Կառավարման համակարգային անկարողություն և անպետքություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 
 

Ոչ թե ապրիլին, մայիսին, այլ հենց ձմռանը տեղացած, այն էլ՝ օրեր առաջ կանխատեսված ձյունը հանրապետությունում ձևավորեց արտակարգ, եթե չասվի՝ խայտառակ իրավիճակ: Երևանում, Գյումրիում, Վանաձորում, մյուս քաղաքներում ու հատկապես համապետական, միջպետական ավտոճանապարհներին, էլ չենք խոսում ներհամայնքային ճանապարհների մասին: Վթարներ, ճանապարհների անանցանելիություն, փակ ճանապարհներ, ճանապարհներին լռված հարյուրավոր մեքենաներ...

Այսինքն, ի՞նչ է ստացվում: Այս ձմեռն առանձնապես ձնառատ չէր: Եվ մեկ էլ՝ փետրվարի վերջին մոտ ձյուն տեղաց: Հատուկ ընդգծենք, որ հիդրոօդերևութաբանները հստակորեն կանխատեսել ու զգուշացրել էին դեռ մի քանի օր առաջ, որ «ուժեղ, սաստիկ, առատ ձյուն է սպասվում»: Այսինքն, եթե մի փոքր ռազմագիտական պրիզմայով դիտարկենք, ապա հետախուզությունը ժամանակին ու հստակ տեղեկություններ էր հաղորդել, ինչը նշանակում է, որ մնացած կառույցները բավարար ժամանակ ունեին նախապատրաստվելու և դիմակայելու համար: Ավելին, բոլոր կառույցները, թե՛ Երևանում, թե՛ այլ համայնքներում, թե՛ մարզային իշխանություններն ու ստորաբաժանումները առավել քան բավարար ժամանակ ու միջոցներ են ունեցել՝ նախապատրաստվելու համար: Համենայն դեպս, իր գործը և ժողովրդին ոչ թե դատարկ գրառումներով «սիրող», այլ իր պարտականություններին պատասխանատվությամբ վերաբերվող, խել քը գլխին ղեկավարները պետք է աղի, ավազի, վառելիքի որոշակի պաշարներ պահեստավորած ունենային ձեռքի տակ, արդեն պատրաստված համապատասխան տեխնիկա և աշխատուժ: Կրկնենք՝ առավել ևս, որ դեկտեմբերին, հունվարին, փետրվարի առաջին կեսին դրանք օգտագործելու կարիք միայն քիչ բնակավայրերում է եղել, այն էլ՝ քիչ քանակությամբ:

Մինչդեռ, առաջին անգամ «լուրջ» ձյուն տեղաց, այն էլ՝ եթե քանակով ես գնահատում, էլի դժվար է շատ լուրջ համարել (Հայաստանում նախկինում եղել են շատ ավելի հզոր տեղումներ), ու կառավարման համակարգային կոլապս բոլոր ուղղություններով, գրեթե բոլոր համայնքներում, բոլոր ճանապարհներին: Ու հարցը միայն փողոցների ու հանրապետական նշանակության ճանապարհների խայտառակ վիճակը չէ, խնդիրն ավելի խորքային է, իսկ համակողմանի ֆունկցիոնալ անկարողության դրսևորումը՝ շատ ավելի լայն: Օրինակ՝ ձյան տեղումներին ու ավելի ընդգծվող կոլապսին զուգահեռ՝ մեկ էլ ԿԳՄՍ նախարարությունը գիշերվա ժամը 23-ն անց որոշեց, որ հաջորդ օրը դպրոցները փակվում են: Կրկնում ենք՝ կեսգիշերին մոտ ասում են, թե առավոտյան դաս չի լինելու... Ավելին, ԵՊՀ-ն նոր ռեկորդ սահմանեց. միայն առավոտյան «արթնացավ» ու այն պահին, երբ միգուցե շատ ուսանողներ ինչ-որ կերպ ճանապարհ էին ընկել, հայտարարեցին, թե դասերը հեռավար են անելու, իսկ քննությունները և լուծարքները տեղափոխվում են:

Ու նման իրավիճակում Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, ինչ-որ ռոմանտիկ հովերի մեջ ընկած, իր տաքուկ աշխատասենյակի պատուհանից հրապարակն էր նկարել ու ՀՀ քաղաքացիներին առաջարկում էր զմայլվել ձմեռային ձնառատ տեսարանով: Մարդկանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն չգնահատեց այդ պոետիկ զեղումը, այլև բարձրաստիճան պաշտոնյայի նման վարքն ընկալեց որպես բացահայտ ծաղր: Մարդիկ, ուրեմն, հազարներով մնացել են կանգառներում, մրսած, կտրուկ թանկացած՝ 3-5 հազարանոց դարձած տաքսիների հույսին, մարդիկ ձյան տակ ոտքով էին գործից տուն վերադառնում, տասնյակ ավտոմեքենաներ բախվում էին մերկասառույցի պատճառով, մարդիկ վնասվածքներ ու կոտրվածքներ էին ստանում, իսկ երկրի բարձրաստիճան պաշտոնյան՝ ուրախ ու կայտառ, առաջարկում էր «ձնագնդի» խաղաղ, ցատկոտել ու ձնեմարդ պատրաստել:

Մի պահ փորձեցինք պատկերացնել, թե ինչ օրի կլինեին մարդիկ ու երկիրը, եթե հանկարծ Հայաստանում էլ մի 5-6 ամիս սաստիկ ձմեռ լիներ՝ շատ ավելի առատ տեղումներով: Բայց կան, չէ՞, աշխարհում նման երկրներ, նման տարածաշրջաններ: Ի՞նչ է, այնտեղ կյանքը կա՞նգ է առնում, բոլոր կրթական հաստատությունները (և ոչ միայն կթական) ամբողջ ձմեռ փակվո՞ւմ են, մարդիկ միայն ոտքո՞վ են աշխատանքի գնում-գալիս: Ոչ, իշխանությունները, մանավանդ՝ տեղական, հստակ ապահովում են կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները:

Հարցը ձյան տեղումները չեն, որ բազմաթիվ ժողովրդական կատակների ու խայթոցների առիթ տվեց՝ սկսած այն դիտարկումից, որ ձյան մաքրման աշխատանքները քպական իշխանությունները հեռավար էին կազմակերպել, վերջացրած մեր մի գործընկերոջ սրախոսությամբ, թե՝ ձյունը պինցետով, տնական արաղով, փաթիլ առ փաթիլ հավաքվելու է, ծեփվելու է պատերին ու լիզելու է բորդյուրները... Ձյունն ընդամենը ևս մեկ անգամ բացահայտեց ահա արդեն 7 տարի Հայաստանի ղեկին գտնվողների ֆունկցիոնալ անկարողությունն ու, կներեք, անպետքությունը: Ըստ որում, իշխանություն, որը եթե կարողանում էլ է ինչ-որ բան անել, ապա ինքն իրեն «չալաղաջ» պարգևավճարներ տալն է: Տեսեք, այս նույն իշխանություններն ու իշխանավորները գործնականում տապալեցին կովիդի համաճարակի դեմ պայքարը, ավելի քան 10000 մարդ մահացավ, Հայաստանում այս համաճարակից մահացածության ցուցանիշն աշխարհում ամենից բարձրերից մեկն է: Այնուհետև նույն այս իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն պատերազմական աղետ բերեցին Հայաստանի ու Արցախի գլխին, այլև անկարող եղան կառավարել այդ պատերազմի ընթացքը, ցուցաբերեցին ճակատագրական անիրազեկվածություն ու պրոֆանություն, կորստի մատնեցին հազարավոր զինվորների ու սպաների, տվեցին ահռելի կորուստներ:

Այս նույն իշխանություններն ու իշխանավորները «հերոս-հարկատուների» վճարած միջոցների հաշվին մի քանի տասնյակ միլիոն դոլարով, իբր, պետական ավիաընկերություն բացեցին ու... ո՛չ այդ ավիաընկերությունը կա, ո՛չ այդ միլիոնները կան, ո՛չ դրա համար ստեղծված կառույցը կա, ո՛չ էլ՝ պատասխանատվության ենթարկվածներ: Այս նույն իշխանությունը տապալել է ողջ տնտեսությունն ու հիմա ամենօրյա ռեժիմով «հպարտ քաղաքացիների» գրպանն է մտնում՝ բյուջե լցնելու համար: Այդ նույն իշխանությունը վաղուց պետական պարտքը ավելի քան կրկնապատկել է: Այդ նույն իշխանությունը... Շարքն անվերջանալի է:

Այնպես որ, ձյան տեղումների հետևանքով արձանագրված խայտառակությունը ոչ թե ինչ-որ մի անակնկալ է, այլ միանգամայն օրինաչափ՝ Փաշինյանի ու նրա գլխավորած ձախավեր իշխանության պայմաններում: Երևի, ինչպես հեգնել էր մեր մի սրամիտ հայրենակից, Փաշինյանը «գաղափարական, ձնախառը ուղերձ» կհղի ու կասի՝ «կարող էինք մաքրել ամբողջ ձյունը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց վթարների ու խցանումների»։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները