«Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ուշագրավ է համարում այն, որ Հայաստանի ԱԳ նախարարի այցը Միացյալ Նահանգներ տեղի ունեցավ այն պահին, երբ «եռում» է Իրանը։ «Թեպետ հիմա բողոքի ցույցերի ալիքը, կարծես թե, մի փոքր նվազել է, բայց, այնուամենայնիվ, անորոշությունն Իրանի շուրջ մնում է։ Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այսօրվա Իրանի ճակատագիրը որոշակի է, որովհետև արտաքին խաղացողները բավականին ակտիվ են, և, կարծես թե, նրանք են նաև տաքացնում իրավիճակը երկրի ներսում։ Այս պայմաններում բավականին հապճեպ կազմակերպվում է չհայտարարված այց Միացյալ Նահանգներ՝ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպման առումով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։ Նա վստահ չէ, որ ԱՄՆ-ում քննարկված հիմնական թեման եղել է «TRIPP»-ը։ «Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները Հայաստանի ղեկավարության ներկայացուցչի՝ արտգործնախարարի հետ ավելի շատ քննարկել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և Միացյալ Նահանգների ակնկալիքները Հայաստանի իշխանություններից: Պաշտոնական օրակարգը եղել է «TRIPP»-ի շուրջ։ Կարծում եմ՝ սրա մասին վկայում է նաև այն, որ տարեվերջին բավականին համառորեն ինֆորմացիա էր տարածվում, որ Հայաստան է ժամանելու Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այդ ժամանակ խոսվում էր այն մասին, որ նա ժամանելու է Հայաստան, և ստորագրվելու է ինչոր փաստաթուղթ ճանապարհի պրակտիկ գործարկման մասին։ Մինչդեռ տեսանք, որ այդ գործընթացը տեղի ունեցավ Վաշինգտոնում։ Սա նշանակում է, որ Վենսը չի գալո՞ւ։ Կարելի է ենթադրել, որ այնքան հրատապ խնդիր էր առաջացել «TRIPP»-ի թեմայից դուրս, որ անհրաժեշտություն եղավ Միրզոյանին կանչել Վաշինգտոն։ Կարծում եմ՝ ձեռքի հետ են այդ հայտարարությունն ընդունել։ Ենթադրում եմ՝ Իրանի շուրջ հիմնական թեման քննարկվել է փակ դռների հետևում, և դրա մասին որևէ խոսք չկա։ Ինչի՞ մասին են պայմանավորվել Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, կարող ենք միայն կռահել, բայց հաշվի առնելով, թե դրանից հետո ինչ արձագանք եղավ Իրանի նորանշանակ դեսպանի կողմից, որը վաշինգտոնյան հերթական իրադարձությունից հետո հանդես եկավ ավելի քան կոշտ հայտարարություններով Հայաստանի իշխանությունների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ Իրանում պատկերացումներ կամ ինֆորմացիա ունեն, թե Հայաստանի իշխանություններն ինչ վարքագիծ կամ դիրքորոշում են ընդունել Վաշինգտոնում կամ ինչի մասին են պայմանավորվել այնտեղ, որն այդ աստիճան նյարդայնացրել և մտահոգել է Իրանի փաստացի ղեկավարությանը։ Դեսպանն Իրանի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և արտահայտել է պաշտոնական Թեհրանի մոտեցումները։ Իրանի դեսպանը Հայաստանի իշխանություններին ուղղակիորեն ասաց՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը Իրանի նկատմամբ թշնամիներին է խրախուսում, ըստ էության, թշնամական վերաբերմունք ունի, և ուղղակիորեն ասացին՝ մինչդեռ Իրանը միշտ ամենածանր պահերին Հայաստանի կողքին է եղել։ Նաև ակնարկեց՝ Իրանում երբեք չեն մոռանա Հայաստանի նման կեցվածքը։ Իսկ «TRIPP»-ի հետ կապված ասվեց, որ Իրանին մտահոգում է իրենց սահմաններին «TRIPP» ծրագրի շրջանակում ամերիկյան կոնտինգենտի կամ ամերիկացիների ներկայությունը՝ հաշվի առնելով, որ իրենք առնվազն մտահոգություններ ունեն, որ Միացյալ Նահանգների համապատասխան կազմակերպությունները, որոնք ծրագրի իրագործման շրջանակում փաստացի կգտնվեն Հայաստանի սուվերեն տարածքում և Իրանի սահմանում, նաև այլ գործողություններով են զբաղվելու, ինչն Իրանը լուրջ սպառնալիք է համարում իր ազգային անվտանգությանը»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին՝ քաղտեխնոլոգն ասում է՝ առկա հարցերն իրենց պատասխանները չեն ստացել։ «Նախ՝ փաստաթղթում բազմիցս նշվում է ինքնիշխանություն տերմինը։ Եթե ֆորմալ առումով սուվերեն պետությունների հայտարարությունում մի պետության ինքնիշխանությունն անընդհատ շեշտվում է, ուրեմն հատուկ խնդիր կա այդ թեման կա՛մ փակել, կա՛մ քողարկել։ Տվ յալ պարագայում լեգիտիմ իրավունք ունենք մտածելու, որ քողարկվում է թեման։ Այդ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են և քննարկել «TRIPP»-ի շուրջ զարգացումները։ Քննարկման ժամանակ կրկին հնչեցրել են «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Այստեղ գործ ունենք ավելի շատ քաղաքական փիառի, քողարկումների, քան հարցերի պատասխան ստանալու հետ։ Փաստաթղթում խոսքը «front office»-ի և «back office»-ի մասին է։ Ասվում է, որ, ըստ էության, ադրբեջանցիների հետ շփվելու է այդ «front office»-ը, որն ամերիկյան կազմակերպություն է լինելու, այլ ոչ թե հայ մաքսավորները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի պահանջն այս առումով կատարվում է, Ալիևն ասում էր, որ ադրբեջանցիները չպետք է հայերի տեսնեն։ Բացի դրանից, «TRIPP»-ի մասնաբաժնի 74 տոկոսը կլինի ԱՄՆ-ինը, 26-ը՝ Հայաստանինը։ Կարող ենք ասել, որ առնվազն սուվերենության մասնակի զիջում է տեղի ունեցել Հայաստանի տարածքի այդ հատվածում։ Մյուս կողմից՝ անհասկանալի է՝ այդ «front office» և «back office» գաղափարը վերաբերում է նաև Ադրբեջանի՞ տարածքին։ Օրինակ՝ Նախիջևանում էլ է այդպես լինելո՞ւ, թե ոչ, հայերը տեսնելո՞ւ են ադրբեջանցիներին, եթե որոշեն թե՛ Նախիջևանի, թե՛ Ադրբեջանի հիմնական մասով գործունեություն ծավալել կամ տուրիզմով զբաղվել։ Ինչո՞ւ Ադրբեջանի կողմում չկա այդ «front office»-ը։ Բազմաթիվ հարցեր կան, բայց ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան «TRIPP» ծրագիրն ընկալում են որպես «Զանգեզուրի միջանցք»։ Այս պահի դրությամբ սա իրենց բավարարում է, որովհետև իրենք, ըստ էության, ճանապարհ են ստանում, որը Հայաստանի վերահսկողությունից դուրս է։ Եվս մեկ նկատառում։ Հայտարարվում է, որ Միացյալ Նահանգները կարող է իր բաժնեմասի վերանայում կատարել, այսինքն՝ կարող են դրա ինչ-որ մի հատված այլ կազմակերպությունների տրամադրել։ Հայաստանը կարո՞ղ է որոշումներ ընդունել, թե իր տարածքում էլ ով կարող է դե յուրե և դե ֆակտո մասնաբաժին ունենալ այդ ծրագրում։ Նույնիսկ, եթե համարենք, որ դե յուրե նման հնարավորություն Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ, և Հայաստանի Հանրապետության խոսքը կամ կարծիքը որոշիչ կարող է լինել, հարց է առաջանում՝ դե ֆակտո Հայաստանի իշխանությունները, եթե այս իշխանություններն են մնում, կարո՞ղ են Միացյալ Նահանգների ցանկությունների դեմն առնել։ Կարծում եմ, որ, հաշվի առնելով այսօրվա իրողությունները և Հայաստանի այսօրվա իշխանությունների վարքագծային նախադեպերը, պատասխանն ակնհայտ է. որևէ մեկը Հայաստանի իշխանությունների կարծիքն ինչպես հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում։ Ամերիկյան մասնաբաժնի շուրջ բավականին լուրջ հակամարտություններ են լինելու, որոնք տեղի են ունենալու Հայաստանի տարածքի շուրջ, այսինքն՝ պրոքսի պայքարը տեղի է ունենալու Հայաստանի տարածքի շուրջ»,-հավելում է նա։ Երբեմն տպավորություն է, որ Հայաստանի գործող իշխանությունների գլխավոր նպատակն է, որ այս ճանապարհը որևէ պաշտոնական փաստաթղթում չկոչվի միջանցք, մնացյալ հարցերում նրանք պատրաստ են հարմարվել բոլորին ու համաձայնել բոլորի հետ։ «Իրենց համար սկզբունքային է, որ դա միջանցք չկոչվի։ Դա արվում է ներքին լսարանի համար։ Շատ լավ հասկանում են, որ ներքին լսարանի համար անընդունելի է միջանցքային տրամաբանությունը։ Այդ իսկ պատճառով փաստացի միջանցքային տրամաբանությունը թողնված է «TRIPP» ծրագրում, ուղղակի ներգրավված է երրորդ կողմ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում էլ կար նույն միջանցքային տրամաբանությունը, ուղղակի այնտեղ երրորդ կողմը ռուսներն էին՝ որպես երաշխավորներ, այստեղ այդ երրորդ՝ նույն միջանցքային տրամաբանությունը բավարարող, իրագործող կողմն առայժմ Միացյալ Նահանգներն է։ Հայաստանին այստեղ «back office»-ի ֆունկցիա է վերապահված։ Նա չի առերեսվելու մարդկային հոսքերի, ուղեբեռների և ուղևորների հետ, այսինքն՝ չի վերահսկելու որևէ բան։ Իրեն փոխանցելու են այն, ինչ ցանկանալու են փոխանցել, և չեն փոխանցելու այն, ինչ չեն ցանկանալու։ Հայաստանը «back office» է դառնում իր տարածքում»,-նշում է քաղտեխնոլոգը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները