Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս ընտրություններին վերաբերող բազմաթիվ հանգամանքներ ու գործոններ դեռ համակողմանի գնահատականներ կստանան: Ինչպես ասում են՝ ժամանակ կա: Քաղաքական ուժերն էլ արդեն սկսել են տալ իրենց գնահատականները:

Բայց ինչպիսին էլ լինեն ԿԸՀ կողմից հրապարակված նախնական շատ կասկածելի ու դեռ հրապարակվելիք վերջնական արդյունքները, դրանց առնչությամբ ինչ որոշումներ էլ ընդունեն մասնակից ու ոչ մասնակից քաղաքական ուժերը, անվիճելի ու ակնհայտ է, որ տեղի ունեցած միջոցառումը չի կարող համարվել «ազատ և արդար ընտրություն»: Ավելին, քաղաքական ուժերի (ոչ իշխանության սատելիտ) գերակշիռ մասն արդեն այս ընտրությունները որակել է ոչ լեգիտիմ: Կհիշեք՝ Նիկոլ Փաշինյանը սիրում էր կուրծք ծեծել, թե «կեղծված ընտրությունների փուլը փակված է...»: Բայց դա իր քաղաքական քարոզի կռվաններից մեկը համարող գործչի իշխանության պայմաններում ու մեծապես հենց իր դերակատարմամբ ու պատճառով Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցան երևի թե ամենախայտառակ համապետական ընտրությունները:

Ի՞նչ է տեղի ունեցել: Բավարար է պարզապես թվարկել արձանագրված, բազմաթիվ օրինակներով հիմնավորված փաստացի իրողությունները:

Առաջին՝ ընտրական գործընթացի հիմնական մասնակիցների միջև անհավասար մրցակցային պայմաններ: Չմոռանանք, որ հիմնական ուժերից մեկի առաջնորդի ազատությունը, ապա՝ ազատ տեղաշարժն արհեստականորեն սահմանափակված է արդեն մոտ 1 տարի:

Երկրորդ՝ փաշինյանական իշխանությունը դիմել է «Ընտրական օրենսգրքի»՝ իրենց ձեռնտու փոփոխությունների... ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ: Որպեսզի հասկանալի լինի, պատկերացրեք, որ ֆուտբոլային հանդիպման հենց մեկնարկում հայտարարվի, որ նոր կանոններ են սահմանված, բայց դրանք թույլատրելի են միայն թիմերից մեկին:

Երրորդ՝ «վարչական ռեսուրսի» խայտառակ տոտալ ու անխնա չարաշահում՝ պետական կամ վարչական մարմինների աշխատողների վրա ճնշումներ, իշխանական ու վարչական լիազորությունների և միջոցների չարաշահում, պետբյուջեի հաշվին հանրության զգալի շերտերի նյութական բարիքների նախընտրական բաշխում (թոշակների ավելացում, «համայնքային նպաստներ» և այլն): Մի խոսքով՝ «վարչական ռեսուրսի» չարաշահումը ուղղակի հասցվել է գերադրական աստիճանի:

Չորրորդ՝ հատկապես իրավապահ ամբողջ համակարգի տոտալ ներգրավում՝ բացառապես ընդդիմադիր հիմնական ուժերի թիրախավորմամբ: Հետևողականորեն միմիայն ՔՊ-ի մրցակից ուժերի առավել ակտիվ գործիչների, կազմակերպիչների, նկատելի գործիչների թիրախավուրումներ, գործերի հարուցումներ, կալանավորումներ:

Համատարած գաղտնալսումներ, ընդդիմադիր ուժերի նախընտրական տեղական շտաբների, անգամ այդ շտաբների մոտակայքում երևացած քաղաքացիների գաղտնալսումներ, լրտեսումներ: Համատարած ռեպրեսիվ ահաբեկում (այդ թվում՝ հոգեբանական):

Հինգերորդ՝ օրենքի պահանջների միակողմանի կիրառում (ասե՞նք, թե հատկապես որ ուժի օգտին), երբ մի կողմը կարող է ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնել ու մնալ ազատության մեջ, իսկ իր մրցակիցները կարող են մերկապարանոց մեղադրվել դավաճանության, լրտեսության կամ «փողերի լվացման» մեջ և արագորեն զրկվել ազատությունից:

Վեցերորդ՝ արևմտյան կենտրոնների խայտառակագույն միջամտություններ Հայաստանի ներքին գործերին:

Յոթերորդ ու ամենակարևոր պահերից մեկը՝ ձայների հաշվարկի ընթացքում անհասկանալի (այսպես ասենք) իրավիճակներ ու մանիպուլ յացիաներ: Օրինակ՝ կոնկրետ այն, որ ձայների հաշվարկի տվյալների ամփոփումն ու հրապարակումը գիշերվա կեսին մի քանի ժամով ընդհատվում է, ապա շարունակվում միայն լուսադեմին: Սա այն հիմնական երևույթն է, որը ժողովուրդը բնորոշում է որպես «նկարչություն»: Իսկ եթե ավելի չոր գնահատենք, ապա հաշվարկի ու տվյալների հրապարակման այդ գիշերային դադարը մեծապես ստվերում ու կասկածի տակ է դնում ընտրության (քվեարկության) հրապարակվող արդյունքների արժանահավատությունը:

Ութերորդ՝ գիշերվա ժամը 2-ին, երբ հրապարակված էին ընտրատեղամասերի չնչին մասի նախնական տվյալները, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրում և հայտարարում, որ ինքը հաղթել է: Նույն հաջողությամբ նա դա կարող է անել նաև առանց ընտրությունների: Բայց դա մասնագետները արդեն իսկ որակել են որպես իշխանության զավթում: Իսկ տվյալ կոնկրետ դեպքում դա նաև կարող է գնահատվել և գնահատվում է որպես ուղիղ ճնշման գործադրում ԿԸՀ նկատմամբ՝ ուղղորդելով «ճիշտ թվեր» «հաշվելու»: Այստեղ հիշենք «Հանրապետություն» կուսակցության միջոցով իրականացրած «թատրոնը»՝ «Ուժեղ Հայաստանի» ցուցակի գրանցումը «հեչ անելու» դիմումի տեսքով, որով փաստացի Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե ինչ անաղարտ, հրաշք ԿԸՀ ունենք, որպեսզի լեգիտիմացնի ընտրությունների անցկացման ու հաշվարկման պրոցեսը: Բայց Փաշինյանի այդ գիշերային հայտարարությունը նույնիսկ արևմտյան դիտորդներին էր ապշեցրել (ու ոչ միայն դա), որոնք ամեն ինչ արեցին՝ «լվանալու» իշխանությունների երեսն ու ընտրություններին լեգիտիմություն հաղորդելու:

Ահա, հիմնականում այս իրողություններից էլ բխում է անխուսափելի «մաթեմատիկական» հետևությունը՝ այս ընտրությունները չեն կարող համարվել լիգիտիմ: Իսկ դա արդեն ունենալու է իր քաղաքական հետևանքները: Իսկ հետևանքներից առաջինն այն է, որ նման արատավոր եղանակներով ընտրություններով ձևավորված իշխանությունը հազիվ թե կարող է ընկալվել որպես լեգիտիմ: Առավել ևս, որ նույնիսկ պաշտոնապես հայտարարված թվերով Փաշինյանն ու ՔՊ-ն չստացան քվեարկությանը մասնակցածների ձայների 50 տոկոսը: Հազիվ «ձգեցին» 49 տոկոսի: Բայց դա մի փոքր այլ դիտարկման նյութ է:

Ի դեպ, բավականին տարօրինակ, եթե չասենք զավեշտական ու արտառոց վիճակ ստեղծվեց Վրաստանի հետ կապված: Հարևան երկրի նախկին նախագահ Զուրաբիշվիլին, ինչպես նաև գործող վարչապետ Կոբախիձեն շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին, երբ հայտնի էր 2005-ից հազիվ 100 տեղամասերի (այն էլ՝ փոքր բնակավայրերի)... ոչ պաշտոնական արդյունքները:

Վերադառնալով Փաշինյանի ու իր քպաթիմի գիշերային ասուլիսին, ապա նրանց դեմքերի «հանգած» արտահայտությունն ինչի մասին ասես վկայում է, միայն թե՝ ոչ հաղթանակի: Հազիվ թե իրենցից ավելի լավ որևէ մեկը իմանա, թե նման թվեր հայտարարելը ինչ գնով ու ինչի հաշվին է եղել ու, կարևորը, որ դա ամենևին հաղթանակ չէ: Զուտ հրապարակված թվերով՝ միգուցե: Ներքին բովանդակությամբ ու իրական պատկերով՝ ոչ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները