Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովում շարունակում է քննարկվել կառավարության՝ 2021–2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարողականը։ Չնայած մակրոտնտեսական որոշ ցուցանիշների առկայությանը, կատարողականը ցույց է տալիս կառավարման համակարգային խնդիրների, բարեփոխումների խորքային լճացման և ռազմավարական մտածողության սահմանափակության մի ամբողջ շերտ։

Թվային աճի ցուցանիշները, որոնք հաճախ ներկայացվում են որպես հաջողության հիմնական ապացույց, ավելի ու ավելի են ընկալվում որպես մակերեսային, քանի որ դրանց հիմքում ընկած են ոչ թե ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքները, այլ արտաքին և ժամանակավոր գործոններ, ինչպիսիք են տարածաշրջանային վերադասավորումները, մասնավորապես ռուսական տնտեսության նկատմամբ սահմանված պատժամիջոցների պայմաններում ձևավորված վերաարտահանման ալիքները, որոնք օբյեկտիվորեն չեն կարող երկարաժամկետ տնտեսական հիմք հանդիսանալ։

Բարեփոխումների դանդաղումը և կոռուպցիայի ընկալման վատթարացումը, որոնց մասին նշվում է նաև տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներում, կարևոր ազդակ է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը կորցնում է իր դինամիկան։ Սա ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլև քաղաքական կամքի և ինստիտուցիոնալ հետևողականության հարց, քանի որ կոռուպցիայի ընկալման ինդեքսը, լինելով համակցված ցուցիչ, արտացոլում է ինչպես իրավական մեխանիզմների արդյունավետությունը, այնպես էլ գործադիր իշխանության հաշվետվողականության աստիճանը։ Ցուցիչի նվազումը փաստացի նշանակում է, որ իրականացված բարեփոխումները կա՛մ չեն հասնում իրենց նպատակային արդյունքներին, կա՛մ հասարակության և փորձագիտական հանրության կողմից չեն ընկալվում որպես բավարար, ինչն իր հերթին ազդում է նաև ներդրումային միջավայրի վստահության վրա։

Պետական կառավարման համակարգի թերություններից ծրագրի կատարողականի համատեքստում առանձնացվում է ներքին հսկողության ամբողջական և ֆորմալ շրջանակի բացակայությունը։ Սա կառուցվածքային խնդիր է, որը հանգեցնում է ոչ միայն կառավարման գործընթացների թերի վերահսկման, այլև պատասխանատվության բաշխման անորոշության։ Երբ համակարգը չունի հստակ սահմանված վերահսկողական մեխանիզմներ, որոշումների իրականացումը կախվածության մեջ է հայտնվում անձնական նախաձեռնություններից, ինչը մեծացնում է կամայականության և ոչ արդյունավետ ծախսերի ռիսկերը։

Միևնույն ժամանակ, ռազմավարական պլանավորման և քաղաքականության մշակման ոլորտում առկա անհամապատասխանությունները ցույց են տալիս, որ պետական քաղաքականությունը հաճախ չունի միասնական ուղղվածություն և գործում է տարերայնորեն։ Ազգային մակարդակում ընդունված ռազմավարությունները չեն համադրվում ոլորտային ծրագրերի հետ, ինչը հանգեցնում է ռեսուրսների ոչ օպտիմալ բաշխման և ծրագրերի իրականացման ցածր արդյունավետության։

Քաղաքացիական ծառայության գործառնական մշակույթը ևս շարունակում է մնալ կարևոր խնդիր։ Պետական համակարգում առաջնահերթ ուշադրությունը հաճախ տրվում է կատարված գործողություններին ու գործընթացներին («inputs»), այլ ոչ թե դրանց իրական արդյունքներին («outcomes»)։ Սա ցույց է տալիս, որ կառավարման համակարգը դեռ ամբողջությամբ չի անցել արդյունքահեն մոտեցման, որտեղ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է արվել, այլ թե ինչ ազդեցություն է դա ունեցել։ Սա նշանակում է, որ պետական ապարատը կարող է ձևականորեն կատարել իր պարտականությունները՝ ապահովելով գործընթացների իրականացումը, բայց իրական ազդեցություն չունենալ հասարակության վրա։ Արդյունքում ձևավորվում է հաշվետվողականության ձևական համակարգ, որտեղ կարևոր է դառնում ոչ թե ձեռք բերված արդյունքը, այլ պարզապես փաստաթղթերի և կատարված քայլերի առկայությունը։

Ֆիսկալ քաղաքականության շրջանակում խնդիրները ևս ունեն համակարգային բնույթ։ Պետական ձեռնարկությունների, ՊՈԱԿ-ների և հիմնադրամների գործունեության նկատմամբ ֆիսկալ ռիսկերի մոնիտորինգի բացակայությունը ստեղծում է թաքնված պարտավորությունների կուտակման վտանգ, որը կարող է միջնաժամկետ հեռանկարում վերածվել պետական բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության։ Այս կառույցները հաճախ գործում են հարաբերական ինքնավարությամբ, սակայն առանց լիարժեք հաշվետվողականության մեխանիզմների, ինչն էլ բարդացնում է դրանց ֆինանսական վիճակի գնահատումը և վերահսկումը։

Հանրային մասնակցության մակարդակը ևս մնում է սահմանափակ, ինչը լուրջ խնդիր է ժողովրդավարական կառավարման տեսանկյունից։ Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հիմնականում ձևական բնույթ է կրում՝ սահմանափակվելով առցանց խորհրդակցություններով, որոնք հաճախ չեն ունենում իրական ազդեցություն քաղաքական որոշումների վրա։ Սա ոչ միայն նվազեցնում է քաղաքականության լեգիտիմությունը, այլ նաև զրկում կառավարությանը արժեքավոր հետադարձ կապից, որը կարող էր նպաստել ավելի արդյունավետ և իրատեսական լուծումների մշակմանը։ Իրական մասնակցային մեխանիզմների բացակայությունը հանգեցնում է նրան, որ քաղաքականությունը ձևավորվում է նեղ ինստիտուցիոնալ շրջանակներում՝ առանց լայն հասարակական կոնսենսուսի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները