«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը։ Մրցանակաբաշխության հաջորդ օրը Բաքվի դատարանը հրապարակեց Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների դատավճիռները։ Հաճախ հանդիպում ենք քննարկումների, որ անգամ իրար հետ հարաբերություններ պարզաբանող հարևանները հաշտվելու համար երկուստեք քայլեր են ձեռնարկում, չեն հարվածում իրար, որ քիչքիչ հարաբերությունները բարելավվեն, իսկ, ահա, հարևան Ադրբեջանն իր կեցվածքով ու քայլերով ցույց է տալիս՝ իր պատկերացրած խաղաղությունը տարբերվում է մեր պատկերացրած խաղաղությունից։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է. «Մենք կռվել ենք ու պարտվել ենք խայտառակ ձևով։ Եվ հիմա այդ պարտությունից հետո մեր երկիրը կրկին ներկայացնում է մեկը, որը ծնկել է թուրքի առաջ։ Այնպես որ, այստեղ արժանապատիվ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Ինչ վերաբերում է Բաքվի դատարանի կայացրած «վճիռներին», դրանք բոլորը սպասելի էին, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ դրանք շինծու դատական շոուներ են։ Դատական այդ ակտերի հրապարակումը մի քանի նպատակ ունի։ Առաջինն այն է, որ դրանով պաշտոնական Բաքուն ուղղակի ստորացնում է հայ ժողովրդին՝ ցույց տալով, թե ձեր պայքարը Արցախի համար այսպես վերջացավ։ Երկրորդ՝ սա նաև նախազգուշացում է բոլոր այն ազգասերներին, ովքեր ապագայում կփորձեն գլուխ բարձրացնել և կրկին Արցախի մասին խոսել. սա սպառնալիք է։ Եվ երրորդ՝ չի բացառվում, որ ադրբեջանական կողմն այս ամենը կազմակերպեց ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ տարածաշրջանային այցից առաջ, որպեսզի էլ ավելի թանկ գնով, արդեն պատանդ կարգավիճակում գտնվող այդ մարդկանց ինչ-որ ձևաչափով «վաճառի» Հայաստանի Հանրապետությանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ցույց տալով, որ շատ մեծ մարդասիրական քայլ է կատարում։ Բոլորս պետք է հասկանանք, որ այդ ամենն ունի իր գինը։ Ադրբեջանական կողմը ոչ մի բան պատահական չի անում, ժամանակագրական առումով էլ ոչինչ պատահական չի արվում, ամեն ինչ արվում է հատուկ և նպատակադրված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Իր այս քայլերով Ադրբեջանի նախագահը ցույց է տալիս՝ խաղաղություն չկա կամ կա իր նախընտրած տարբերակով։ «Իլհամ Ալիևն ասում է՝ Ադրբեջանը խաղաղություն է հաստատել Հարավային Կովկասում, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը բացահայտ ցույց է տալիս, որ Նիկոլն ընդամենն իր կամակատարն է, անում է այն, ինչ նա հրահանգում է։ Ադրբեջանական կողմը, այսպես կոչված, խաղաղությունը շատ թանկ գնով է ծախելու Նիկոլին, իսկ վերջինս դրա դիմաց վարձահատույց է լինելու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաշվին։

Այստեղ խնդիրը մեր հասարակության որոշ հատվածն է, որն, իրոք, չի պատկերացնում, թե, օրինակ՝ ադրբեջանական կողմն ինչո՞ւ չի կրակում, ինչո՞ւ նոր պահանջներ այս պահին չի ներկայացնում։ Ադրբեջանական կողմի համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելը, որն ավելի թանկ գին է վճարելու Ալիևին, եթե պահպանի իշխանությունը։ Կան մի քանի կետեր, որոնց մի մասը նա գրեթե որոշ չափով կատարել է՝ «Զանգեզուրի միջանցքի» բացում, հայկական բանակի գրեթե լուծարում, Սահմանադրության փոփոխություն։ Միայն ադրբեջանցիներով Հայաստանը լցնելու, ինչպես նաև Ադրբեջանին փոխհատուցում տրամադրելու և նրանից ներողություն խնդրելու պահանջները դեռ չեն կատարվել։ Մյուս կողմից՝ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ «TRIPP»-ի մեջ Ադրբեջանն իր բաժինն է ունենալու։ 2025 թվականի օգոստոսի 8-ին, երբ Վաշինգտոնում ստորագրվեց «TRIPP»-ի մասին համաձայնագիրը, ամերիկյան լրատվամիջոցները հրապարակումներ արեցին, ըստ որոնց, այդ ծրագրի շրջանակներում Ադրբեջանը ստանալու է Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքներից ստացվող օգուտի 30 տոկոսը։ Սա շատ զարմանալի է։ Ամենակարևոր պահանջներից մեկը, որը դրված է Փաշինյանի իշխանության առաջ, եթե նա վերարտադրվի, Հայաստանում պետք է «վերաբնակեցվի» 300-ից 400 հազար ադրբեջանցի։ Դա աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար որոշ ժամանակ անց»,- նկատում է մեր զրուցակիցը։

Առջևում են խորհրդարանական ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմի ներկայացուցիչները վստահաբար ասում են՝ վերընտրվելու են «50+1», «60+1» ձայներով։ Թե ինչն է այս վստահության հիմքը, կարծիքները տարբեր են։ Բայց հիմնականում դրանք բաժանվում են մի քանի խմբի՝ գործի է դրվելու վարչական ռեսուրսը, ամեն ինչ արվելու է, որ քիչ թվով մարդիկ մասնակցեն ընտրություններին, կա արտաքին աջակցություն Եվրոպայից, Թուրքիայից և Ադրբեջանից, այս հայտարարությունները Նիկոլ Փաշինյանն անում է առաջին հերթին իր թիմի համար։ «Վստահություն չունեն վերընտրվելու հարցում։ Դա ընդամենը քաղտեխնոլոգիա է, որը կիրառվում է գրեթե բոլոր երկրներում, և Նիկոլը օգտագործում է դա։ Նշեք մեկ կառավարություն, որը փորձում է վերարտադրվել, և հանկարծ միամտաբար, իմանալով, որ շատ ցածր վարկանիշ ունի, դա ընդունում է։ Չկա նման բան ու չի կարող լինել։ Փաշինյանի գլխավոր նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է, նա փորձում է կեղծ լավատեսությամբ նրանց ոգին բարձր պահել։ Մյուս կողմից՝ նա փորձում է նաև իրեն չընտրողների շրջանում հոռետեսություն առաջացնել և հասարակության հատկապես ընդդիմադիր զանգվածի մեջ սերմանել այնպիսի տրամադրություններ, որ նրանք չգնան ընտրության։ Նրա միակ փրկությունը շատ քիչ մարդկանց մասնակցությունն է ընտրություններին, որովհետև մինչև հիմա Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների օրինակով գիտենք, որ Փաշինյանն ու նրա թիմը բազմաթիվ մեխանիզմներով փորձել են այդ ընտրություններում ձայներ կորզել, բայց խնդիրն այն է, որ ընտրակեղծարարության բոլոր մեխանիզմները ի չիք են դառնում, երբ մեծ քանակությամբ մարդիկ գնում են ընտրության։ Դրա վառ օրինակը Գյումրու ՏԻՄ ընտրություններն են։ Ճիշտ է, բազմիցս ասել եմ, որ ՏԻՄ և համապետական ընտրությունները տարբերվում են, բայց խնդիրը հետևյալն է, որ ընտրությունների արդյունքների վրա ընտրողների մեծ քանակությամբ մասնակցությունը շատ մեծ ազդեցություն ունի։ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը պարտվեց մեծ քանակությամբ ընտրողների մասնակցության արդյունքում։ Հիշեցնենք, որ Գյումրու ընտրությունների ժամանակ ՔՊ-ի թեկնածուն ասում էր՝ վաղը կգաք ինձ շնորհավորելու։ Հույս ունեին «50+1» ձայն ունենալ, բայց պարզվեց, որ բոնուսային համակարգով հավաքել են ընդամենը 37 տոկոս։ Գյումրու ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանի խաղաքարտերը բոլոր ձևաչափերով, կեղծիքների միջոցով ձայներ ստանալը «կոտրվում» են մեծ քանակությամբ ընտրողների մասնակցության պարագայում։ Այո՛, շատ մեծ կարևորություն ունի, որ մեծ քանակությամբ մարդիկ մասնակցեն խորհրդարանական ընտրություններին»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais Սագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերը ICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածր Համոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ Պուտինին Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr 45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Կորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համար ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները