Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների վիճակին ու վերստին մանիպուլ յատիվ հայտարարություններ արել: Մասնավորապես. «Մենք խնդիրներ չունենք, չենք ունեցել և չենք ունենալու՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք և չենք ունենալու՝ Ռուսաստանի շահերին վնասելու»,ասում է Փաշինյանը:

Խնդիրը միգուցե ոչ այնքան մանիպուլ յացիան է, որքան ընկալումային տարասևեռումը, որ հարուցում են Փաշինյանի նման հայտարարությունները: Մի գործիչ, որ ջանք ու եռանդ չի խնայել հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու, Ռուսաստանի հասցեին վատաբանելու, չարախոսելու, Ռուսաստանը որպես Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամի ներկայացնելու առումներով, հիմա «հանկարծակի» նման բան է հայտարարում:

Փաշինյանը փաստացի նաև կրկնել է իր վերջերս արած մի արտահայտություն, թե՝ 102-րդ ռուսական ռազմաբազան մինչ օրս չի փակել Հայաստանի տեսադաշտը՝ Արևմուտքի հետ համագործակցություն կառուցելու ճանապարհին: Ասուլիսում նրան հարց է ուղղվել, թե արդյոք ռուսական ռազմաբազան չի խանգարո՞ւմ Արևմուտքի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականությանը: Փաշինյանը հարցադրումը համարել է ոչ կոռեկտ՝ ասելով, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գնում: «Բարեբախտաբար թե դժբախտաբար, ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի, երբ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք», - ասում է Փաշինյանը:

Կարճ ասած, քպական կառավարությունը իր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու խնդիր չի դնում:

Այստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք:

Բայց դա առաջին, բնական և հուզական ռեակցիան է: Ավելի լավ է, եկեք միասին դիտարկենք, թե որտեղից է գալիս այդ բնական արձագանքը:

Պարզ է, իհարկե, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանը ցանկանում է այնպես ցույց տալ, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ լավ է, իր գլխավորած կառավարությունը, թիմը, իշխանությունը, իր սատելիտներով հանդերձ, երբեք ու երբեք Ռուսաստանի դեմ ոչինչ չեն նյութել, հայ-ռուսական հարաբերությունների դեմ բաներ չեն արել ու չեն անում, հատկապես՝ չեն անի:

Դա, որպես քաղաքական պարզունակ «շուստրիություն», հասկանալի է: Բայց հանրահայտ է. «Հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»:

Տրամաբանական հարցեր են ծագում: Այսինքն, ինչպե՞ս թե «մենք Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու խնդիր չենք ունեցել (չունենք և չենք ունենալու)»: Այդ ինչպե՞ս «չեք ունեցել», երբ հերթով՝ քպականներով ու սատելիտներով առիթով ու անառիթ ամեն ինչում մեղադրում եք Ռուսաստանին:

Միայն այն, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը, առանց ժողովրդի հետ նախապես խոսելու, առանց քաղաքական ուժերի ու հասարակության ներկայացուցիչների հետ որևէ բան քննարկելու, Պրահայում Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպմանը, Մակրոնի քավորությամբ, Արցախը ճանաչեց ադրբեջանապատկան, այնպիսի հարված էր ոչ միայն Հայաստանի, այլև հենց Ռուսաստանի շահերին, որ դրանից հետո կարող էր այլևս ոչ մի հակառուսական քայլ էլ չանել: Բայց արվել ու արվում են նման քայլեր, հայտարարություններ: Փաշինյանական իշխանության ներկայացուցիչները և նրանց կցակողված սատելիտները անդադար անում են հակառուսական հայտարարություններ, հնչեցնում մերկապարանող ու անհեթեթ մեղադրանքներ:

Ամենից թարմ եղելությունը Փաշինյանի ԱԳ նխարար Արարատ Միրզոյանի սկանդալային նամակն է Եվրամիության ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Նամակի բովանդակային իմաստն այն է, որ Ռուսաստանը «հիբրիդային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ, և Փաշինյանի կառավարությունն իր ձախավեր իշխանությունը պահելու համար ակնկալում է ԵՄ փորձագիտական ու ֆինանսական օգնությունը:

Այո, Փաշինյանի ԱԳ նախարարը ջանում է Ռուսաստան բառը չգործածել: Բայց Կայա Կալասը բացեիբաց հայտարարում է, որ խոսքը հենց Ռուսաստանի մասին է, այնպես որ, թերընկալման տեղ չի մնում: Հա, ու երբ կայակալասները դա ասում են, քպականները, ամոթխած տեսք ընդունելով, պարզապես լռում են:

Դե, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ՝ Ռուսաստանի դեմ ուղղված, ավելի ստույգ՝ հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված քայլ, գործողություն:

Այսինքն, Փաշինյանն ու նրա իշխանությունը Ռուսաստանին պաշտոնապես (նամակը պաշտոնական է, պատասխան հայտարարություններն էլ՝ հետը) հռչակում են թշնամի, Հայաստանի դեմ պատերազմող: Ու՝ ի՞նչ: Դա Ռուսաստանի դեմ չի ուղղվա՞ծ: Դա բարեկամական ժե՞ստ է:

Լավ, ո՞ւմ են «ժեշտի» (թիթեղ) տեղ դրել:

Ավելին, Փաշինյանը, իր առաջին շարքի քպական «կարկառուններն» անդադար թիրախավորում են իրենց քաղաքական հակառակորդներին, ընդդիմադիրներին, ավելին՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին, նրանց պիտակավորելով որպես «Կրեմլի ագենտ», «Կրեմլից ֆինանսավորվող», «ռուսական շպիոն», «ռուսուլման» (սա փաշինյանականների ու նրա աջակիցների կեղտոտ բառամթերքի սոսկ մի մասն է): Դա ի՞նչ է, խիստ բարեկամական քա՞յլ:

Թե՞ ռուսական ալիքները փակելու սպառնալիքներն են բարեկամական:

Ախր, ո՞ր մեկը ասես:

Մյուս կողմից՝ կարծում ենք՝ ակնհայտ է, որ Փաշինյանը նախօրեի հայտարարությամբ փորձում է մեկ այլ «շուստրիություն» էլ անել: Շատ լավ հասկանալով, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի փչացումը, էլ չենք ասում՝ խզումը վտանգավոր է, նա փորձում է ընտրություններից առաջ ցույց տալ, ձևացնել, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ կարգին է:

Այո, բայց Հայաստանի տնտեսությունն իրոք մեծապես կախված է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերից: Ըստ որում, Փաշինյանի պաշտոնավարման շրջանում այդ կախվածությունն ավելի ընդգծված է դարձել: Բազմավեկտորությունն այստեղ չի աշխատում, այլ երկրների հետ առևտրաշրջանառությունը չի աճում, եթե չասենք՝ նվազում է:

Եվ այս պահին, զուտ նյութական առումով, Փաշինյանին պետք չեն լրացուցիչ պրոբլեմներ, մանավանդ՝ տնտեսական:

Մյուս կողմից՝ Փաշինյանը գիտի, որ հայ ժողովրդի մեծ մասը լավ է վերաբերվում Ռուսաստանին: Ուստի նման հայտարարություններով նա փորձում է նաև այդ ընտրողներին տրամադրել դեպի իրեն, այսինքն՝ մոլորեցնել ու սրտները շահել:

Բոլոր այդ հաշվարկային հանգամանքները, կարծում ենք, պարզորոշ նկատվում են Փաշինյանի վերջին՝ «ռուսասիրական» հայտարարություններում: Բայց կա մի կարևոր հաշվարկային բացթողում. Փաշինյանն այնքան հաճախ ու այնքան շատ է ստել, որ նրան այլևս միայն ՔՊ վարչությունում են վստահում (այն էլ՝ ոչ բոլորը)...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները