«Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, շարունակում է հարձակումները Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր սպասավորների վրա։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ զրույցի ժամանակ, երբ անդրադառնում ենք իշխանությունների այս գործողություններին, նա առաջարկում է այս թեմային անդրադառնալիս հետևյալ հարցն ուղղենք նաև ինքներս մեզ՝ ինչո՞ւ է այս պահին տեղի ունենում հարձակումը Հայոց եկեղեցու վրա։ «Այժմ Հայոց եկեղեցին մնացել է ժողովրդի համակրանքը վայելող, բարձր վարկանիշ ունեցող այն ազգային հաստատությունը, որը դիմադրում է Հայաստանի ընթացող կապիտուլ յացիային, կապիտուլ յացիա, որը բխում է Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի շահերից։ Հայոց եկեղեցին ամուր կանգնած է Արցախի, Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի, ինչպես նաև Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության հարցերը միջազգային քննարկումների օրակարգ բերելու դիրքերում։ Սա խիստ վտանգավոր է Ալիևի համար, որն ուզում է, որ գերեզմանվի, փակվի Արցախի հարցն ընդհանրապես։ Սա նաև Նիկոլ Փաշինյանի համար է խիստ անցանկալի օրակարգ, որովհետև Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը աջակցելու հարցերում թուրքադրբեջանական տանդեմի կարևորագույն նախապայմաններից մեկն Արցախի հարցը մեկընդմիշտ փակելն է։ Եկեղեցին անում է մի բան, որը հակասում է և՛ թուրքադրբեջանական շահերին, և՛ չի խոսում Փաշինյանի իշխանության պահպանման օգտին։ Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանն այսպես մոլեգին հարձակումներ է գործում Հայոց եկեղեցու վրա։ Տիրանայում Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումն ուշագրավ եմ համարում այն իմաստով, որ Տիրանայից հետո, կարծես թե, ադրբեջանական հռետորաբանությունն այն հարցում, որ Սահմանադրության փոփոխությունը պետք է լինի «Խաղաղության պայմանագրի» նախապայման, մեղմացել է։ Տևական ժամանակ է, կարծես, առաջ չի քաշվում այն թեման, որ մինչև չփոխվի Սահմանադրությունը, չի լինի «Խաղաղության պայմանագիր»։ Ակնհայտ երևում է, որ Նիկոլ Փաշինյանն է խնդրել, համոզել Սահմանադրության փոփոխության թեման առաջ չքաշել, որովհետև բացատրել է՝ այդ հարցով հանրաքվեում չի կարող հաղթել։ Բայց փոխարենը նրա առջև դրել են այն պայմանը, որ Արցախի հարցը պետք է մեկընդմիշտ փակել, և ցանկացած այլ կառույց, ուժ, որը այդ հարցը կբացի, Նիկոլ Փաշինյան, պահիր քո վերահսկողության տակ։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, կատարում է այդ ստանձնած պարտավորությունը։ Ուզում է ցույց տալ, որ կարող է այդ հարցն իր վերահսկողության տակ պահել, անել այնպես, որ Արցախի հարցը գործնական արծարծումներ չունենա հատկապես միջազգային քննարկումներում, ինչին ուղղված է Կաթողիկոսի անձի փոփոխության այն ստոր օրակարգը, որը նա առաջ է քաշում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Ընդգծում է՝ հիմնական առանցքը սա է, բայց դրանով Նիկոլ Փաշինյանը նաև այլ խնդիրներ է լուծում։ «Ստեղծում է քաղաքական կոնֆլիկտ, որի մեջ նորից սկսում է ներկայանալ իբրև ժողովրդի ներկայացուցիչ, ժողովրդի պաշտպան։ Նա օգտագործում է այդպիսի բառեր, խոսքեր, օրինակ՝ «ժողովրդին ենք վերադարձնում Եկեղեցին»։ Դրանով ցանկանում է դիրքավորվել որպես ժողովրդի շահերի ներկայացուցիչ այդ կոնֆլիկտի մեջ։ Առաջ, եթե դևը «նախկիններն» էին, որոնց դեմ նա պայքարում էր՝ որպես դևի գլուխը կտրող, ապա հիմա նա, որպես դև, ուզում է ժողովրդին ներկայացնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, որի դեմ նա պայքարում է։ Այսպես նաև նա իր ընտրազանգվածի հարցն է փորձում լուծել»,-նշում է մեր զրուցակիցը։

Եկեղեցին գերզսպվածություն է ցուցաբերում այս իրավիճակում, ի վերջո, անկեղծ լինենք, նա երբևիցե չպետք է իջնի այս անհասկանալի զազրախոսությունները մեկնաբանելու մակարդակին։ Հանրությունն էլ իր աջակցությունն է հայտնում Եկեղեցուն՝ հանձին Վեհափառ հոր։ Դրա վկայությունն է նաև այն, որ հարյուրավոր մարդիկ օրերս «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Գարեգին Երկրորդին և այս կերպ ևս ցույց տվեցին, որ Առաքելական եկեղեցու կողքին են։ «Եկեղեցին մինչ այժմ այդ հարցում շատ ճիշտ, հավասարակշռված ուղեգիծ է առաջ տարել, և կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նույն ձևով շարունակի, Եկեղեցին չպետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանին։

Եկեղեցին պետք է շարունակի իր առաքելությունն իրականացնել, պետք է էլ ավելի ակտիվացնի իր հոգևոր, ազգային գործունեությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև Փաշինյանի հարձակումներից հետո մարդկանց հետաքրքրությունը մեծացել է, նաև նույնիսկ այն մարդկանց, ովքեր հոգևոր առումով խորապես հավատացյալ չեն, բայց հասկանում են, որ շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ու գնում են դեպի Եկեղեցի։ Մեր Եկեղեցին պետք է ավելացնի ջանքերն իր հոգևոր ազգային գործունեության ուղղությամբ՝ ոչ մի պարագայում չմտնելով Փաշինյանի որոգայթների մեջ։ Քաղաքացիներն օդանավակայան առաջին հերթին գնացել էին ի պաշտպանություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի կառույցի, երկրորդ հերթին՝ նաև ի պաշտպանություն Վեհափառի։ Բայց նաև շատ կարևոր է, որ մարդիկ այնտեղ գնացել էին ի պաշտպանություն Հայաստանի պետականության, Սահմանադրության և ժողովրդավարության։ Օդանավակայանում Վեհափառին դիմավորելու նախաձեռնությունը հենց այս արժեքների գիտակցմամբ էր՝ Եկեղեցի ու Վեհափառ, Հայաստանի պետականություն և Սահմանադրություն։ Նիկոլ Փաշինյանի ոտնձգությունները սահմանադրական կարգի, պետականության հիմքերի խախտումներ են, նաև մեր կրոնական զգացմունքների վիրավորում, բայց, ընդհանուր առմամբ, կրոնական ազատության դեմ ուղղված լուրջ ոտնձգություն է և ավտոկրատիայի ուղղված գործունեություն Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ես անձամբ և, համոզված եմ, իմ նման հազարավոր մարդիկ, ովքեր «Զվարթնոցում» էին, այնտեղ էին պաշտպանելու Հայոց եկեղեցին, Հայոց պետականությունը, Սահմանադրությունը և կրոնական ազատությունների սկզբունքը, որը մեզ համար կարևոր արժեք է»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները