«Որքան էլ փորձեն ասել՝ հակամարտությունը լուծված է, այդպիսի բան չկա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը շատերը որակում են որպես հերթական փաստաթղթավորված քայլ՝ ուղղված Արցախի հիմնահարցի փակմանը։ Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը հիշեցնում է՝ արհեստական, կեղծ կազմավորման սուլթան, օկուպանտ և ցեղասպան Իլհամի, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրում որևէ բառ չկա Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկված, իր նախնիների բնօրրանից բռնի տեղահանված ավելի քան 150000 արցախահայության վերադարձի, Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրն Ադրբեջանի կողմից դեօկուպացիայի ենթարկելու մասին։ «Փոխարենն այդ փաստաթղթում, իմ կարծիքով, արձանագրված է երկու առանցքային կետ, որոնք լիակատար կերպով բխում են Ադրբեջանի շահերից։ Առաջին՝ Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցության, և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությանն ուղղված` ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրման մասին։ Այս երկու կետերը լիարժեք կերպով բավարարում են այս պահին Ադրբեջանի այն հիմնական պահանջների մի մասը, որը նա մշտապես ներկայացնում է Հայաստանին։ Այս ամենի հետ միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով, այդ թվում և հատկապես Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման համատեքստում, 1919 թվականից սկսած մինչ օրս ձեռնարկվել է փաստաթղթային ձևակերպում ստացած թվով 14 փորձ, բայց այդ բոլոր փորձերն անխտիր մշտապես խախտել է Ադրբեջանը։ Հարց է առաջանում՝ ի՞նչ երաշխիք կա, որ վաշինգտոնյան փորձը ևս չի խախտի Ադրբեջանը։ Չնայած, ըստ Ադրբեջան-Արցախ հակամարտության կողմերից երկուսի՝ Ադրբեջանի և Հայաստանի գործող վարչակազմերի, հակամարտությունը կարգավորված է, բայց հակամարտության 3-րդ կողմի՝ Արցախի վտարանդի վարչակազմի և միջազգային հանրության կարծիքով, հակամարտությունը կարգավորված չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասան-Ջալալյանը։

Հիշեցնում է՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն արցախահայության բռնագաղթից հետո 2023 թվականի հոկտեմբերի 12ին ընդունել է «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով հատուկ բանաձև, որտեղ, ի թիվս բազմաթիվ հայանպաստ դիրքորոշումների, սկսած նրանից, որ դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի՝ Ադրբեջանի ռազմական գործողությունն Արցախի դեմ, նշվում է, որ գրեթե մի ամբողջ բնակչության այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն։ Դրանից առաջ էլ Եվրոպական խորհրդարանը 2022 թվականին ընդունել է մի քանի բանաձևեր, որտեղ Արցախի տարածքը համարել է վիճելի տարածք և կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ վերադառնալ իր միջնորդական դերին։ Վկայակոչեցի միջազգային հանրության կողմից ընդունված փաստաթղթեր, որոնք աներկբա կերպով վկայում են՝ միջազգային հանրությունն այս հակամարտությունը լուծված չի համարում։ Բայց առաջին հերթին այս հակամարտությունը լուծված չի համարում հակամարտության թերևս առանցքային կողմերից մեկը՝ Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմը և Արցախի Հանրապետության ժողովուրդը, որը գաղթել է իր ամենաքիչը 3000-ամյա հայրենիքից և խնդիր ունի վերադառնալու և իր հողում բնականոն կյանքով ապրելու»,-նշում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով, նա լուծել է Ղարաբաղյան կոնֆլիկտը և խաղաղություն բերել մեր տարածաշրջան։ Այդ դեպքում ինչո՞ւ է շարունակում ամեն առիթով շահարկել Արցախի հակամարտության, դրա ծագման ու զարգացման թեման, առաջ բերում այնպիսի վարկածներ, որոնք բացառապես մեկ հարց են առաջացնում՝ սա չիմացությա՞ն, թե՞ դիտավորության հետևանք է։ «Նախ՝ չիմացության մասին։ Նիկոլ Փաշինյանից դա հեռու չէ։ Բայց թող տպավորություն չստեղծվի, թե հայաստանյան և, ինչու ոչ, Արցախի քաղաքական, պետական կառավարման համակարգում նույնիսկ առանցքային դերակատարները լավագույնս տիրապետել են կոնֆլիկտի ծագման և կարգավորման ուղիներին։ Այդպես չէ։ Մարդիկ ունեցել են և այժմ էլ ունեն մակերեսային գիտելիքներ այս կոնֆլիկտի վերաբերյալ։ Կրկնում եմ՝ նույնիսկ առանցքային դերակատարները՝ նախկին նախագահներ, նախկին արտգործնախարարներ և այլք։ Նրանցից բացառություն չէ նաև Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի արցախատյաց վերաբերմունքի մասին փաստ ունեմ դեռևս 1999 թվականից սկսած։ «Օրագիր» թերթի խմբագրի կարգավիճակում 1999 թվականի, եթե չեմ սխալվում, ապրիլին նա հրավիրել է մամուլի ասուլիս, որտեղ հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, և այն ղարաբաղցիները, որոնք գտնվում են Հայաստանում, փախստականներ են։ Այսինքն՝ այս մարդն իր արցախատյաց քաղաքականությունը, վերաբերմունքը նոր չէ ի ցույց դնում։ Այս մարդու այդ վերաբերմունքն արժեհամակարգային, աշխարհայացքային արմատներ ունի։ Այնպես չէ, որ նա դարձավ վարչապետ և նոր հասկացավ դա։ Իր խմբագրած «Հայկական ժամանակ» թերթի գրեթե ամեն համարում հակաարցախյան մի բան գրված է։ 2018 թվականի մայիսի 8-ին՝ իր ընտրության օրը, երբ պատգամավորներից մեկը խորհրդարանում «Հայկական ժամանակում» տպագրված նրա իսկ գրած հոդվածը վկայակոչեց՝ տարածքները թշնամուն հանձնելու մասին, Փաշինյանը, ինչպես ժողովուրդն է ասում, օրը ցերեկով հերքեց դա՝ ասելով, որ «դա ես չեմ գրել», մինչդեռ այդ հոդվածն իր ստորագրությունն է կրում։ Այդ մարդն այս կոնֆլիկտի առնչությամբ այսպիսի վերաբերմունք է ունեցել։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում Ազգային ժողովում հայտարարել է, որ կոնֆլիկտի կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Հիմա հարցնենք Արցախի մեր հայրենակիցներին, հայաստանյան բնակչության՝ Հայաստանի պետության և ազգի վաղվա օրվա նկատմամբ մտահոգություն ունեցող հատվածին բավարարո՞ւմ է իրենց այս լուծումը, թե՞ ոչ, եթե սա լուծում կարելի է համարել. անշուշտ, կասեն ոչ։ Որքան էլ փորձեն ասել՝ կոնֆլիկտը լուծված է, այդպիսի բան չկա»,-հավելում է նա։

Նրա խոսքով, անգամ Իլհամ Ալիևն այդ մասին գիտի։ «Հետևում եմ նրա հարցազրույցներին։ Բաց տեքստով չէ, բայց նրա խոսքի տողատակերում նկատելի է, որ նա էլ գիտի՝ կոնֆլիկտը չի լուծվել։ Դրա համար է միշտ ասում՝ պետք է մեր բանակը ուժեղացնենք, մեր սպառազինությունները ավելացնենք և այլն։ Անկողմնակալ դիտորդի աչքով էլ տեսանելի է, որ այս հակամարտությունը չի լուծվել, 150 հազարից ավելի մարդ ցեղասպանության է ենթարկվել և քշվել իր բնօրրանից զենքի ուժի սպառնալիքի, զենքի ուժի ուղիղ կիրառման տակ։ Սա ինչպե՞ս կարող է լինել լուծված կոնֆլիկտ։ Մեկ դիտարկում էլ. 2018 թվականի մայիսից հետո Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, այնուհետև Երևանում և ապա Մոսկվայում հայտարարել է, որ ինքը Հայաստանի վարչապետն է և չի կարող Արցախի անունից բանակցել, Արցախի անունից պետք է բանակցի Արցախի ղեկավարությունը. Արցախն ունի նախագահ, կառավարություն, խորհրդարան։ Նա կարող է բանակցել Հայաստանի անունից։ Բայց բազմաթիվ փաստեր կարող ենք վկայակոչել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հրահրեց պատերազմը, այլև ինքը չկարողացավ բանակցային գործընթացը կառավարել, և իր ձախողված քաղաքականության արդյունքն այն եղավ, որ Արցախն օկուպացվեց։ Ի հեճուկս իր հայտարարությունների, ընդ որում՝ շատ ճիշտ հայտարարությունների, նա հերիք չէ բանակցեց, նաև Արցախի Հանրապետության անունից փաստաթուղթ ստորագրեց։ Նիկոլ Փաշինյանի ստորագրած նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերաբերում է Արցախի Հանրապետության տարածքների ճակատագրին։ Նա Արցախի Հանրապետության ժողովրդից, Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ձևավորված Արցախի Հանրապետության վարչակազմից ստացե՞լ էր մանդատ։ Որքան հայտնի է, ոչ։ Ինչպե՞ս է, որ գնում և ստորագրում է այդ փաստաթուղթը, որը վերաբերում է Արցախի Հանրապետության՝ սահմանադրորեն ամրագրված տարածքներին, դրանց ճակատագրին։ Այստեղ բազմաթիվ են բացթողումները, որոնք և՛ չիմացության, և՛ նաև միտումնավոր վարքագծի դրսևորման հետևանքներ են Նիկոլ Փաշինյանի կողմից»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները