«Վախեցողների» կենսաթոշակային պոպուլիզմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սոցիալական ապահովության համակարգի ամենազգայուն հատվածներից մեկը՝ կենսաթոշակային ոլորտը, վերջին տարիներին հայտնվել է խորքային լճացման գործընթացում, երբ իշխանությունները փորձել են իրական թոշակային բարեփոխումների փոխարեն հանրային դժգոհության ալիքը մեղմել տարբեր տեխնիկական և մակերեսային նախաձեռնություններով։

Կենսաթոշակների իրական չափերը տարիներ շարունակ փաստացի չեն բարձրացվել, ինչի հետևանքով թոշակառուների եկամուտները համարժեք չեն եղել ոչ միայն կենսապահովման նվազագույն պահանջներին, այլև գնաճի ու սոցիալ-տնտեսական միջավայրի փոփոխություններին։ Այս պայմաններում իշխանությունները, հրաժարվելով համընդհանուր թոշակային բարձրացումից, սկսել են առաջ քաշել, այսպես կոչված, «հետվճարային» կամ «քեշբեքի» համակարգը, որը ներկայացվում է իբրև կենսաթոշակների բարձրացման ժամանակակից և արդիական տարբերակ։

Հետվճարային համակարգի էությունն այն է, որ թոշակառուները և նպաստառուները, իրենց անկանխիկ վճարումները կատարելով որոշակի վայրերում՝ հիմնականում սուպերմարկետներում կամ այլ ծառայություններ մատուցող կետերում, կարող են իրենց կատարած ծախսերից որոշակի տոկոս հետ ստանալ։ Սկզբում հետվճարը կազմում էր 10 %, ինչի արդյունքում առավելագույնը կարելի էր ստանալ ամսական մինչև 5000 դրամ, այնուհետև շեմը բարձրացվեց մինչև 12 %՝ 6000 դրամի առավելագույն հետվճարով։ Իսկ վերջին որոշմամբ կառավարությունը նախատեսում է 2026 թվականից այդ շեմը դարձնել 20 %: Սոցիալական ոլորտի պատասխանատուները նույնիսկ հատուկ ընդգծում են, թե իբր, օրինակ՝ 50 հազար դրամ ստացող թոշակառուները կարող են անգամ հետվճարի արդյունքում իրենց թոշակը բարձրացնել մինչև 60 հազար։

Այս նախաձեռնությունը իշխանությունների կողմից ներկայացվում է որպես արդյունավետ սոցիալական քայլ, որով իբր թե հնարավոր է թոշակառուների եկամուտները որոշ չափով բարձրացնել՝ առանց պետական բյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածության։ Սակայն այս համակարգի խորքային վերլուծությունը բացահայտում է մի շարք կառուցվածքային, սոցիալական և արժեհամակարգային խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծում թոշակառուների իրական կարիքները, այլև խորացնում են սոցիալական անհավասարությունն ու պետական պարտավորությունների զուտ ցուցադրականությունը, ձևականությունը։ Նախ և առաջ՝ հետվճարային համակարգն իր էությամբ չի կարող փոխարինել կենսաթոշակների համընդհանուր բարձրացմանը։ Թոշակառուների մի զգալի մասը տարիքային, առողջական կամ թվային հմտությունների բացակայության պատճառով պարզապես չեն կարողանում լիարժեք օգտվել բանկային, մոբայլ կամ անկանխիկ վճարային համակարգերից։

Շատերի համար մոբայլ բանկինգի միջոցով հաշիվներին հետևելը, առցանց գործարքները ոչ միայն տեխնիկապես բարդ են, այլև հոգեբանական անընդունելիություն են առաջացնում։ Հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ բանկոմատները կամ վճարային տերմինալները քիչ են, իսկ թվային գրագիտությունը՝ ցածր, թոշակառուներն իրենց կենսաթոշակը կանխիկացնում են և գնումներ կատարում հիմնականում շուկաներից, փոքր խանութներից կամ հարևան վաճառատներից, որտեղ անկանխիկ վճարումները չեն գործում։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ նույնիսկ այն թոշակառուները, որոնք կարող են օգտվել անկանխիկ վճարումներից, հաճախ չեն տեսնում դրա իրական օգուտը։ Հայաստանի շուկայական պայմաններում հիմնական սպառողական ապրանքներն ու ծառայությունները առավել թանկ են հիմնականում սուպերմարկետներում, որտեղ գործարկվում է հետվճարային համակարգը, մինչդեռ շուկայից կամ փողոցային առևտրից գնված ապրանքներն էժան են լինում։ Շատ թոշակառուներ, որոնք փորձում են ծայրը ծայրին հասցնել, նախընտրում են խնայել յուրաքանչյուր լուման և գնումներ կատարել այնտեղ, որտեղ ավելի մատչելի է, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կարելի է որոշակի տոկոս հետ ստանալ։ Այսինքն, ստիպված են գնումներ կատարել կանխիկ եղանակով: Նկատի ունենանք նաև, որ թոշակառուների ստացած գումարի միայն մի փոքր հատվածն է ծախսվում առևտուր անելու վրա, իսկ մի զգալի մասը տրամադրվում է վարկերին, կոմունալներին ու այլ պարտավորությունների, որոնց պարագայում հետվճարի մեխանիզմը չի աշխատում։

Հետվճարային համակարգի մեկ այլ թաքնված խնդիր է այն, որ պետությունն իրականում չի ավելացնում բոլոր թոշակառուների եկամուտները, այլ միայն նրանցը, ովքեր կարողանում են օգտվել համակարգից, այն էլ՝ առավելագույն սահմանաչափով, որը հաճախ չի գերազանցում 2-3 հազար դրամը։ Այսպիսով, իշխանությունները կարողանում են ձևականորեն ներկայացնել, թե իբր թոշակառուները ստանում են հավել յալ եկամուտ, սակայն իրականում պետական ծախսերը սահմանափակվում են, իսկ ընդհանրական սոցիալական արդարությունը չի ապահովվում։

Սա հատկապես ակնհայտ է դառնում, երբ վերլուծության է ենթարկվում բյուջետային ծախսերի կառուցվածքը։ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, պարգևավճարները, գործուղումների ծախսերը, ինչպես նաև պետական կառավարման այլ ոլորտների ֆինանսավորումը վերջին տարիներին աճել են զգալիորեն՝ առանց քեշբեքի սահմանափակումների կամ խնայողությունների, մինչդեռ թոշակառուների համար ամեն լումայի համար ստեղծվում են լրացուցիչ տեխնիկական և գործընթացային խոչընդոտներ։

Հետվճարային համակարգը հաճախ արդարացվում է նաև ստվերային տնտեսության դեմ պայքարի, հարկերի գեներացման և անկանխիկ վճարումների խթանման նպատակով։ Սակայն այստեղ ևս իշխանությունների հիմնավորումները կասկածի տակ են դրվում։ Գրեթե անհնար է պատկերացնել, որ ծայրահեղ նվազ եկամուտ ունեցող թոշակառուները կարող են այնպիսի ծավալի գնումներ անել, որ դա էականորեն ազդի ստվերային շրջանառության ծավալների վրա։ Ավելին, ստվերային տնտեսության հիմքում հիմնականում խոշոր առևտրային, շինարարական, արտադրական ոլորտների չհաշվառված շրջանառություններն են, իսկ մանրածախ առևտրում թոշակառուների անկանխիկ գնումները կարող են լավագույն դեպքում ազդեցություն ունենալ միայն փոքր խանութների հաշվապահության վրա։ Այն ոլորտներում, որտեղ իրականում ստվերային տնտեսությունը ծաղկում է, կառավարությունը ոչ միայն չի խստացնում վերահսկողությունը, այլև առանձին դեպքերում աչք է փակում խոշոր խաղացողների չհաշվառված եկամուտների վրա։

Այս ամենի ֆոնին կենսաթոշակների հետվճարային համակարգը վերածվել է սոցիալական քաղաքականության մանիպուլ յատիվ գործիքի, որով իշխանությունները փորձում են հանրության մոտ ստեղծել թոշակային բարեփոխումների պատրանք, սակայն իրականում խուսափում են իրենց առաջնային պարտավորություններից՝ արժանապատիվ կենսաթոշակ ապահովելուց։ Այսօր հազարավոր թոշակառուներ ստիպված են բավարարվել նվազագույնով՝ հաճախ զրկված լինելով նվազագույն ապրանքային զամբյուղի ապահովումից, դեղորայքի, կոմունալ ծառայությունների կամ բուժօգնության համար վճարելու հնարավորությունից։ Ստացվում է, որ նրանց համար 3000-3500 դրամով «բարձրացված» կենսաթոշակը ոչ միայն աննշան է գնաճի և իրական կարիքների համեմատ, այլև հաճախ անհասանելի՝ համակարգային բարդությունների և սոցիալական անարդարության պատճառով։

Փոխարենը Փաշինյանը որոշել է թոշակառուների հաշվին բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձը: Նա ասել է, որ պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը արդեն կայացրել են, բայց չեն բարձրաձայնում, որովհետև իբր... վախենում են, որ «Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն կառավարությանը»: Ինչ վախեցող են, է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները