Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից ռազմական հակամարտությունները՝ հատկապես Ուկրաինայում ընթացող պատերազմը և Իրանի շուրջ ձևավորված լայնածավալ էսկալացիան, ցույց են տալիս, որ պատերազմների բնույթը մտել է որակապես նոր փուլ, որտեղ տեխնոլոգիական, հատկապես ցածրարժեք, մասշտաբային և թվայնացված համակարգերը աստիճանաբար փոխարինում են դասական ծանր սպառազինության դոմինանտ դերին, և հենց այս անցումն է այն առանցքային հանգամանքը, որից Հայաստանը պետք է կատարի իր ռազմավարական հետևությունները։

Եթե 20-րդ դարի պատերազմները կառուցվում էին տանկերի, ավիացիայի և զանգվածային զորքերի կիրառման վրա, ապա 21-րդ դարի երրորդ տասնամյակում մենք տեսնում ենք, այսպես ասած, «ճշգրիտ զանգվածայնության» դարաշրջանի ձևավորում, որտեղ էժան, բայց մեծ քանակով կիրառվող բարձր ճշգրտության համակարգերը որոշում են ռազմաճակատի դինամիկան։ Հատկապես արդեն 2022 թվականից ընթացող ուկրաինական պատերազմը փաստացի վերածվել է տեխնոլոգիական լաբորատորիայի, որտեղ փորձարկվում են ապագայի պատերազմների հիմնական գործիքները, և այդ փորձը մի քանի առանցքային դաս է տալիս։

Առաջինն այն է, որ անօդաչու թռչող սարքերի դերը դարձել է կենտրոնական, այլ ոչ թե օժանդակ։ Տասնյակ հազարավոր հարվածային և հետախուզական դրոնների կիրառումը ցույց է տալիս, որ օդային գերակայությունը այլևս չի սահմանափակվում միայն ավիացիայով և ներառում է ցանցային, բազմաշերտ, անընդհատ գործող սենսոր-հարվածային համակարգերը։

Երկրորդ կարևոր դասը վերաբերում է արժեք/արդյունավետություն հարաբերակցությանը։ Իրանական արտադրության հարվածային դրոնները, օրինակ՝ կարող են արժենալ տասնյակ հազարավոր դոլարներ, մինչդեռ դրանց դեմ կիրառվող հակաօդային պաշտպանության հրթիռները կարող են արժենալ միլիոններ, ինչը ստեղծում է «ասիմետրիկ սպառման» խնդիր։ Իրանի կողմից կիրառվող էժան, բայց արդյունավետ դրոնները փաստացի ստիպում են նույնիսկ բարձր տեխնոլոգիական բանակներին վերանայել իրենց սպառազինության կառուցվածքը։ Սա ռազմավարական առումով նշանակում է, որ պատերազմը հաղթում է ոչ թե ամենաթանկ տեխնոլոգիան ունեցողը, այլ այն կողմը, որը կարողանում է օպտիմալ համադրել բարձր և ցածր արժեք ունեցող միջոցները։

Երրորդ առանցքային հետևությունը վերաբերում է համակարգային ինտեգրմանը։ Ուկրաինայի երկարատև դիմադրությունը պայմանավորված է ոչ միայն դրոնների առկայությամբ, այլև դրանց ինտեգրմամբ բազմաշերտ պաշտպանության և հարձակման համակարգում՝ ներառյալ էլեկտրոնային պատերազմը, հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը և տվյալների մշակումը։ Այսինքն՝ ժամանակակից պատերազմում հաղթում է ոչ թե առանձին տեխնոլոգիան, այլ դրանց համադրված կիրառման ճարտարապետությունը։

Շատ կարևոր է նաև արհեստական բանականության և ավտոմատացման աճող դերը։ Ժամանակակից դրոնները արդեն կարողանում են կատարել առաջադրանքներ նույնիսկ կապի կորստի դեպքում՝ օգտագործելով նախապես ծրագրավորված երթուղիներ և թիրախավորման ալգորիթմներ, ինչը նվազեցնում է խոցելիությունը էլեկտրոնային խափանումների նկատմամբ։ Ավելին, փորձարկվում են «պարսային» (swarm) համակարգեր, որտեղ հարյուրավոր կամ հազարավոր դրոններ գործում են համաժամանակյա՝ փոխանակելով տվյալներ և ինքնուրույն հարմարվելով մարտադաշտին։

Այս բոլոր միտումները Հայաստանի համար ունեն անմիջական ռազմավարական նշանակություն` հատկապես հաշվի առնելով երկրի սահմանափակ ռեսուրսները և անվտանգության բարդ միջավայրը։

Թերևս ամենաառանցքային հետևությունն այն է, որ Հայաստանը չի կարող և չպետք է փորձի մրցել դասական ծանր սպառազինության ոլորտում՝ տանկերի, մեծ ավիացիայի կամ թանկարժեք հրթիռային համակարգերի մասշտաբային կուտակմամբ, քանի որ դա ֆինանսապես ոչ կայուն է, իսկ ռազմավարական առումով՝ ոչ արդյունավետ։ Փոխարենը անհրաժեշտ է անցում կատարել տեխնոլոգիական ասիմետրիայի ռազմավարության, որտեղ փոքր ծախսերով ստեղծվում է մեծ հարվածային և պաշտպանական պոտենցիալ։

Այս համատեքստում առաջնահերթ պետք է դառնան մի քանի կոնկրետ ուղղություններ։ Առաջինը էժան և մասշտաբային հարվածային դրոնների արտադրությունն է։ Հայաստանը պետք է ձգտի ունենալ ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր միավորի արտադրական կարողություն, ընդ որում՝ տարբեր դասերի՝ անօդաչուներ, թափառող զինամթերք, միջին և մեծ հեռահարության հարվածային համակարգեր։

Մյուս կարևոր հետևությունը վերաբերում է հակադրոնային համակարգերի զարգացմանը։ Սա ներառում է ոչ միայն դասական ՀՕՊ, այլ նաև էլեկտրոնային խափանումների համակարգեր, դրոնների որսիչներ, լազերային կամ այլ ցածրարժեք ոչ կինետիկ միջոցներ։ Կարևոր է հասկանալ, որ ապագայի պատերազմում ամենամեծ սպառնալիքը կլինեն ոչ թե մի քանի թանկ հրթիռը, այլ հազարավոր էժան դրոնները, և դրանց դեմ պայքարը պետք է լինի նույնքան մասշտաբային և էժան։

Չպետք է անտեսել նաև էլեկտրոնային պատերազմը և կիբեռդոմեյնը։ Ժամանակակից դրոնային պատերազմում կապի խափանումը, GPS-ի խանգարումը, տվյալների կեղծումը կարող են լինել նույնքան արդյունավետ, որքան ֆիզիկական խոցումը։ Ուստի, Հայաստանը պետք է զարգացնի ուժեղ էլեկտրոնային պատերազմի կարողություններ, որոնք թույլ կտան նվազագույն ծախսերով չեզոքացնել հակառակորդի տեխնոլոգիական առավելությունը։

Այս ամենին զուգահեռ մեծ նշանակություն են ձեռք բերել ցանցակենտրոն կառավարման համակարգերը։ Ինչպես արդեն նշեցինք, պատերազմը դառնում է տվյալների պատերազմ, որտեղ որոշիչ է ոչ միայն զենքը, այլ նաև տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և փոխանցումը իրական ժամանակում։ Սա պահանջում է արբանյակային կապ, անվտանգ հաղորդակցություն, մարտադաշտի թվայնացում և արագ որոշումների ընդունման ալգորիթմներ։

Հայաստանի դեպքում կարևոր է ոչ միայն զարգացած տեխնոլոգիաներ ունեցող գործընկերներից սպառազինությունների ձեռքբերումը, այլև տեղական արտադրության և տեխնոլոգիական ինքնաբավության զարգացումը։ Ներկայիս պատերազմական փորձը ցույց է տալիս, որ արտաքին մատակարարումներից կախվածությունը կարող է սահմանափակել ռազմական հնարավորությունները, մինչդեռ սեփական արտադրությունը՝ նույնիսկ փոքր ծավալներով, տալիս է ճկունություն և կայունություն։

Մյուս հանգամանքը, որի վրա հարկավոր է ուշադրություն դարձնել, «ցածր արժեքով բարձր ազդեցություն» սկզբունքի ինստիտուցիոնալացումն է։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ներդրում պետք է գնահատվի ոչ թե տեխնոլոգիական բարդությամբ, այլ մարտական արդյունավետությամբ։ Այդ տրամաբանությունը պետք է դառնա ռազմարդյունաբերական քաղաքականության հիմքը։

Վերջապես, Հայաստանի համար կարևորագույն ռազմավարական հետևությունն այն է, որ ապագայի պատերազմները լինելու են ոչ թե կարճ և որոշիչ, այլ երկարատև և ուժասպառիչ, որտեղ հաղթելու է այն կողմը, որը կարողանում է արագ վերարտադրել իր տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսները։ Այսինքն՝ արդյունաբերական կարողությունները, ինժեներական կրթությունը և նորարարական էկոհամակարգը դառնում են նույնքան կարևոր, որքան բանակը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները