Խոստումների և իրականության հակադրությունը. խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը՝ տնտեսության փաստացի «հայելի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը 21-րդ դարի համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն է։ Այս ոլորտի զարգացումը ոչ միայն ապահովում է տնտեսական աճ, այլև մեծացնում է երկրի մրցունակությունը, բարելավում կյանքի որակը և ստեղծում նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում։ Միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս մեծացնել երկրի պաշտպանունակությունը, բարձրացնել կրթության և կառավարման արդյունավետությունը և նպաստել միջազգային մրցունակությանը։ Իսկ այն պետությունները, որոնք մեծ ներդրումներ են անում այս ոլորտում, ունեն տնտեսական զարգացման առավել մեծ հեռանկարներ և ավելի կայուն քաղաքական ու սոցիալական համակարգեր։ Օրինակ՝ Էստոնիան և Իսրայելը հաջողությամբ զարգացրել են ՏՏ ոլորտը՝ այն դարձնելով տնտեսության հիմնական սյուներից մեկը։

ՏՏ ոլորտը Հայաստանում ևս հռչակվել է տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ Սակայն հռչակումները, կենացային ցանկություններն ու հայտարարություններն այլ են, իսկ այս ոլորտի իրական զարգացումն՝ այլ բան։ Օրինակ՝ Փաշինյանն իր պաշտոնավարման սկզբնական շրջանում հայտարարում էր, թե ՏՏ ոլորտի զարգացումն առաջնահերթություն է իր կառավարության և Հայաստանի Հանրապետության համար: Ավելին, 2019 թվականի ապրիլի 22-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նա նույնիսկ նման հայտարարություն արեց. «Առաջիկա տասը տարիների արդյունքով, երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում կամ հանքարդյունաբերության ոլորտում»:

Ճիշտ է՝ այս հայտարարությունից դեռ 10 տարի չի անցել, բայց արդեն 6 տարի անցել է, ու տրամաբանորեն պետք է որ արդեն խոշոր հարկատուների ցանկում ՏՏ ընկերությունների մասով առնվազն որոշ միտումներ արձանագրված լինեին։ Սակայն լրիվ հակառակ պատկերն ունենք:

Եկեք նախ վերլուծենք, թե ինչ կառուցվածք ունի 2024 թվականի խոշոր հարկատուների ցանկը։ Ու որպեսզի շատ չխորանանք 1000 խոշոր հարկատուների ցանկի մանրամասների մեջ, դիտարկենք երեք տասնյակ հարկատուներին։ Եթե Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին նկատի չենք առնում, ապա առաջին 30 խոշոր հարկատուների ցանկում զուտ տեխնոլոգիական ընկերությունների թիվը չի անցնում... երկուսից, այսինքն՝ կազմում է Նիկոլ Փաշինյանի խոստացածի 10-20 տոկոսը։ Այսպիսի պատկերը ցույց է տալիս, որ ՏՏ ոլորտի ուղղությամբ իշխանությունների քաղաքականությունը լիովին տապալված է։ Իսկ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը հիմնականում միտված չեն զարգացում ապահովելուն և նորարարությունները խթանելուն։ Շատ դեպքերում էլ դրանք ոչ միայն թիրախային չեն, այլև ոչ արդյունավետ են։ Օրինակ՝ բյուջեի հաշվին մեծ աջակցություն ստանալուց հետո որոշ ընկերություններ ուղղակի դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այսինքն՝ բացակայում է նաև հաշվետվողականությունը, եթե ավելի խիստ գնահատականներ չտանք։

Բացի դրանից, ներդրումներ ներգրավելու և զարգացում ապահովելու տեսանկյունից ստեղծված չէ բարենպաստ միջավայր, և հատուկ խթանիչներ չեն գործում։ Դրա համար էլ նույնիսկ հայ գործարարներն ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները նախընտրում են իրենց նորարարական ընկերությունները և ստարտափերը գրանցել ԱՄՆ-ում, Հոնկոնգում և այլ վայրերում, քան Հայաստանում։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերությունները հիմնականում դրսի ընկերություններին են սպասարկում, իսկ այդ դեպքում վերջնական տեխնոլոգիական արտադրանքը դժվար թե կարելի է համարել հայկական, քանի որ այն ավելացնում է այլ պետություններում ստացվող արդյունքը։

Ու քանի որ ՏՏ ոլորտում առկա իրավիճակը շատ է կախված դրսի շուկայից, դրամի արժևորումը դոլարի նկատմամբ ևս իր հետևանքն է ունենում՝ նվազեցնելով հայաստանյան ՏՏ ընկերությունների շահույթի մասնաբաժինը։ Արդյունքում նվազում են նաև նրանց վճարած հարկերը։ Առաջիկա 5 տարվա հեռանկարից չի երևում, որ տեխնոլոգիական ընկերությունների մասնաբաժինը խոշոր հարկատուների ցանկում կավելանա։ Նույնիսկ մասնագետներն են ընդգծում, որ գնալով իրավիճակը ոլորտում ավելի է բարդանում։

Lավ, եթե ՏՏ ոլորտը բյուջե մուտքագրվող միջոցների մասով մեծ դերակատարություն չի ունենում, ի՞նչ ոլորտների վրա է ընկնում բյուջեի ապահովումը։ Բնականաբար, առաջին հերթին հանքարդյունաբերության։ Պատահական չէ, որ տարիներ շարունակ առաջին խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որն ամեն տարի ահռելի հարկային մուտք է ապահովում ու այս տեսանկյունից ուղղակի մրցակցությունից դուրս է։ Ավելին, կոմբինատը տարիներ շարունակ դարձել է Հայաստանի տնտեսության ողնաշարը բառի ամենաիսկական իմաստով: Եթե հանքարդյունաբերությունը հանում ենք, ապա առաջին 30 հարկատուների ցանկում ամենամեծ մասնաբաժինը կազմում են ներմուծողները՝ այդ թվում՝ տեխնոլոգիական արտադրանք ներմուծողները: Ավելին, դրանցից երկուսը՝ «Մոբայլ Արմենիան» ու «Փրիթի ուեյը», լավագույն հնգյակում են: Սա ինքնին վկայում է Հայաստանի տնտեսության բացասական հաշվեկշռի ու ներմուծումից կախվածություն ունենալու մասին։ Ներմուծման հետ կապված հարկերն էլ կարող են տատանողական բնույթ կրել՝ կապված համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներով։ Չնայած Փաշինյանը նշում էր, թե ներմուծման ոլորտում մոնոպոլիաները պետք է վերացվեն, բայց տեսնում ենք, որ այդ մոնոպոլիաները նույնությամբ մնացել են։ Իսկ վերջին տարիներին որոշ ապրանքների վերաարտահանման մասով Հայաստանը կարևոր դեր է ստանձնել, իսկ վերաարտահանում կազմակերպելու՝ աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված հետագա դժվարությունները կարող են ազդել նաև պետբյուջե մուտքերի վրա։

Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա այստեղ էլ բեռը հիմնականում ընկած է մի քանի ընկերությունների ուսերին։ Առաջին 30 հարկատուների ցանկում 5 հիմնական արտադրողներ են՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող երեք ընկերություն՝ «Գրանտ տոբակոն», «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը», «Սիգարոնը», մսամթերքի արտադրության ընդգծված առաջատար «Աթենքը», որը նաև Հայաստանի սննդամթերքի արտադրության առաջատարն է, և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատար «Կոկա կոլան»։ Այստեղ պետք է նշել նաև «Գրանդ Քենդիին», որը միշտ երեսնյակում է եղել, սակայն 2024 թ. տվյալներով 31-րդ տեղում է։

Հավելենք, որ լավագույն երեսնյակում նաև հայաստանյան չորս բանկ է ու հեռահաղորդակցության ոլորտի երեք ընկերությունները, և պատկերն ամբողջական կդառնա:

Մի խոսքով, հենց միայն խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս կարելի է պատկերացում կազմել ոչ միայն տնտեսության առկա վիճակի և միտումների մասին, այլև այն մասին, թե ինչ հեռանկարներ կան առնվազն առաջիկա մի քանի տարվա համար:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները