«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Հայաստանում այց-կանգառ ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրեցին փաստաթղթեր, այնուհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ Մյուս կողմից՝ Ռուսաստանն արգելում է հայկական ծաղկի, բանջարեղենի, մրգի, հանքային ջրի մուտքն իր երկիր և Հայաստանին կանգնեցնում է ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ընտրելու հարցի առջև։ Այս բոլոր գործընթացները կարո՞ղ են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի ընտրական գործընթացների վրա։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով, բոլոր թվարկված գործընթացներն ազդում են ընտրական գործընթացների վրա, բայց մտահոգիչն այն է, որ ոչ թե ազդում է մարդկանց վերաբերմունքի վրա՝ ով ինչ է շահում կամ կորցնում, այլ, եթե մի քիչ ավելի խորը նայենք, ազդում է Հայաստանի ապագայի՝ ճակատագրի վրա։ «Եթե պարզ ասենք՝ աննորմալ մթնոլորտ է ստեղծվել։ Ոչ մի լավ բան Հայաստանի համար դա չի խոստանում։ Բոլորն ասում էին՝ Փաշինյա՛ն, Հայաստանը մի դարձրու ուժեղ խաղացողների պայքարի թատերաբեմ, բայց մարդը դարձրեց։ Հիմա էլ ասում է՝ Ռուսաստանի հետ ամեն ինչ լավ կլինի։ Եթե փորձենք շատ կարճ ամփոփել հայռուսական հարաբերությունները՝ հաշվի առնելով, թե Ռուսաստանից վերջին օրերին ինչ հայտարարություններ են հնչել, Ռուսաստանն ասում է մի շատ պարզ բան՝ կա՛մ իմ ընկերն ես, կա՛մ իմ ընկերը չես։ Եթե իմ ընկերն ես, այն ամենը, ինչ քեզ տվել ենք, ուժի մեջ է՝ ԵԱՏՄ, հայ-ռուսական երկկողմանի պայմանագիր, որով կարգավորվում է գազի մատակարարումը և սակագինը։ Բայց նաև ասում է՝ եթե մեր ընկերը չես, ինչի՞ համար պետք է առավելություններ ունենաս։ Նիկոլը Ռուսաստանին ասում է՝ չէ, ես ձեր ընկերն եմ։ Այդպես չի լինում, դա քաղաքականություն չէ, դիվանագիտություն չէ, պետք է հասկանաս, թե ինչու է Ռուսաստանը քո առջև նման հարցեր բարձրացնում։ Հասկանալը դժվար չի լինի, երբ Փաշինյանը հիշի ապրիլի 1-ին իր այցը Մոսկվա, եվրոպական քաղաքական համայնքի ժողովը Հայաստանում, Ռուբիոյի այցը Հայաստան և այլն։ Այստեղ Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր սիրելու կամ չսիրելու հարց չկա, այստեղ մեր երկրի ապագայի հարցն է։ Ուզո՞ւմ ես ունենալ թշնամի՝ հանձին Ռուսաստանի, թե՞ չես ուզում։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր պատասխանն այս հարցին, մեկն էլ կարող է ասել՝ թող ունենանք։ Բայց եթե երկրի ղեկավար ես, վարչապետ ես, պատասխանատվություն ես կրում երեք միլիոն մարդու համար, ուրեմն բարի եղիր այնպիսի քաղաքականություն վարել, որ վիճակը չհասնի դրան, չհասնի էմոցիաներին։

Պետք է մտածել ապագայի մասին։ Միայն այն չէ, որ զորահանդես արեցին, թոշակը բարձրացրեցին, բոլորս հասկանում ենք՝ դա ինչի համար է, հասկանում ենք, որ դրանք ժամանակավոր բոնուսներ են։ Նիկոլի վերընտրվելու պարագայում սաստիկ ճնշում է լինելու նրա վրա Ադրբեջանից ու Թուրքիայից, ասելու են՝ պարտավորությունները կատարիր, այն է՝ անկլավը հանձնիր, ճանապարհը բացիր և այլն։ ԱՄՆ-ի համար սա հեռու տարածաշրջան է։ Եթե ինչ-որ օգուտ ունեն այս տարածաշրջանում, ինչո՞ւ չօգտվեն։ Հիմա ինչ-որ ձևով իրենց ազդեցությունը մի քիչ ավելացնում են, Հայաստանի հետ պայմանագիր են կնքել հազվագյուտ հանքանյութերի մասով։ Դրա մասին էլ դեռ շատ չեն խոսում, Ամերիկան ինչո՞վ է օգնելու կամ հակառակը՝ գուցե իրեն է վերցնելու այդ հանքանյութերը։ Այստեղ կարող ենք հիշել, որ Ուկրաինայի հետ ևս ինչ-որ թուղթ ստորագրեցին հանքանյութերի մասով։ Այս իրավիճակում որքան էլ Ամերիկա-Ռուսաստան երկխոսություն կա, միևնույնն է՝ ամեն երկիր իր շահն ունի։ Եթե Փաշինյանը թույլ է տալիս ԱՄՆ-ին մի քիչ օգտվել ինչ-որ հարցում, ինչո՞ւ չպետք է օգտվեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Երբեմն տպավորություն է, որ բացի հստակ քայլերի հաջորդականությունը, որ իրականացնում են այս իշխանությունները, նաև խճճվել են սեփական քայլերի ու խոստումների մեջ։ Վերլուծաբանը կարծում է, որ խճճվելու հավանականությունը ևս կա։ «Օրինակ՝ Ռուսաստանի նկատմամբ Փաշինյանի պահվածքը՝ որպես փաստ, երբ բացահայտ հակառուսական հայտարարություններ ենք լսում վերնախավից, մեկ էլ սկսում են, թե՝ բա Պուտինը մեր ընկերն է, իրեն հարգում ենք, Ռուսաստանը գերտերություն է, գիտենք, թե ինչպես իրենց հետ խոսել, բոլորն էլ այդպես պետք է խոսեն և այլն։ Երբեմն իսկապես խճճվում է։ Բայց ինձ թվում է, որ հիմնական խնդիրն այլ է՝ մարդու խառնվածքից էլ է շատ բան կախված։ Նիկոլը ոչ թե անբախտ է, ինչպես հայտնի ֆրանսիական «Невезучие» ֆիլմի հերոսը, այլ իր բնավորությամբ պրոբլեմ ստեղծող է. նա լավ է զգում, երբ քաոսային վիճակ է, կարծես ինչպես ձուկը ջրում լինի, միկրոֆոնը վերցնում է, խել քին ինչ փչի, ասում է։ Նման խառնվածքով մարդիկ, որոնք պրոբլեմ ստեղծող են, վտանգավոր են պետության ղեկին։ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ ընթանում էին՝ ինչ-որ տեղ մանևրելով, ինչ-որ տեղ համաձայնելով, բայց հիմա տեսեք, թե ուր է ամեն ինչ հասել»,նկատում է մեր զրուցակիցը։

Նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթին ենք հասել։ Ու եթե առաջին օրերին այն ընթանում էր քիչ թե շատ հանգիստ մթնոլորտում, ապա հետո մեղադրանքներ հնչեցին ընդդիմության առաջնորդների հասցեին, ատելության մի մեծ բաժին կրկին ուղղվեց արցախահայությանը։ Սա քաոս ստեղծելո՞ւ, թե՞ այլ միտում ունի։ «Ամեն մարդ ընտրում է այն, ինչն իրեն հոգեհարազատ է։ Նա չի կարող իրեն զսպել, իրեն հոգեհարազատ է կոնֆլիկտի վիճակը՝ միշտ ինչ-որ մեկի հետ մարտնչել, մարտնչելը շատ քաղաքավարի բառ եմ ասում, փորձել «ոչնչացնել, փռել ասֆալտին, ծեփել պատին, սատկացնել» և այլն։ Փաշինյանի էությունը դա է, այսինքն, եթե ոչ ոք ոչ մի բան չանի, նա երևի առիթ կգտնի, որ նման բաներ անի կամ ասի։ Նա այդ մթնոլորտի մեջ իրեն լավ է զգում, այդ խոսույթը իրենից դուրս է գալիս ու տարածվում, որովհետև իշխանություն ունեցողն է թելադրում խաղի պայմանները։ Իշխանությունից են կախված խաղի այն կանոնները, որոնցով պետք է բոլորը առաջնորդվեն, իշխանության ձեռքում են լծակները։ Բացի էմոցիաներից ու խոսքերից, տեսնում ենք գործողություններ հողի վրա։ Բոլորս հիշում ենք նորանկախ Հայաստանի ընտրությունները։ Շատ բան է եղել, խախտումներ են եղել և այլն։ Բայց թող ինձ մեկն ասի՝ եղե՞լ է մի ընտրություն, որի ժամանակ իշխանությունների հիմնական հակառակորդներից մեկի առաջնորդը լինի տնային կալանքի տակ, ինչպես այսօր «Ուժեղ Հայաստանի» պարագայում է։ Եղե՞լ է այնպես, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կալանավորեր Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանը՝ Կարեն Դեմիրճյանին կամ Սերժ Սարգսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Եղե՞լ է այնպես, որ ընդդիմադիր ուժի ցուցակի երկրորդ համարը, ինչպես հիմա «Բարգավաճ Հայաստանի» պարագայում է, կալանավորվի։ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արթուր Սարգսյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը ևս կալանավորված են։ «Նախկիններին» բռնապետներ են անվանում, բայց նման իրավիճակ, որ հարյուրավոր քրեական գործեր հարուցվեն նախընտրական շրջանում, չի եղել։ Վերադառնալով սկզբին՝ շատ բարդ ժամանակներ են լինելու, որովհետև ոչ մի բան անհետևանք չի անցնում. նա սխալվում է, եթե մտածում է, որ այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցնելով անհասկանալի վիճակի՝ վաղը կարող է ասել՝ եկեք սրանից հետո լավ լինենք իրար հետ, և բոլորը կմոռանան ամեն ինչ։ Ոչ մի բան չի կորչում, չի անհետանում։ Նույնիսկ չեմ պատկերացնում՝ ի՞նչ բարդություններ կարող են լինել իր վերընտրվելու դեպքում։ Անկեղծ ասած, իր չընտրվելու դեպքում էլի բարդություններ են լինելու, քանի որ այնպիսի վիճակ է ստեղծել, որ կարծես զրոյից հարաբերություններ պետք է հաստատեն, և շատ լարված մթնոլորտում է այդ ամենը լինելու»։

Զրույցի ավարտին անդրադառնում ենք ընտրություններին բարձր մասնակցության կարևորությանը։ «Կարծում եմ՝ Փաշինյանն աշխատում է նրա վրա, որ քիչ մասնակցություն լինի, ինչ-որ առումով ատելության խոսքը մի քիչ դրան նպաստում է, որովհետև մարդիկ երբեմն նայում են, թե այս ինչ է կատարվում, ասում են՝ հազար տարի պետք է, որ ընկնեմ պատմությունների մեջ։ Շատ բան կախված է այս վերջին շաբաթվա անցուդարձից։ Քաղաքական ուժերը պատրաստվում են խոշոր միջոցառումների, տեսնենք, թե նժարը որ կողմի վրա կթեքվի։ Մարդիկ պետք է հասկանան, որ ներկան ներկա է, բայց ընտրությունն ավելի շատ ապագայի համար է, ոչ թե այսօրվա։ Եթե այսօր սահմանին չեն կրակում ու խաղաղություն է, պետք է մի քիչ մտածել՝ ինչի՞ համար է այդպես, ու եթե այսպես շարունակվի, ընտրություններից հետո ինչպե՞ս կլինի։ Մարդիկ պետք է կողմնորոշվեն, փորձեն ընտրել ոչ թե այսօրվա իրենց զգացողությամբ, օրինակ՝ դե լավ, թոշակը բարձրացել է տասը հազար դրամով, չնայած ունենք գնաճ, որն ընտրություններից հետո ավելի է ուժգնանալու, այլ մտածենք ընտրությունը լինելու է ապագայի համար։ Եթե ուզում ենք ավելի կանխատեսելի, ապահով, խաղաղ ապագա ունենալ, պետք է հասկանանք, որ այս մարդն, իմ կարծիքով, մի քիչ վտանգավոր է՝ որպես առաջին դեմք, իր խառնվածքով, մտածելակերպով, անցած ուղիով։ Վերջինս առհասարակ պրոբլեմների և կոնֆլիկտների ուղի է»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները