Երբ լեգիտիմալույծներն ուզում են որոշել մեր Ազգային եկեղեցու ճակատագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում իր նախաձեռնած և քաղաքացիական անձի կողմից իրականացված հանդերձավորված բեմականացումից՝ կեղծ «պատարագից» հետո, ասում են, խորը ընկճախտի մեջ է: Ու նա, անկասկած, լուրջ պատճառներ ունի նման անկումային տրամադրության համար: Նախ՝ համայն հանրությանը ակնհայտ դարձավ, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը, նաև նրա կոչին արձագանքած սակավաթիվ յուրայինները զրոյական հարգանք ունեն հայոց ազգային-ավանդական արժեքների նկատմամբ: Երկրորդ. ոչ միայն ինքը՝ Փաշինյանը, այլև բոլորը տեսան, որ ՔՊ-ի ղեկավարն ու նրա իշխանությունը ունեն նմանապես զրոյական աջակցություն հասարակության կողմից: Պարզ ասած՝ ոչ մի աջակցություն էլ չունեն:

Տեսեք. մի ամբողջ շաբաթ պետական ու ռեպրեսիվ մարմինների ամենաանընդունելի կիրառմամբ, անգամ քպականներին, պատկերավոր ասած՝ «հոսանքահարելով» («տոկի տալով»), համազգեստը սովորական հագուկապով փոխարինած ոստիկաններով-բանով, հազիվ մի քանի հարյուր հոգի էին հավաքել իրենց հանրահավաքին մասնակցելու: Այսինքն, եթե Հովհաննավանքի փաշինյանական «պատարագի» հետ կապված մի կողմ դնես վարչական ռեսուրսը, մի կողմ դնես ոստիկաններին, ԱԱԾ ու ՊՊԾ-ականներին, ապա տակը գրեթե բան չի մնա: Դրա մասին հանգամանորեն խոսել ենք դեռ նախորդ հրապարակման մեջ, ուստի այստեղ լրացուցիչ չմանրամասնենք:

Ի՞նչ է անում Փաշինյանը՝ բացահայտ ձախողումը որևէ կերպ սվաղելու համար: Նա շարունակում է համառել: Թերևս նաև այն պատճառով, որ առանձնապես շատ տարբերակներ էլ չունի: Հայտարարում է, թե առաջիկա կիրակի էլ է Հովհաննավանքում «պատարագ» բեմադրություն անելու, հասկանալի է՝ քպական քարոզիչ Ստեփանի մասնակցությամբ (հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ ոչ մեկ այլ կարկառուն քպական պատգամավորի, կամ պաշտոնյանի, կամ շարքային քպականի, ի՞նչ տարբերություն):

Ավելի «գեղարվեստական» կնայվեր, եթե ՔՊ-ի համար հաջորդ «պատարագը» կատարեր, ասենք, «կարմիր բերետների» հրամանատարը՝ առանց զգեստափոխվելու: Իսկ ի՞նչ է եղել, որ: Ի՞նչ է, «Հայր մերը» չգիտի՞, թե՞ խաչը չի կարող բռնել: Վերջում էլ, օրինակ՝ ոչ թե բուրվառը այսուայնկողմ կտաներ, այլ մի երկու ձայնային-բեկորային «մարդասիրական» նռնակ կգմփացներ:

Իսկ եթե առանց սարկազմի...

Տեսեք, Նիկոլ Փաշինյանը երեկ էլ ի «փայլատակեց», թե՝ «կարգալույծ եղածը չի կարող քահանայի կարգալույծ անել»: Փաշինյանը նկատի ունի, որ Ամենայն հայոց կաթողիկոսն, իբր, կարգալույծ եղած է, ուստի նա չի կարող կարգալույծ հռչակել ՔՊ-ի «սրտի քահանա» Ստեփան Ասատրյանին (կամ որևէ այլ հոգևորականի):

Նախ՝ Փաշինյանը կա՛մ ի ցույց է դնում մեր Ազգային եկեղեցու կանոնական հարցերում իր թերիմացությունը, կա՛մ, որ ավելի հավանական է, միտումնավոր է խեղաթյուրում իրողությունները, ինչը իր գործելակերպն է նաև այլ հարցերում:

Ամենից առաջինը. նախքան որևէ հոգևորականի կարգալույծ հռչակելը, նրան վերաբերող հարցը հանգամանորեն քննում է ՀԱԵ այսպես ասենք՝ «կարգապահական հանձնաժողովը», եթե կուզեք՝ «էթիկայի հանձնաժողովը»: Դրանից հետո է միայն հարցը ներկայացվում Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությանը:

Փաշինյանի ասածի մեջ կա նաև տրամաբանական խզում և անհեթեթություն: Ո՞րն է այդ խզումը:

Ահավասիկ. բանն այն է, որ Գարեգին Երկրորդը գահակալում է արդեն շուրջ 26 տարի: Այդ ընթացքում ձեռնադրվել ու քահանա են օծվել (նաև այլ հոգևորական աստիճանների դեպքում) տասնյակ ու տասնյակ հոգևորականներ: Այդ շարքում է նաև հիշատակված Ստեփան Ասատրյանը: Այդ ինչպե՞ս է, որ Փաշինյանն իր համար մի այլ կարգի ատելի Կաթողիկոսի կողմից Ստեփանի ձեռնադրումն ու օծումը (թեկուզ որևէ եպիսկոպոսի միջոցով) ընդունում է, իսկ, այ, կարգալույծ հռչակվելը չի ընդունում:

Ամենից կարևորն ու էականը. Եկեղեցում կարգերի ու կարգալուծության խնդիրները լուծվում են Եկեղեցու ներսում: Որոշ «արագ ընկալողների» համար հատուկ կրկնենք. դա Հայ առաքելական եկեղեցու ներքին, ինքնավար խնդիրն է: Խնդիր, որին աշխարհիկ անձինք, առավել ևս պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը միջամտելու ոչ մի իրավունք չունեն: Էլ ավելին, վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից նման միջամտությունը օրինականության, սահմանադրական կարգի կոպտագույն խախտում է: Սա՝ առաջին:

Երկրորդը՝ Կաթողիկոսն ընտրվել է Ազգային-եկեղեցակա սրբագումար ժողովի կողմից: Այդպես է մեր Եկեղեցու կարգը: Ու ինքը՝ Փաշինյանը (ընդհանրապես՝ ցանկացած մեկը) շատ փոքր մեկն է, որպեսզի խախտի այդ ժողովի կատարած ընտրությունը, փորձի վերանայել կամ խեղաթյուրել: Սա ոչ ՏԻՄ ընտրության արդյունք է, ոչ էլ (մեղա քեզ, Տեր)՝ ՔՊ վարչության:

Իսկ ինչ վերաբերում է կարգալույծ լինելուն, ապա Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու, մեր պատմամշակութային ժառանգության գլխին այնքան աղետներ ու ավերներ են բերել, որ ընդհանրապես ծպտուն իսկ հանելու տեղ չունեն: Ոչ մի տեղ: Չունեք դուք դրա բարոյական իրավունքը: Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, Ղազանչեցոցը թշնամուն հանձնած, ավել ին՝ թշնամապատկան ճանաչողները ինչպե՞ս կարող են առհասարակ Եկեղեցու, հավատի մասին ինչ-որ բան ասել, դեռ մի բան էլ՝ զազրախոսել Վեհափառի ու Եկեղեցու սրբազանների հասցեին:

Ու նորից՝ ախր, ով ինչից է խոսում:

Նիկոլ Փաշինյանն այնքան աղետ ու ողբերգություն է բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին, որ արդեն պետք է մի 15 անգամ պաշտոնալույծ լիներ:

Ավելին, ինքն արդեն որոշակիորեն լեգիտիմալույծ է եղել: Ու դա ակնհայտ երևաց նաև անցած կիրակի Հովհաննավանքում: Արդեն եվրոպական գործիչներն էլ չեն թաքցնում, որ Փաշինյանը գործնականում ավտոկրատ է, մեկը, որ սոցցանցերում կարծիք հայտնելու համար 30-40 ոստիկանով հարձակվում է մեկ մարդու վրա: Ստացվում է՝ լեգիտիմալույծ ավտոկրատ:

Մյուս կողմից՝ Փաշինյանի սատելիտներն էլ սկսել են Հայ առաքելական եկեղեցին համեմատել այլ կրոնական կազմակերպությունների հետ: Ասում են՝ ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն է, ինչպես Հայաստանում գրանցված մյուսները: Դե, բարև ձեզ, ինչպես ասում են: Դա ևս կոպիտ վրիպում է: Հայ առաքելական եկեղեցին նաև սահմանադրորեն իր առանձնահատուկ դիրքն ու տեղը ունի: Այո, կարող են լինել և կան այլևայլ «կրոնական կազմակերպություններ», բայց նրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել մեր բազմադարյա եկեղեցու և ՀԱԵ ունեցած դերի ու նշանակության հետ:

Ու, ընդհանրապես, մի՛ շփոթեք ձեր խառնափնթոր ձվածեղն Աստծո շնորհի հետ: Պարզապես մի շփոթեք, որովհետև առանց այդ էլ մոլորվել եք ձեր գործած աններելի մեղքերի հորձանուտում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները