների և հանրային կարծիքի մակարդակներում։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները երբեք ամբողջությամբ չեն խզվել։ Նույնիսկ ամենածանր ճգնաժամերի ընթացքում պահպանվել են տնտեսական կապերը: Այդուամենայնիվ, լարվածության սրացմանը զուգահեռ ինչ-որ մի պահի Իսրայելն ու Թուրքիան կարող են բախվել, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Սիրիայում։ Իսրայելն արդեն իսկ պատրաստվում է Սիրիայում չեզոքացնել այն հնարավորությունը, որ Թուրքիայի աջակցությամբ իսլամական ռադիկալացված խմբերը կարող են ուղղվել հենց Իսրայելի դեմ։

Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության խորացումը կարող է նպաստել նաև Մերձավոր Արևելքում բևեռացման ուժեղացմանը։ Դրա արդյունքում տարածաշրջանի երկրները կարող են ավելի հստակ բաժանվել մրցակցող ճամբարների, ինչը կբարդացնի հակամարտությունների կարգավորումը։ Լարվածությունը կարող է բացասաբար ազդել Արևել յան Միջերկրական ծովի էներգետիկ նախագծերի վրա։ Տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման տեսանկյունից՝ հատկապես ռուսական էներգակիրներից կախվածության նվազեցման համատեքստում։ Եթե Թուրքիա-Իսրայել հարաբերությունները շարունակեն վատթարանալ, ապա մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր կարող են բախվել քաղաքական խոչընդոտների։

Թուրքիա-Իսրայել հարաբերությունների սրումը կարող է էական ռեզոնանս ունենալ Հարավային Կովկասի անվտանգային միջավայրում՝ հաշվի առնելով Ադրբեջանի սերտ և բազմաշերտ կապերը երկու պետությունների հետ։ Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական գլխավոր դաշնակիցն է՝ «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում, մինչդեռ Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանի կարևորագույն ռազմատեխնիկական և տեխնոլոգիական գործընկերը։ Եթե Անկարայի և Թել Ավիվի միջև առկա հակասությունները խորանան և վերածվեն բացահայտ առճակատման, Ադրբեջանը կարող է հայտնվել ծանրակշիռ աշխարհաքաղաքական երկընտրանքի առջև։ Անկարան, ամենայն հավանականությամբ, ակնկալելու է Բաքվից լիակատար լոյալություն՝ տարածաշրջանային և գաղափարական իր դիրքորոշումները պաշտպանելու հարցում, ինչը կարող է ստիպել Ադրբեջանին վերանայել Իսրայելի հետ իր ռազմական համագործակցության ծավալները՝ հանուն թուրքական շահերի պաշտպանության։

Իրավիճակը բարդանում է նաև այն հանգամանքով, որ Ադրբեջանը կարող է լրացուցիչ ճնշումների ենթարկվել նաև Պակիստանի կողմից, որը, լինելով Թուրքիայի սերտ դաշնակիցը և իսլամական աշխարհում Իսրայելի հանդեպ խիստ անհանդուրժողական դիրքորոշում որդեգրած պետություն, հակված է պարտադրելու իր դաշնակիցներին միանալ Իսրայելի նկատմամբ կիրառվող քաղաքական ճնշմանը։

Այսպիսով, Ադրբեջանը հայտնվում է մի իրավիճակում, երբ ստիպված է լինելու նավարկել Թուրքիայի աշխարհաքաղաքական օրակարգի և Իսրայելի հետ ունեցած երկարամյա պրագմատիկ գործընկերության միջև՝ փորձելով խուսափել ռազմատեխնիկական մատակարարումների ընդհատումից և տարածաշրջանային հակասությունների մեջ մտնելուց։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
Ամենաընթերցվածները