Գլոբալ բախում, որի հանգուցալուծմանը հասնելու ճանապարհը գնալով բարդանում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում շարունակվող պատերազմն այսօր դարձել է ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ համաշխարհային քաղաքական համակարգի ամենախորքային ճգնաժամը՝ իր մեջ ներառելով ռազմական, տնտեսական, դիվանագիտական, տեխնոլոգիական, տեղեկատվական և գաղափարական բազմաշերտ հակամարտություն։ Պատերազմի դինամիկան, միջազգային արձագանքը, ներգրավված կողմերի ռազմավարությունները և դրա շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական մթնոլորտը անընդհատ փոխվում են՝ պայմանավորված ինչպես մարտադաշտում առկա իրավիճակով, այնպես էլ մեծ տերությունների ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերով։

2024-2025 թվականների իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ պատերազմը մտել է երկարատև, դանդաղ շարժվող, բայց խիստ վտանգավոր փուլ, որտեղ ոչ մի կողմ չի կարողանում հասնել վճռական առավելության, իսկ դիվանագիտական լուծման հնարավորություններն ավելի են բարդանում՝ մեծ տերությունների շահերի բախումների խորացման պայմաններում։ Ռուսաստանը, չնայած իր ռազմավարական նպատակներին և մեծ ռեսուրսների ներգրավմանը, չի կարողացել ուկրաինական ճակատում հասնել այն բեկմանը, որը ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս քարոզել է ներքին ու արտաքին լսարանին։ Ռուսական առաջխաղացումների սահմանափակ լինելը, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների ազդեցությունը՝ տնտեսության, ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիական ոլորտների վրա, խիստ սահմանափակում են Ռուսաստանի ռազմավարական հնարավորությունները։

Այս իրողությունների ֆոնին վերջին ամիսներին նկատվում է ռուսական անօդաչուների և օդանավերի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տարածքների խախտումների աճ, ինչը նոր լարվածություն է ստեղծում եվրոպական անվտանգային համակարգում։

Էստոնիայի օդային տարածքի խախտումից հետո ՆԱՏՕ-ի անդամները ակտիվացրել են Հյուսիսատլանտյան դաշինքի 4-րդ հոդվածը, որը նախատեսում է խորհրդակցություններ՝ դաշնակիցների անվտանգության սպառնալիքների դեպքում։

Ռուսական կողմի այս քայլերը դիտարկվում են ոչ միայն որպես ռազմական ճնշման միջոց, այլև որպես քաղաքական-հոգեբանական փորձարկում՝ դիտարկելու համար, թե որքանով են Արևմուտքը և հատկապես ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ հանդես գալ միասնական ճակատով, որքանով են ԱՄՆ-ն ու Եվրոպան պատրաստ կոլեկտիվ պաշտպանության իրականացմանը։ Թեև այս խախտումները պաշտոնապես կարող են ներկայացվել որպես տեխնիկական սխալներ կամ պատահականություններ, իրականում հանդիսանում են մարտավարական, փորձարկող քայլեր՝ դաշինքի ներսում եղած հնարավոր տարաձայնությունները, հոգնածությունը և ռեսուրսների սպառումը ստուգելու համար։

Վաշինգտոնի արձագանքը այս իրավիճակին բազմաշերտ է։ Սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց նվազեցնել միջադեպի լրջությունը՝ ենթադրելով, որ դրոնների ներթափանցումը կարող էր լինել սխալի կամ տեխնիկական անճշտության արդյունք, սակայն դեպքերի կրկնությունը ստիպեց ամերիկյան վարչակազմին ավելի կոշտ արձագանքել և վերահաստատել ՆԱՏՕ-ի անդամների պաշտպանության հանձնառությունը։ Սա ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի միասնականությունը և ԱՄՆ դաշնակցային պատասխանատվությունը շարունակում են պահպանվել՝ չնայած որոշ քաղաքական ուժերի կողմից հնչեցվող՝ մեկուսացման և ռազմավարական կենտրոնացման կոչերին։

Սակայն պետք է նկատել, որ այս իրավիճակը նաև հնարավորություն է ստեղծում ԱՄՆ-ի համար՝ եվրոպական դաշնակիցների վրա լրացուցիչ ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վերջինները մեծացնեն սեփական ռազմական ծախսերը և ավելի ակտիվ ներգրավվեն սեփական անվտանգությունն ապահովելու գործում։ ԱՄՆ-ում գերիշխող դիրքորոշումն այն է, որ Եվրոպան պետք է դառնա ավելի ինքնաբավ անվտանգության ոլորտում, որպեսզի ամերիկյան ռեսուրսները հնարավոր լինի կենտրոնացնել այլ ռազմավարական ուղղություններում, մասնավորապես՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությանը հակազդելու համար։

Եվրոպայում ուկրաինական պատերազմի երկարաձգումը, ռուսական սպառնալիքների և ՆԱՏՕ-ի ներսում միասնականության հարցերի խորացումը հանգեցնում են ռազմական ոլորտում ներդրումների կտրուկ աճի։ ԵՄ երկրները, հատկապես արևել յան թևի անդամները ստիպված են ավելացնել ռազմական բյուջեները, արդիականացնել զինված ուժերը, ստեղծել նոր պաշտպանական ծրագրեր և ընդլայնել ռազմաարդյունաբերական հնարավորությունները։ Սա նշանակում է, որ Եվրոպան աստիճանաբար գնում է դեպի ռազմականացման նոր փուլ, ինչը մի կողմից՝ ամրապնդում է ՆԱՏՕ-ի ներքին համագործակցությունը, մյուս կողմից՝ մեծացնում է կախվածությունը ԱՄՆ-ի ռազմատեխնիկական աջակցությունից և ռազմավարական որոշումներից։

Սակայն եվրոպական հասարակություններում նկատվում է նաև պատերազմից հոգնածություն, սոցիալ-տնտեսական խնդիրների խորացում, էներգետիկ ճգնաժամի հետևանքներ, որոնք որոշակիորեն սահմանափակում են եվրոպական առաջնորդների մանևրելու հնարավորությունները։ Պատահական չէ, որ երբ Եվրոպայի առաջնորդները մեկնեցին Վաշինգտոն, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ հիմնական նպատակն է համոզել ԱՄՆ ղեկավարությանը, որ չգնա Ռուսաստանի հետ առանձնահատուկ համաձայնությունների և կոշտ դիրքորոշում ցուցաբերի Ուկրաինայի հարցում։

Պատերազմի երկարաձգումը և դիվանագիտական փակուղին մեծապես պայմանավորված են նաև Չինաստանի դիրքորոշմամբ։ Չինաստանը վերջին տարիներին դարձել է Ռուսաստանի կարևորագույն տնտեսական և էներգետիկ գործընկերը՝ զգալիորեն ավելացնելով ռուսական նավթի և գազի գնումները, մատակարարելով տեխնոլոգիական և արդյունաբերական ապրանքներ, աջակցելով որոշակի ֆինանսական գործիքներով։ Չինական ղեկավարության համար կարևոր է, որ Ռուսաստանը չպարտվի ուկրաինական պատերազմում, քանի որ այդ դեպքում Արևմուտքը կարող է իր հիմնական ռեսուրսներն ու ռազմավարական ուշադրությունը կենտրոնացնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա և ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Թայվանի հարցում։ Չինաստանը, փաստացի, շահագրգռված է, որ ուկրաինական պատերազմը շարունակվի՝ թույլ չտալով Արևմուտքին հասնել արագ հաղթանակի կամ Ռուսաստանի տապալման, բայց, միաժամանակ, խուսափելով բացահայտ ռազմական դաշինքից Ռուսաստանի հետ, որպեսզի չդառնա արևմտյան պատժամիջոցների ուղիղ թիրախ։

Ուկրաինական հակամարտության շարունակականությունը ծանր հետևանքներ է ունենում նաև համաշխարհային տնտեսության, էներգետիկ ու պարենային շուկաների վրա։ Պատերազմը խաթարում է միջազգային մատակարարման շղթաները, ավելացնում տրանսպորտային ծախսերը, խթանում էներգակիրների և պարենի գների կայունությունը, խորացնում է ֆինանսական անկայունությունը և նպաստում նոր տնտեսական բևեռների ձևավորմանը։ Ռուսաստանը փորձում է շրջանցել արևմտյան պատժամիջոցները, զարգացնել հարավային ու արևել յան արտահանման ուղիները, խորացնել տնտեսական կապերը Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ։ Սակայն այս քայլերը չեն կարող լրացնել արևմտյան շուկաների, ներդրումների և տեխնոլոգիաների կորստի հետևանքները, ինչի արդյունքում Ռուսաստանի տնտեսության մեջ շարունակվում է դժվար իրավիճակը, արժույթի արժեզրկումը, արդյունաբերական խնդիրները և սոցիալական լարվածությունը։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն շարունակում են պատժամիջոցային քաղաքականությունը, սահմանափակում են ռուսական նավթի ու գազի շուկաները, ֆինանսական հոսքերը և տեխնոլոգիական մուտքը՝ փորձելով սեղմել Ռուսաստանի ռազմավարական հնարավորությունները և ստիպել Մոսկվային գնալ զիջումների։

Սակայն պատերազմի ելքի հարցում Արևմուտքում ևս կա տարբեր մոտեցումների բախում. ԱՄՆ-ում առկա է որոշակի պատրաստակամություն՝ Ռուսաստանի հետ առանձին համաձայնությունների գնալու, որոշ տարածքներ զիջելու, իսկ Եվրոպայում գերակշռում է ավելի կոշտ, սկզբունքային դիրքորոշումը, որը հիմնված է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի պահպանման վրա։ Սա լրացուցիչ ներքին ճնշում է ստեղծում ՆԱՏՕ-ի ու Արևմտյան դաշինքի ներսում, ինչը Ռուսաստանը փորձում է օգտագործել իր ռազմավարական մանևրների համար, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի օդային տարածքների խախտման, տեղեկատվական պատերազմների և դիվանագիտական ճնշումների միջոցով։

Փաստացի ուկրաինական ճգնաժամը վերածվել է գլոբալ բախման, որտեղ յուրաքանչյուր մեծ տերություն փորձում է առաջին հերթին իր շահերն առաջ տանել, ինչն էլ դժվարացնում է հակամարտության հանգուցալուծմանը հասնելու ճանապարհը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»
Ամենաընթերցվածները