Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ հայրենիք: Եթե շատերը հասցրել են մոռանալ, սրանք փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարաբանության (եթե դա կարելի է այդպես անվանել) երեք հենման կետերն են, երեք թեզերը: Այսինքն, ըստ Փաշինյանի, որտեղ հաց, այնտեղ էլ... հայրենիք: Սա՛ է փաշինյանական մոտեցման վերջնահաշիվը: Այլ կերպ ասած՝ ի՜նչ հայրենիք, կարևորը հացն է:

Այն, ինչ ասում է Փաշինյանը, հայկական երևի ամենատխուր՝ «որտեղ հաց, այնտեղ՝ կաց» ասացվածքի այլափոխված ձևն է: Բայց խորհելու և լրջորեն խորհելու նյութ է. իսկ որքանո՞վ է արդարացված կենցաղային հանգամանքներ արտացոլող ասացվածքը... պետական գաղափարախոսության վերածելու մղումը: Ու սա դեռ երևույթի միայն մի կողմն է: Փաշինյանը համարում է, որ հայրենիքը հաց ունեցող այն տարածքն է, որը տվյալ պահին պարփակված է պետության սահմաններում: Ավելի պարզ ասած՝ Փաշինյանի պատկերացմամբ՝ հայերիս հայրենիքը բացառապես ՀՀ սահմաններով պարփակված տարածքն է: Ակնհայտ է, որ բազմահազարամյա պատմություն և այդ պատմության ընթացքում զանազան վայրիվերումներ ունեցած ժողովուրդների, ազգերի ներկայիս փաստացի պետության տարածքը կարող է չհամընկնել հայրենիքի, պատմական հայրենիքի պատկերացման հետ: Առավել ևս, որ նույն այդ բազմահազարամյա պատմության ընթացքում նույն այդ հայրենիքով մեկ պատմական, մշակութային անջնջելի հետք ու ժառանգություն-վկայություններ կան, կա պատմական, գերդաստանային, եթե կուզեք՝ «գենետիկ» հիշողություն: Ու միայն հայերիս պատկերացումների մասին չէ խոսքը:

Իսկ Փաշինյանն ասում է՝ չէ, ոչ մի դեպքում Վանը, Մուշը, Կարսը, առհասարակ Արևմտյան Հայաստանը հայրենիք չեն, չեն էլ կարող լինել, մոռացեք: Մոռացեք, որ եղել է Արցախ: Ինքը (անձամբ, էլի) «Ղարաբաղյան շարժման էջը փակել է»:

Ասենք, բառացիորեն օրերս էլ մեկ այլ «գյուտ» արեց: Աշխարհագրական: Փաշինյանը հայտարարեց, թե Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին, այսինքն՝ Արցախն ուրանալու և ադրբեջանական տարածք ճանաչելու օրը և դրան զուգահեռ փոխել է, կամ փոխվել է Հայաստանի աշխարհագրությունը: Կարելի է կարծել, թե Հայաստանը «վեր է կացել» ու կտրուկ ցատկով հայտնվել Ալպերի կողքին, առնվազն՝ Կարպատների…

Այնուհանդերձ, կարևորը ոչ թե այն է, թե ինչ է պատկերացնում Փաշինյանը, այլ այն, թե դու, սիրելի հայրենակից, ինքդ ինչ ես կարծում:

Գանք Հայ առաքելական եկեղեցուն: Փաշինյանը, իրեն երևի բողոքական մեծ բարեփոխիչ երևակայելով, հանդես է գալիս մեր ազգային Եկեղեցին կազմաքանդելու դիքերից: Աշխարհիկ, ըստ որում՝ խիստ ոչ պոպուլ յար գործիչը իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, թե այդ ինքը պիտի որոշի՝ ով լինի Կաթողիկոս, ով լինի եպիսկոպոս, ով չլինի: Սա ոչ միայն սահմանադրական, օրենսդրական մի շարք նորմերի կոպտագույն խախտում է, այլև դարերով հաստատված ու գործող կարգերը խարխլելու, Եկեղեցու հիմքերը սասանելու, ըստ այնմ՝ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը առնվազն կամայական հսկողության տակ մտցնելու, եթե ոչ հիմնովին ձևախեղելու ակնհայտ նպատակադրում:

Ու էլի՝ հարցը Փաշինյանի խեղաթյուրված ընկալումները չեն, ինչպես էլ որ նա դրանք փաթեթավորի: Հարցը այն է, թե մեզանից յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին, և մենք, արդեն որպես հասարակություն, ինչ ենք կարծում այդ ամենի մասին:

Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր Եկեղեցին գոյություն ունենա, թե՞ չենք ուզում:

Ու միայն Եկեղեցին չէ: Պատմական ու մշակութային ժառանգությունն էլ: Նույն Փաշինյանն էր ասում, չէ, որ «Գառնիի տաճարը մի հռոմեական հավաբուն է…»:

Կողմնորոշվելու հարց է: Քանի՞ հոգի կա էլի, որ Գառնու տաճարն այդպիսին է համարում:

Դեռ չենք խոսում այն խեղումների մասին, որ այս տարիներին իրականացվել են հանրակրթության ոլորտում: Չենք խոսում պատմական իրողությունների մասին Փաշինյանի հայտարարությունների ու նենգախեղումների մասին: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում է անում՝ առիթ-անառիթ փորձելով կատարվածի մեղքը բարդել… հենց մեր վրա, ինչը տիպիկ ժխտողականության, թուրքական թեզերի արտահայտություն է:

Մեկ այլ հանգամանք. Փաշինյանի քաղաքական գործունեության բնութագրական կողմերից են շանտաժի դիմելը («ինձ չընտրեք, պատերազմ կլինի…», «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»), բացահայտ ստելը (Փաշինյանի ստերի մասին դիսերտացիաներ կարելի է գրել), բառային ագրեսիան, իր ընդդիմախոսներին վիրավորելը, փողոցային բառապաշարը, ձայնը գլուխը գցելը, նյարդային շարժումներ անելը, քաղաքական անպատասխանատվությունը: Առհասարակ, Փաշինյանի «աշխարհընկալմամբ»՝ ամեն ինչում միշտ մեղավոր են ուրիշները, բայց ոչ մի դեպքում ու երբեք՝ ինքը: Ինքը ոչնչի համար պատասխանատու չէ, բայց ամեն ինչից «հասկանում» է, գիտի՝ ինչպես ոչխար պահել, դպրոց կառուցել, պետություն ղեկավարել, անգլերենով մոշ աճեցնել, նույնիսկ՝ պատարագ մատուցել (մեղա՜…) և այդպես շարունակ:

Փաշինյանի համար պարտությունը հաղթանակ է, երկիրն ու ժողովրդին թշնամական հարձակման ու էքսպանսիայի ռիսկի տակ դնելը «խաղաղություն» է, թուրքական ու ադրբեջանական պահանջները կռացած կատարելը «ինքնիշխանություն» է:

Բայց ևս մեկ ու վերջին անգամ ընդգծենք. հարցը Փաշինյանն ու փաշինյանությունները չեն: Հարցն այն է, թե ինչ են կարծում, ինչպես են իրականությունն ընկալում մարդիկ:

Անկասկած, յուրաքանչյուրն ազատ է իր որոշման ու կողմնորոշման մեջ: Բայց առաջիկա ընտրությունը ճակատագրական է լինելու՝ ցանկացած պարագայում: Ուստի արժե մի քիչ ավելի երկար խորհել. իսկ ես ի՞նչ ընդհանուր բան ունեմ այս մարդու և նրա պատկերացումների, մոտեցումների հետ, նա ինձ (մեզ), իմ զավակներին, թոռներին դեպի ո՞ւր է ուզում տանել՝ Արցախն ուրանալուց ու հանձնելուց հետո, հազարավոր զինվորների մահվան մատնելուց հետո, Արարատն ուրանալուց հետո, Հայ եկեղեցու վրա հարձակվելով ու արժանավոր մարդկանց հետապնդելով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
Ամենաընթերցվածները