Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական ուժերի դասավորության փոփոխությունները տեղի են ունենում ինչպես գլոբալ մասշտաբով, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։ Ու արագ փոփոխությունների մեր ժամանակաշրջանում որոշ տերություններ փորձում են դիրաքավորվել ոչ միայն որպես տարածաշրջանային ուժեր, այլև որպես համաշխարհային ազդեցություն ունեցող խաղացողներ։

Այդ երկրներից է Թուրքիան, որն ունի չափազանց մեծ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային հավակնություններ։ Անկարան միջազգային խաղացողի չափից ավելի մեծ բեռ է վերցրել իր ուսերին, շատ ավելին, քան իր ունեցած հնարավորությունները ներում են այդ ծանրությունը տանելու համար, ու պատահական չէ, որ միջազգային շատ փորձագետների կարծիքով, Թուրքիան կարող է այդ այդ ծանրությունը պարզապես «գցել ոտքին»։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Թուրքիայի ունեցած տնտեսական, աշխարհաքաղաքական ու ռազմական հնարավորություններին, որոնք չեն համապատասխանում թուրքական հավակնությունների ավելացող սանդղակին։ Ճիշտ է, Թուրքիան Մերձավոր Արևելքում ամենահզոր բանակն ունեցող երկիրն է, բայց դա չի նշանակում, որ բոլոր ուղղություններով իրենց հաջողությունները ապահովված են։ Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ ռեսուրսների սակավության հանգամանքը չի խանգարում, որ թուրքական իշխող վերնախավը տարվի այնպիսի խոշոր գաղափարական նպատակների իրականացմամբ, ինչպիսիք են պանթուրքիզմը, պանօսմանիզմը և պանիսլամիզմը։

Նման հավակնոտ ծրագրերի առաջմղման արդյունքում Թուրքիան բոլոր կողմերից խնդիրների ու հակասությունների մեջ է ներգրավվել։ Սկսենք նրանից, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել եվրոպական ուղղությամբ՝ հատկապես Բալկանյան երկրների վրա, բայց այս հարցում խոր հակասությունների է բախվում կոնկրետ Հունաստանի հետ։ Իհարկե, եթե Հունաստանը միայնակ մնա ընդդեմ Թուրքիայի, ապա չի կարող դիմադրել, դրա համար էլ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները (հատկապես Ֆրանսիան) սպառազինություններ են տրամադրում Հունաստանին, ՆԱՏՕ-ի շրջանակներում փորձում են հակակշռել Թուրքիային ու շահագրգռված չեն, որ այն շատ հզորանա։ Մյուս կողմից էլ, երբ ԱՄՆ-ը հրաժարվում է պաշտպանական երաշխիքներ տալ Եվրոպային, ու եվրոպական երկրները տրամադրված են ավելացնել իրենց ռազմական ծախսերն ու պաշտպանական համակարգ ստեղծել, ապա այս հարցում կարող է իրենց օգնել Թուրքիան՝ որպես անվտանգային մոդել, որը ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշոր ցամաքային զորքերն ունեցող պետությունն է։

Զուգահեռաբար Թուրքիան փորձում է վերահսկողություն հաստատել Միջերկրական ծովի արևել յան հատվածում ու տիրանալ ընդերքի ռեսուրսներին, սակայն այս ուղղությամբ էլ նրա շահերը հակադրվում են Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Իտալիայի, Ֆրանսիայի ու Իսրայելի շահերի հետ։ Եվ այս խնդրով նշված պետությունները նույնիսկ համագործակցում են միմյանց հետ, որպեսզի զսպեն Թուրքիայի՝ անընդհատ աճող ախորժակը։

Այս ամենով հանդերձ, Թուրքիային հաջողվել է ներթափանցել արաբական երկրներ, որտեղ հակամարտությունները եռում են։ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է Լիբիայում ընթացող հակամարտությունում, որտեղ ներկայում երկիշխանություն է տիրում. Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանն, իսկ Ռուսաստանը, Ֆրանսիան ու մի շարք արաբական երկրներ՝ Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերին։ Լիբիական քաոսում դժվար է լինելու Թուրքիայի համար մինչև վերջ պահել իր դիրքերը և փորձել օգտվել այդ երկրի ունեցած ածխաջրածնային ռեսուրսներից։ Այսինքն, դեռ հարցական է՝ արդյո՞ք Թուրքիան ի վիճակի կլինի լիակատար վերահսկողություն հաստատել Լիբիայում, ինչպես եղավ Սիրիայում։ Եթե Սիրիայի հարցում մինչ այս Թուրքիային կոնկրետ հակադրվում էին Ռուսաստանն ու Իրանը, թուրքամետ ընդդիմադիր ուժերի կողմից Դամասկոսը վերցնելուց ու Ասադի իշխանությունը տապալելուց հետո Թուրքիան Սիրիայում փաստացի մնաց միայնակ։ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, նույնպես որոշել է Սիրիան թողնել թուրքական վերահսկողության տակ, դրա համար էլ Վաշինգտոնում որոշում կա քիչ-քիչ դուրս բերել ամերիկյան զորքերը, որոնք գտնվում էին Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարի կոնտեքստում և աջակցում էին քրդական ուժերին։

Իսկ Թուրքիան փորձում է ոչ միայն ուղղորդել սիրիական նոր կառավարությանը, այլև կոնկրետ ռազմական ու տնտեսական ներկայություն հաստատել այդ երկրում՝ հետագայում իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում ավելի լայն աշխարհագրությամբ պրոյեկտելու համար։ Բայց Սիրիան ահռելի ռեսուրսներ է խլելու Թուրքիայից ու լուրջ ծանրություն է դառնալու, քանի որ այս երկիրը խայտաբղետ բնակչություն ու կրոնական կազմ ունի, և կան բազմաթիվ անուղղակի ազդեցություններ։ Օրինակ՝ շիաների վրա միշտ էլ մեծ է լինելու Իրանի ազդեցությունը, իսկ դրուզների վրա մեծ է Իսրայելի ազդեցությունը։ Մյուս կողմից էլ՝ Սիրիայում Թուրքիայի հաստատվելը կոնկրետ մտահոգությունների տեղիք է տվել Իսրայելում, քանի որ Անկարան ջանքեր է գործադրում սիրիական բանակը վերակազմավորելու ուղղությամբ, որը կարող է կիրառվել հենց Իսրայելի դեմ։ Որոշ վերլուծական շրջանակների կողմից էլ նույնիսկ կանխատեսումներ են արվում Իսրայել-Թուրքիա հնարավոր բախման մասին։

Հարավային Կովկասի մասով էլ Թուրքիան վաղ թե ուշ բախվելու է Ռուսաստանի հետ, քանի որ ցանկանում է այս տարածաշրջանը վերցնել իր վերահսկողության ներքո ու աջակցում է Ադրբեջանին, որպեսզի Հայաստանի շահերի հաշվին պանթուրքական ծրագրերն իրականացնելու հնարավորություն առաջանա։ Բայց Թուրքիան մտադիր չէ սահմանափակվել միայն Հարավային Կովկասով, Էրդողանի ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում հատկապես Միջին Ասիան՝ համաթյուրքական ինտեգրացիոն դաշտ ստեղծելու շրջանակներում։ Սակայն Միջին Ասիայի երկրների կողմից կոնկրետ հակադրության նշաններ կան, որոնք երևում են հատկապես այս տարածաշրջանի երկրների դիրքորոշումներում Կիպրոսի և այլ հարցերում։ Նրանք այնքան էլ տարված չեն պանթուրքիզմով։

Բացի այդ, Միջին Ասիայի երկրներում մեծ է Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը, որոնք ընդհանրապես շահագրգռված չեն պանթուրքական ծրագրերի առաջխաղացմամբ։ Մյուս կողմից էլ՝ ակտիվանում է Իրանը, որը փորձում է թույլ չտալ, որ պանթուրքական ծրագրերն իրականություն դառնան։ Ընդ որում, Թեհրանի դերակատարությունը կարող է ավելի մեծանալ։ Եթե հանկարծ միջուկային գործարքի շուրջ ԻրանԱՄՆ համաձայնությունը կայացավ, ապա Իրանը տարածաշրջանում կարող է լուրջ հակակշիռ դառնալ Թուրքիային։ Այնուամենայնիվ, որպես ամփոփում կրկնենք՝ գլխավոր հարցը մնում է այն, թե արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները