Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա շրջափուլում, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ գլոբալ մարտահրավերների՝ առողջապահական ճգնաժամերից մինչև կլիմայական փոփոխություններ, սննդամթերքի անվտանգությունն այլևս չի դիտարկվում միայն որպես սպառողների իրավունքներին վերաբերող հարց: Այն դարձել է ազգային անվտանգության անբաժանելի կարևոր բաղադրիչ։ Սննդամթերքի անվտանգությունը կապված է երկրի կայունության, հանրային առողջության, տնտեսական զարգացման և նույնիսկ քաղաքական ինքնիշխանության հետ։ Իսկ այլ կերպ ասած՝ սննդամթերքի անվտանգությունը միայն պետության խնդիր չէ. այն յուրաքանչյուր քաղաքացու առողջության և բարեկեցության ապահովման հարց է։

Հայաստանում այս հարցն ունի առանձնահատուկ կարևորություն՝ հաշվի առնելով մեր երկրի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը, ՀՀ տնտեսական կառուցվածքը և ժողովրդագրական միտումները։ Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում որոշ քայլեր արվում են այս ուղղությամբ, բայց դա բավարար չէ։ Միայն առանձին դետալների շուրջ կարգավորումներով սննդի անվտանգության հարցը չի պարփակվում, խնդիրն ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից։ Առաջին հերթին առկա են սանիտարահիգիենիկ պայմանների բազմաթիվ խախտումներ, որոնք իսկապես մտահոգիչ են։ Բազմաթիվ ուսումնասիրություններ և ստուգումներ ցույց են տալիս, որ սննդի շղթայի տարբեր փուլերում՝ մթերքի պահեստավորումից մինչև մատուցում, հաճախ չի պահպանվում անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմը, բացակայում են անհրաժեշտ հիգիենիկ պայմանները, իսկ արտադրական տարածքներում երբեմն նկատվում է կենդանական ծագման թափոնների անպատշաճ կառավարում։

Բազմաթիվ մասնագետներ պարբերաբար շեշտում են, որ սննդամթերքի արտադրության և իրացման գործընթացում նվազագույն սանիտարական պահանջների խախտումը կարող է հանգեցնել լուրջ առողջապահական խնդիրների՝ սկսած ստամոքսաաղիքային թեթև տհաճություններից մինչև բակտերիալ վարակումներ, սուր թունավորումներ և հիվանդությունների տարածում։

Առավել վտանգավոր է, երբ խնդիրներն ի հայտ են գալիս մթերքներում, որոնք սպառվում են անմիջապես՝ առանց ջերմային մշակում անցնելու, օրինակ՝ մրգերը կամ բանջարեղենը։ Հատկապես սեզոնային ակտիվության ժամանակ՝ ամռանը և տոնական օրերին, ռիսկերը կրկնապատկվում են, երբ շուկաներում և հանրային սննդի կետերում հաճախ ավելանում է մարդկանց հոսքը, իսկ վերահսկողությունը՝ թուլանում։ Փորձագետները հորդորում են թե՛ պետական մարմիններին, թե՛ գործարարներին առավել խիստ ուշադրություն դարձնել սանիտարահիգիենիկ ստանդարտների պահպանմանը, իսկ սպառողներին՝ պահանջատեր լինել՝ ընտրելով միայն այն հաստատությունները, որոնք ապահովում են մաքուր և անվտանգ սննդամթերք:

Հաջորդ կարևոր հարցը, որի ուղղությամբ հարկավոր է կենտրոնանալ, վերաբերում է վերահսկողության և ստուգումների ոչ բավարար մակարդակին։ Ճիշտ է՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է ստուգումներ և արձանագրում խախտումներ, սակայն գործող միջոցները դեռևս չեն բավարարում իրավիճակի շոշափելի բարելավմանը։ Պետական մարմինների կողմից վերահսկողությունը մեծամասամբ անհավասարաչափ է։ Կան ոլորտներ կամ տարածքային միավորներ, որտեղ ստուգումները կա՛մ շատ հազվադեպ են լինում, կա՛մ էլ ձևական բնույթ են կրում։ Երբեմն անգամ ժամկետանց ապրանքներ են վաճառվում, երբ սպառողներն այդքան էլ ուշադիր չեն լինում։ Հայաստանում ժամկետանց ապրանքները հաճախ հայտնվում են շուկայում տարբեր «ճկուն մեթոդների» կիրառման արդյունքում։ Օրինակ՝ որոշ անբարեխիղճ վաճառողներ պարզապես նոր պիտակ են կպցնում ապրանքի վրա՝ նշելով ավելի ուշ ժամկետ։ Շատ խանութներ և շուկաներ ժամկետանց կամ ժամկետի ավարտին մոտեցող ապրանքները վաճառում են մեծ զեղչերով՝ հաճախ առանց սպառողին հստակ տեղեկացնելու իրական վիճակի մասին։ Որոշ դեպքերում էլ ժամկետանց ապրանքները բացվում են, փաթեթավորվում փոքր տուփերում կամ փաթեթներում՝ առանց պատշաճ մակնշման։ Բայց առավել վտանգավոր է այն իրավիճակը, երբ այլ երկրներում արգելված ու էժան սննդամթերքը կարող է հայտնվել մեր շուկայում։ Օրինակ՝ էժան թուրքական լոլիկի ու այլ անորակ մթերքների մեծ խմբաքանակը ոչ միայն հարվածում է հայ գյուղատնտեսներին, այլև լուրջ վտանգ է ներկայացնում ազգաբնակչության առողջության համար։

Մյուս առանցքային խնդիրը կապված է սննդամթերքի որակի և անվտանգության մասին տեղեկատվության պակասի մասին։ Սպառողները հաճախ չեն տեղեկանում սննդի արտադրության, պահեստավորման կամ տեղափոխման գործընթացների մասին, ինչն ավելի դժվարացնում է անվտանգ ապրանք ընտրելը։ Մակնշումները հաճախ այնքան փոքր չափերի են, որ շատերը նույնիսկ դժվարանում են կարդալ։ Մյուս կողմից էլ՝ սպառողները խաբվում են գույնզգույն փաթեթավորմանը։ Ուստի, այս պայմաններում առաջնային խնդիր է մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելը։

Մեծ հաշվով, խնդրահարույց է նաև սննդային հավելանյութերի և քիմիական նյութերի չկարգավորված օգտագործումը։ Որոշ արտադրողներ օգտագործում են արգելված կամ չվերահսկվող քանակությամբ հավելանյութեր, կոնսերվանտներ ու քիմիական նյութեր, որոնք վնասաբեր են առողջության համար և կարող են պայմաններ ստեղծել քաղցկեղի ու այլ հիվանդությունների առաջացման համար։ Նկատի ունենանք, որ Հայաստանում քաղցկեղի տարածման վիճակագրությունը բավական մտահոգիչ է, ինչը որոշ չափով պայմանավորված է նաև սննդի մեջ կանցերոգեն նյութերի կիրառմամբ։

Անհրաժեշտ է նաև առավելագույնս սահմանափակել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի ողջ տարածքում: Մարդիկ հաճախ փորձում են առավել էժան սննդամթերքից օգտվել՝ գաղափար անգամ չունենալով, որ դրանք գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ են պարունակում։ Մյուս կողմից էլ՝ խնդրահարույց է մատակարարման շղթայի նկատմամբ վերահսկողության պակասը։ Երբ ապրանքը շուկայում խնդիր է առաջացնում, հաճախ դժվար է պարզել դրա աղբյուրը, որովհետև ամբողջ մատակարարման շղթան պատշաճ կերպով չի գրանցվում և վերահսկվում։

Բացի այդ, մեր հանրության շրջանում տեղական արտադրության ապրանքների նկատմամբ վստահության պակաս կա։ Ու սա՝ այն պայմաններում, որ Հայաստանում արտադրված սննդամթերքը մեծամասամբ շատ ավելի որակյալ ու վերահսկելի է, քան ներկրվածը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները