Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զարմանալի է, եթե չասենք՝ տարօրինակ, երբ հանրահայտ պատմական եղելությունների վերաբերյալ մեկ էլ ելնում, ասում են՝ այ, եթե այնինչ թվականին այսինչ բանը լիներ կամ չլիներ, օրինակ՝ Նապոլեոնը չհարձակվեր Ռուսաստանի վրա, կամ՝ Մանազկերտի ճակատամարտի ժամանակ բյուզանդական կողմը մի գնդացրային դասակ ունենար, կամ՝ եթե Մխիթար Սպարապետը դավաճանաբար չսպանվեր...

Երբ նման «եթե»-ներով զբաղվում են պատմություն առարկայի հետ նոր ծանոթացող աշակերտները, դեռ ոչինչ: Երբ ինչ-որ ֆանտազյորներ նման «եթե»-ների վրա «այլընտրանքային պատմություն» են հորինում, մտածում ես՝ դե, մարդիկ են, պարապ են մնացել, ինչ-որ սերիալներից են ազդվել, զբաղմունք են գտել և այլն, քմծիծաղում, անցնում ես:

Բայց երբ միանգամայն հասուն, անգամ ինչ-որ գիտական աստիճան ունեցող մարդիկ են նման «եթե»-ների հետևից ընկնում, ավելին՝ սկսում են դրանց վրա տեսություններ ու «գաղափարախոսություն» կառուցել, ուրեմն՝ բանը բանից անցել է, և չի կարելի դա լուռ շրջանցել՝ քունքի մոտ բնութագրական շարժում անելով:

Չէ՛, պատմության հետ կապված «ռևիզիոնիզմը» մի նոր երևույթ չէ: Սակայն մեր պարագայում սա սոսկ «ռևիզիոնիզմ» չէ: Հարկավ, Նիկոլ Փաշինյանն իր, այսպես ասենք, գրքում, «հակառակ կողմից» ինչ մտքով անցներ, կարող էր գրել: Ու, ըստ երևույթին, հենց այդ մոտեցմամբ էլ այդ «երկը» գրվել է: Բայց երբ վարչապետի պաշտոնում նստածն է այդ անլվա «ֆանտազիաները» սկսում փաթեթավորել որպես «գաղափարախոսություն», դա արդեն դառնում է աղետ: Բնութագրական է, որ Փաշինյանն ու նրա տարաբնույթ կարկառուն քարոզիչները հետևողականորեն նենգախեղում են պատմական իրողությունները, սկսում են կասկածի տակ դնել հանրահայտ եղելությունները, ծաղրական կամ անհեթեթ մեղադրանքներ են սկսում հղել հարյուրավոր, անգամ հազարավոր տարիներ առաջ եղած պետական կամ ռազմական գործիչների հասցեին:

Մեթոդաբանությունը հիմնականում նույնն է: Օրինակ՝ վերցնում են որևէ «դրվագ», հնարավոր է՝ անգամ մտացածին, այն կոպտորեն կտրում են պատմաքաղաքական ենթատեքստից, ապա սկսում են դա արծարծել... ժամանակակից իրողությունների համադրությամբ:

Այդ նույն «ծակ-պրոֆեսորական» տակառից են հորդում զանազան մեղադրանքները, օրինակ՝ 120 տարի առաջ Դաշնակցության այս կամ այն որոշման վերաբերյալ, կամ՝ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անվանացանկի հետ կապված: Նույն «տակառից» է նաև այն արտածորումը, թե «թավշյա» իշխանազավթումը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան շարժումը... Լրիվ նույն կեղծարարական մեթոդաբանությունն է:

Բայց ի՞նչն է հիմնականը, որ արժե արտածել նմանօրինակ դրսևորումներից:

Իսկ հիմնականը հետևյալն է. փոխարենն այն բանի, որ Փաշինյանն ու ՔՊ-ն պատասխան տան նրա համար, թե ինչպես Արցախը ուրացան, ինչպես Արցախի ինքնահռչակ պետականությունը կործանման տարան, ինչպես հազարավոր զինվորականների մահվան մատնեցին, ինչպես Արցախի 149 հազար բնակչությանը տնազուրկ ու հայրենազուրկ դարձրեցին, մեջտեղ են բերում ինչ-որ «եթե»-ներ: Տվյալ դեպքում՝ ինչ-որ մի հռչակագիր՝ 1991 թվականի, ու փորձում են ինչ կա-չկա՝ ջարդել դրա վրա, նախկինների վրա, Ռուսաստանի վրա, մարսեցիների վրա ու... չգիտես, թե էլ ում:

Մինչդեռ ակնհայտ է, չէ՞, որ 1991-ից առ 2018 թվականը հարյուրավոր դիվանագետներ, քաղաքական ու պետական գործիչներ, այդ թվում՝ օտարազգի, այդ թվում՝ գերտերությունների ներկայացուցիչներ, կներեք, բայց անգետ-ցնդածներ չէին, էլի, որ «ԱլմաԱթայի հռչակագիրը» մի կողմ դրած՝ Արցախի հիմնախնդիրն ու դրա կարգավորման տարբերակներն էին քննարկում:

Սա ընդամենը օրինակներից մեկն է:

Այսինքն, փոխանակ պատասխան տաս քո գործած ավերների ու քո բերած աղետների համար, ընդամենը մի կամ մի քանի «եթե» ես մեջտեղ նետում, ձայնդ գլուխդ գցում, թե՝ «բա եկեք բանավիճե՜նք, տեսնենք, թե ով է հանձնել...»: Ու ոմանց թվում է, թե՝ վերջ, դրանով բոլոր հարցերը սպառվեցին: Այսպես ասենք. ոմանք չարաչար սխալվում են:

Իսկ պատմական իրողությունների նենգախեղումը, մեծ հաշվով, ճահիճ է: Ճա-հի՜ճ: Որի ընդլայնումը, եթե ժամանակին չես կանխում, կարող է դառնալ ու դառնում է իրականության դահիճ:

Հա, ու եթե հիմա որոշ իշխանական քարոզիչների լսենք, ավելի ճիշտ՝ հակիրճ ի մի բերենք նրանց ասածները, դուրս է գալիս, որ Հայրենական պատերազմում հարյուր հազարավոր հայեր զոհվել են հանուն... ոչնչի:

Ծանոթ ֆրազ է, այնպես չէ՞:

Ի դեպ, վերոնշյալ երևույթին սերտորեն շաղկապված կրթության «նորաձևության» մասին: Երբ հետևում ես այդ «շրջիկ լիկբեզի» հիմնական բանախոս Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այդ թվում՝ կառավարության նիստերում հնչող «դասախոսություններին», ապա հանրագումարում նրա ասածն ի՞նչ է:

«Իզմ»-եր չունեցող Փաշինյանն այդ ի՞նչ գաղափարախոսություն է ուզում փաթաթել հանրության պարանոցին: Մեծ հաշվով, նրա ասածները նպատակաուղղված են հնարավոր բոլոր արժեքները, ընկալումները, բոլոր արժանիքները ջնջելուն: Եթե նրան ու նրանց լսես, ապա հայերը կառուցել չգիտեն, դպրոց չեն կարողանում կառուցել, անգամ ասֆալտ փռել չեն կարողանում, հայերը բռի են, փնթի են, անմշակույթ են, պատմություն չունեն, տգետ են, անշնորհք են, վախկոտ են, ոչ մի հաղթանակ չեն ունեցել, կռվել չեն կարողանում, գող են, թալանչի են, զազրախոս են...

Հա, դե բնականաբար, Գառնու տաճարն էլ «հավաբուն» է, ըստ Փաշինյանի...

Եվ ընդհանրապես, ըստ Փաշինյանի «գաղափարաբանության», որտեղ հաց, այնտեղ կաց: Այսինքն՝ հայերը բացառապես միայն ստամոքսը լցնելու համար են ապրում, զուտ կենսաբանական օրգանիզմ են, ու՝ վերջ:

Գիտեք, այդպես հնարավոր է գնալ միայն մեկ տեղ՝ դեպի ինքնության զրոյացման, դեպի անէություն: Նման խոսք կա, թե՝ պատմությունը վրեժ է լուծում, երբ այն չես սովորում: Բայց թույլ տանք մեզ նկատել, որ պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները