«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի և Հայաստանի անվտանգության, պատերազմի ու պետական դիմադրողականության փորձերի համեմատությունը վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է դառնում քաղաքական ու հանրային քննարկումների առարկա։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե նման համեմատությունը լիովին անհամատեղելի է, քանի որ խոսքը տարբեր չափեր, տարբեր ռեսուրսներ, տարբեր աշխարհագրական պայմաններ և տարբեր միջազգային դերակատարումներ ունեցող պետությունների մասին է։ Սակայն խորքային մակարդակում այդ համեմատությունը կարևոր է, որովհետև այն հնարավորություն է տալիս հասկանալ ոչ միայն ռազմական կամ աշխարհաքաղաքական գործընթացները, այլև պետական մտածողության, ռազմավարական պլանավորման, ազգային կամքի, քաղաքական առաջնորդության և հասարակական դիմադրողականության միջև եղած կապը։

Գաղտնիք չէ, որ Իրանը երկար տարիներ գտնվել է աշխարհի ամենահզոր պետության՝ Միացյալ Նահանգների ճնշման ներքո։ Տասնամյակներ շարունակ Թեհրանը ենթարկվել է խիստ տնտեսական պատժամիջոցների, քաղաքական մեկուսացման, դիվանագիտական ճնշումների, հատուկ ծառայությունների գործողությունների, կիբերհարձակումների և ռազմական սպառնալիքների։ Միևնույն ժամանակ, Իրանի դիմաց կանգնած է նաև Իսրայելը, որն ունի աշխարհի ամենազարգացած ռազմական և հետախուզական համակարգերից մեկը, ինչպես նաև արևմտյան առաջատար տեխնոլոգիական հնարավորություններ։ Իրանական ղեկավարությունը երբեք չի ունեցել պատրանք, թե կարող է ռեսուրսների առումով հավասարվել ԱՄՆ-ին կամ Իսրայելին։ Իրանի ռազմավարությունը կառուցված էր ոչ թե հակառակորդից ավելի ուժեղ լինելու, այլ հակառակորդի համար հաղթանակի գինը հնարավորինս բարձրացնելու տրամաբանության վրա։

Հենց այստեղ է երևում առաջին կարևոր տարբերությունը Հայաստանի և Իրանի միջև։ Իրանը տասնամյակներ շարունակ առաջնորդվել է այն գաղափարով, որ պատերազմը սկսվում է ոչ թե պատերազմի օրը, այլ շատ ավելի վաղ։ Այդ պատճառով Իրանը ձևավորեց բազմաշերտ պաշտպանական համակարգ, զարգացրեց հրթիռային կարողությունները, ստեղծեց ապակենտրոնացված հրամանատարական կառույցներ, ներդրեց ռազմական արդյունաբերություն, կառուցեց ստորգետնյա ենթակառուցվածքներ և պատրաստեց հասարակությանը երկարատև դիմակայության պայմաններին։ Իրանի ռազմավարական մտածողության առանցքում գտնվում էր այն համոզմունքը, որ եթե հակառակորդը վստահ լինի, որ հաղթանակը հեշտ է լինելու, ապա պատերազմն անխուսափելի է դառնում, իսկ եթե հաղթանակը դառնա չափազանց թանկ, ապա նույնիսկ ամենահզոր պետությունները ստիպված կլինեն բանակցել։ Իրանը նաև հասկացել էր, որ ժամանակակից աշխարհում պատերազմը միայն ճակատային մարտ չէ։ Այդ պատճառով ստեղծվեց, այսպես կոչված, «դիմադրության առանցքը», որի միջոցով Թեհրանը տարիներ շարունակ ընդլայնեց իր ազդեցությունը տարածաշրջանում։

Անկախ նրանից, թե ինչպես են տարբեր երկրներ գնահատում այդ քաղաքականությունը, փաստ է, որ Իրանը ձգտում էր իր անվտանգության գոտիները տեղափոխել սեփական սահմաններից դուրս։ Այսինքն, հնարավոր ճակատամարտերը պետք է տեղի ունենային ոչ թե Թեհրանի մատույցներում, այլ տարածաշրջանի այլ հատվածներում։ Սա դասական ռազմավարական մտածողություն է, որի նպատակն է նվազեցնել անմիջական սպառնալիքը սեփական պետության նկատմամբ։

Մյուս կարևոր հանգամանքը աշխարհագրական և տնտեսական լծակների օգտագործումն էր։ Իրանը գիտակցում էր, որ ռազմական հզորությամբ չի կարող մրցել Միացյալ Նահանգների հետ, սակայն ուներ մի կարևոր առավելություն՝ աշխարհագրական դիրքը։ Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ համակարգի կարևորագույն հանգույցներից մեկն է, և Իրանը մշտապես փորձել է այդ գործոնը ներառել իր անվտանգության հաշվարկներում։ Երբ պետությունն ունի ռազմավարական նշանակության աշխարհագրական դիրք, այդ դիրքը կարող է վերածվել քաղաքական ազդեցության գործիքի։ Իրանական ռազմավարությունը հենց այսպիսի քայլի էլ դիմեց։

Եթե այս ամենը համեմատենք Հայաստանի իրավիճակի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ այստեղ խնդիրը միայն ռեսուրսների պակասը չէր։ 2016 թվականի Ապրիլ յան պատերազմն արդեն ցույց էր տվել, որ Ադրբեջանը շարժվում է ռազմական լուծման ուղղությամբ։ Այդ պատերազմը պետք է դառնար ահազանգ, որը կստիպեր ամբողջ պետական համակարգին անցնել արագ վերակազմավորման, բանակի արդիականացման, պաշտպանական նոր հայեցակարգի մշակման և հասարակության պատրաստման ճանապարհով։ Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ նման համակարգային մոտեցում չի ձևավորվել։ Առավել ևս 2018 թվականից հետո երկիրը գնաց լրիվ հակառակ ճանապարհով:

2020 թվականի պատերազմը բացահայտեց ոչ միայն տեխնոլոգիական անհավասարությունը, այլև կառավարման, պլանավորման և ռազմավարական պատրաստվածության խնդիրները։ Պատերազմի ընթացքում հաճախ ստեղծվում էր տպավորություն, որ պետական համակարգը գործում է իրավիճակային տրամաբանությամբ և չունի երկարաժամկետ մշակված հակազդման ծրագիր։ Այն, որ պատերազմի ընթացքում հանրային դիսկուրսում առանցքային տեղ զբաղեցրին կամավորական ջոկատների ձևավորման հարցերը, ինքնին վկայում էր, որ պետությունը փորձում էր լրացնել այն բացերը, որոնք պետք է լրացված լինեին խաղաղ ժամանակաշրջանում։

Հաճախ որպես պարտության հիմնական բացատրություն ներկայացվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը պատերազմի ընթացքում։ Անկասկած, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին վճռորոշ նշանակություն ուներ։ Սակայն պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ ավելի թույլ պետությունները կարողացել են խուսափել ռազմավարական պարտությունից նույնիսկ շատ ավելի ուժեղ հակառակորդների դեմ պայքարում։ Պետության խնդիրը ոչ թե հակառակորդից ուժեղ լինելն է, այլ իր հնարավորություններն այնպես կազմակերպելը, որ հակառակորդը չկարողանա հասնել իր նպատակներին նվազագույն գնով։

Այս համատեքստում հաճախ բարձրացվում է նաև Հայաստանի կողմից ունեցած հնարավոր լծակների չօգտագործման հարցը։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական տնտեսության մեջ զգալի մասնաբաժին են կազմում նավթագազային եկամուտները և դրանց արտահանման ենթակառուցվածքները։ Տեսականորեն այդ ենթակառուցվածքները կարող էին դիտարկվել որպես ռազմավարական ճնշման միջոցներ։ Սակայն անկախ նրանից, թե որքանով էր գործնականում հնարավոր նման գործողությունների իրականացումը, փաստ է, որ հայկական կողմը հիմնականում գործել է պաշտպանական և արձագանքող տրամաբանությամբ, այլ ոչ թե հակառակորդի ռազմավարական հաշվարկները փոխելու տրամաբանությամբ։

Հետագա զարգացումները ևս խորացրին այս ընկալումները։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի արդյունքում Ադրբեջանին փոխանցվեցին նաև այն տարածքները, որոնք ռազմական ճանապարհով դեռևս չէին անցել նրա վերահսկողության տակ։ Այս հանգամանքը հետագայում ադրբեջանական քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից ներկայացվեց որպես կարևոր ձեռքբերում, քանի որ որոշ շրջանների նկատմամբ ռազմական գործողությունները կարող էին ենթադրել զգալի կորուստներ։ Սակայն խնդիրն այն է, որ հայկական կողմը նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքումից հետո լիովին անիմաստ համարեց պայքարի ճանապարհը։ Ու հետագա իրադարձություններն այնպիսի իրավիճակ ձևավորեցին, որ նույնիսկ Ադրբեջանում էին զարմացած իրենց կտրուկ հաջողությունից։

Արդյունքում հայկական իրականության մեջ ամրապնդվեց այն ընկալումը, որ պետական քաղաքականության առանցքում աստիճանաբար ավելի ու ավելի է գերակշռում ռիսկերի նվազեցման միջոցով նոր զիջումների գնալու մոտեցումը։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները պնդում են, որ իրենց քաղաքականությունը բխում է ուժերի իրական հարաբերակցությունից և նպատակ ունի կանխել ավելի լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։ Այս երկու մոտեցման միջև հակասությունն այսօր դարձել է Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական բանավեճերից մեկը։

Սակայն խնդիրը միայն տարածքների կամ ռազմական հաշվեկշիռը չէ։ Պետությունների դիմադրողականությունը ձևավորվում է նաև հոգեբանական և գաղափարական հարթություններում։ Իրանի օրինակը ցույց է տալիս, որ պետությունը երկար ժամանակ կարող է պահպանել պայքարելու կամքը նույնիսկ ծանր տնտեսական և ռազմական ճնշումների պայմաններում, եթե հասարակության մեջ առկա է դիմադրության գաղափարի շուրջ ձևավորված համախմբում։

Միևնույն ժամանակ, պատմությունը ցույց է տալիս նաև, որ միայն կամքն էլ բավարար չէ. այն պետք է ուղեկցվի կազմակերպվածությամբ, ռազմավարությամբ, ինստիտուցիոնալ պատրաստվածությամբ և ռեսուրսների արդյունավետ կառավարմամբ։

Հայաստանի համար Իրանի փորձի հիմնական դասը, հավանաբար, ոչ թե հակամարտությունների կամ արտաքին քաղաքականության կոնկրետ մոդելների կրկնօրինակումն է, այլ պետական մտածողության բնույթը։

Իրանը տարիներ շարունակ պատրաստվել է այն սցենարին, որը համարել է ամենավտանգավորը։ Հայաստանի դեպքում հենց այդ կանխատեսման և նախապատրաստման բաղադրիչն է եղել ամենաթույլ օղակներից մեկը։ Պետությունները հաճախ պարտվում են ոչ միայն այն պատճառով, որ հակառակորդն ավելի ուժեղ է, այլ նաև այն պատճառով, որ չեն հասցնում հարմարվել փոփոխվող իրականությանը։ 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները