Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրեթե բոլոր ոչ իշխանական փորձագիտական ու քաղաքական շրջանակներն ուշադրություն սևեռեցին այն իրողության վրա, որ Եվրամիությունը բացահայտորեն ցանկանում է միջամտել Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես՝ առաջիկա ընտրություններին: Հարկավ, նման գնահատականները ոչ միայն արդարացված են, այլև միանգամայն հիմնավորված ու փաստարկված:

Իսկ իրողությունն այն է, ինչը բարձրաձայնեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի էստոնուհի փոխնախագահ Կայա Կալլասը. «Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել՝ արտաքին միջամտությունը կանխելու համար»: Ըստ այդ բացահայտորեն քարոզչական ու բացարձակապես որևէ փաստական հանգամանքով չհիմնավորվող «տեսության», Ռուսաստանն իբր «հիբրիդային պատերազմ» է վարում իր ռազմավարական դաշնակցի կարգավիճակն ունեցող Հայաստանի դեմ, ավելին՝ ապատեղեկացնող, ապակողմնորոշող ինչ-ինչ միջամտություններ է իբր ունենում և այլն:

Կրկնենք, նման ոչ մի փաստական, անբեկանելի բան չկա: Կարճ ասած՝ Ռուսաստանի «միջամտության» թեզը քննադատության չի դիմանում և ակնհայտորեն հորինվածի տպավորություն է թողնում: Քարոզչաքաղաքական «բոբո», էլի: Ու այդ մտացածին վարկածի հիմնական նպատակը արդեն Եվրամիության ռեալ արտաքին միջամտությունը արդարացնելու նպատակ է հետապնդում: Մոլդովառումինական սցենարով, մի խոսքով, երբ էլի «արտաքին միջամտության» աստառի տակ տոտալ հակաժողովրդավարական ձեռնարկումներ արվեցին: Փորձագետներին սա ևս ակնհայտ է:

Բայց այս ակնհայտությունների շարանում, կարծում ենք, շատերի ուշադրությունից վրիպում է մեկ կարևոր նրբերանգ: Եվրամիությունը, Կալլասը կամ Ֆոն դեր Լայենը ու մյուսները քթները Հայաստանի ներքին գործերի, ՀՀ ընտրողների ազատ կողմնորոշման վրա ճնշում գործադրելու նկրտումները, գոնե պաշտոնական ձևակերպմամբ, դրսևորում են ոչ այնքան սեփական նախաձեռնությամբ, այլ, ինչպես վերը նշվեց, «Հայաստանի խնդրանքով»: Թեպետ, հասկանալի է՝ իրենք ոչ միայն դեմ չեն նմնա «խնդրանքին», այլ գուցե այդ «խնդրանքը» հենց իրենց նախաձեռնությամբ էլ եղել է: Բայց այստեղ Կալլասը մի փոքր ճոխացրել է, քանի որ Փաշինյանի կառավարությունն ու ՔՊ-ն ամենևին էլ Հայաստանը չեն, չնայած իրենց ունեցած ժանգը կերած «մանդատին»: Ավելի ճիշտ է ասել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն Եվրամիությանը դիմել են խնդրանքով, որպեսզի օգնեն՝ իրենց ռեպրեսիվ-բռնատիրական ռեժիմը վերարտադրելու հարցում: Փաշինյանի իշխանության խնդրանքն էլ, ընդգծենք, հատկանշական է (հազար ողորմի քեզ, Երվանդ Օտյան). ակնկալում են ԵՄ-ից 15+5 միլիոն եվրո՝ «ապատեղեկատվության դեմ պայքարի» ու նմանօրինակ նպատակների համար: Սա մեկին մեկ հիշեցնում է Փանջունու նամակները, որոնք ավարտվում էին գրեթե նույն արտահայտությամբ. «Մի քիչ փող ղրկեցեք ինձ»: Բայց, լավ, փողը կամ միլիոնավոր եվրոները՝ դեռ մի կողմ: Ասում ենք՝ դեռ: Այստեղ չափազանց հետաքրքիր է այլ բան. երևակայական կամ մտացածին «արտաքին միջամտություն կանխելու համար» Փաշինյանի իշխանությունը խնդրում է... արտաքին միջամտություն իրականացնել: Համա թե «ինքնիշխանություն» է: Փաշինյանն ու ՔՊ-ն են, չէ՞, որ հատկապես վերջին 1-2 տարին որտեղ նստում-ելնում են, խոսում են «ինքնիշխանությունից»: Հասել են այնպիսի աբսուրդի, որ հայտարարում են, թե՝ «ի՜նչ լավ է, որ Արցախը կորցրեցինք, վզաթոկից ազատվեցինք, փոխարենը ինքնիշխանություն ձեռք բերեցինք...»:

Ավելին, նույն Փաշինյանը, քպական քարոզիչների առաջին շարքերի ներկայացուցիչները չեն վարանում տիեզերական աղմուկ-աղաղակ բարձրացնել, երբ ընդդիմադիր ուժերը կամ ռեպրեսիաների ենթարկվող գործիչները դիմում են միջազգային իրավապաշտպան կառույցների, միջազգային ատյանների, կամ թեկուզ իրավապաշտպան են ներգրավում, ինչպես, օրինակ՝ հայտնի փաստաբան Ամստերդամին՝ գործարար ու ազգային բարերար Սամվել Կարապետյանի «գործով»:

Քպականների քարոզչախումբը միանգամից աղմուկ է բարձրացնում, թե՝ «էս մեր վրա դրսից տղա եք բերե՞լ...», «երկրի ներքին գործերին դրսից մարդ եք կանչո՞ւմ...»:

Իսկ հիմա իրենք, «հինգերորդ կետով» ու ոչ միայն, զգալով, որ արդար ու մրցակցային ընտրությունների պայմաններում վերարտադրվելու չնչին շանսեր ունեն կամ ընդհանրապես չունեն, վազել են Եվրամիության դռները, փող են մուրում, լացուկոծ են դրել, թե՝ ամա՜ն, եկե՜ք, հասե՜ք, թե չէ մեզ թախտից կգցեն: Այսինքն, այլոց «դրսից տղա բերելու» մեջ մեղադրողներն առանց վարանելու Հայաստանի քաղաքացիների ու այդ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի վրա «տղա են բերում»: Ավելի ճիշտ՝ անգամ տղա չեն բերում, այս դեպքում՝ «աղջիկ են բերում»...

Այս՝ «դրսից մարդ բերելու» առնչությամբ, ի դեպ, հավելենք, որ անցած տարիներին ամենատարբեր գործիչներ ու մեկնաբաններ մեկ անգամ չէ, որ ենթադրություններ են հայտնել առ այն, թե ինչ արտաքին ուժեր, շրջանակներ են շահագրգռված եղել 2018- ին Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու և Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու հարցում: Անկախ ամեն ինչից, քչերն են կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի օտարերկրյա շահառուներ, ըստ որում, նաև այնպիսի շահառուներ, որոնք ոչ մի կերպ չեն դասվում Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամների շարքում:

Բայց Փաշինյանի, ՔՊ-ի ու նրա իշխանության համար դա ինչ-որ մի նոր կամ առանձնահատուկ երևույթ էլ չէ: Չմոռանանք, որ 2021 թվականին, երբ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց կառավարության հրաժարականը, կայծակնային արագությամբ արձագանքեց ու մեջտեղ ընկավ Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ հայտարարելով, թե անթույլատրելի է, որ Հայաստանում ռազմական հեղաշրջում տեղի ունենա: Դա, ի դեպ, ավելին էր, քան Հայաստանի ներքին գործերին միջամտելը: Դա ուղիղ արտաքին քաղաքական աջակցություն էր Հայաստանի երերացող իշխանությանը, որը Հայաստանն ու Արցախը տարել էր ողբերգական արկածախնդրության:

Ինչ վերաբերում է Եվրամիության փողերին, ապա ակնհայտ է, որ դրանք նախատեսված է ծախսել Հայաստանում ժողովրդի կամքին բռնանալու և ամեն գնով, ցանկացած ռեպրեսիվ, հակաժողովրդավարական ու ճնշողական մեթոդներով Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու վրա: Թե ի՞նչ կստացվի այդ կոմբինացիաներից, դժվար է ասել: Հնարավոր է՝ մի քանի եվրոքարոզիչ էլի մի քանի հատ էլիտար բնակարանի տեր դառնա: Փոխարենը հստակ կարելի է ասել, որ եթե արտաքին միջամտության խնդրարկուն տանից լինի, ապա միջամտողները երդիկից էլ կներթափանցեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները