Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը ներկայում կանգնած է չափազանց բարդ և բազմաշերտ ռազմաքաղաքական ու տնտեսական երկընտրանքի առաջ, որի էությունը ոչ միայն արտաքին քաղաքական վեկտորների ընտրության, այլև պետական կայունության, տնտեսական կենսունակության և անվտանգային հավասարակշռության պահպանումն է։

Վերջին շրջանում Ռուսաստանի ղեկավարության կողմից հնչող ուղերձները, հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ի հայտարարությունները, ըստ էության, ձևավորում են նոր քաղաքական իրականություն, որտեղ Մոսկվան արդեն ոչ թե ակնարկների, այլ բավականին ուղիղ և կոնկրետ ձևակերպումների միջոցով հասկացնում է, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը դիտարկվում է որպես ռազմավարական վերադասավորման գործընթաց, որը չի կարող մնալ առանց հետևանքների։ Այս համատեքստում հատկապես կարևոր է հասկանալ, որ խոսքը միայն քաղաքական անհամաձայնությունների մասին չէ. հարցը շատ ավելի խորքային է և առնչվում է այն ամբողջ տնտեսական, էներգետիկ, լոգիստիկ և անվտանգային համակարգին, որի վրա տասնամյակներ շարունակ կառուցվել է Հայաստանի պետական և տնտեսական կենսունակությունը։

Ռուսաստանի նախագահի կողմից հնչեցված այն միտքը, թե տրամաբանական կլիներ Հայաստանի քաղաքացիներից հանրաքվեի միջոցով պարզել երկրի հետագա ուղղությունը, առաջին հայացքից կարող է ներկայացվել որպես դիվանագիտական ձևակերպում, սակայն դրա խորքային բովանդակությունը շատ ավելի քաղաքական և ռազմավարական է։ Փաստացի Մոսկվան ցույց է տալիս, որ Հայաստանի՝ միաժամանակ ԵԱՏՄ-ում մնալու և ԵՄ-ին ինտեգրվելու փորձերը դիտարկվում են որպես հակասական և երկարաժամկետ հեռանկարում անհամատեղելի գործընթացներ։ Այստեղ կարևոր է նկատել, որ Ռուսաստանը փորձում է հարցը ներկայացնել ոչ թե որպես ճնշում, այլ որպես «քաղաքակիրթ բաժանման» հնարավոր սցենար, սակայն այդ ձևակերպման ներքո ակնհայտորեն թաքնված է այն ուղերձը, որ ցանկացած նման ընտրություն ունենալու է տնտեսական և քաղաքական հետևանքներ Հայաստանի համար։

Հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սառնությունը վերջին ամիսներին չի ձևավորվել, այլ արդյունք է վերջին տարիներին կուտակված անվստահության մթնոլորտի։ Երևանում անցկացված եվրոպական քաղաքական հարթակների գագաթնաժողովը, արևմտյան դերակատարների ակտիվացումը, ինչպես նաև Ուկրաինայի թեմայով հնչող հայտարարությունները Մոսկվայում ընկալվում են ոչ թե որպես բազմավեկտոր դիվանագիտություն, այլ որպես աշխարհաքաղաքական վերադիրքավորման ակնհայտ նշաններ, ինչն ավելի է սրել հակասությունները։ Հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը գտնվում է Արևմուտքի հետ դիմակայության մեջ, նրա համար նախկին խորհրդային տարածքում արևմտյան ներգրավվածության ցանկացած խորացում ստանում է անվտանգության և ազդեցության պահպանման համատեքստ։ Այսինքն, Հայաստանի քայլերը Մոսկվայում գնահատվում են ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև գլոբալ դիմակայության տրամաբանության մեջ։

Սակայն խնդրի ամենազգայուն կողմը տնտեսական բաղադրիչն է, որովհետև Հայաստանի տնտեսության կառուցվածքն այսօր շարունակում է մեծապես փոխկապակցված մնալ ռուսական և, ընդհանրապես, ԵԱՏՄ շուկաների հետ։ Թվերն այստեղ առավել խոսուն են, քան քաղաքական հայտարարությունները։ Պատահական չէր ՌԴ նախագահի կողմից հնչեցված թիվը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թ. կազմել է 7 միլիարդ դոլար, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, սա բավականին մեծ ցուցանիշ է։ Ու այն պայմաններում, որ Հայաստանի արտահանման շուրջ 38,4 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին, իսկ ընդամենը 7,9 տոկոսը՝ ԵՄ շուկային, ակնհայտ է դառնում, որ տնտեսական ինտեգրման իրական կառուցվածքը շարունակում է մնալ եվրասիական ուղղության վրա հիմնված։

Սա նշանակում է, որ նույնիսկ քաղաքական մակարդակում եվրոպական ինտեգրման մասին ակտիվ խոսույթը դեռևս չի ուղեկցվում համապատասխան տնտեսական վերակառուցմամբ։ Այստեղ ձևավորվում է կարևոր հակասություն՝ քաղաքական հռետորաբանության և տնտեսական իրականության միջև։ Եթե երկրի տնտեսությունը շարունակում է հիմնված լինել ռուսական շուկայի, ռուսական էներգակիրների, ռուսական ֆինանսական հոսքերի և միգրացիոն կապերի վրա, ապա արտաքին քաղաքական կտրուկ վերադասավորումը կարող է առաջացնել տնտեսական հարվածներ, որոնց ազդեցությունը շատ ավելի արագ և շոշափելի կլինի, քան հնարավոր քաղաքական դիվիդենտները։

Վերջին տարիներին արդեն իսկ եղել են ազդակներ, որոնք ցույց են տվել Հայաստանի տնտեսության խոցելիությունը ռուսական ուղղությամբ։ Լարսի անցակետում պարբերաբար առաջացող խնդիրները, սննդամթերքի ստուգումների խստացումը, որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները, ինչպես նաև էներգակիրների մատակարարման շուրջ առաջացող լարվածությունները փաստում են, որ տնտեսական փոխկապակցվածությունը ուղղակի կենսական հարց է դարձել Հայաստանի համար։

Այս ընթացքում ռուսական կողմից տարբեր պաշտոնյաների մակարդակով հնչել են զգուշացումներ, իսկ հիմա դա կատարվում է ընդհուպ նախագահի մակարդակով։ Այս պայմաններում Հայաստանի համար առավել վտանգավոր կարող է լինել ոչ թե հարաբերությունների կտրուկ խզումը, այլ աստիճանական սառեցումը, երբ տնտեսական խնդիրները սկսում են կուտակվել և աստիճանաբար խեղդել բիզնես միջավայրը, ներդրումային վստահությունը և սպառողական շուկան։

Միաժամանակ, անհրաժեշտ է հասկանալ նաև մյուս կողմը։ Հայաստանը չի կարող ամբողջությամբ հրաժարվել Եվրոպայի հետ համագործակցության խորացումից, քանի որ եվրոպական ուղղությունը կարևոր է ինստիտուցիոնալ բարեփոխումների, տեխնոլոգիական զարգացման, կրթության, ժողովրդավարական կառավարման և շուկաների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Սակայն այստեղ առանցքային հարցը ոչ թե «Արևմուտք կամ Ռուսաստան» պարզունակ երկընտրանքն է, այլ այն, թե ինչպիսի տեմպով, ինչ հաշվարկով և ինչ հավասարակշռությամբ է իրականացվում արտաքին քաղաքական վերադասավորումը։ Փոքր պետությունների փորձը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական բարդ միջավայրում առավել կենսունակ են այն երկրները, որոնք կարողանում են վարել ճկուն և բալանսավորված քաղաքականություն՝ խուսափելով կտրուկ բևեռացումներից և պահպանելով հարաբերություններ տարբեր ուժային կենտրոնների հետ։

Հայաստանի պարագայում այս անհրաժեշտությունը առավել ընդգծված է, որովհետև երկիրը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ անվտանգային, տնտեսական և տրանսպորտային համակարգերը փոխկապակցված են խոշոր դերակատարների շահերի հետ։ Եթե արտաքին քաղաքականությունը վերածվում է կտրուկ ճամբարային ընտրության, ապա փոքր պետությունը հաճախ հայտնվում է մեծ ուժերի դիմակայության առաջնագծում՝ չունենալով բավարար ռեսուրսներ այդ ճնշումները հավասարակշռելու համար։ Հետևաբար, Հայաստանի համար առավել ռացիոնալ կարող է լինել ոչ թե կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձը, այլ աստիճանական, հաշվարկված և բազմավեկտոր քաղաքականությունը, որտեղ եվրոպական համագործակցության խորացումը չի ուղեկցվում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
Ամենաընթերցվածները