Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լսեք, բերանով եք ասում. 3 (երեք) միլիարդ դրամ... պարգևավճար: Այն էլ՝ Նիկոլ Փաշինյանին, նրա կաբինետի նախարարներին, նախարարների տեղակալներին, վարչության պետերին: Ներառյալ վարորդ-մարորդներին: Մի երկրում, որտեղ աղքատության աստիճանը շարունակաբար մնում է բարձր, կառավարությունը, պետական պաշտոնյաները, սկսած Նիկոլ Փաշինյանից, գործնականում իրենք իրենց 3 միլիարդ դրամի կամ որ նույնն է՝ գրեթե 8 (ութ) միլիոն ԱՄՆ դոլարի միայն պարգևավճար են դուրս գրում պետական բյուջեից: Ու դա դեռ տարեվերջյան, այսպես ասած՝ «տոնական» պարգևատրումն է: Չնայած, դա արդեն նույնիսկ կարևոր էլ չէ:

Երբևէ, գոնե թեկուզ հին կինոներում տեսած կա՞ք, թե ինչպես են անապատը մի կերպ հաղթահարածները վրա պրծնում ջրին, կամ սովահարներն ինչպես են հարձակվում կերակուրի վրա: Երբ հրապարակվեց Փաշինյանի կառավարության, իշխանության ոլորտային «առաջին-երկրորդ» դեմքերի, պաշտոնյաների այս՝ բազմամիլիարդանոց ինքնապարգևավճարման մասին տեղեկությունը, տողերիս հեղինակի մտապատկերով նման տեսարաններ «անցան»: Իսկ ի՞նչ մտածեցին կամ ի՞նչ են մտածում մեր թոշակառու և նպաստառու հայրենակիցները: Ի՞նչ պատկերներ երևացին նրանց, երբ իմացան, որ օրուգիշեր իրենց սեր խոստովանող, իրենց առաջ իբրև թե խոնարհվող քպական պաշտոնյաները միլիոններ է, որ պարգևավճարվել են:

Այնքան միլիոններ, որ նախարարներից մեկը նույնիսկ անփութորեն է արտաբերում, թե՝ մի 6-7 միլիոն դրամ էլ ինքն է պարգևավճարվել: Դե, չարչարվել են, բա պիտի լիուբոլ ստանան: Չէ, մի հատ ըմբոշխնեք այդ պահն էլի՝ մի 6-7 միլիոն: Այսինքն՝ նրանք միլիոններն իսկի չեն հաշվում: Դե, մեկ միլիոն այս կողմ, մեկ միլիոն այն կողմ, դա ի՞նչ է իրենց համար:

Հա, իրենց համար: Նրանց համար, որ այլ հանգամանքների դեպքում կերազեին 2-3 միլիոն դրամ միասին տեսնել, էլ չենք ասում, որ այդ այլ հանգամանքների դեպքում ավելի շուտ իրենց ծոծրակները կտեսնեին, քան թե պետական բարձր պաշտոն...

Հիմա իրենց համար 10 կամ 20 հազար դոլարը այնպե՜ս, գրպանի մանր ծախս է:

Այնպիսի տպավորություն է, որ քպական «առաջին շարքի» «կարկառունները» թևքերը քշտած մտել են պետական բյուջե և ուտել է, որ ուտում են: Անկշտորեն: Աչքածակաբար:

Ու Փաշինյանի այս իշխանությունը բացահայտորեն ծաղրում, ձեռք է առնում հասարակությանը, առաջին հերթին՝ թոշակառուներին, չքավորներին, աղքատներին:

Թոշակառուին 10000 դրամ ավելի վճարելու օրինական պահանջի դեպքում սկսում են աղիողորմ լացել, թե՝ փող չկա, թե թոշակառուն չգիտի՝ ինչի վրա ծախսել այդ գումարները: Ասում են, որ եթե թոշակառուին հանկարծ 20 հազար դրամ ավել վճարեն, միևնույնն է, նրա կյանքում դա բան չի փոխելու, տունն էլի չջեռուցված կմնա:

Ու ստացվում է այսպես. քանի որ թոշակառուի կյանքում 20 հազար դրամը բան չի փոխելու, եկեք ինքներս մեզ մի 6-7 միլիոն դրամ պարգևավճար տանք՝ «չաղուբախտավորվենք»:

Սա, այս վարքը, որ փաշինյանական իշխանությունը դրսևորում է, ավելի ճիշտ՝ դրսևորեց պարգևավճարների հետ կապված, ունի նաև շատ պարզ ու հակիրճ, ոչ իրավական սահմանում. անբարոյականությո՛ւն: Եթե կուզեք՝ սոցիալական անբարոյականություն:

Դեռ մի կողմ դնենք հարցը, թե՝ «պարգևավճար ինչի՞ համար»: Օրինակ՝ Եկեղեցու կուսակրոնության հարցեր քննարկելո՞ւ, Եկեղեցու վրա հարձակվելո՞ւ, ընդդիմադիրներին կալանավորելո՞ւ, թոշակ չբարձրացնելո՞ւ, աղքատություն չնվազեցնելո՞ւ, սպանությունների, ծանր հանցագործությունների աճի՞ (լրացրեք, ըստ ձեր երևակայության) համար: Ինչի՞ համար: Կրկնեմ՝ դա դնենք մի կողմ: Ու դա էլ արդեն նույնիսկ էական չէ: Էականն այն է, որ 1 նախարարի մեկանգամյա պարգևատրումը 1 թոշակառուի 10-12 տարվա (կարելի է ասել՝ կյանքի մնացած հատվածի) թոշակի գումարին է հավասար: Կամ՝ 10-12 թոշակառուի 1 տարվա թոշակի գումարն է:

Հա, անձամբ Փաշինյանն ու իր երկու փոխվարչապետերը, այսինքն՝ 3 հոգով ամբողջ 51,6 միլիոն դրամ պարգևատրումներ են ստացել: Դա էլ 110-ից 120 թոշակառուի 1 տարվա կենսաթոշակն է: Հիմա պատկերացրեք, եթե դրանից մի 10 անգամ պակաս պարգևատրվեին նախկինում: Ի՞նչ կլիներ: Իսկ կլիներ աղմուկ-աղաղակ: Օրինակ՝, 2013, 2014, անգամ 2017 թվականի Նիկոլ Փաշինյանն անվարան ու սրտաճմլիկ ելույթ կունենար ԱԺ ամբիոնից, անարգանքի սյուներին կգամեր պարգևավճարված նախարարներին: Իսկ հիմա, հակառակը, դեռ մի բան էլ արդարացնո՜ւմ է, հիմնավորո՜ւմ, թե բա սեփական կյանքը չխնայելով՝ տքնել են, բա պիտի պարգևատրվեն էլ...

Լուսահոգի տատս կասեր՝ այնպես են ուտում, ասես աշխարհի վերջն է: Հարկավ, աշխարհի վերջը չի, բայց Փաշինյանն ու «առաջին շարքի» քպականները շատ լավ հասկանում են, որ 2026-ը կարող է իրենց իշխանության վերջը լինել: Ու այդ մտքից ասես տենդահար՝ բյուջեից ինչ հնարավոր է, քերում են: Այնպես չէ, որ մինչև այս չէին քերում, պարզապես հիմա դա ավելի տենդագին է արվում ու ավելի մեծ չափերով: Ու դա նրանք են, որ ասում են՝ կոռուպցիա չկա, թե՝ իրենք չեն թալանում, այս, այն:

Բայց փաստն այն է, ինչը կա, իսկ ինչը կա՝ արտացոլված է նրանց դեմքերին, հատկապես պարարտացած այտերի տեսքով: Էլիտար բնակարանների, առանձնատների, թանկանոց մեքենաների մասին էլ՝ չասած:

Միլիոններ է, որ շփում են, հարգելի «հերոս հարկատուներ», տատիկ-պապիկներ, որոնց բոլորիդ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ վերնախավը, նախարարներով-բանով, կրկնենք՝ սիրում են, խոնարհվում են ու... հա՛, իրենց տուգանային ձեռքերը ձեր գրպաններից չեն հանում:

Ի դեպ, վերին արտի «ցորենների» և ցածրախավային «գարիների» մասին: Հատկանշական է, որ «չալաղաջ» պարգևավճարներով իրենք իրենց պարգևատրել են հատկապես «առաջին շարքի» քպականները՝ վարչապետ, փոխվարչապետեր, պատգամավորներ, նախարարներ, տեղակալներ և այլն:

Իսկ այ, «մասսովկայի» քպականներին կրճոններ են բաժին ընկել, եթե առհասարակ ընկել է: Նրանց՝ զանազան դպրոցատնօրենների, մանր պետական հիմնարկների այլ պետերի ու պետուհիների, որ ըստ անհրաժեշտության «բերման են ենթարկում» ՔՊ-ի եկեղեցական միտինգների ու նմանօրինակ այլ կուսակցական միջոցառումների, ասում են՝ մի կույր կոպեկ էլ չի հասել: Կամ էլ հենց միայն կույր կոպեկն է հասել: Դե, դա արդեն հինավուրց ու չգրված օրենք է: Միլիարդներ ու միլիոններ վայելողները միշտ էլ մանր են բրդում «շարքերին»: Էլ չենք խոսում այն մասին, որ, օրինակ՝ ուսուցիչներին, արվեստի ոլորտի դասատուներին, մանկապարտեզների աշխատակիցներին և պետական կառույցների այլ՝ «շարքային» աշխատողներին ոչինչ չի հասել: Փող չկա...

Պա՞րզ է, թե հիմա քանի գրոշ արժեն կոռուպցիայի դեմ պայքարի, չթալանելու և այլ վերամբարձ նման թեմաներով Փաշինյանի ու «առաջին շարքի» քպականների ասածները: Եթե դեռ պարզ չէ, նայեք նրանց պարգևավճարներին ու նայեք ձեր պարտքերին ու դատարկ գրպաններին: Բա սրա՞ համար էիք իրենց ձեր ուսերին դրած բերում իշխանության:

Մտածեք: Դա օգնում է արագ սթափվել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները