«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Զզվելի, նողկալի, պետության առաջին դեմքին ոչ հարիր բառամթերք է։ 2018 թվականին սկսեց փողոցային լեզվով խոսել, որ «փողոցի մարդուն» իրենով անի, բայց հիմա բոլորի համար է իր լեզուն տհաճ դարձել»,-Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների մասին մեր զրույցի սկզբում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան՝ շեշտադրելով Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի գրառումների բառապաշարը։ Իսկ հետո ամենակարևորի մասին ենք խոսում՝ ինչո՞ւ են հիմա ուժգնացել այս հարձակումները հոգևոր կառույցի նկատմամբ, չնայած դրանք եղել են 2018 թվականից սկսած։ «Հայ առաքելական եկեղեցին մեզ՝ հայերիս համար 1700 տարուց ավելի այն կառույցն է, որն անխորտակելի է։ Մեր ինքնությունը, էությունն է դարձել։ Պետականություն, պետություն չունեցած ժամանակ հատկապես Եկեղեցին է հայի ինքնությունը, լեզուն, մշակույթը և մնացյալը պահողն ու պահպանողը եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծը։ Նա համեմատական է տանում մեր էպոսի հետ՝ ընդգծելով, որ ինչպես «Սասնա ծռերը», այնպես էլ մեր Եկեղեցին մեր հոգու, արյան, ինքնության մեջ է։ «Խորտակելով Հայ առաքելական սուրբ եկեղեցին՝ խորտակում են հային։ Այն պահին, երբ կխարխլվի, կխորտակվի մեր Սուրբ եկեղեցին, նույն օրը հայը կվերանա, կոչնչանա։ Քանի կա Սուրբ Էջմիածինը, կա հայը։ Չկա Էջմիածինը՝ ոչ միայն որպես ֆիզիկական, այլ հոգևոր կառույց, ուրեմն՝ չկա հայը»։

Շատերի կարծիքն է ամրագրում՝ գործող իշխանությունն ամեն ինչ կարողացավ անցած յոթ տարում ոչնչացնել։ «Միակ կառույցը, որը չկարողացավ ոչնչացնել, Եկեղեցին է, որն այսօր էլ, ի դեպ, մեր ինքնությունն է պահում ու պահպանում։ Այսօր Ադրբեջանից (նաև Թուրքիայի մռլտոցներով) այդ հրահանգը կա, ուղղակի Թուրքիան առաջնագիծ է նետել Ադրբեջանին, Էրդողանը Ալիևին է մեջտեղ բերել, ինքը շատ չի կեղտոտվում։ Նրանք ցանկանում են վերջին և հիմնական կառույցը, մեր միջուկը՝ հանձին Եկեղեցու, ջարդել, ոչնչացնել։ Նպատակը հայի ինքնության վերջնական ոչնչացումն է»։

Վստահ է՝ Եկեղեցու դեմ այս հարձակումներն ուժգնացան Շվեյցարիայում Կաթողիկոսի առաջարկով հրավիրված համաժողովից հետո։ «Սա նրանց զայրացրեց ու կատաղեցրեց։ Գարեգին Երկրորդը խոսեց բռնազավթված Արցախի, ռազմագերիների ապօրինի դատի, արցախահայության վերադարձի իրավունքի և այլ հարցերի մասին, հարցեր, որոնք պետք է պետությունը հնչեցներ։

Այսօր Հայաստանում միակ կառույցը Եկեղեցին է, որ բարձրաձայնում է այս հարցերը։ Սա նյարդայնացնում, զայրացնում է և՛ Ալիևին, և՛ Էրդողանին, և՛ Նիկոլին։ Սրանք ակնհայտ բաներ են, բացահայտում չեմ անում։ Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն։ 1700 տարի օտար նվաճողները՝ պարսիկներ, արաբներ, թուրքեր և այլք, հետո Ցարական Ռուսաստանը, Խորհրդային Միությունը փորձել են, բայց չեն կարողացել խարխլել Եկեղեցու հիմքերը ու էլի չեն կարողանալու, իրենք են ջարդվելու, հետ նետվելու։ Հայ առաքելական եկեղեցին անխորտակ մնալու է մինչև աշխարհի վերջը։ Իսահակյանն ասում է՝ հայի կաշին որ քերես, տակից Էջմիածին դուրս կգա»,-նշում է մեր զրուցակիցը։

Կարծիք կա, որ Հայաստանի իշխանությունները վախեր ունեն՝ հենց Եկեղեցին կարող է համախմբել մեր ժողովրդին, որը ցանկանում է օր առաջ դուրս գալ այս համազգային ճգնաժամից։ «Մենք ո՛չ ինքնիշխան ենք, ո՛չ անկախ ենք։ Բաքվից և Անկարայից են որոշում, կողմնորոշում, հրահանգում մեր, այսպես ասած, իշխանավորներին, թե ինչ անել ու ինչ չանել։ Այս իրավիճակում մեր համախմբումը կրկին լինելու է Եկեղեցու շուրջ։ Եկեղեցին է համախմբելու, առաջնորդելու և մեզ հանելու այս վիճակից, ինչպես Սարդարապատից հանեց, ինչպես եղել է տարբեր դարաշրջաններում։ Իրենք էլ լավ գիտեն, որ, որպես միակ համախմբող ուժ, մնացել է Եկեղեցին։ Քաղաքական գործիչներին փչացրել են, տարբեր քայլեր արել և այլն։ Նիկոլը «վա բանկ» է գնում։ Պարզ բառերով ասած՝ կա՛մ տակ է տալու, կա՛մ վրա։ Բայց դա իր վերջն է, իր օրհասը, շատ շուտով խորտակվելու և ոչնչանալու է՝ Եկեղեցուն բախվելով։ Այլ տարբերակ ինքը չուներ՝ կա՛մ նա պիտի «վա բանկ» գնա ու Եկեղեցին խորտակի, կա՛մ Եկեղեցին՝ իրեն։ Եվ քանի որ մեր Եկեղեցին անխորտակելի է, Նիկոլն է ոչնչանալու, սա իր վերջն է, որը մենք շուտով կտեսնենք»,-հավելում է բանաստեղծը։

Նրա դիտարկմամբ, Եկեղեցին չիջավ իշխանությունների հետ քննարկման, ավելի ստույգ՝ նրանց կողմից հրահրվող փողոցային «ռազբորկաների» մակարդակին։ «Ուզում էին ներքաշել դրա մեջ, բայց չստացվեց։ Չէր էլ ստացվելու։ Մեր Եկեղեցին միշտ իր բարձրության վրա է մնացել և մնալու է։ Եկեղեցուն խորհուրդներ չտանք։ Եկեղեցին լավ գիտի, թե որ պահին ինչ պետք է անել։ Եթե ինչ-որ պահի պետք է զանգեր հնչեցնի, կհնչեցնի, եթե ինչ-որ պահի պետք է այս կամ այն խոսքն ասել, կասի։ Եկեղեցին իր անելիքը շատ լավ գիտի, որևէ մեկի խորհրդի կարիքը չունի։ Նա իրեն պահում է իր բարձրության վրա»։

Ընդգծում է՝ այս իրավիճակում կարևոր ազդակներից մեկն այն է, որ մեր հանրությունն այս հարցի շուրջ չունի անզորության զգացում։ «Ժողովուրդն անում է քայլեր և պատրաստ է անելու։ Օրեր առաջ գիշերով օդանավակայանում դիմավորեցին Կաթողիկոսին, հերթապահեցին և հերթապահում են Սուրբ Էջմիածնի բակում։ Եթե փորձեն Վեհարան ներխուժել, չեն կարող։ Եթե վաղը կամ այսօր որևէ ընդվզում լինի Եկեղեցու դեմ, ժողովուրդը համախմբվելու և պաշտպանելու է այն։ Քայլեր եղան, ժողովուրդն իր հակաքայլերը ցույց տվեց։ Ի դեպ, այդ մարդիկ էլ երևի արդեն հասկանում են, որ չեն կարող կտրուկ քայլերի գնալ Եկեղեցու դեմ։ Կռիվը չսկսած՝ արդեն պարտված են։ Իսկ եթե կռիվ սկսեն, կռիվ կլինի։ Ի՞նչ են ուզում՝ քաղաքացիական պատերազմ։ Մեր ժողովուրդը շատ զուսպ է, քաղաքացիական պատերազմի չի գնա, բայց նրանց պատասխանը կտա։

Կրկնում եմ՝ սա իր վերջն է, իր պարտությունը, իր օրհասը։ Եթե մարդկանց մոտ կասկածներ էին մնում, որ սրանք թուրքի դրածո են, ամեն ինչ արել են թուրքի ուզածով, հիմա արդեն հստակ տեսնում են, թե ինչ է կատարվում։ Ժողովուրդն ամեն ինչ անում է և կանի շուտով դրանցից ազատվելու համար։ Դա կլինի Եկեղեցու շուրջ համախմբում, թե այլ տարբերակ, բայց կլինի. ինձ թվում է՝ Եկեղեցու շուրջ համախմբումով սրանցից կազատվենք, որովհետև տեսնում ենք՝ օր օրի տանում են Հայաստանի պետության, պետականության հստակ ոչնչացման, հիմա էլ խոսում են ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ Այսինքն՝ այն, ինչ ուզում են թուրքը, Ադրբեջանը։ Իսկ նրանք բացառապես Հայաստանի պետության, պետականության և հայերի ոչնչացումն են ուզում։ Իրենք դա չեն թաքցնում, և դա էլ անում են։ Կանչում են, գլուխը շոյում և ասում՝ սա պիտի անես, այսպես անես։ Այն, ինչ արվում է այսօր, ծրագրված է և գրված Աթաթուրքի ու մյուսների կողմից։ Մեր ժողովուրդը հստակ բախվել է այս իրողություններին, տեսնում է, թե ինչ է կատարվում։ Հիմա մեր ներքին Սարդարապատն է լինելու՝ կա՛մ դես, կա՛մ դեն։ Բայց հաղթելու է ժողովուրդը։ Չպետք է թույլ տալ, որ վերջնականապես կործանվենք։ Թե հիմա որքան էլի կկորցնենք այս օրերի ընթացքում, չեմ կարող ասել, բայց քանի կա մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Էջմիածինը, մենք չենք կործանվի»,-եզրափակում է բանաստեղծ Հուսիկ Արան։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais Սագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերը ICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածր Համոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ Պուտինին Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr 45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Կորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համար ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները