Քաղբանտարկյալների երկիր «ժողբաստիոնը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այնպես չէ, իհարկե, որ հայրենի հասարակական-քաղաքական միջավայրում «քաղբանտարկյալ» եզրույթը նոր է գործածվում: Նախորդ տասնամյակներում էլ ժամանակ առ ժամանակ ընդդիմությունը, հասարակական ակտիվիստները, առանձնապես՝ գրանտային սնուցմամբ «իրավապաշտպան» ներկայացողները գործածել են «քաղբանտարկյալ» տերմինը: Այո, եղել են քաղաքական գործիչներ, որոնք ազատազրկվել են այս կամ այն պատճառով: Նրանց մի մասի պարագայում, իհարկե, շատ դժվար է եղել այդ բնորոշումը տալ: Բայց, ամեն պարագայում, եղել են:

Սակայն այ թե ինչն է շատ ավելի ուշագրավ: Տեսեք, 2018 թվականից այս կողմ «քաղբանտարկյալ» եզրույթը դարձել է գրեթե ամենօրյա քննարկման թեմա, լրահոսային շրջանառման առարկա: Այն օրից, ինչ Նիկոլ Փաշինյանը հասավ իշխանության, Հայաստանում ծայր առան քաղաքական հետապնդումները, քաղաքական հալածանքները, քաղաքական բանտարկությունները: Ամենից վատն այն է, որ փաշինյանական իշխանավարման 7 տարվա ընթացքում այդ հոռի երևույթը տարեցտարի ավելի է արմատավորվել, մետաստազները տարածվել են, դրսևորումները դարձել են շատ ավելի ցինիկ, ակնառու և ընդգրկուն:

Երբ խոսում ենք փաշինյանական ռեժիմի քաղաքական բանտարկյալների մասին, ապա ամենից ակներև օրինակները երևակվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի օրինակներով: Ամենից ողբերգականը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքն էր. մարդն իր հարցազրույցում արած արտահայտության, պարզ ասած՝ Փաշինյանի իշխանության դեմ արտահայտվելու համար կալանավորվեց և մահացավ հենց դատարանի դահլիճում:

Այդ իմաստով Արմեն Գրիգորյանը, անկասկած, փաշինյանական չարաղետ իշխանավարման ևս մեկ զոհ է ու քաղբանտարկյալության յուրատեսակ խորհրդանիշ:

Հարկավ, պրոֆեսիոնալ փաստաբանները, իրավապաշտպանները թերևս մեզ կուղղեն՝ նշելով, որ Արմեն Գրիգորյանը ավելի շուտ «խղճի կալանավոր» էր, քան քաղբանտարկյալ: Բայց դա զուտ մասնագիտական նրբերանգ է, որից հոռի երևույթն ու դրա ողբերգականությունը չեն փոխվում:

Կարելի է հիշատակել նաև զանգվածային քաղաքական հալածանքներն ու հետապնդումները, երբ իշխանություններն իրենց ռեպրեսիվ մարմինների միջոցով մարդկանց հետապնդում էին, ձերբակալում, «բերման ենթարկում», խուզարկությունների ու ճնշումների, տույժ-տուգանքների ենթարկում բացառապես այն պատճառով, որ մասնակցել են ընդդիմադիր կամ հակաիշխանական օրինական ակցիայի (ցույցի, երթի, պիկետի և այլն):

Պետք է արժանին հատուցել Փաշինյանին ու ՔՊ-ին. նրանք իրոք կարողացել են իրավապահ համակարգը դնել իրենց կրնկի տակ, դարձնել իրենց քաղաքական շահերի կույր սպասարկուն: Հիմա, թե դա ինչպե՞ս են արել, հարցի մի կողմն է: Էականը փաստացի հետևանքն է: Եվ միայն իրավապահ ու քննչական կոչվող մարմինները չեն այդ «քաղսպասարկման» վիճակում:

Ոչ պակաս վտանգավոր ու ավերակիչ է այն, որ արդարադատության համակարգը, դատական իշխանությունն է արդեն մեծամասամբ դրված Փաշինյանի կրնկի տակ: Անպատկառությունն ու ցինիզմն այնտեղ են հասել, որ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում անելով՝ կալանավորման ուղիղ հրահանգներ է տալիս, իսկ ինչ-ինչ դատավորներ «դակում» են այդ ստատուսները, իսկ գլխավոր դատախազն էլ հանրային հեռուստաընկերության եթերից... գործնականում դատավճիռ է կարդում:

Ավելին, Փաշինյանի իշխանավարման շրջանում ոչ միայն «քաղբանտարկյալը» դարձել է ամենօրյա գործածման բառ, այլև կալանավորումը դարձել է քաղաքական հակառակորդներին «շարքից հանելու», մեկուսացնելու ռեպրեսիվ միջոց: Պատժի միջոց, ինչպես նշում են իրավաբանները: Ընդ որում, գնալով ավելի ու ավելի հաճախակի են դառնում դեպքերը, երբ կալանքն իսկապես ոչ թե խափանման միջոց է սոսկ, այլ հենց պատժելու միջոց: Հաշվի առնենք՝ ժամանակը ցույց տվեց, որ քրեական գործերի մեծ մասը պարզապես «ջուր» է, կարված է, ավելին՝ մեծ մասի դեպքում դատարանի որոշում չի էլ եղել, եղածն էլ արդարացնող է եղել, բայց մարդիկ ամիսներով, տարիներով մնում են անազատության մեջ, որ Նիկոլի սիրտը փառավորվի:

Որքան էլ միջազգային իրավակիրառ պրակտիկայում հատուկ շեշտվում է դրա անընդունելի լինելը, Նիկոլ Փաշինյանը նույնքան համառությամբ դա դարձրել է իր սիրելի գործիքը՝ ընդդիմադիրներին ազատությունից զրկելու, երկրում վախի մթնոլորտ տարածելու համար:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ Արևմուտքը, միջազգային կառույցները, «ժողովրդավարական» երկրների դեսպանատները, որ նախկինում նման դեպքերում վայնասուն կդնեին ու դնում էին, հիմա աչք են փակում այս կարգի անօրինականության վրա: Լռում են: Թեպետ, կարելի է նաև ենթադրել, որ Փաշինյանից այս կամ այն զիջումը կորզելու համար, փակ դռների ետևում, նրան կարող են և ճնշել՝ սպառնալով աղմկել քաղբանտարկյալների, խղճի կալանավորների մասին... Այսինքն, այս լռությունն էլ իր գինն ունի:

Իսկ քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է, քաղբանտարկյալների շարքերը խտանում են: Քավ լիցի, միայն վերջին մեկուկես ամսվա ընթացքում Փաշինյանի հրահանգով անազատության մեջ են հայտնվել գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, ՀԱԵ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանն ու Միքայել Աջապահյանը, ՀՅԴ-ական Իգոր Սարգսյանը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը, տասնյակ ընդդիմադիրներ...

Ու դժվար չէ պատկերացնել, որ ինչքան ընտրությունները մոտենան, այնքան ավելի կատաղի թափով է Փաշինյանը թքած ունենալու օրենքների ու Սահմանադրության վրա: Դժվար չէ պատկերացնել, թե Փաշինյանն ինչ կատաղի թափով է կալանքը գործածելու որպես քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու գործիք, որպես իր իշխանությունը պահելու գործիք:

Թե ինչու է Փաշինյանը ուզում պահել իր իշխանությունը, պարզ է ու հասկանալի: Անհասկանալին այն է, թե ինչու է հանրությունը շարունակում «պահել» նման իշխանություն: Գուցե նրա համար, որ ՀՀ քաղաքացիների, ասենք, 95 տոկոսը «քաղբանտարկյալի» կարգավիճակ ունենա՞: Թե գուցե այլ՝ ավելի վատ կարգավիճակ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները