«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործարար Սամվել Կարապետյանի դեմ տեղի ունեցող գործընթացները, նրա կալանավորումը տարակուսելի են հանրության համար։ Իրավաբանները փորձում են հասկանալ, թե որ խոսքի կամ գործողության համար է այս ամենը տեղի ունենում գործարարի հետ, հասարակությունն ունի իր կարծիքը՝ Հայ առաքելական եկեղեցուն սատարելու համար։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ հիմա բոլորն են մտածում այն հարցի շուրջ, թե ո՞րն է այս ամենի պատճառը։ «Ամեն ինչ շատ անհեթեթ է։ «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք մեր ձևով կմասնակցենք այդ ամեն ինչին» ձևակերպման պատճառով ինչ-որ քրեական գործ սարքել, դա նշանակում է՝ ցանկացած խոսքից կարելի է քրեական գործ սարքել։ Ասում են՝ սահմանադրական կարգի տապալման կոչ է։ Բայց Կարապետյանի հայտարարության մեջ որտե՞ղ է նշված այդ կոչը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Ընդգծում է՝ տեղի ունեցող գործընթացի պատճառների մասով նա իր համար մի քանի գործոն է առանձնացրել։ «Առաջինը՝ գնում էր Թուրքիա, գուցե ցանկացել է ռուսական ազդեցության դեմ ինչ-որ քայլ ձեռնարկել։ Բնականաբար, Թուրքիային և Ադրբեջանին ձեռնտու չէ Ռուսաստանի ինչ-որ դերակատարություն այստեղ, և ցանկացած նման քայլ ինչ-որ առումով իրենց կողմից ուղղակի կամ անուղղակի ողջունելի կլինի։ Հաջորդը Կարապետյանի կողմից Եկեղեցու պաշտպանությունն է, բայց, իմ կարծիքով, դա ամենափոքր գործոնն է։ Երրորդը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործոնն է։ Դժվար է գուշակել, թե Նիկոլ Փաշինյանի մտքով ինչ է անցնում։ Օրինակ է բերում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հիմա, եթե շատ պրիմիտիվ նայենք այս ամենին, գուցե նա մտածում է՝ փորձի ազգայնացնել ՀԷՑ-ը, հետո մեկ ուրիշին կվաճառի և բյուջեում գումար կհայտնվի։ Կես լուրջ, կես կատակ կարելի է նկատել, որ երբ այս ամենը տեղի էր ունենում, Աննա Հակոբյանը բացակայում էր, իսկ դա սովորաբար իր վրա վատ ազդեցություն է թողնում, նա ավելի դյուրագրգիռ է դառնում։ Այս ամենը մեկ կաթսայի մեջ դնենք, գումարենք, որ քաղաքական ուժերը ոչ ակտիվ վիճակում են, գուցե կարծում է, որ կարելի է տարբեր բաներ փորձարկել։ Ինչ-որ առումով, ըստ երևույթին, բնավորության հարց է, իր բնավորության մեջ կա միշտ ինչ-որ բան «սարքել», նույնիսկ ոչնչից ինչ-որ պատմություն սարքել՝ սկսած ժամանակին Սահմանադրական դատարանի դեմ իրականացված ակցիաներից, որոնք մեծ հաշվով անիմաստ պատմություններ էին, դատավորների ժամկետը լրացավ, իրենք ավտոմատ փոխվեցին։ Հիմա, օրինակ՝ փորձենք գնահատել տարիներ ի վեր Հրայր Թովմասյանի «հետևից ընկնելու» իմաստը։ Քրեական գործ չկա, Հրայր Թովմասյանը դատավոր է։ Փաշինյանը, կարծես, փորձում է ցույց տալ, որ ամենավերին արդարադատությունն է աշխարհի վրա, միայն ինքը գիտի՝ ճիշտը որն է, լավը որն է, կարծես փորձի ինքնահաստատվել՝ տեսաք, թե ինչ արեցի։ Իսկ արդյունքում սա աղմուկ էր, որ որևէ արդյունք չտվեց։ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, Ռուսաստանը ուշի ուշով հետևելու է գործընթացներին։ Իհարկե, իրավիճակը չի կարող հասնել ինչ-որ դատական վճռի այս ձևակերպման հիմքով»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ գուցե իշխանությունը սա անում է տեսարաններ ապահովելու, իր համար ցանկալի օրակարգեր ձևավորելու համար։ Ցածր ռեյտինգ ունեցող իշխանությունը մշտապես ունի սեփական աթոռը կորցնելու վախ։ «Պարբերաբար լսում ենք, որ հանրությանը կարևորից շեղելու օրակարգ կա, ու դրա մեջ ինչ-որ իմաստ կա։ Երբ նա «սարքում» է նման բաներ, ինչ-որ հարցեր ընկնում են հետին պլան, օրինակ՝ այցը Թուրքիա։ Այն այդքան մեծ աղմուկ չբարձրացրեց, գուցե սկզբից շեշտը դրա վրա կլիներ, բայց Եկեղեցու հետ տեղի ունեցողը, հետո Սամվել Կարապետյանի պատմությունը դա մղեցին երկրորդ պլան։ Ցավոք, խորհրդարանի վիճակը շատ տխուր է։ Նիկոլի հրահանգով իր պատգամավորները սկսում են ելույթ ունենալ, խոսում են մարդիկ, որոնք ոչ մի բան չեն արել Հայաստանի համար, քննարկում են ինչ-որ մարդու, որ կարևոր բաներ է արել։ Այդտեղից փոքրոգության հոտ է գալիս, այսինքն՝ դու չկայացած մեկն ես, եթե վաղը պատգամավոր չլինես, փողոցում հարցնեն քո անուն-ազգանունը, մարդիկ չեն հիշի, թե դու ով ես, բայց գալիս ես ամբիոնի մոտ և մեծ-մեծ խոսում։

Դա բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են, դրանից ուրախանում են։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը ճիշտ է ասում՝ կապ չունի, դա կլինի Սամվել Կարապետյանը, թե Հենրիխ Մխիթարյանը, եթե կայացած է, իրեն հարվածում են, որոշակի խավ կա, որի հոգին դրանից փառավորվում է»,-հավելում է նա։

Հարվածում են նաև Եկեղեցուն։ Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր սպասավորների թիրախավորումը շարունակվում է Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից։ Վերջիններս հերքում են այն կարծիքները, որ սա անում են Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական ազդեցությամբ։ Կարծես Եկեղեցին են դիտարկում որպես իրենց ընդդիմացող վերջին ու ամենակարևոր օջախներից մեկը։ «Եկեղեցին ազգային կառույց է, սա միանշանակ է։ Բնականաբար, նա պետք է ասի, թե Եկեղեցու դեմ այս հարձակումները կապ չունեն Ադրբեջանի հետ։ Սահմանադրության փոփոխությունն էլ է, չէ՞, ասում, որ Ադրբեջանի հետ կապ չունի, բայց պիտի փոխենք, ու դրանից նախաբանը՝ հղումը Անկախության հռչակագրին, հանենք։ Այստեղ խնդիրն այն է, որ Եկեղեցու գործունեությունը չի համընկնում Նիկոլ Փաշինյանի պատկերացրած «Խաղաղության օրակարգի» հետ։ Իր պատկերացրած օրակարգն է ամեն ինչ անել, որ Թուրքիան ու Ադրբեջանը գոհ լինեն ու մտքներով չանցնի հարձակվել Հայաստանի վրա, ուժով հարց լուծել, քանի որ պետք չէ ուժով հարց լուծել, եթե կարելի է խոսելով լուծել։ Դա իր պատկերացումն է։ Նա բազմիցս խորհրդարանում ակնարկել է, որ Ռուսաստանի ազդեցությունն այստեղ արհեստական է, հիմնված այն արհեստածին վտանգի վրա, որ Թուրքիան կհարձակվի, դրա համար Հայաստանին պետք է պաշտպանի Ռուսաստանը, մենք էլ լինենք իր ֆորպոստը, կամակատարը և այլն։ Զուգահեռ նա գիտի, որ միշտ կլինեն ազգային հարցեր, որոնք կդրվեն իր առջև՝ Արցախը և այլն, եթե լինի սովորական վիճակ։ Ուստի, նա ցանկանում է ամբողջապես փոխել մարդկանց հոգեբանությունը, մտածելակերպը և բերել, հանգեցնել նրան, որ Թուրքիան, Ադրբեջանը բարեկամ, հարևան պետություններ են, թող գնան, գան, ճանապարհներով անցնեն։ Մի որոշ ժամանակ «փախստականների վերադարձի» հարցը կդնի, հետո կասի՝ դե, առևտուր կլինի և այլն։ Աստիճանաբար Ռուսաստանն այստեղից կգնա, Արևմուտքը կուրախանա, կհրավիրի իրեն ամենատարբեր միջոցառումների։ Իր պատկերացրած «Խաղաղության օրակարգը» սա է, երբ ասում է՝ «ապագա կա», իր պատկերացրած ապագան այդպիսին է, երբ ասում է՝ 100-ամյակներ առաջ կապահովենք Հայաստանի Հանրապետության գոյությունը, նկատի ունի, որ կստեղծի մի իրավիճակ, երբ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը կլինեն այնքան եղբայրական պետություններ, որ անհեթեթ կլինի մտածել, թե որևէ մեկը կարող է մյուսի վրա հարձակվել։ Ինչի՞ համար հարձակվել Հայաստանի վրա և ինչ-որ պատմություն սարքել, եթե Հայաստանը պատրաստ է քո ցանկությունները բավարարել՝ լինի ճանապարհ, փախստական, Արցախի կորուստ և այլն։ Եկեղեցին դիմադրում է սրան։ Վեհափառն արտերկրում խոսում է Արցախի մասին։ Դրա մասին շատ բացահայտ Աննա Հակոբյանն էր գրել՝ ի՞նչ գործ ունես՝ Շվեյցարիայում քննարկես անվտանգ վերադարձի հարց և այլն։ Եկեղեցին այն հարցերն է բարձրացնում, որոնք Փաշինյանի օրակարգի մեջ չեն տեղավորվում, այն օրակարգի, որը ձեռնտու է և՛ Փաշինյանին, և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին։ Եկեղեցու դեմ արշավն առաջին հերթին ձեռք է տալիս հենց Իլհամ Ալիևին։ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ, իրոք, պայքարում է ռևանշիստական ուժերի դեմ։ Նա խորհրդարանում գլուխ է գովում, որ ոչ մի հրթիռ մեր վրայով չի թռչում, պատերազմ չի լինելու։ Նա ասել է, որ Հայաստանից Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերման հարց չկա։ Շատ լավ հասկանում է, որ այսօրվա վիճակով նրանց ներկայությունը, փոխադարձ պայմանագրերը Հայաստանի անվտանգության երաշխավորության մասն են կազմում»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները