Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ առաջ մի փորձառու ու խելացի մարդ ինձ խորհուրդ տվեց՝ աշխատիր չկարդալ նյութերիդ՝ սոցցանցային տիրույթում գրվող մեկնաբանությունները։ Դա դեռ այն ժամանակ էր, երբ ատելության այս ալիքը չէր սրբել ու տարել յուրաքանչյուր արժեք և սրբություն, երբ իշխանությանը քննադատողները քիչ էին, իսկ պաշտպանողները՝ շատ։ Տարիներն անցան, և հիմա ցանկացած մարդ, որը քննադատում է իշխանություններին, հայտնվում է թիրախում։ Տպավորություն է, թե մեկնաբանություն գրողները «զենք ու զրահը կապում» ու գալիս են իշխանության այս կամ այն ներկայացուցչին պաշտպանելու։ Քաղաքական գործիչները, վստահաբար, մեր պաշտպանության կարիքը չունեն, բայց ահա, երբ այս զազրելի մեկնաբանությունները գրվում են զավակներ կորցրած մայրերի ու հայրերի հասցեին, որոնք «համարձակվել» են տարբերվող կարծիք ունենալ, որոնք «համարձակվել» են իրենց դժգոհությունն արտահայտել, սկզբում զարմանում ես, հետո բարկությամբ լցվում նրանց նկատմամբ։

Քարոզարշավի ընթացքում գործող իշխանության ներկայացուցիչներին մոտենում են տղաների ծնողները, իրենց դժգոհությունն ու բողոքն արտահայտում, արտահայտում են տարբեր կերպ՝ լացով, գոռալով, երբեմն նաև վատ խոսքերով, բոյկոտով, ցասումով... Մեկ էլ հրապարակված նյութերի տակ հայտնվում են մի շարք անդաստիարակներ ու սկսում խրատել ծնողներին, թե բա՝ անիծում եք, գոռում եք։

Մի հարց այդ մարդկանց, որոնցից շատերն, ի դեպ, ծնողներ են։ Եթե իրական էջերով են գրում, հրապարակված նկարներ ևս լինում են, և պարզում ես, որ շատերն ընտանիք ունեն, անգամ եկեղեցի են հաճախում։ Հիմա հարց այդ մարդկանց՝ եթե մեկ օր լուր չունենաք ձեր զավակից, մեկ օր ապրեք անհայտության մեջ, մեկ օր զանգ չստանաք, մեկ օր դեմքը չտեսնեք, կանհանգստանա՞ք։ Ի՞նչ կանեք, եթե այդ մեկ օրը դառնա մեկ ամիս, մեկ տարի, երեք տարի, չորս տարի, վեց տարի... Ի՞նչ կզգաք այն մտքից անգամ, երբ հասկանաք, որ այլևս երբեք ձեր երեխային համբուրելու, գրկելու, քաղցր ձայնը լսելու հնարավորություն չեք ունենալու։ Ի՞նչ կզգաք, եթե ստիպված լինեք ձեր որդուն օրեր շարունակ փնտրել դիահերձարաններում և Արցախի ու Հայաստանի անտառներում, օրեր շարունակ ապրեք անորոշության մեջ, իսկ հետո դիահերձարան մտնեք ձեր որդու մարմինը ճանաչելու։ Իսկ այդ նույն մարդիկ գիտե՞ն, որ շատ ծնողներ այդպես էլ զրկված են մնացել իրենց որդիներին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից, իսկ նրանք գիտե՞ն, որ շատ ծնողներ մի կրունկ, ուսագլուխ կամ էլ այլ մասունք են հուղարկավորել։ Իսկ այդ մարդիկ ապրումակցելու կարողություն ունե՞ն մայրերին ու հայրերին, որոնք անգամ չեն հուղարկավորել իրենց որդիներին, տարիներ շարունակ նրանք անհետ կորած են համարվում։ Մայրերն ու հայրերը չգիտեն՝ որտեղ մնացին իրենց սիրասուն զավակները, որն էր նրանց վերջին բառը, ինչ էին զգում կյանքի վերջին րոպեներին, ում անունն էին տալիս։ Իսկ գուցե «մամ» էին կանչում, գուցե սիրելիների անունն էին գոռում։ Իսկ Երևանում օրերս մոր ցավի ձայնը խլացնում էին «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով։ Ցավի պոռթկումը կարող եք խլացնել այդ վանկարկումներով, բայց տեսնես՝ կարո՞ղ եք խլացնել ձեր խղճի ձայնը, որն իր մասին, վստահաբար, մի օր հիշեցնելու է։

Մարդիկ կան, որոնք առաջնորդվում են հետևյալ սկզբունքով՝ ցավն ինձ չի դիպել, ուրեմն իմը չէ։ Տարրական հարգանք ու ապրումակցում չունեն պատերազմներում հարազատներին կորցրածների հանդեպ, տուն կորցրած իրենց արցախցի հայրենակիցների հանդեպ։ Եթե մի փոքր սիրտ և ուղեղ ունենային, մեր նշած հարցերի մասին մտածելուց հետո երբեք ու երբեք չէին մեղադրի թեկուզ անիծող ու վատ խոսք ասող ծնողին։ Դուք իր ճանապարհը չեք անցել, դուք իր «կոշիկները չեք հագել», դուք չեք կորցրել։ Իսկ եթե մի ճանապարհ չեք անցել, այդ ճանապարհով անցնողին քննադատելու, մարդուն զազրելի բառապաշարով իբր խրատելու իրավունք չունեք։ Ցավի մեջ տապակվող մարդն իր ապրումները տարբեր կերպ է դուրս հանում։ Իսկ մարդիկ վեց, չորս, երեք տարի է՝ տապակվում են ցավի մեջ, դանդաղ մոխրանում, շարունակում կռիվ տալ կյանքի համար, հանուն իրենց ընտանիքների, բայց հայտնվում են ոմանք ու նրանց խրատներ տալիս։ Ձեզ կարգի հրավիրեք, այ անդաստիարակներ։

Արդար լինենք նաև մեր ընթերցողի առաջ։ Ոմանք կասեն՝ չէ՞ որ կան ընտանիքներ, որոնք պաշտպանում են այս մարդուն, որի կառավարման օրոք իրենց որդիներն ու ամուսինները զոհվեցին։ Այո, կան, հերքել չենք կարող։ Մենք էլ ենք մտամոլոր՝ ինչո՞ւ են շարունակում պաշտպանել այս մարդուն։ Չենք համաձայնում նրանց որոշման հետ, բայց երբեք ու երբեք քար չենք նետում նրանց ուղղությամբ՝ ինքներս մեզ ամեն անգամ հիշեցնելով, որ իրենց զավակներն ու ամուսիններն անմահացել են հանուն բոլորիս հայրենիքի։ Իրենք պատասխանատու են բացառապես իրենց որդիների հիշատակի առջև։

Պղտոր ջրերը, միանշանակ, զուլալվելու են։ Այս ատելության ալիքը կանգ է առնելու, բայց կարևոր է, որ նախքան դա հայրենիքն ու պետությունը սրբած-տարած չլինի։

Կիրակնօրյա պատարագ էր Երևանի Սուրբ Զորավար Աստվածածին եկեղեցում։ Նախքան պատարագի մեկնարկը, մի շշուկ տարածվեց մարդկանց մեջ։ Իսկ հետո տեր Գրիգորն ասաց իրարանցման պատճառը. մի կին քաղցրով եկել էր շնորհակալություն հայտնելու նախորդ կիրակի պատարագից հետո իրեն մեքենայով տուն ուղեկցած երիտասարդին։ Երկու իրականություն է, մի տեղ երիտասարդ տղան տուն է ճանապարհում կնոջը, մյուս տեղում՝ նույն տարիքի երիտասարդը զավակ ու հայրենիք կորցրած մոր ձայնը խլացնում է քաղաքական վանկարկումներով։ Ամեն ինչ անցողիկ է, կարևորը... ուշ չլինի։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները