Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին հայ–ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ձևավորված քաղաքական դինամիկան վերածվում է ոչ միայն դասական հակամարտության շարունակության, այլ նաև խորքային անհամաչափության դրսևորման, որտեղ կողմերի վարքագիծը պայմանավորված է ոչ միայն ուժային ռեսուրսներով, այլև քաղաքական կամքով, գաղափարական հենքով և միջազգային շրջանակների հետ աշխատանքի արդյունավետությամբ։

Հայկական կողմից նկատվում է շարունակական զիջողականության և «խաղաղության օրակարգի» կարևորության բարձրացումը, որը ներկայացվում է որպես անհրաժեշտություն՝ պատերազմից խուսափելու համար։ Ավելին՝ Փաշինյանը իր իշխանության շարունակությունն ու զիջողականությունը ներկայացնում է որպես միակ տարբերակ վերահաս պատերազմից խուսափելու նպատակով։ Սակայն մյուս կողմից՝ հենց այդ մոտեցումն է, որ ստեղծում է հակառակ էֆեկտ՝ խթանելով Ադրբեջանի առավել ագրեսիվ և պահանջատիրական քաղաքականությունը, որը արդեն դուրս է գալիս ոչ միայն Արցախի հարցի շրջանակներից, այլ ուղղակիորեն ուղղվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Այս իրավիճակը առավել հստակ է դառնում այն հանգամանքի ֆոնին, որ հայկական պետական մակարդակում նկատվում է պատմական արդարության օրակարգի աստիճանական նահանջ, որը հատկապես կապված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա հետևանքների հաղթահարման հարցերի հետ։ Երբ պետական քաղաքականությունը դադարում է համակարգված ձևով առաջ տանել նման հիմնարար հարցեր, առաջանում է վակուում, որը շատ արագ լցվում է հակառակ կողմից։ Ադրբեջանը և Թուրքիան, հենց այդ վակուումից օգտվելով, ակտիվացնում են իրենց քարոզչական և դիվանագիտական գործիքակազմը՝ փորձելով ոչ միայն նսեմացնել հայկական պատմական պահանջները, այլև ձևավորել հակադարձ նարատիվներ, որոնք իրենց էությամբ կեղծարարական են, սակայն միջազգային տեղեկատվական դաշտում կարող են որոշակի ազդեցություն ունենալ։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները «ադրբեջանցիների ցեղասպանության» վերաբերյալ, ինչպես նաև Թուրքիայի պաշտոնական շրջանակների աջակցությունը այդ թեզերին, վկայում են, որ գործ ունենք համակարգված և բազմաշերտ տեղեկատվական ռազմավարության հետ։ Այս ռազմավարության նպատակն է ստեղծել կեղծ համարժեքություն՝ Հայոց ցեղասպանության պատմական իրողության և ադրբեջանական կողմից ներկայացվող կեղծ պնդումների միջև, ինչը ոչ միայն խաթարում է պատմական ճշմարտության ընկալումը, այլև թույլ է տալիս Բաքվին ձևավորել նոր քաղաքական պահանջներ՝ հիմնվելով այդ կեղծ նարատիվների վրա։ Միևնույն ժամանակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի ակտիվ առաջմղումը և Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հարցի բարձրացումը պետք է դիտարկել ոչ թե հումանիտար կամ իրավական դիսկուրսի շրջանակներում, այլ որպես հստակ քաղաքական և ռազմավարական գործիք։ Սա ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելուն և ապագա հնարավոր պահանջների լեգիտիմացմանը։ Երբ նման օրակարգերը շրջանառվում են պետական մակարդակով և չեն ստանում համարժեք հակադարձում, դրանք աստիճանաբար կարող են վերածվել միջազգային քննարկման առարկայի, ինչն արդեն ինքնին վտանգավոր է։

Այս համատեքստում կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայկական կողմը հրաժարվեց միջազգային դատական ատյաններում ներկայացված մի շարք հայցերից, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական և ցեղասպանական բնույթի հանցագործություններին։ Այդ հայցերը ոչ միայն իրավական գործիք էին, այլ նաև քաղաքական և դիվանագիտական լծակ, որոնք կարող էինք միջազգային հարթակներում ամրագրել աղաղակող փաստերի վրա հիմնված գնահատականներ։ Դրանցից հրաժարումը ստեղծում է այնպիսի իրավիճակ, երբ փաստերի դաշտը դատարկվում է հայկական կողմից, և այդ դատարկությունը լցվում է ադրբեջանական կեղծ կամ մանիպուլ յատիվ պնդումներով։ Այստեղ գործում է պարզ, բայց վտանգավոր տրամաբանություն՝ եթե դու չես ձևակերպում քո ճշմարտությունը, ավելին՝ հրաժարվում ես դրանից, ապա ուրիշը կձևակերպի իր կեղծիքը։

Բացի այդ, ՀՀ իշխանությունների կողմից «խաղաղություն մուրալու» քաղաքականությունը ստեղծում է ուժերի ընկալման լուրջ անհավասարակշռություն։ Միջազգային հարաբերությունների պրակտիկան ցույց է տալիս, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական կամք, այլև հավասարակշռված դիրքավորում և զսպման գործիքներ։ Երբ մի կողմը հանդես է գալիս միակողմանի զիջողականությամբ, իսկ մյուսը շարունակում է ագրեսիվ և պահանջատիրական քաղաքականությունը, ձևավորվում է ոչ թե խաղաղության, այլ պարտադրանքի միջավայր։ Սա հանգեցնում է նրան, որ խաղաղությունը դադարում է լինել փոխադարձ շահերի բալանսի արդյունք և վերածվում է միակողմանի թելադրված կարգավորման փորձի։ Ադրբեջանի վարքագծի սանձարձակությունն ու լկտիության աճը հենց այս համատեքստում պետք է դիտարկել որպես արձագանք այն միջավայրին, որտեղ հակադարձման մեխանիզմները թուլացած են կամ բացակայում են։

Այս ամբողջ գործընթացի մեջ առանձնահատուկ կարևորություն ունի այն հարցը, թե ինչ է նշանակում «արժանապատիվ խաղաղություն»։ Եթե խաղաղությունը ձեռք է բերվում ինքնիշխանության, պատմական հիշողության և ազգային շահերի հաշվին, ապա այն դժվար է անվանել կայուն և դասական իմաստով խաղաղություն։ Ավելի հավանական է, որ նման պայմաններում ձևավորված կարգավորումը պարունակի նոր հակամարտությունների սերմեր, որոնք ապագայում կարող են վերածվել ավելի լուրջ ճգնաժամերի։

Հետևաբար, մեկ ամբողջական պատկերում կարելի է արձանագրել, որ ներկայիս իրավիճակը ձևավորվում է մի շարք փոխկապակցված գործոնների արդյունքում՝ հայկական կողմի զիջողական քաղաքականություն, միջազգային իրավական գործիքների ոչ լիարժեք օգտագործում, պատմական օրակարգերի նահանջ և հակառակ կողմից այդ բոլոր հանգամանքների ակտիվ շահագործում։ Այս համադրությունը ստեղծում է այնպիսի դինամիկա, որտեղ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն շարունակվում է, այլ նաև ստանում է նոր լեգիտիմացման և ընդլայնման հնարավորություններ։

Այս պայմաններում խաղաղությունը չի կարող լինել ընդամենը հայտարարությունների մակարդակում ձևակերպված նպատակ։ Այն պահանջում է համալիր ռազմավարություն, որը ներառում է ուժի հավասարակշռություն, դիվանագիտական ակտիվություն, իրավական պայքար և տեղեկատվական հակազդեցություն։ Բայց հարցն այն է, որ պատերազմում պարտված և բանակցությունների հարթակում անընդհատ զիջող ղեկավարն ընդունակ չէ իրական ու արժանապատիվ խաղաղության հասնել։ Իրական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանն այնպիսի ղեկավարություն ունենա, որը կփորձի հետ շրջել զիջումների ու նվաստացման անիվը՝ հասնելով իրական, արժանապատիվ խաղաղության:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներ Կոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս Էնրիկե ԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters 56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները 1 զոհ, 3 վիրավոր․ ՃՏՊ Սյունիքում Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ավտովթար՝ Երևանում Իրանն ԱՄՆ-ին առաջարկում է եռափուլ բանակցային բանաձև․ «Al Mayadeen» Էրեբունիում մահացած տղամարդ է հայտնաբերվել․ ով է նա 2009-ին ծնված Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Պակիստանը թույլատրում է Իրանի հետ տարանցիկ առևտուրը Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ Փեզեշքիան Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ»
Ամենաընթերցվածները