Խաղաղությունը երբեմն ավելի հեռու է, քան թվում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս պահի դրությամբ Ուկրաինայի պատերազմը մնում է ժամանակակից աշխարհակարգի ամենախոր ճգնաժամերից մեկը՝ հաշվի առնելով, որ այն ոչ թե մնացել է որպես ուղղակի տարածաշրջանային հակամարտություն, այլ վերածվել է համաշխարհային քաղաքականության առանցքային նյարդային հանգույցի։ Այսօր արդեն պատերազմն իր բնույթով դարձել է ոչ միայն տարածքային կամ ռազմավարական պայքար, այլև քաղաքական կամքի, միջազգային հեղինակության և աշխարհաքաղաքական հավասարակշռության հարց։

Հոկտեմբերի վերջին նախատեսված բուդապեշտյան հանդիպումը, որի հետ միջազգային հանրությունը հույս էր կապում՝ որպես հնարավոր դիվանագիտական շրջադարձի կետ, չեղարկվեց։ Համենայնդեպս, մոտ ապագայում ռեալ չի համարվում այդ հանդիպման անցկացումը։ Սա ինչ-որ տեսանկյունից խաղաղության հեռանկարին ուղղված խորհրդանշական հարված է։ Բուդապեշտում սպասվում էր Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը, Հունգարիայի մայրաքաղաք պետք է ժամաներ նաև Վոլոդիմիր Զելենսկին։ Ու այս նախաձեռնությունը դիտվում էր որպես պատմական հնարավորություն՝ գոնե քննարկելու Ուկրաինայի պատերազմի դադարեցման տարբերակները, սակայն, ինչպես տեսնում ենք, այս սպասումը չիրականացավ։ Սպիտակ տունը հաստատեց, որ նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են՝ հղում անելով կողմերի «բավարար պատրաստակամության բացակայությանը»։ Թրամփի բնորոշմամբ, «չարժե ժամանակ կորցնել մի բան քննարկելով, որի շուրջ կողմերը դեռ պատրաստ չեն իրական զիջումների»։ Այս հայտարարությունն ինքնին վկայում է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը չի պատրաստվում ներքաշվել այնպիսի բանակցությունների մեջ, որտեղ հնարավոր արդյունքը սահմանափակված է ձևականությամբ։

Բուդապեշտի հանդիպման տապալումը, սակայն, ունի ավելի խոր ենթատեքստ։ Դեռ Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցից հետո Մոսկվան սկսել էր ցույց տալ զսպված վերաբերմունք՝ հայտարարելով, թե «հանդիպման հստակ ժամկետներ երբեք չեն եղել», իսկ դիվանագիտական գործընթացը «չպետք է դիտարկվի որպես արագ լուծման ճանապարհ»։ Լավրովի մեկնաբանություններում հնչեց գլխավոր միտքը՝ Ռուսաստանը չի պատրաստվում կանգնել, քանի դեռ լուծված չեն այն հիմնարար խնդիրները, որոնք, իր գնահատմամբ, հանգեցրել են պատերազմի։ Այդ խնդիրների շարքում առանցքային է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ՆԱՏՕ-ին չմիանալու երաշխիքը և ոչ միջուկային պետության իրավական ամրագրումը։ Մոսկվայի այս դիրքորոշումն, ըստ էության, վերածվել է դիվանագիտական պատի, որը արգելափակում է ցանկացած իրական առաջընթաց։

Միաժամանակ, Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Թրամփի ղեկավարությամբ, փոփոխության է ենթարկվել։ ԱՄՆ նախագահը, որն իր քաղաքական գործունեության ընթացքում հաճախ հանդես է գալիս գործարքային տրամաբանությամբ, այս անգամ էլ փորձեց հարցին մոտենալ գործնական տեսանկյունից։ Նա, ըստ ամերիկյան աղբյուրների, անգամ քննարկել է Դոնբասի հարցը որպես «տարածքային փոխզիջման օրինակ», ինչը, սակայն, առաջացրել է մեծ անորոշություն։ Թեև Թրամփը երբեք բացահայտ չի ասել, որ Դոնբասը պետք է «տրվի Ռուսաստանին», բայց այն փաստը, որ այդ թեման բարձրացվել է Պուտինի հետ հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցում, իսկ հաջորդ օրը նա ընդունել է Զելենսկուն Սպիտակ տանը, վկայում է, որ ԱՄՆ-ն փորձում է վերադասավորել իր մոտեցումները։ Զելենսկին, ինչպես հաղորդում են ուկրաինական աղբյուրները, այդ հանդիպման ժամանակ հստակ ընդգծել է, որ «Ուկրաինան չի սկսել այս պատերազմը և չի կարող լինել այն կանգնեցնողը»։ Այս միտքը դարձավ ուկրաինական պետական դիրքորոշման խորհրդանիշ՝ մերժելով ցանկացած պարտադրող «խաղաղություն»։

Այս համատեքստում Բուդապեշտի հանդիպման չեղարկումը Կիևում ընդունվեց ոչ թե որպես հիասթափություն, այլ որպես սպասելի իրադարձություն։ Վերլուծաբանների մեծ մասը շեշտում է, որ դիվանագիտական գործընթացի վերագործարկումը այժմ ոչ միայն անարդյունավետ, այլև վտանգավոր կլիներ Ուկրաինայի համար՝ սպառնալով ներքին համախմբվածությանը և արտաքին աջակցության շարունակականությանը։

Արևմուտքում, մասնավորապես Եվրամիության շրջանակում նույնպես նկատվում է որոշակի հիասթափություն, բայց ոչ անակնկալ։ Բրյուսելում հասկանում են, որ առանց Ռուսաստանի քաղաքական կամքի, իսկ այժմ նաև Չինաստանի ոչ պաշտոնական միջամտության, ցանկացած բանակցային հարթակ դատապարտված է ձախողման։ Պատերազմի շարունակությունը նաև վերաձևում է գլոբալ քաղաքական հարաբերությունները։ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև վստահության բացակայությունը, Եվրոպայի աճող հոգնածությունը, Չինաստանի «չեզոք, բայց ազդեցիկ» դիրքավորումը և Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները ստեղծում են խիստ անկայուն համաշխարհային մթնոլորտ։ Ռուսաստանի համար Ուկրաինան դարձել է ոչ միայն ռազմավարական գոտի, այլև ռուսական ինքնության վերաիմաստավորման տարածք, իսկ Թրամփի համար՝ արտաքին քաղաքական հաշվարկների գործիք, որով նա փորձում է վերականգնել ամերիկյան գերիշխանության վերահսկելի պատկերը։

Եվ համաշխարհային ուժերի բախման դաշտում Ուկրաինան հանդես է գալիս ոչ թե սուբյեկտ, այլ հաճախ որպես օբյեկտ, որը դեռ որոշակի ազդեցություն ունի տեղի ունեցող գործընթացների վրա։ Պատերազմի գինը, սակայն, ամեն օր վճարվում է հենց այս երկրի ու նրա բնակիչների հաշվին՝ ավերված քաղաքներով, անհետ կորած զինվորների և հազարավոր անօթևան քաղաքացիների ճակատագրերով։ Թրամփը կարող է կոչ անել կողմերին մտածել, Պուտինը՝ շարունակել իր «պատմական առաքելությունը», իսկ Եվրոպան՝ պատրաստել նոր պատժամիջոցային փաթեթներ, բայց իրականությունն այն է, որ ուկրաինական հողում ամեն շաբաթ կորսվում են հազարավոր կյանքեր։

Սա պատերազմ է, որը վաղուց դուրս է եկել դասական ռազմական տրամաբանությունից և վերածվել գոյաբանական պայքարի՝ պետությունների, հասարակությունների, իսկ ավելի լայն իմաստով՝ արժեքային համակարգերի միջև։ Այս իրավիճակում Բուդապեշտի չեղարկված հանդիպումը դառնում է ոչ թե վերջակետ, այլ խորհրդանշական հիշեցում այն մասին, որ խաղաղությունը երբեմն ավելի հեռու է, քան թվում է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները