Չափազանց բարդ իրադրություն, «մուսկուլների» ցուցադրում տարածաշրջանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ցույց է տալիս ժամանակը, Ադրբեջանը գնալով ավելի է մեծացնում Հայաստանի նկատմամբ պահանջները։ Սա են ցույց տալիս Բաքվից հնչող հայտարարությունները, որոնցից առաջնայիններից մեկը ադրբեջանցիների, այսպես ասած, «վերադարձն» է։ Հերթական անգամ դրա մասին է հայտարարել Իլհամ Ալիևը։ Ու նա այնքան առաջ է գնացել, որ նշել է, թե իբր «այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճ»։ Սրանով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ապացուցել «Արևմտյան Ադրբեջանի» արհեստական, կեղծ թեզերը։

Ուշագրավ է, որ դրա հետ կապված՝ ՀՀ իշխանությունների կողմից կոնկրետ հերքում կամ լուրջ հակադարձում չկա։ Նիկոլ Փաշինյանը փորձեց ինչ-որ թեթև անդրադարձ կատարել, բայց ստացվեց... «ինչպես միշտ»: Ավելին, կարելի է նույնիսկ ասել, որ իշխանավորներից ոմանք նույնիսկ փորձում էին արդարացնել. օրինակ՝ որ Ալիևի ասածը ներքին լսարանի համար հայտարարություն էր, դրանում ագրեսիա չկա, քանի որ «ադրբեջանցիները հո տանկերով չեն վերադառնալու, մեքենաներն են նստելու և գան»։ Իսկ իրականում Բաքվից նման հայտարարությունները հնչում են ոչ թե ներքին լսարանի համար, այլ որպես ուղերձ՝ ուղղված հենց Հայաստանին ու Հայաստանի ժողովրդին։

Չափազանց անգրագետ է պետք լինել կամ պարզապես իրականությունը չտեսնելու մեծ ցանկություն է պետք ունենալ՝ չհասկանալու, որ ադրբեջանցիների ներկայությունը մեր երկրում առարկայական, շատ լուրջ վտանգներ է ներկայացնում։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմից հետո Ալիևը հայտարարել էր, թե իրենք Երևան են վերադառնալու, սակայն ոչ տանկերով։ Հիմա նա արդեն քիչ-քիչ անցնում է այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացմանը։

Ու դրա համար նախ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Ու պատահական չէ, որ պահանջ է առաջ քաշվում ՀՀ Սահմանադրությունը փոխելու առումով: Ավելի խորքային իմաստով Ադրբեջանին ոչ միայն ՀՀ Անկախության հռչակագրի դրույթների մասին սահմանադրական հղումն է մտահոգում (իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի ու Ցեղասպանության մասին հիշատակումը), այլև Բաքվից շահագրգռված են այնպիսի դրույթներ ներմուծել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության մեջ, որ ադրբեջանցիները Հայաստան գան ու ինտեգրվեն հասարակության մեջ ու կարևոր գործոն դառնան Հայաստանի ներսում։ Եթե ադրբեջանցիների իրավունքները լիովին պաշտպանված են լինում, ապա դժվար չէ պատկերացնել հետագա զարգացումները: Սա, ըստ էության, ագրեսիայի շարունակություն է, ուղղակի այլ ուղղությամբ։ Իսկ դրա համար, քանի դեռ Թրամփն է ԱՄՆ նախագահն, ու նա անձամբ է փորձում միջնորդական դերակատարություն ստանձնել՝ փորձելով բարձրացնել խաղաղարարի իր իմիջը, թուրք-ադրբեջանական կողմը փորձելու է իր ագրեսիան շարունակել ոչ ռազմական ճանապարհով, մինչև որ հարմար միջազգային իրադրություն ստեղծվի Հայաստանի հետ կապված իր ծրագրերն իրականացնելու համար, այդ թվում՝ չի բացառվում, որ նաև ռազմական ագրեսիայի միջոցով։ Իսկ ռազմական երանգներից զուրկ ագրեսիան կարող է լինել ինչպես Հայաստանի ժողովրդագրական կազմը փոխելու, այնպես էլ տնտեսական ներխուժման, Հայաստանը որոշակի ապրանքների ներմուծման հետ կապված կախվածության մեջ գցելու, Հայաստանի արտադրությունը՝ հատկապես գյուղատնտեսական ոլորտում ոչ մրցունակ դարձնելու միջոցով։ Իսկ եթե, օրինակ՝ այդ պայմաններում սահմանները կրկին փակվեն, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է ուղղակի կաթվածահար լինել։ Այս կոնտեքստում առնվազն տարօրինակ է իշխանավորների ու սատելիտների հրճվանքը Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներմուծման առումով: Տարօրինակ է, եթե չասենք ավելին: Ի վերջո, այստեղ առկա է ոչ միայն կախվածության մեջ գցելու մեծ վտանգ, այլև պարենային անվտանգության խնդիր: Բայց սա արդեն առանձին խոսակցության թեմա է:

Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ հարևան երկու երկրներից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից քաղաքացիներ կամ գործարարներ կարող են հայտնվել ու մեծ քանակությամբ անշարժ գույք, հող ու այլ կապիտալ ձեռք բերել՝ այդպիսով մեծ դերակատարություն ձեռք բերելով տնտեսության ու, ըստ այդմ, նաև տարվող քաղաքականության վրա։

Իսկ ինչո՞ւ է կոնկրետ Հայաստանը այսպիսի նշանառության տակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ինչո՞ւ են ուզում կուլ տալ։ Պատասխանը շատ պարզ է. մեր երկիրն, իրենց պատկերացմամբ, այն «թույլ օղակն» է, որի միջոցով կարող են իրականություն դառնալ հեռուն գնացող պանթուրքական ծրագրերը։ Իսկ դրա համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել, քանի որ Հարավային Կովկասը, որը ավանդականորեն եղել է Ռուսաստանի ազդեցության գոտի, այսօր ավելի շատ թուրքական ազդեցությունն է կրում, քանի որ Ռուսաստանն զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմով։ Իսկ այն, որ հապաղելու դեպքում Մոսկվան իսկապես կարող է կորցնել Հարավային Կովկասը, ուղղակի կասկած չկա։ Պատահական չէ, որ Բաքվի խոսափողները հայտարարում են Հարավային Կովկասը Պետրոս Առաջինից ազատագրելու մասին: Դա կոնկրետ ուղերձ է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հետ կապված։ Չէ՞ որ հենց Պետրոս Առաջինն է, որ առաջին անգամ ռուսական պետությունը դարձրել է գործոն Հարավային Կովկասում։

Միգուցե ուկրաինական հարցի կարգավորումից հետո Ռուսաստանը փորձի իր ուշադրությունն ուղղել Հարավային Կովկասի ուղղությամբ։ Բայց եթե էթնիկ առումով փոփոխություններ տեղի ունեցան մեր տարածաշրջանում, ու թուրքական և ադրբեջանական տարրերի ազդեցության տարածքն ավելի ընդլայնվեց, ապա ռուսների համար առավել դժվար է լինելու վերադառնալը տարածաշրջան՝ հաշվի առնելով, որ ժամանակի հետ այստեղ ներկայացված ժողովուրդների կազմը կարող է փոփոխություն կրել, իսկ իրենք պատմականորեն հենվել են հենց Հարավային Կովկասի քրիստոնեական ժողովուրդների վրա։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա պարզ է, որ Արևմուտքը ևս շահագրգռված չի լինի Թուրքիայի չափից ավելի հզորացմամբ ու ազդեցության ընդլայնմամբ, քանի որ Անկարան խնդիրներ է ստեղծելու նաև Արևմուտքի՝ հատկապես Եվրոպայի համար, շատ ավելին է պահանջելու, արևմտյան քաղաքական գծից շեղվելու է և այլն։ Բայց երբ խոսքը Ռուսաստանին զսպելու, խանգարելու, վնասելու մասին է, ապա այս հարցում Արևմուտքից միանշանակ դեմ չեն լինի, որ նրա տեղը հենց Թուրքիան զբաղեցնի։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարբեր ուղղություններով ընդլայնել, սակայն դեռևս չունի այն տնտեսական հնարավորությունները, որ իր հարակից տարածաշրջանները երկարաժամկետ իմաստով կարողանա ազդեցության տակ պահել։

Իրանի մասով էլ կարող ենք նշել, որ այդ երկիրը, կքած լինելով պատժամիջոցների ծանրության տակ ու ներքին դժվարություններ ունենալով, ուղղակի չի կարող կանխել, որ ադրբեջանցիներն «առանց տանկերի» գան Հայաստան ու անջատողական ձգտումներ ցուցաբերեն, եթե, իհարկե, այսպես կոչված, «վերադարձը» տեղի ունենա։ Այնպես որ, իսկապես իրադրությունը շատ բարդ է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները