Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին հանրային դիսկուրսի առանցքում հայտնված թեման վերաբերում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորենի ներկրման գործընթացին, որը իշխանությունների կողմից ներկայացվում է որպես պատմական կամ առնվազն նշանակալի շրջադարձ հայ-ադրբեջանական հարաբերություններում։

Սակայն ավելի խորքային դիտարկման դեպքում ակնհայտ է դառնում, որ սա առաջին հերթին քաղաքական և տեղեկատվական շոու է՝ առանց իրական, երկարաժամկետ ռազմավարական նշանակության ու առանց հանրության համար առարկայական շահավետ արդյունքի։ Լայն առումով այս իրադարձությունն իր ամբողջ էությամբ խոսում է ոչ թե տնտեսական նոր հնարավորությունների, այլ քաղաքական իմիտացիայի, հանրային ընկալումների մանիպուլ յացիայի և պարենային անվտանգության լրջագույն խնդիրների մասին։

Նախ՝ անհրաժեշտ է անդրադառնալ այն թեզին, թե Ադրբեջանը իբր բացել է իր տարածքը Հայաստանի համար՝ որպես խաղաղության և համագործակցության նախանշան։ Իրականում, սակայն, խոսքը ոչ թե համապարփակ և երաշխավորված տրանսպորտային միջանցքի կամ երկարատև փոխվստահության հիմքի վրա կառուցված շարժի մասին է, այլ ընդամենը մեկ կամ մի քանի անգամվա տարանցման մասին, որը լիովին կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից ու մղումներից։ Ցանկացած պահի, անգամ տեխնիկական կամ արհեստական պատճառաբանությամբ, այս ճանապարհը կարող է փակվել, և որևէ երաշխիք չկա, որ նման նախաձեռնությունները կդառնան կայուն, կանխատեսելի և Հայաստանի համար անվտանգ ուղի։ Իրականում սա առավելապես շանտաժի և քաղաքական շահարկման գործիք է, որը Բաքվի ձեռքին մնում է որպես ճնշման լծակ։ Այսինքն, այսօր կարող է ցորենի բեռը անցնել, իսկ վաղը՝ ամենաչնչին առիթով այդ ճանապարհը փակված կլինի, Հայաստանը նորից կհայտնվի պարենային ռիսկերի առաջ, կառավարությունն էլ ստիպված կլինի արդարանալ սեփական անգործության կամ սխալ հաշվարկների համար։

Այս համատեքստում պետք է արձանագրել, որ միայն մեկ ապրանքի՝ մասնավորապես ցորենի տեղափոխումը որևէ լուրջ հարց չի լուծում։ Այն չի կարող դիտարկվել որպես հայ-ադրբեջանական հարաբերություններում որակական տեղաշարժ կամ խաղաղության գործընթացի առաջընթաց։ Իհարկե, տեղեկատվական դաշտում սա լայնորեն ներկայացվում է որպես երկու երկրների միջև հնարավորությունների բացում, երկխոսության և փոխվստահության նշան, բայց իրականում, եթե գործընթացը չունի ինստիտուցիոնալ բնույթ, եթե չկան իրավական հենք, միջազգային երաշխիքներ, երկկողմ համաձայնություններ և ամենակարևորը՝ փոխադարձ վստահություն, ապա սա ընդամենը ժամանակավոր ակցիա է՝ հանրության աչքը մտցնելու համար։

Մի քանի անգամ բեռների անցումը ոչ միայն չի կարող հիմք ծառայել հարաբերությունների կայունացման, այլև հակառակը՝ ցույց է տալիս, թե որքան խոցելի է Հայաստանն այսօր արտաքին և ներքին ռիսկերից, ինչքան շեշտակի է կախված քաղաքական տրամադրություններից ու արտաքին ուժերի կամքից։ Ավելին, բուն ցորենի ներկրման տրամաբանությունը ևս քննադատության լուրջ հիմքեր ունի՝ թե՛ իր տնտեսական արդյունավետությամբ, թե՛ տարածաշրջանային լոգիստիկայի համատեքստում։

Ռուսաստանից Հայաստան ցորենի տեղափոխման համար ադրբեջանական տարածքի օգտագործումը ոչ միայն ավելի երկար ու բարդ ճանապարհ է, այլև ենթադրում է երկու անգամ սահմանային անցում. նախ՝ Ադրբեջան, ապա՝ Վրաստան, և նոր միայն Հայաստան, այն դեպքում, երբ գոյություն ունի ավելի արագ, կարճ ու նախընտրելի երթուղի՝ անմիջապես Ռուսաստանից Վրաստան, իսկ այնտեղից՝ Հայաստան։ Այսինքն, այսպես կոչված՝ «նոր» ճանապարհը ոչ միայն չի բարելավում լոգիստիկան, այլև ավելացնում է ռիսկերը, ծախսերը, կախվածությունն ու անորոշությունը։ Եթե իսկապես նպատակ կա դիվերսիֆիկացնել ներկրման ուղիները կամ ապահովել պարենային անվտանգություն, ապա պետք էր մտածել այլընտրանքային՝ երրորդ երկրների ներգրավմամբ տարբերակների մասին։

Այս հարցի շուրջ իշխանությունների հռետորաբանությունը, թե իբր Հայաստանը իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, նույնպես դժվար է համարել հիմնավոր։ Ռուսաստանը և Ղազախստանը ԵԱՏՄ լիիրավ անդամներ են, Հայաստանը՝ այդ նույն միության անդամ, ինչը նշանակում է, որ այսօր էլ առանց լուրջ խոչընդոտների կարող են փոխադարձաբար մատակարարել միմյանց տարբեր ապրանքներ, գյուղմթերք, այդ թվում՝ ցորեն։

Եթե իսկապես կարիք կար դիվերսիֆիկացնելու, ապա պետք էր ներկրում իրականացնել ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրներից՝ Իրանից, Եվրոպայից, Հնդկաստանից, Կանադայից, այլընտրանքային շուկաներից, ինչը կբացառեր մեկ երկրից կախվածության վտանգը և կբերեր թե՛ գների մրցակցություն, թե՛ պարենային ապահովության լրացուցիչ երաշխիքներ։ Իսկ ներկրման ուղու երկարացումն ու բարդացումն առանց նոր շուկաների ներգրավման՝ պարզապես տեխնիկական իմիտացիա է, որը տնտեսապես ոչ մի օգուտ չի բերում և չի ամրապնդում երկրի դիրքերը։

Բայց այս ողջ շոուի ամենախոր խնդիրը պարենային անվտանգության հարցն է։ Հայաստանը տարիներ շարունակ չի կարողացել ապահովել ցորենի՝ որպես ռազմավարական ապրանքի, ինքնարտադրություն։ Յուրաքանչյուր տարի հանրապետությունը ներկրում է մեծ քանակությամբ ցորեն, իսկ ներքին պահանջարկի գրեթե 70-80 տոկոսն ապահովվում է արտաքին շուկայից։ Սա ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային լարվածությունները, պատերազմների ու տնտեսական ճգնաժամերի հավանականությունը։ Ցանկացած պահի, եթե ներկրման ճանապարհները փակվեն, եթե գները կտրուկ տատանվեն, եթե մատակարար երկրներում խնդիրներ առաջանան, Հայաստանը կարող է հայտնվել պարենային ճգնաժամի առաջ՝ սպառողների և տնտեսության համար անդառնալի հետևանքներով։

Հենց այս պարագայում է ակնհայտ դառնում, որ ներկրման ուղղություններն ավելացնելը կամ քաղաքական շոուներով զբաղվելը հարցի լուծում չեն։ Անհրաժեշտ է խորքային պետական ռազմավարություն, որի հիմքում կլինի սեփական արտադրության խթանումը, գյուղատնտեսության արդիականացումը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղացիական տնտեսությունների աջակցությունը, սուբսիդավորման նպատակային ծրագրերը և ինքնաբավության մակարդակի աստիճանական բարձրացումը։ Հայաստանում կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ թե՛ կլիմայական, թե՛ հողային, թե՛ մարդկային ռեսուրսները, որպեսզի երկրում արտադրվի բավարար քանակի ցորեն և մի շարք այլ պարենային հիմնական ապրանքներ։

Եթե նույնիսկ երկրում արտադրված բերքի ինքնարժեքը որոշ չափով բարձր է արտասահմանից ներկրման համեմատ, ապա պետությունը ինքնարժեքն իջեցնելու և ձեռնտու դարձնելու համար կարող է աջակցել գյուղացիական տնտեսություններին, ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, ստեղծել նոր ոռոգման համակարգեր, ապահովել գյուղատնտեսական վարկերի մատչելիություն, սուբսիդավորել սերմացուի և պարարտանյութի ձեռքբերումը, զարգացնել գյուղացիական կոոպերացիաները և շուկայական մեխանիզմները։

Սա ոչ միայն կնպաստի պարենային անվտանգության ամրապնդմանը, այլև լուծում կտա սոցիալական, տարածքային, զբաղվածության հարցերին, կկանխի գյուղերից արտագաղթը, կպահպանի գյուղական մշակույթը և տնտեսության կենսունակությունը։ Նման մոտեցումը կարող է նաև դառնալ քաղաքական անկախության և ազգային անվտանգության կարևորագույն երաշխիք, քանի որ պարենային ինքնաբավությունը նվազեցնում է արտաքին ճնշումների և մատակարարման խափանումների ռիսկերը։

Այս ամենի ֆոնին պարզ է դառնում, որ այսօր իշխանությունների կողմից ներկայացվող՝ ադրբեջանական ճանապարհով ցորենի ներկրման շոուն, իրականում, ոչ միայն չի լուծում Հայաստանի պարենային անվտանգության հիմնախնդիրը, այլև հանրության մեջ ծնում է կեղծ սպասումներ։ Իսկ նմանատիպ քայլերը լավագույն դեպքում կարող են դիտարկվել ընդամենը որպես ժամանակավոր տեխնիկական լուծումներ, որոնց միջոցով հանրության ուշադրությունը շեղվում է խորքային խնդիրներից, իսկ արտաքին աշխարհին ներկայացվում է իբր հարաբերությունների և խաղաղության գործընթացի առաջընթաց։

Իրականում սա ոչ թե համագործակցություն է, այլ խոցելիության նոր դրսևորում, որի հետևանքները կարող են դառնալ անդառնալի, եթե չձևավորվի երկարաժամկետ, համակարգային, ազգային շահերից բխող քաղաքականություն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»
Ամենաընթերցվածները