«Օրվա իշխանությունը փաստացի կյանքի է կոչում դենացիֆիկացիայի ու դեմիլիտարիզացիայի ծրագիրը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանական վերջին օրերի քարոզչությունը կառուցված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված փաստաթղթերի վրա։ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե դրանցով խաղաղություն են բերել տարածաշրջան, Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս, որ միշտ պատրաստ է պատերազմի։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ վաշինգտոնյան փաստաթղթերն առաջին հերթին անհրաժեշտ էին Նիկոլ Փաշինյանին և Թուրքիային։ «Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց՝ իրենք ակնկալում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը» կստորագրվի գալիք տարվա առաջին կեսին։ Բայց չէ՞ որ դա հակասում է Ադրբեջանի պնդումներին, ըստ որոնց, միայն սահմանադրական փոփոխություններից հետո կողմերի միջև կստորագրվի խաղաղության փաստաթուղթ։ Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ են այս տեսակ տարբեր գնահատականներ գալիս Թուրքիայից և Ադրբեջանից։ Թուրքիայում ակնհայտորեն նկատում են, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ վաշինգտոնյան փաստաթուղթը ստորագրելուց հետո ունի խնդիր իշխանության վերարտադրության հետ։ Իսկ Թուրքիային անհրաժեշտ է, որ հաջորդ հինգ տարում՝ 2026-2031 թվականներին, Նիկոլ Փաշինյանը շարունակի ղեկավարել Հայաստանը, որ իր ձեռքով լուծարի անվտանգային համակարգն ամբողջությամբ, 102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահներին հանի, բանակը գրեթե լուծարման մակարդակի հասցնի, հայ-ռուսական բարեկամության մասին 1997 թվականի պայմանագիրը և փոփոխության մասին պայմանագիրը միակողմանի չեղարկի։ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է հանրային աջակցություն այդ ամենը կյանքի կոչելու, իշխանության մնալու համար։ Դրա համար էլ անհրաժեշտ է ինչ-որ մի բան տալ հասարակությանը։ Որոշեցին տալ նախաստորագրված փաստաթուղթ Վաշինգտոնում՝ ամերիկացիներին էլ «փայատեր» դարձնելով մեր տարածաշրջանում պոտենցիալ անցնելիք կոմունիկացիաներին։ Բայց ակնհայտ է, որ նույնիսկ այդ փաստաթղթի նախաստորագրումը Նիկոլ Փաշինյանին այն աջակցությունը չի ապահովում, որն իրեն թույլ կտար հեշտությամբ վերարտադրել իշխանությունը 2026 թվականին։ Այդ իսկ պատճառով թուրքերն արդեն խոսում են պայմանագրի ստորագրման մասին։ Վաշինգտոնյան փաստաթուղթը հենց այդ նպատակն ուներ թուրքերի համար՝ Նիկոլ Փաշինյանին տալ մի թղթի կտոր, որով նա կներկայանա հանրությանը՝ փորձելով համոզել, որ եկել է խաղաղություն, իմ օգտին քվեարկեք և դրանից հետո նաև տնտեսական զարգացում կունենաք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Ստորագրված փաստաթղթերի հետ կապված մտահոգությունների մասին խոսելիս մեր զրուցակիցն անդրադառնում է Սիրիայի օրինակին։ «Սիրիան փլուզումից առաջ բաժանվել էր ազդեցության գոտիների։ Այնտեղ իրենց ազդեցության գոտիներն ունեին Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, քրդերը, իսլամական «Իգիլը»։ Վերջնարդյունքում դա հանգեցրեց նրան, որ Սիրիան փաստացի փլուզվեց, և տեսնում ենք, որ այդ փլուզման գործընթացը շարունակվում է։ Վերադառնանք մեր հարցին։ Հայաստանի պարագայում, եթե Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը հատուկ ռեժիմով տրվի 3-րդ կողմին, չեմ խոսում այն մասին՝ դա կլինի Թուրքիան, Ադրբեջանը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, կստացվի հետևյալ իրավիճակը։ Տեսեք, Ռուսաստանն ունի իր ազդեցության, ներկայության գոտին՝ 102-րդ ռազմաբազան, Էրեբունու ռազմական օդանավակայանը, սահմանապահները հայ-թուրքական, հայիրանական սահմաններին, եվրոպացիներն ունեն իրենց ազդեցության, ներկայության գոտին, որը դրսևորվում է հայ-ադրբեջանական սահմանի մոնիտորինգ իրականացնող խմբով, իրենք նաև ներկայացուցչություններ ունեն Հայաստանի տարբեր քաղաքներում, Ադրբեջանն ունի իր ազդեցության, ներկայության գոտին Ջերմուկի հարակից հատվածում, Սև լճի հարակից հատվածում, Գեղարքունիքի մարզում, Տավուշում, այսպես կոչված, սահմանազատման արդյունքում ստացան ներկայության գոտի Հայաստանի Հանրապետության տարածքում, Թուրքիայի ներկայության մասին կառավարական առաջին շենքում նույնիսկ չենք էլ ասում։ Եթե Սյունիքով արտատարածքային կոմունիկացիա անցնի, որի շրջանակներում Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվելու է, մենք ևս Հայաստանում ունենալու ենք մի քանի ազդեցության գոտի՝ դրանից բխող հետևանքներով։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համակերպվել էր նրա հետ, որ պետությունը բաժանվել է ազդեցության գոտիների, բայց անձամբ Ասադին դա էլ չփրկեց, և նա վերջում ստիպված եղավ փախչել Ռուսաստան, հավանաբար, Յանուկովիչի կողքի տունն էլ իրեն են տվել։ Նիկոլ Փաշինյանը կունենա՞ այդ հնարավորությունը, թե՞ ոչ, ցույց կտա ապագան»,-նշում է մեր զրուցակիցը։

Նույն այս շրջանում ակտիվացել են հայթուրքական շփումները։ Քաղաքագետի գնահատականը մի փոքր այլ է՝ ոչ թե ակտիվացել են շփումները, այլ բացարձակ ուրիշ իրողության հետ գործ ունենք։ «Հայ-թուրքական գործընթացը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում կայացած ՔըլըչՌուբինյան հանդիպումով։ Հետագայում՝ 2022 թվականին, եթե չեմ սխալվում, երեք հանդիպում տեղի ունեցավ, որոնցից վերջինը 2022 թվականի հունիսին էր։ 2022 թվականի հունիսից մինչև 2024 թվականի հունիս հանդիպումներ չկային, այդ ընթացքում տեղի ունեցավ Պրահյան գործընթացը, Արցախը հանձնեցին Ադրբեջանին, հետո, այսպես կոչված, սահմանազատում-սահմանագծում իրականացրեցին, 2,5 գյուղ Տավուշում հանձնեցին ադրբեջանցիներին, մեզ վրա հավել յալ պարտավորություններ վերցրեցինք, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների, և այլն։ Այդ ամենի վերջնարդյունքում 2022 թվականին ընդհատված բանակցային գործընթացը վերսկսվեց 2024 թվականի հունիսին, բայց առանց Արցախի և մի շարք գյուղերի։ 2024-25 թվականներին ի՞նչ փոխվեց։ Վաշինգտոնում համաձայնեցինք մեզ վրա վերցնել հստակ պարտավորություն միջանցք տրամադրելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու, Սահմանադրությունը փոխելու։ Դրանից հետո Քըլըչը եկավ Հայաստան, և իշխանությունները ևս մեկ, այսպես ասած, պատկեր ստացան, որը կարողացան Հանրայինով ներկայացնել, փորձեցին հասարակության վրա վաճառել, թե՝ տեսեք, գործընթացում կա առաջխաղացում։ Սա առաջխաղացում չէ, Թուրքիայի պայմանները կյանքի են կոչվում, մեզ էլ դա ներկայացնում են որպես առաջընթաց գործընթացում»,-հավելում է նա։

Պատմական հիշողությանը, մեր արժեքներին ուղղված հարվածներն առավելապես և առաջին հերթին դիտարկում ենք էմոցիոնալ դաշտում՝ չնայած հասկանում ենք, որ ուղիղ կապ ունեն զրույցում ներկայացված իրողությունների հետ։ Որո՞նք են այս հարվածների խորքային պատճառները։ Ըստ քաղաքագետի, նացիստական Գերմանիայի կապիտուլ յացիայից հետո, հավանաբար, Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունն է, որն այս ֆորմատով ենթարկվում է դենացիֆիկացիայի, դեմիլիտարիզացիայի։ «Ռուսները դա Ուկրաինայում իրականացնելու համար արդեն 3 տարի է, ինչ պատերազմում են, իսկ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ պատերազմի միջով չի անցել, որովհետև իշխանությունները նաև հպարտանում են դրանով, որ 44-օրյա պատերազմի հրձիգը չտեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ 44օրյա պատերազմում պարտությունից հետո, բայց պարտություն, որով նույնիսկ Արցախն ամբողջությամբ չէինք հանձնել թշնամուն, իշխանություններն ընտրել են հետևյալ ճանապարհը՝ կատարել Թուրքիայի բոլոր պահանջները, իսկ Թուրքիան պահանջում է, որ հայերը հայեր չլինեն, դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա տեղի ունենա։ Ի՞նչ է նշանակում դենացիֆիկացիա։ Դրանք ազգի ինքնության դեմ ուղղված քայլերն են. ստիպել մեզ հրաժարվել բաներից, որոնք մեզ հայ են դարձնում, որոնք մեզ միավորում են՝ անկախ նրանից՝ Արմավիրի հայ ենք, Երևանի հայ ենք, Էջմիածնի հայ ենք, Ավստրալիայի հայ ենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ ենք և այլն։ Ի՞նչն է մեզ միավորում։ Իրականում միավորում է մի քանի գաղափար և երևույթ՝ Քրիստոնեությունը, մեր Հայ առաքելական եկեղեցին, Ցեղասպանության հարցի ընկալումը և, որպես սիմվոլ, Արարատը։ Այս ամեն ինչի դեմ իշխանությունները քայլեր են ձեռնարկում։ Նացիստական Գերմանիայում դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան իրականացրեցին նոր իշխանությունները, որոնք եկան Հիտլերից հետո, մեր պարագայում նույն իշխանությունը, որը խրոխտ հայտարարություններ էր անում, ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, փաստացի կյանքի է կոչում մեր ազգի դենացիֆիկացիան, այսինքն՝ մեզ ստիպում են հրաժարվել ազգայինից, ազգային պետությունից։ Դրա վերջնարդյունքում լինելու այն, որ ոչ թե պարզապես մտնելու ենք թուրքական աշխարհի մեջ, այլ ձուլվելու ենք թուրքական աշխարհում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
Ամենաընթերցվածները