Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը Վանաձորում բացել է իր հերթական գրասենյակը՝ Գարեգին Նժդեհի 7/17 հասցեում։ Նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանի հրապարակային հրավերով բացման արարողությանը մասնակցել են նաև Լոռու մարզի բազմաթիվ համակիրներ՝ ընդգծելով մարզային ներգրավվածության կարևորությունը նախաձեռնության համար։

Գրասենյակի բացման ժամանակ Արման Թաթոյանը խոսել է Վանաձորի արդյունաբերական անցյալի և հնարավոր ապագայի մասին՝ շեշտելով քաղաքի երբեմնի նշանակությունը քիմիական արդյունաբերության ոլորտում։ Նրա խոսքով՝ Վանաձորը բացառիկ քաղաք է եղել, որտեղ անգամ ծանր ջուր է արտադրվել, և դա վկայում է այն ներուժի մասին, որը կարող է վերակենդանացվել ճիշտ կառավարման պայմաններում։ Թաթոյանը համոզմունք է հայտնել, որ արդյունաբերության, այդ թվում՝ ռազմարդյունաբերության զարգացումը անմիջականորեն առնչվում է ազգային անվտանգության ամրապնդմանը։

Նախաձեռնության տնտեսական ծրագրի հիմքերը ներկայացրել է համահիմնադիր և տնտեսական թիմի ղեկավար Դավիթ Անանյանը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տասնամյակներ շարունակ կիրառվող տնտեսական մոդելը սպառել է իրեն և չի ապահովել կայուն ու երկարաժամկետ զարգացում։ «Միասնության թևեր»-ը առաջարկում է նոր մոտեցում՝ հիմնված յոթ առանցքային սկզբունքների վրա։
Առաջինը գործող տնտեսական մոդելի վերանայումն է և Հայաստանի համար բնորոշ զարգացման ուղղության ձևավորումը։ Անանյանի խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային տնտեսության մեջ՝ ձևավորելով արտահանման վրա հիմնված, ոչ թե սպառողական տնտեսություն։ Հայաստանը պետք է դառնա գիտատար և տեխնոլոգիական արտադրանքի կենտրոն՝ զբաղեցնելով իր հստակ նիշան միջազգային շուկայում։

Երկրորդը կլաստերային արդյունաբերականացման քաղաքականությունն է։ Ըստ ներկայացված մոտեցման՝ առևտուրը և ներքին սպառումը չեն կարող դառնալ կայուն տնտեսական աճի հիմք, քանի որ դրանք ինքնին արժեք չեն ստեղծում։ Ներկայումս Հայաստանը հիմնականում ներմուծող երկիր է, և սպառումը խթանում է այլ երկրների տնտեսությունները։ Նախաձեռնությունը առաջարկում է զարգացնել գիտության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրական կլաստերներ՝ անցում կատարելով հումքի արտահանումից դեպի պատրաստի արտադրանքի արտահանում։

Երրորդ սկզբունքը փոքր և միջին ձեռնարկությունների դերակատարության բարձրացումն է։ Անանյանի համոզմամբ՝ արդյունաբերական զարգացումը չի սահմանափակվում խոշոր ձեռնարկություններով։ Փոքր և միջին ձեռնարկությունները պետք է դառնան սոցիալ-տնտեսական քաղաքականության ողնաշարը՝ ինտեգրվելով տեխնոլոգիական շղթաներին և խոշոր արտադրական համալիրներին։ Սա ենթադրում է վերապատրաստման ծրագրեր, մասնագիտացման խորացում և պատասխանատու գործարար մշակույթի ձևավորում։

Չորրորդ ուղղությունը կապիտալի շուկաների հասանելիությունն է։ Առաջարկվում է վերանայել փակ բաժնետիրական և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրավական կարգավորումները՝ հնարավորություն տալով դրանց վերակազմավորվել և իրենց բաժնետոմսերը շրջանառության մեջ դնել բորսայական հարթակներում։ Այս մոտեցումը, ըստ նախաձեռնության, կբացի ճանապարհ այլընտրանքային կապիտալի ներգրավման համար, իսկ հարկումը պետք է կիրառվի միայն շահաբաժինների նկատմամբ։

Հինգերորդ սկզբունքը Սփյուռքի հետ համագործակցության նոր մոդելի ձևավորումն է։ Անանյանի գնահատմամբ՝ տարիներ շարունակ Սփյուռքի ներուժը դիտարկվել է բացառապես բարեգործության տեսանկյունից։ Նախաձեռնությունը առաջարկում է այն վերածել գործընկերային հարաբերության՝ ներգրավելով Սփյուռքի ներդրումային և արտադրական հնարավորությունները Հայաստանի տնտեսության մեջ, այդ թվում՝ արտադրությունների տեղափոխման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։

Վեցերորդը հարկային փիլիսոփայության փոփոխությունն է։ Ըստ ներկայացված մոտեցման՝ գործող համակարգը հիմնականում ձևավորվել է ֆիսկալ նպատակներով՝ առանց տնտեսական խթանների հաշվառման։ Առաջարկվում է վերացնել շրջանառության հարկը, փուլային կարգով հրաժարվել ավելացված արժեքի հարկից և դրանք փոխարինել վաճառքի հարկով՝ միաժամանակ ներդնելով շահութահարկի և եկամտահարկի առաջադիմական համակարգ։ Նպատակն է ապահովել սոցիալական արդարություն և նվազեցնել հարկային բեռը՝ պահպանելով հարկերի համաչափության սկզբունքը։

Յոթերորդ ուղղությունը թվային դրամի զարգացումն է։ Նախաձեռնությունը կարևորում է դրա ներդրումը կանխիկ և անկանխիկ հաշվարկներին զուգահեռ, ինչպես նաև պետական գնումների իրականացումը թվային դրամով՝ ապահովելով թափանցիկություն և վերահսկելիություն։

Անդրադառնալով հարկերի ամբողջական վերացման վերաբերյալ որոշ քաղաքական հայտարարություններին՝ Դավիթ Անանյանը նշել է, որ նման մոտեցումը սխալ է թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով։ Նրա խոսքով՝ հարկերը պետության գոյության հիմքն են, և խնդիրը դրանց վերացման, այլ արդյունավետ ու արդար բաշխման մեջ է։ Ռազմական ծախսերի մասով նախաձեռնությունը կողմ է դրանց ավելացմանը՝ առաջարկելով պաշտպանության ոլորտին հատկացնել համախառն ներքին արդյունքի ութ տոկոսը։ Ըստ ներկայացված ծրագրի՝ ռազմարդյունաբերական համալիրը պետք է ոչ միայն բավարարի ներքին պահանջարկը, այլև ուղղված լինի արտահանմանը։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը, ըստ հիմնադիրների, նպատակ ունի ձևավորել մասնագիտական ներուժի վրա հիմնված քաղաքական թիմ և իրականացնել համակարգային փոփոխություններ։ Վանաձորում բացված նոր գրասենյակը նախաձեռնության տարածքային ընդլայնման հերթական քայլն է՝ ուղղված մարզերի ներուժի լիարժեք օգտագործմանը և արդյունաբերական վերածննդի օրակարգին։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները