Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի էներգետիկ շուկայում վերջին զարգացումները, հատկապես հեղուկ գազի գների կտրուկ և անկանխատեսելի տատանումները, բացահայտում են համակարգային խնդիրներ, որոնք տարիներ շարունակ մնացել են երկրորդ պլանում՝ փոխարինվելով իրավիճակային լուծումներով և քաղաքական հայտարարություններով։

Թեև ՀՀ իշխանությունները պարբերաբար խոսում են էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացիայի, նոր ուղիների և հնարավորությունների մասին, իրականում շուկայի արձագանքը յուրաքանչյուր արտաքին կամ ներքին ցնցման նկատմամբ ցույց է տալիս, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը շարունակում է մնալ խոցելի, իսկ այդ խոցելիության գինը վճարում է առաջին հերթին հասարակ սպառողը։

Ադրբեջանից ներմուծվող բենզինի թեման վերջին շրջանում առաջ բերեց տեղեկատվական և քաղաքական մեծ աղմուկ՝ ներկայացվելով որպես դիվերսիֆիկացիայի օրինակ և շուկայի մրցակցության ընդլայնման քայլ։ Սակայն այդ աժիոտաժի ֆոնին գրեթե աննկատ մնացին ավելի խորքային խնդիրները, որոնք վերաբերում են ոչ թե մեկ մատակարարի կամ մեկ ուղղության փոփոխությանը, այլ ամբողջ էներգետիկ համակարգի դիմադրողականությանը։

Հեղուկ գազի շուկայում արձանագրված զարգացումներն այդ ամենի ամենախոսուն օրինակներից են։ Երբ գինը շատ կարճ ժամանակահատվածում 170-200 դրամից որոշ լցակայաններում հասնում է 270-300 դրամի մեկ լիտրի համար, դա այլևս հնարավոր չէ բացատրել միայն շուկայական բնական տատանումներով կամ արտաքին գործոններով։ Սա արդեն առնվազն համակարգային ձախողման դրսևորում է, որտեղ շուկան չունի բավարար անվտանգության բարձիկներ, իսկ պետությունը չունի գործուն մեխանիզմներ գների կտրուկ ցնցումները մեղմելու համար։ Թեպետ կան փորձագետներ, որոնց կարծիքով, այստեղ խոսքը միայն ձախողման մասին չէ՝ այն ասպեկտով, որ Հայաստանում հեղուկ գազ ներկրող-վաճառողները կարող են իրականացրած լինել համաձայնեցված գնի բարձրացում, որը օրական իրենց ապահովում է ավելի քան 500 միլիոն դրամ հավել յալ եկամուտ։

Սա դասական իրավիճակ է, երբ սահմանափակ մատակարարումների կամ դրանց մասին շրջանառվող տեղեկությունների պայմաններում շուկան արագ անցնում է դեֆիցիտի հոգեբանական ռեժիմի, ինչն անմիջապես օգտագործվում է գների բարձրացման և որոշ տնտեսվարողների (կամ, ինչպես փորձագետներն են նշում, գուցե բոլորի) կողմից իրավիճակից օգտվելու նպատակով։

Որպես հիմնական պատճառաբանություն նշվում է Վերին Լարսի անցակետի փակումն ու եղանակային խոչընդոտները, որոնք իբր երկարացնում են ներմուծման ժամկետները 10-ից մինչև 20 օր։ Բացի այդ, մատնանշվում են Իրանից ներմուծվող գազի հետ կապված խնդիրները, որոնք կազմում են մոտ 15–20 տոկոս և պայմանավորված են այդ երկրում առկա ճգնաժամային իրավիճակով։ Բայց նախ՝ գները բարձրացել են Լարսի անցակետի փակման հենց հաջորդ օրը, այսինքն՝ թանկացել է պահուստավորված, առկա գազը, ինչն ինքնին կասկածելի է:

Մյուս կողմից՝ հենց այդ կարգի պատճառաբանությունների կրկնվող բնույթն է, որ վկայում է ոչ թե օբյեկտիվ անխուսափելիության, այլ կառավարման և ռազմավարական պլանավորման բացակայության, ինչպես նաև տնտեսվարողների կողմից գնի բարձրացման հնարավոր համաձայնեցվածության մասին։ Ի վերջո, Վերին Լարսն առաջին անգամ չէ, որ փակվում է, Իրանի հետ կապված ռիսկերը նույնպես երկար տարիներ հայտնի են, իսկ նավթի գների տատանումները գլոբալ շուկայի մշտական բաղադրիչ են։ Եթե յուրաքանչյուր նման գործոն կարող է կարճ ժամանակում շուկան գցել խուճապի և գնային պայթյունի մեջ, ապա դա նշանակում է, որ համակարգը կառուցված չէ ռիսկերի դիմակայման տրամաբանությամբ։

Վերադառնալով տնտեսվարողների պահվածքին՝ նշենք, որ նման իրավիճակում առավել մտահոգիչ է այն, որ էներգակիրներ ներմուծող տնտեսվարողները, օգտվելով վերահսկողության և հակակշիռների թուլությունից, հաճախ այդպիսի հանգամանքները վերածում են շահույթի առավելագույնացման գործիքի։ Գների կտրուկ բարձրացումը, արհեստական պակասուրդի տպավորության ստեղծումը և տեղեկատվական անորոշությունը դառնում են շուկայի վարքագծի սովորական տարրեր։ Արդյունքում տուժում է ոչ միայն վերջնական սպառողը, այլև տնտեսության ամբողջական կանխատեսելիությունը, քանի որ հեղուկ գազը Հայաստանում լայնորեն օգտագործվում է ոչ միայն տրանսպորտում, այլև փոքր բիզնեսում, ծառայությունների ոլորտում և որոշ դեպքերում նաև արտադրական գործընթացներում։ Այստեղ է, որ պետության դերակատարումը պետք է դուրս գա իրավիճակային արձագանքների շրջանակից և անցնի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության բարձիկների ստեղծման քաղաքականությանը, եթե, իհարկե, բացառում ենք նման «համաձայնության» առումով շահագրգռվածությունը։

Հեղուկ գազը կարող է այս ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկը դառնալ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ խոշոր և զարգացած տնտեսությունները, բախվելով էներգետիկ շոկերի, ընտրում են ոչ թե շուկան ամբողջությամբ ազատ թողնելու, այլ ռազմավարական պաշարների կուտակման և ճկուն կառավարման ուղին: Հայաստանի համար նման մոտեցումը ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ է։ Ադրբեջանական բենզինի շուրջ աժիոտաժ ստեղծելու փոխարեն, որը ավելի շատ քաղաքական և տեղեկատվական բնույթ ունի, կարելի է կենտրոնանալ իրական էներգետիկ կայունություն ապահովող քայլերի վրա։

ԵԱՏՄ ընդհանուր շուկայի շրջանակում Հայաստանն ունի հնարավորություն մեծ քանակությամբ հեղուկ գազ ներմուծելու Ռուսաստանից հատկապես այն ժամանակահատվածներում, երբ գները համեմատաբար ցածր են։ Այդ գազը կարող է ամբարվել հատուկ ստեղծված կամ արդիականացված տերմինալներում և օգտագործվել շուկայում սղության կամ գների կտրուկ աճի դեպքում՝ ապահովելով գնային կանխատեսելիություն և մեղմելով սպառողների վրա ճնշումը։ Նման մեխանիզմը թույլ կտա ոչ միայն զսպել գների արհեստական տատանումները, այլև սահմանափակել մենաշնորհային կամ օլիգոպոլ վարքագիծը շուկայում։

Բացի այդ, հեղուկ գազի էներգետիկ ներուժը կարող է ավելի լայն կիրառություն գտնել արդյունաբերական և արտադրական ոլորտներում, ինչը կնվազեցնի կախվածությունը այլ էներգակիրներից և կբարձրացնի տնտեսության ճկունությունը արտաքին շոկերի նկատմամբ։ Սա պահանջում է ոչ միայն ենթակառուցվածքների զարգացում, այլև կարգավորող և հարկային քաղաքականության վերանայում, որպեսզի հեղուկ գազի օգտագործումը դառնա տնտեսական տեսանկյունից առավել մրցունակ և կանխատեսելի։ Կրկնում ենք՝ եթե, իհարկե, նման ցանկություն կա...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները