Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու իր հետ մի ամբողջ ավտոբուս ՔՊ «կարկառուններ» նախա-նախընտրական արշավի են ելել: Հասկանալի է, որ «ներկուսակցական քարոզարշավը» բավականին վատ փաթեթավորում է՝ ընտրարշավի պաշտոնական մեկնարկից առաջ լրացուցիչ քարոզարշավ իրականացնելու համար: Մյուս կողմից՝ զուտ արարողակարգային, անվտանգային տեսակետից առնվազն տարօրինակ է վարչապետին, ԱԺ նախագահին, պաշտպանության նախարարին ու այլ պաշտոնյաների այդպես մի ավտոբուս լցնելն ու տեղ գնալը: Բայց դրանք խնդրի մի կողմն են միայն:

Գոնե մեզ համար շատ ավելի հետաքրքիր են կոնկրետ իրավիճակներն ու այդ իրավիճակներում արձանագրվող հատկանշական դրվագները, որոնց վրա թեպետ դիպվածային անդրադարձ լինում է, սակայն դրանք շատ ավելի մեծ ուշադրության են արժանի:

Փաշինյանը վերջին օրերին, ինչպես հայտնի է, այցելել էր Արտաշատ, ապա՝ հայրենի Իջևան: Եթե տուրք չտանք «մոդայիկ» թեմաներին՝ «պեռաշկի»-«կուկուրուզ» գծով, ինչպես նաև մի խանութից Նիկոլ Փաշինյանին, մեղմ ասած, դուրս հրավելու պահով, ապա շատ ավելի հետաքրքիր էր երկու դրվագ, որոնցից առաջինը թեպետ ուշադրության արժանացավ, բայց թեթևակի: Մինչդեռ, դա, կարծում ենք, ամենից բնութագրական պահերից մեկն է: Արտաշատի քպական քաղաքապետի ուղեկցությամբ Փաշինյանը քայլում է, ուշադրություն է դարձնում երկու խոշոր շենքի ու հետաքրքրվում: Քաղաքապետը պարզորոշ ասում է, որ սեփականատերեր են կառուցում, շենքերից այն մեկը նախկին «ոստիկանապետ մեր Արամ Հովհաննիսյանենցն է»: Փաշինյանը քայլում ու լսում է, բայց աջ ձեռքով, կներեք, «բզում» է յուրային քաղաքապետին, որ նա լեզուն ատամների հետևում պահի. այդպիսի բաների մասին բարձրաձայն չեն խոսում: Այսինքն՝ Նաջարյանի «ոտք տրորելու» պես մի ժեստ է անում: Բայց դե՝ բառը թռչուն չէ, թռավ, էլ չես բռնի:

Շատ, անգամ չափազանց բնորոշիչ, բնութագրական դրվագ է:

Այսինքն, Փաշինյանի, ՔՊ-ի, «առաջին շարքի» իր յուրայինների կարծեցյալ թափանցիկության, «պուպուշության», չկոռումպացվածության ֆոնին այս դրվագը պարզ ցույց է տալիս, թե ինչքան բան կա, որ թաքցնելու, «բզելու» ենթակա է: Ցույց է տալիս իշխանության իրական դեմքը: Ու նույնիսկ կարևոր չէ՝ տվյալ պաշտոնյան երբ է կառուցել, ինչպես է կառուցել, ինչով է կառուցել, կարևորն ինքնին երևույթն ու, որ ամենաէականն է, Նիկոլ Փաշինյանի ռեակցիան է՝ «սուս, չի կարելի», բա որ ժողովուրդը հանկարծ իմանա իրականությունը, բա որ մեզ կուրորեն հավատացողները տեսնեն, որ այդքան թմբկահարված «նախկինները» շատ հացուպանիր պիտի ուտեն, որ մեզ հասնեն: Կլինի՞ այդպես: Իհարկե, չի լինի: Առավել ևս, հո միայն այդ մեկ նախկին ոստիկանապետը չէ: Փաշինյանական իշխանության պաշտոնյաների այտերն այս տարիներին ամենևին էլ կարկանդակների ձեթից չեն փայլում, այլ հարկատուների միջոցների հաշվին «բախտավորվելուց»: Թե բա՝ «կոռուպցիա չկա»:

Իսկ Արտաշատի քպական քաղաքապետը, ա՜յ, ա՜յ, ա՜յ, ուղիղ եթերում փլուզեց փաշինյանական քարոզչության հիմնական թեզերից մեկը, այն է՝ Փաշինյանի իշխանությունն ու իշխանավորները «մե ազնի՜վ, մե չտեսնվա՜ծ, մե հրաշք» սուբյեկտներ են:

Մյուս բնութագրական դրվագն արդեն Իջևանում էր: Այստեղ Փաշինյանին մոտեցավ մի տարիքով մարդ (դատելով արտահայտություններից՝ «նիկոլականների» շարքը դասվող, առնվազն՝ իշխանություններից գոհ), որը փորձեց բարեխոսել դստեր համար, որին պետք է մանկապարտեզի վարիչ վերանշանակեին՝ 13 տարվա աշխատանքից հետո, բայց մեկ այլ անձնավորության են նշանակել: Մենք չենք ասում՝ անձնավորությունը լավ կամ ճիշտ է վարվել, թե ոչ: Այո, միգուցե մի երևելի պահ չէ, երբ մարդը փորձում է այլոց ներկայությամբ բարեխոսել 13 տարի մանկապարտեզի վարիչ աշխատած իր հասուն զավակի համար: Բայց դա մեկ այլ հարց է: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը մեկ էլ բռնկվեց ու սկսեց այդ մարդուն «պատերին ծեփել», տվյալ դեպքում՝ բառերով, կոշտ արձագանքներով ու ջղային շարժումներ անելով:

Որևէ այլ ղեկավար, կարծում ենք, իրեն մոտեցած քաղաքացուն թերևս կասեր, որ կհանձնարարի, որպեսզի օգնականները ծանոթանան խնդրին, զեկուցեն, իսկ ինքն էլ կհանձնարարի, որ, ըստ իրավասության, հարցին ընկալելի պատասխան տրվի:

Իսկ Փաշինյանն իրեն բնորոշ ձևերով ջղաձգումների մեջ ընկավ: Ի դեպ, ակնհայտ էր, որ այդպիսի վիճակում հայտնվեց, քանի որ տվյալ քաղաքացին մի քիչ «երկարացրել էր», այսինքն՝ մի թեթև հակաճառել էր, իրենն էր պնդել, կասկածել էր իր «սրբագույն» իշխանությունների ազնվությանն ու անկաշառությանը: Ոնց կլինի, հանկարծ բարձրաձայնվեց, որ իրենց իշխանության օրոք էլ են ծանոթով, ԽԾԲ-ով պաշտոնի նշանակում կամ պարզապես քաղաքական նպատակահարմարությամբ: Եվ, ուրեմն, նախ՝ հայտարարեց, որ մանկապարտեզի վարիչ նշանակելը իր իրավասությունը չէ, դրա համար կա համայնք, կա համայնքապետարան (ինչը ճիշտ է), բայց հենց տեղնուտեղն էլ թե՝ «էս մարդու աղջկան մանկապարտեզի տնօրեն չնշանակեք»: Թե բա՝ չլինեմ, չիմանամ, որ նշանակել եք, ոչ մի դեպքում չնշանակեք:

Էհ, բա ո՞ւր մնացին լիազորությունն ու իրավասությունը: Քանի գրոշ արժեն իր իրավասության մասին մինչ այդ արած արտահայտությունները: Այո՝ ուղիղ «զրո»:

Ի՞նչ են լրացուցիչ անգամ հուշում այս դրվագներն ու դրսևորումները: Իրենք՝ Փաշինյանը, ՔՊ-ն, իր «ավտոբուսային ուղեկիցները» խորապես անտարբեր են, եթե չասվի՝ թքած ունեն հասարակության, իրական մարդկանց ու նրանց իրական խնդիրների վրա: Իրենց համար կարևորն իրենց շահերն են: Կարևորն այն է, որ հանկարծ ու ոչ մի դեպքում իշխանությունը չկորցնեն: Իրենց համար կարևորը պատասխանատվությունից խուսափելն է: Կարևորը՝ կուշտուկուռ, ճոխ ապրելն է: Նրանք ոտնատակ կտան ցանկացած մեկին, այդ թվում՝ իրենց կողմնակիցներին, եթե այդպես պետք լինի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները