Լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որը ոչ միայն ապահովում է սննդամթերքի մատակարարումը, այլև նպաստում է տնտեսական կայունությանը, սոցիալական բարեկեցությանը և բնապահպանական հավասարակշռությանը։ Անասնապահության դերը սննդի անվտանգության ապահովման գործում առանձնահատուկ է, քանի որ այն անմիջականորեն կապված է մարդու առողջության, սննդի որակի և մատչելիության հետ։ Հայաստանի անասնապահության ոլորտում վերջին տարիների զարգացումները, հատկապես անցած տարվա ընթացքում արձանագրված միտումները բացահայտում են մի շարք խորը համակարգային խնդիրներ, որոնց լուծման բացակայությունը կարող է հեռանկարում լուրջ բարդություններ ստեղծել ինչպես գյուղատնտեսական ոլորտի, այնպես էլ սննդային անվտանգության համակարգի համար։

Վիճակագրական տվյալները վկայում են, որ գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել, բացառությամբ տնային թռչունների և ձիերի։ Հետաքրքրական է, որ այծերի գլխաքանակը աճել է 4,1 անգամ, ինչը պայմանավորված է հիմնականում Սյունիքի և Վայոց ձորի տարածաշրջաններում իրականացվող ծրագրերով։ Սակայն այս աճը դեռևս չի փոխհատուցում ամբողջ համակարգում արձանագրված ընդհանուր անկումը և չի ապահովում բավարար հենարան ընդհանուր շուկայի կայունության համար։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը վերջին մեկ տարում նվազել է 3,6 տոկոսով, կովերինը՝ 4,9 տոկոսով, խոզերինը՝ 1,8 տոկոսով, ոչխարներինը՝ 3,2 տոկոսով, այծերինը՝ 11,6 տոկոսով, իսկ տնային թռչուններինը՝ 7,4 տոկոսով։ Ձիերի գլխաքանակն, ի հակադրություն այս միտումների, աճել է 9,3 տոկոսով։ Այս թվերը ցույց են տալիս, որ թե՛ կաթնատու, թե՛ մսատու կենդանիների պահպանումը Հայաստանում շարունակում է դժվարանալ։ Իսկ խոշոր եղջերավոր անասունների և կովերի թվի նվազումը անմիջականորեն ազդում է կաթնամթերքի արտադրության վրա, ինչն արդեն իսկ շուկայում արտահայտվում է կաթի պակասով և դրա փոխարինման փորձերով։

Միևնույն ժամանակ, նկատելի է, որ փոքր անհատական տնտեսությունները աստիճանաբար դուրս են մղվում շուկայից, իսկ ոլորտում աճում է խոշոր առևտրային ընկերությունների ազդեցությունը։ Տնային տնտեսություններում գրանցված այս անկման ֆոնին որոշակի աճ է արձանագրվել առևտրային կազմակերպությունների կողմից պահվող անասունների գլխաքանակում։ Խոշոր եղջերավոր անասունների թիվն այս հատվածում աճել է 36,3 տոկոսով, կովերինը՝ 18,8 տոկոսով, իսկ տնային թռչուններինը՝ 12,8 տոկոսով։

Այս միտումը հղի է լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներով, որոնցից գլխավորը շուկայի օլիգոպոլացման և գների աճի վտանգն է։ Առևտրային ընկերությունների ձեռքում անասնապահության ոլորտի կենտրոնացումը ստեղծում է օլիգոպոլ պայմանավորվածությունների վտանգ։ Բնական է, որ մրցակցության բացակայության պայմաններում խոշոր ընկերությունները կսկսեն թելադրել այն գները, որոնք իրենց են ձեռնտու, այլ ոչ թե սպառողին։ Այսինքն, շուկան կարող է վերահսկվել սահմանափակ թվով տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք, ի տարբերություն փոքր ֆերմերների, կարող են ճկունորեն կարգավորել գները՝ անկախ առաջարկի և պահանջարկի բնական շարժումներից։

Անասնապահության ոլորտի ներկայացուցիչները ընդգծում են, որ այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկը պետության անտարբերությունն է։ Հայաստանը չունի հստակ պետական ռազմավարություն կաթնատու և մսատու կենդանատեսակների բուծման ուղղությամբ, բացակայում են համապարփակ ծրագրեր՝ հարմարեցված տեղական բնակլիմայական պայմաններին։ Արդյունքում տարիների ընթացքում տեղական անասունների ցեղատեսակներն աստիճանաբար դեգրադացվել են, կաթնատվությունն ու մսատվությունը՝ նվազել։ Այս բացը փորձում են լրացնել ներկրված գենետիկ նյութերով, սակայն դրանք հաճախ համարժեք չեն տեղական պայմաններին ու առանձնահատկություններին, ինչի հետևանքով ֆերմերները կանգնում են նոր ռիսկերի և լրացուցիչ ծախսերի առաջ։

Իսկ կաթնամթերքի շուկայում առաջ եկած իրավիճակը հանգեցնում է նրան, որ արտադրողները ստիպված են կաթի պակասը լրացնել կաթի փոշու կամ այլ փոխարինիչների միջոցով, որոնք կարող են հավել յալ խնդիրներ ստեղծել մարդկանց առողջության համար։ Մյուս կողմից էլ՝ որակական ցածր հատկանիշներ ունեցող էժան կաթի փոշու ներմուծումը հարվածում է տեղական կաթնարտադրողներին, որոնք որակյալ մթերք են ապահովում։

Ինչ վերաբերում է խոզաբուծության ոլորտին, ապա արձանագրված իրավիճակն ունի իր առանձնահատկությունները։ Մեր երկրում խոզաբուծությունը զարգացնելու խնդիրն այդպես էլ մնում է չլուծված։ Եվ Հայաստանը մեծ քանակությամբ կենդանի խոզ և պաղեցված խոզի միս է ներկրում, հիմնականում՝ Ռուսաստանից։ Այս միսը հաճախ վաճառվում է որպես տեղական արտադրանք, ինչի արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում դիմակայել ցածր գնային մրցակցությանը։ Ներկայում խոզի մսի ինքնարժեքը Հայաստանում բարձր է, և նույնիսկ խոշոր խոզաբուծարանները մեծ դժվարությամբ են մնում շուկայում։ Սա հանգեցրել է խոզերի գլխաքանակի նվազմանը՝ ինչպես անհատական, այնպես էլ առևտրային տնտեսություններում։ Վիճակագրական տվյալներով, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 182315 գլուխ խոզ, որից 134961-ը՝ անհատական տնտեսություններում, իսկ 47354-ը՝ առևտրային կազմակերպություններում։ Սա վկայում է, որ անկման միտումը համատարած բնույթ ունի։

Հատկանշական է, որ թռչնաբուծության ոլորտում դիտվում է հակառակ պատկերը։ Բնական է, որ բնակչության վճարունակության նվազման ֆոնին թռչնամսի սպառումը շարունակաբար աճում է։ Թռչնամիսը մնում է ամենամատչելի սպիտակուցային աղբյուրը լայն շերտերի համար, և կանխատեսվում է, որ առաջիկայում թե՛ տեղական, թե՛ ներկրված թռչնամսի սպառման ծավալները կշարունակեն աճել։ Սա ոչ միայն արձագանք է տնտեսական իրավիճակին, այլ նաև կարող է դիտարկվել որպես սպառողական վարքագծի փոփոխության ցուցիչ։ Բարձր վճարունակության պայմաններում, բնականաբար, կարմիր մսի սպառումը կաճեր, սակայն ներկայում բնակչության մեծ մասը ստիպված է սահմանափակվել ավելի մատչելի ապրանքներով։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի անասնապահության ոլորտում առկա համակարգային խնդիրները պահանջում են պետական ռազմավարական մոտեցում։ Անհատական ֆերմերների նահանջը և խոշոր ընկերությունների դիրքերի ուժեղացումը ցույց են տալիս, որ առանց պետական միջամտության շուկան կգնա դեպի օլիգոպոլ մոդել՝ սահմանափակ մրցակցությամբ և բարձր գներով։ Բացի այդ, պետական մակարդակով անհրաժեշտ է մշակել ցեղային բարելավման և տեղական պայմաններին հարմարեցված բուծման ծրագրեր՝ կանխելու տեղական անասունների դեգրադացիան։ Առանց նման քաղաքականության շարունակաբար կաճի ներմուծված կաթի փոշու, խոզի մսի և այլ փոխարինիչների տեսակարար կշիռը՝ խորացնելով կախվածությունը արտաքին շուկաներից։

Սրան պետք է ավելացնել նաև սննդի անվտանգության հետ կապված վտանգները։ Տեղական արտադրության շարունակական կրճատումը նշանակում է, որ արտակարգ իրավիճակներում Հայաստանը կունենա սննդամթերքի նվազ ինքնաբավության մակարդակ, ինչը կարող է լրջագույն մարտահրավեր դառնալ։ Այս համատեքստում անհրաժեշտ է շեշտադրել, որ անասնապահությունը միայն գյուղատնտեսական ենթաճյուղ չէ։ Այն կենսական նշանակություն ունի գյուղական համայնքների կենսունակության պահպանման համար, այդ թվում՝ բնակչության պահանջները բավարարելու, աշխատանքի ապահովման, եկամուտների ստացման և արտադրանք թողարկելու տեսանկյունից։

Բայց խնդիրը միայն արտադրանք թողարկելով չի ավարտվում, շատ կարևոր է նաև այդ արտադրանքի բարձր որակը, սննդի անվտանգության նկատմամբ վերահսկողությունը՝ հատկապես մսամթերքի մթերման դեպքում։ Եվ այս հարցում էական անելիք ունի ՍԱՏՄ-ն, որի հետ կապված տարբեր ահազանգեր են հնչում, թե վերջին շրջանում վերահսկողությունը թուլացրել է ու մի շարք ուղղություններով ոչ միայն բացեր, այլև տոտալ ձախողումներ են նախանշվում։

ԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
Ամենաընթերցվածները