Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կառավարության կողմից մոտ 4 միլիարդ դրամի աջակցության ծրագրի իրականացումը, որը նախատեսված է թարմ մրգի, գինու, կոնյակի և հանքային ջրի արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար, առաջին հայացքից կարող է ընկալվել որպես տնտեսական ճգնաժամի պայմաններում պետական պատասխանատու վարքագծի դրսևորում։ Երբ արտահանողները բախվում են արտաքին շուկաների սահմանափակումների, երբ գյուղացիները չեն կարողանում իրացնել իրենց բերքը, երբ մթերողներն ու արտադրողները կանգնում են ֆինանսական կորուստների առաջ, բնական է, որ պետությունը փորձում է մեղմել հարվածի հետևանքները։ Սակայն ցանկացած տնտեսական որոշման գնահատման ժամանակ կարևոր է ոչ միայն հասկանալ, թե ինչ է արվում, այլ նաև պարզել, թե ինչու է, ընդհանրապես, առաջացել այն իրավիճակը, որի համար այժմ հարկատուների միջոցներով հատկացվում են փոխհատուցումներ։

Վերջին ամիսներին Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված առևտրային սահմանափակումները հերթական անգամ ցույց տվեցին հայկական տնտեսության ամենախոցելի կողմերից մեկը՝ արտահանման չափազանց բարձր կենտրոնացվածությունը մեկ շուկայի վրա։ Տարիներ շարունակ Հայաստանի գյուղատնտեսական և վերամշակող ոլորտների զգալի հատվածը կառուցվել է այն հաշվարկի վրա, որ ռուսական շուկան կմնա հասանելի, կանխատեսելի և լայն սպառողական հնարավորություններ ունեցող ուղղություն։

Հայաստանի բազմաթիվ տնտեսվարողներ իրենց ներդրումային ծրագրերը, արտադրական ծավալները, տեխնիկական վերազինումը և նույնիսկ վարկային պարտավորությունները ձևավորել են հենց ռուսական շուկայի պահանջարկի հիման վրա։

Այս պայմաններում, երբ Ռուսաստանը հունիսի սկզբից ժամանակավորապես սահմանափակեց հայկական մի շարք գյուղմթերքների ներմուծումը, Հայաստանի տնտեսությունը հայտնվեց այնպիսի իրավիճակում, որի մասին փորձագետների զգալի մասը տարիներ շարունակ զգուշացնում էր։ Բայց խնդիրը միայն ռուսական որոշումները չեն։ Խնդիրը նաև այն է, որ պետությունը երկար ժամանակ չի կարողացել կամ չի ցանկացել կառուցել այնպիսի տնտեսական ռազմավարություն, որը նման ռիսկերը կդարձներ կառավարելի։ Արտահանման դիվերսիֆիկացիան տնտեսագիտական գրականության մեջ վաղուց համարվում է փոքր պետությունների տնտեսական անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Երբ որևէ երկիր իր արտահանման զգալի մասը կապում է մեկ պետության հետ, այն, կամա թե ակամա, դառնում է այդ պետության քաղաքական, տնտեսական և վարչական որոշումների ազդեցության ենթակա։

Հենց այստեղ է առաջանում ամենակարևոր հարցը. եթե տարիներ շարունակ հայտարարվում էր արտաքին տնտեսական հարաբերությունների վերակառուցման, նոր ուղղությունների զարգացման և շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, ապա ինչո՞ւ այդ գործընթացները չիրականացվեցին այնպիսի ծավալներով, որ այսօր հայկական արտադրողն ամբողջովին կախված չլիներ մեկ շուկայից։ Եթե իշխանությունները համոզված էին, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունների են գնալու, տրամաբանական կլիներ նախապես ստեղծել այլընտրանքային շուկաներ, նոր արտահանման ենթակառուցվածքներ, նոր առևտրային պայմանավորվածություններ և միայն դրանից հետո գնալ այնպիսի քաղաքական քայլերի, որոնք կարող էին ազդել առևտրատնտեսական հարաբերությունների վրա։ Տնտեսության կառավարման մեջ գոյություն ունի մի պարզ սկզբունք, որ ռիսկերը պետք է գնահատվեն ոչ թե ճգնաժամից հետո, այլ ճգնաժամից առաջ։ Եթե պետությունը տեսնում է, որ իր հիմնական արտահանման շուկայի հետ հարաբերություններում կուտակվում են խնդիրներ, ապա նրա առաջնային խնդիրը պետք է լինի վնասների կանխարգելումը, այլ ոչ թե վնասների փոխհատուցումը։ Այսօր, փաստորեն, մենք տեսնում ենք հակառակ պատկերը։ Նախ՝ ստեղծվում է իրավիճակ, որի արդյունքում տնտեսվարողները կրում են կորուստներ, հետո այդ կորուստների մի մասը փոխհատուցվում է պետական բյուջեի հաշվին, որի գումարները գոյանում են հարկատուների հաշվին։ Երբ կառավարությունը 4 միլիարդ դրամ է հատկացնում աջակցության նպատակով, իրականում այդ միջոցները վերցվում են այն քաղաքացիներից և տնտեսվարողներից, որոնք արդեն իսկ վճարել են հարկեր։ Այսինքն՝ ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ իշխանությունները սեփական անհեռատես քաղաքականության հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների մի մասը փորձում են լուծել հանրային միջոցներով՝ հենց սեփական PR-ի համար։

Սակայն խնդիրը միայն ֆինանսական չէ։ Գոյություն ունի նաև տնտեսական վարքագծի ձևավորման հարց։ Երբ տնտեսվարողները տեսնում են, որ պետությունը հիմնականում արձագանքում է ճգնաժամերից հետո, այլ ոչ թե կանխում դրանք, ձևավորվում է անորոշության մթնոլորտ։ Արտադրողը սկսում է մտածել ոչ թե զարգացման, այլ գոյատևման մասին։ Գյուղացին, որը տարիներ շարունակ մշակել է այգիներ կամ ներդրումներ կատարել արտադրության մեջ, կարող է եզրակացնել, որ իր աշխատանքը չափազանց կախված է արտաքին քաղաքական զարգացումներից և վարչական որոշումներից, որոնց վրա ինքը որևէ ազդեցություն չունի։ Այս իրավիճակում առանձնապես վտանգավոր է հոգեբանական գործոնը։ Գյուղատնտեսությունը երկարաժամկետ ոլորտ է։ Այգին մեկ տարվա ներդրում չէ։ Խաղողի այգին, պտղատու ծառերը, վերամշակող ձեռնարկությունները, գինեգործական արտադրությունը կառուցվում են տարիների ընթացքում։

Եթե տնտեսվարողները կորցնում են վստահությունը շուկաների կայունության նկատմամբ, նրանք կարող են նվազեցնել ներդրումները, կրճատել արտադրության ծավալները կամ ընդհանրապես հրաժարվել գործունեության որոշ տեսակներից։ Միանգամյա փոխհատուցումը կարող է մեղմել ընթացիկ վնասը, բայց չի կարող վերականգնել վստահությունը ապագայի նկատմամբ։ Ավելին, տնտեսական պատմությունը ցույց է տալիս, որ փոխհատուցման մեխանիզմները հազվադեպ են լուծում համակարգային խնդիրները։ Դրանք կարող են ժամանակավորապես թուլացնել սոցիալական լարվածությունը, բայց չեն վերացնում պատճառները։ Եթե հաջորդ տարի կրկնվեն նույն սահմանափակումները, արդյո՞ք կրկին պետք է հատկացվեն միլիարդավոր դրամներ։ Եթե նույն խնդիրները շարունակվեն երեք կամ հինգ տարի, արդյո՞ք պետությունը մշտապես պետք է փոխհատուցի վնասները։ Այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ ներկայիս մոտեցումը ավելի շատ հակաճգնաժամային միջոց է, քան ռազմավարական լուծում։

Իրական լուծումը պետք է սկսվի տնտեսական քաղաքականության վերաիմաստավորումից։ Դիվերսիֆիկացիան չի կարող իրականացվել կառավարության որոշմամբ մեկ տարվա ընթացքում։ Այն պահանջում է երկարաժամկետ աշխատանք միջազգային շուկաներում, արտահանման խթանման գործիքների զարգացում, որակի միջազգային ստանդարտների ներդրում, նոր լոգիստիկ ուղիների ստեղծում, բիզնեսի համար ֆինանսական աջակցություն և պետական համակարգված ռազմավարություն։ Եթե այսօր հայտարարվում է դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին, ապա դա փաստացի նշանակում է, որ այդ աշխատանքը պետք է կատարված լիներ տարիներ առաջ։

Այս ամբողջ իրավիճակում առավել մտահոգիչն այն է, որ հասարակությանը ներկայացվում է հետևանքների կառավարումը, մինչդեռ պատճառների մասին խոսակցությունը հաճախ մղվում է երկրորդ պլան։ Իսկ երկարաժամկետ տեսանկյունից հենց պատճառների վերլուծությունն է կարևոր... Իսկ պատճառները նստած են կառավարությունում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները