Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում

Վաշինգտոնում անցկացված ամենամյա Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովում Հայաստանից հնչեց ուղիղ ու ծանրակշիռ խոսք։

Փաստաբան Արամ Վարդևանյանը միջազգային հեղինակավոր հարթակից հանդես եկավ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության դիրքերից՝ ներկայացնելով Հայաստանի կառավարության կողմից Եկեղեցու գործերին միջամտության, հոգևորականների նկատմամբ ճնշումների և իրավական գործընթացների ակնհայտ խախտումների փաստերը։

Իր ելույթում Վարդևանյանը շեշտեց, որ Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող, քրիստոնեությունը պետականորեն առաջինը ընդունած երկիր է, որի ազգային, մշակութային և հոգևոր ինքնությունը դարեր շարունակ պահպանվել է հենց Եկեղեցու միջոցով։ Նրա խոսքով՝ անգամ պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին մնացել է հայ ժողովրդի խարիսխը՝ միավորելով հայրենիքում և Սփյուռքում ապրող հայերին։

Փաստաբանը հատուկ անդրադարձավ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին՝ ընդգծելով, որ ավելի քան հարյուր քսան հազար հայեր բռնի կերպով զրկվել են իրենց տներից, նախնիների գերեզմաններից և հավատքի վայրերից։ Նրա խոսքով՝ խոսքը միայն հումանիտար աղետի մասին չէ, այլ խղճի և կրոնի ազատության ամբողջական արգելափակման, երբ մարդկանց զրկել են իրենց եկեղեցիներն ու վանքերը այցելելու հիմնարար իրավունքից։

Վարդևանյանը միջազգային լսարանին ներկայացրեց նաև այն փաստը, որ այսօր առնվազն տասնինը քրիստոնյա հայեր շարունակում են մնալ կալանքի տակ Ադրբեջանում՝ որպես քաղաքական բանտարկյալներ։ Նա հիշեցրեց, որ միջազգային հանրության կողմից այդ հարցը բազմիցս բարձրաձայնվել է, սակայն խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

Ելույթի առանցքային և ամենածանր հատվածներից մեկը վերաբերում էր արդեն Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումներին։ Վարդևանյանը փաստեց, որ վերջին մեկ տարում գործող իշխանության ներկայացուցիչները բացահայտորեն միջամտել են Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին՝ պահանջելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։

Նրա խոսքով՝ սա աննախադեպ միջամտություն է անկախ ինստիտուտի գործերին, որը չի կարող տեղավորվել որևէ ժողովրդավարական կամ իրավական տրամաբանության մեջ։

Փաստաբանը հիշեցրեց, որ մի շարք եպիսկոպոսներ շարունակում են մնալ կալանքի տակ, իսկ հոգևորականների նկատմամբ հարուցված գործերը ուղեկցվում են ազատ տեղաշարժի սահմանափակումներով և ընթացակարգային կոպիտ խախտումներով։ Այդ ամենը, նրա համոզմամբ, ուղղված է ոչ թե արդարադատության իրականացմանը, այլ Եկեղեցու ձայնը լռեցնելուն և այն իշխանություններին հարմարեցնելու փորձերին։

Ելույթի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործին։ Վարդևանյանը ներկայացրեց, թե ինչպես Եկեղեցու պաշտպանությանը հրապարակային կերպով կանգնելուց հետո Կարապետյանը ենթարկվեց խուզարկությունների, ձերբակալության և երկարատև կալանքի՝ ծանր պայմաններում։ Նրա խոսքով՝ նախնական կալանքը փաստացի վերածվել է պատժի, ինչը հակասում է իրավունքի հիմնարար սկզբունքներին և վկայում է քաղաքական հետապնդման մասին։

Վարդևանյանը ընդգծեց, որ իր տասնհինգ տարվա փաստաբանական գործունեության ընթացքում չի հանդիպել կրոնական ազատության նման բացահայտ և համակարգված խախտումների։ Նա հիշեցրեց, որ ժողովրդավարության մասին խոսելը բավարար չէ, եթե այդ արժեքները չեն կիրառվում գործնականում, և կոչ արեց միջազգային հանրությանը պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե հայտարարություններով, այլ կոնկրետ քայլերով։

Գագաթնաժողովի ընթացքում, երբ փաստաբանը ներկայացնում էր Արցախի էթնիկ զտման փաստերը, Ուկրաինայից ժամանած պատվիրակության կողմից փորձ է արվել խոչընդոտել նրա ելույթը։ Սակայն այդ միջադեպը, ինչպես ինքն է նշել հետագայում, որևէ ազդեցություն չի ունեցել, և ներկայացված բոլոր փաստերը լիարժեքորեն հնչեցվել են միջազգային լսարանին։

Ամփոփելով իր խոսքը՝ Արամ Վարդևանյանը առանձնացրեց մի կարևոր շեշտադրում. Հայաստանի Հանրապետությունը որպես երկիր և ժողովուրդ չի նույնականացվում օրվա իշխանությունների գործողությունների հետ։ Նրա խոսքով՝ կա հասարակություն, որը չի համերաշխվում քաղաքական հետապնդումների, Եկեղեցու դեմ ճնշումների և անկախ ինստիտուտների թուլացման փորձերի հետ։

Վաշինգտոնից հնչած այս ելույթը դարձավ ոչ միայն Եկեղեցու պաշտպանության կոչ, այլ նաև ահազանգ այն մասին, որ իշխանությունը պահպանելու մոլուցքով գործադիր իշխանությունը պատրաստ է առաջին հերթին հարվածել հենց այն ինստիտուտին, որը դարեր շարունակ եղել է ազգի հոգին, վեր է կանգնել քաղաքական փոփոխություններից և իրավունք ունի արտահայտելու սեփական, անկախ կարծիքը։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները