«Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը նախընտրական՝ ոչ պաշտոնական փուլում է։ Իշխանությունը հայտարարում է իր բացարձակ հաղթանակի ակնկալիքների մասին, միևնույն ժամանակ աչքի է ընկնում ցայտնոտային քայլերով։ Ընդդիմությունը ներկայանում է տարբեր թևերով, որոնք իրենց շուրջ են մոբիլիզացնում քաղաքացիներին։ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանն ասում է՝ նույնիսկ իշխանությունն է հասկանում, որ ցածր վարկանիշ ունի։ «Միայն դրանով կարելի է բացատրել այն հայտարարությունները, որոնք փաստացի իրենցից ներկայացնում են շանտաժ պատերազմով սեփական ժողովրդին, եթե Նիկոլ Փաշինյանը չպահպանի իշխանությունը։ Եթե իշխանության դիրքերն ավելի ամուր լինեին, դժվար թե իշխանությունը գնար նման քայլի, որը փաստացի ցույց է տալիս՝ ինքնիշխանության, խաղաղության դարաշրջանի մասին իրենց հայտարարություններն իրական հիմքեր չունեն։ Իր հերթին ընդդիմությունը փորձում է կրկնել «Գյումրի 2» սցենարը։ Այս պահին տեսնում ենք, որ չնայած բոլոր բռնաճնշումներին, Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Նիկոլ Փաշինյանին ցույց տրվող բացահայտ աջակցությանը, ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ գրանցելու հաղթանակ հունիսի 7-ի ընտրություններում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը։

Աջակցություն հարևան երկրներից, ԵՄ-ից ու ԱՄՆ-ից, բայց, կարծես, դրա բացակայությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Վերջին օրերին շատ քննարկվեց Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի անգամ «պրոտոկոլային» բաժնում հնչեցին սուր դիտարկումներ, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցը ցույց տվեց, որ էլ ավելի սուր են եղել փակ դռների հետևում հնչած դիտարկումները։ «Դատելով Պուտին-Փաշինյան հանդիպումից, Օվերչուկի հարցազրույցից և վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հայտարարություններից ու գործողություններից՝ կարելի է ասել, որ Մոսկվայի համբերության բաժակը լցվել է։ Մոսկվայում որոշել են կտրուկ արձագանքել բոլոր այն հակառուսական հայտարարություններին և գործողություններին, որոնք վերջին տարիներին իրականացրել են Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Փաստացի վերջինիս առաջարկվել է կողմնորոշվել, թե ինչպես է նա տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Նա դիտարկո՞ւմ է Ռուսաստանին որպես դաշնակից կամ գոնե կարևոր գործընկեր, թե՞ իրականում Ռուսաստանին տեսնում է որպես թշնամի երկիր։ Ընդունելով օրենք ԵՄ անդամ դառնալու մասին՝ Հայաստանի իշխանությունները պետք է շատ լավ հասկանային, որ Ռուսաստանում ԵՄ-ն այլևս չի դիտարկվում որպես միայն տնտեսական և նույնիսկ քաղաքական միավորում։ Տեսնում ենք, որ վերջին տարիներին ԵՄ-ն ակտիվորեն զարգացնում է ռազմական բաղադրիչը և բացահայտ հայտարարում է, որ իր թշնամին Ռուսաստանն է, և նույնիսկ պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմին։ Այս պայմաններում, երբ Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են ԵՄ անդամ դառնալու մասին, Ռուսաստանը փաստացի դա դիտարկում է այսպես. Հայաստանը պատրաստվում է միանալ մի ճամբարի, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի։ Նաև չպետք է մոռանալ, որ Հայաստանի իշխանությունների այդքան սիրելի «մոլդովական սցենարը» սպասվող ընտրություններին, ինչի մասին խոսվեց նաև այդ հանդիպման ժամանակ, իրենից ենթադրում է, որ նույն Մոլդովան ընդունել է ԵՄ-ի բոլոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանը բացահայտ դիտարկում է որպես թշնամի, նկատի ունեմ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին և նրա թիմին, նվազագույնի է հասցրել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե Հայաստանի իշխանությունները խոսում են ընտրությունների ժամանակ «մոլդովական սցենարի» մասին, որով իբր Ռուսաստանի հետ կապեր ունենալու պատրվակով թույլ չեն տալու ընտրություններին մասնակցել ընդդիմադիր տարբեր ուժերի, ապա պետք է հասկանալ, որ այդ սցենարն իրենից ենթադրում է Ռուսաստանը դիտարկել որպես թշնամի և նվազագույնի հասցնել նաև տնտեսական հարաբերությունները»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, տնտեսական հարաբերությունների մասին։ Ակնհայտ է, որ մեր արտահանման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է և ԵԱՏՄ-ն։ Այս մասին են փաստում զուտ վիճակագրական տվյալները։ Եթե այս ուղղությունը փակվի հայ արտահանողների համար, ոչ միայն նրանք են լրջագույն խնդրի առջև կանգնելու, այլ Հայաստանի ողջ տնտեսությունը։ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած այցից հետո ռուսական կողմից հստակ ահազանգեր են հնչում՝ կվատթարանան հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանը կունենա խնդիրներ։ Խոսքն, իհարկե, գազի սակագնի, գյուղատնտեսական (և ոչ միայն) ապրանքների արտահանման մասին է։ «Բոլոր հետևանքների մասին խոսեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր հարցազրույցում։ Բայց նաև պետք է նկատի ունենալ, որ ռուսական կողմը մշտապես նշում է՝ եթե անգամ իրենք չգնան այդ քայլերին, բայց եթե Հայաստանը փորձում է դառնալ Եվրոպական միության անդամ, ԵՄ-ն իր այն բոլոր գործընկերներից, հատկապես այն երկրներից, որոնք ցանկանում են դառնալ միության անդամ, պահանջում է ընդունել բոլոր այն պատժամիջոցները, որոնք ընդունել է Ռուսաստանի դեմ։ Օրինակ՝ նույն ավիափոխադրումների դադարումը։ Պետք չէ մոռանալ, որ ԵՄ-Վրաստան և ԵՄ-Սերբիա հարաբերությունների ճգնաժամի մեջ գլխավոր պատճառն այն է, որ այդ երկրները չեն ընդունել բոլոր այն պատժամիջոցները, որոնք ԵՄ-ն ընդունել է ռուսական կողմի դեմ։ Հիշեցնեմ, որ Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նշեց՝ իրենք հասկանում են, որ դա լուրջ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, բայց նույն Եվրոպական միությունը գնացել է տնտեսական լուրջ կորուստների՝ պատժամիջոցներ ընդունելով Ռուսաստանի դեմ և ակնկալում է նույնն իր գործընկերներից»,-եզրափակում է Հայկ Խալաթյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Կոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս Էնրիկե ԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters 56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները 1 զոհ, 3 վիրավոր․ ՃՏՊ Սյունիքում Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ավտովթար՝ Երևանում Իրանն ԱՄՆ-ին առաջարկում է եռափուլ բանակցային բանաձև․ «Al Mayadeen» Էրեբունիում մահացած տղամարդ է հայտնաբերվել․ ով է նա 2009-ին ծնված Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Պակիստանը թույլատրում է Իրանի հետ տարանցիկ առևտուրը Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ Փեզեշքիան Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ»
Ամենաընթերցվածները