«Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարեսկզբից դժգոհությունները հասարակության շրջանում նոր թափ են առել: Գնաճ է գրեթե բոլոր ոլորտներում, մյուս կողմից՝ բարձրացել են տարբեր հարկատեսակների դրույքաչափերը: Հարվածի թիրախում է փոքր ու միջին բիզնեսը և ոչ միայն: Իշխանությունը սա մեկնաբանում է որպես ստվերի դեմ պայքար, քաղաքացիները՝ իրենց էլ ավելի շատ հարկելու փորձ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրուցել ենք հետևյալ կոնտեքստում՝ արդարացվա՞ծ են տարբեր հարկատեսակների բարձրացումները: Նա նշում է՝ յուրաքանչյուր երկրի համար հարկային քաղաքականությունը կոչված է սպասարկելու տնտեսական քաղաքականությանը կամ օգնելու հասնել տնտեսական նպատակներին: «Մեր իրականության մեջ, ցավոք, տնտեսական նպատակը, թիրախները ձևակերպված չեն, և ստացվում է այնպես, որ հարկային քաղաքականությունը դարձել է ինքնանպատակ մի գործընթաց: Այն իր առջև դնում է խնդիր, հիմնականում ֆիսկալ, այն է՝ բյուջե լցնելու նպատակ, և փորձում է այդ նպատակին հասնել՝ անտեսելով, որ դա կարող է խնդիրներ առաջացնել տնտեսության, տնտեսական զարգացման, արտահանման, փոքր և միջին բիզնեսի զարգացման և այլնի համար: Սա է մեր ընդհանուր խնդիրը, որ գլոբալ առումով ունենք տնտեսության մեջ: Տնտեսական նպատակը, քաղաքականությունը բացակայում է, և հարկային քաղաքականությունն ինքն իր համար նպատակներ է սահմանում և փորձում այդ նպատակներն իրականացնել: Սրա արդյունքում, ցավոք, բավականին լուրջ խնդիրներ ենք ունենալու ապագայում՝ հաշվի առնելով այն, որ հարկային դրույքաչափերը կրկնակի ավելացել են զուտ այն նպատակով, որ, ըստ իրենց, ստվերը պետք է կրճատվի կամ պետք է լրացուցիչ հարկային հավաքագրումներ ապահովել՝ առանց գնահատելու առանձին ոլորտների առանձնահատկությունները, շահութաբերությունը, օրինաչափությունները և այլն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Հավելում է՝ ստացվում է այնպես, որ, օրինակ՝ ոսկերչության ու հագուստի ոլորտների նկատմամբ կիրառվելու են նույն դրույքաչափերը, նույն մոտեցումները, ինչն, ըստ նրա, անտրամաբանական է և անարդար: «Կամ, օրինակ՝ կառավարությունն, ըստ իր հռչակած նպատակների, փորձում է ապահովել փաստաթղթավորում: Սակայն այդ փաստաթղթավորման ապահովման հիմնական բեռը դրվում է փոքր ու միջին բիզնեսի վաճառականների վրա, որոնք մեծ ազդեցություն չունեն մատակարարների, արտադրողների վրա: Այնպես չէ, որ մեր շուկայում կան հազարավոր այդպիսի մատակարարներ, կազմակերպություններ, որոնք կարող են թղթով ապրանք վերցնել: Բացի դա, մի շարք ոլորտներում պետության անարդյունավետ կամ անկատար գործունեության հետևանքով ունենք մեծ քանակությամբ մաքսանենգություն, օրինակ՝ նույն ոսկերչության պարագայում: Թուրքիայից մեծ քանակությամբ ոսկերչական ապրանքներ, ոսկե ձուլակտորներ են գալիս մաքսանենգ ճանապարհով, այս պայմաններում շուկայում ստեղծում են որոշակի բաց՝ առանց փաստաթուղթ էժան ապրանք, որը խաթարում է մրցակցությունը, և այն վաճառականը, որը կորոշի թղթով աշխատել, ուղղակի շուկայից դուրս կմնա: Կան մի շարք այլ գործոններ ևս, օրինակ՝ Հայաստանում շատ քիչ արտադրամասեր կան, որոնք լինցենզավոված են կամ գործում են որպես ոսկերչական արտադրամաս: Մեծ մասը ձևակերպված են որպես ծառայություններ մատուցողներ, որովհետև նրանց առաջադրվող պահանջներն ավելի մեղմ են, քան արտադրամասին առաջադրվող պահանջները: Բազմաթիվ հարցեր կան արտադրության, մատակարարման ոլորտներում, բայց այս ամենի լուծումը նրանք տեսնում են մանր ու միջին առևտրականներին հարկելու միջոցով: Սա անարդար ու անհասկանալի իրավիճակ է: Նման իրավիճակներ են նաև այլ ոլորտներում, օրինակ՝ հագուստի վաճառքը, հանրային սնունդը: Հանրային սննդի դեպքում ևս հարկային բեռը բարձրացվում է մինչև 12 տոկոս այն տրամաբանությամբ, որ պետք է փաստաթղթավորում ապահովեն: Գաղտնիք չէ, որ շուկայից մեծ քանակությամբ հանրային սննդի ապրանքներ են ձեռք բերվում, որոնք բավարար փաստաթղթավորված չեն: Սա ևս խնդիր է առաջացնում: Նման իրավիճակ ունենք հագուստի ոլորտում: Այս ոլորտում ՊԵԿ-ը հաճախ չի ընդունում ներկրողների փաստաթղթերը՝ անվանելով դրանք ոչ արժանահավատ և այլն: Եվ հիմա նրանք ստիպված են լինելու ավելի շատ վճարել դրա համար: Այս ամենն արվում է զուտ բյուջեն լցնելու, ստվերը կրճատելու նպատակով, սա չի արվում տնտեսական քաղաքականությունը բարելավելու, տնտեսական աճ ապահովելու նպատակով: Մինչդեռ սա պետք է լիներ նպատակը»,-նշում է մեր զրուցակիցը:

Դժգոհություններին իշխանությունները արձագանքում են տարբեր հարցազրույցների կամ աշխատանքային քննարկումների միջոցով: Ամեն անգամվա պես միայն որոշում կայացնելուց հետո է իշխանությունը «պարզում», թե ինչ խութեր կան դրանում: «Առավել քան ակնհայտ է, որ գործող իշխանությունները պատշաճ հանրային քննարկում չէին կազմակերպել, և դրա վառ ապացույցը մեր ՓՄՁ ներկայացուցիչների արդար դժգոհությունն է: Նրանք հաշվի չեն առել ոլորտային խնդիրներն ու առանձնահատկությունները, ինչի հետևանքով վաճառականները ստիպված են լինելու կա՛մ գները բարձրացնել, ինչը քիչ հավանական է, կա՛մ ստվեր անցնել: Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի: Հարկային այս դրույքաչափերով փոքր և միջին բիզնեսը մրցունակ չէ, նրանք չեն կարող գործել, նրանք ստիպված են լինելու անցնել ստվերային դաշտ: Դրանից տուժելու են և՛ պետությունը, և՛ բիզնեսը: Սա ճիշտ մոտեցում չէ, այն ավելի մեծ վնաս է հասցնելու պետությանը, քան հարկային այն եկամուտները, որոնք, ենթադրաբար, ակնկալում էին»,-ընդգծում է տնտեսագետը:

Բայց մյուս կողմից՝ իշխանությունը, որի վարկանիշը, մեղմ ասած, լավ վիճակում չէ, այս՝ ոչ պոպուլ յար քայլերով իրեն դնում է էլ ավելի վատ վիճակի մեջ: Տնտեսության վիճակն այսքան վա՞տ է: «Գործող իշխանությունները հարկային դրույքաչափերի աճը պայմանավորում են նրանով, որ տնտեսության մեջ կա հարկային ճեղք, այսինքն՝ որոշակի չհավաքագրված հարկեր, դրանք պետք է հավաքագրել: Իսկ դրա նպատակն այն է, որ հարկային եկամուտների մի զգալի մասն ապահովեն՝ հաշվի առնելով այն, որ 2024 թվականին պետական բյուջեն թերակատարեց հարկային եկամուտների հավաքագրումը՝ նախատեսվածից մոտ 220 միլիարդ դրամով քիչ հարկ հավաքագրվեց: Այս պահին նրանց փոփոխությունների գնալը պարտադրում է բյուջետային իրավիճակը:

Նրանք չեն կարողանում բյուջեի կատարողականն ապահովել, ստիպված են լրացուցիչ հարկեր հավաքագրել: Երկրորդ խնդիրն այն է, որ այս փոփոխություններն անելու պարագայում կարող են ակնկալել լրացուցիչ վարկեր: Տարբեր միջազգային կազմակերպություններ պարտադրում են այսպիսի փոփոխություններ անել, կրճատել հարկային ճեղքը, որ պետությունները կարողանան լրացուցիչ վարկ վերցնել: Անշուշտ, այստեղ անկազմակերպվածության և քաղաքական սխալ հաշվարկի հետ էլ գործ ունենք: Նրանց մի շարք ծրագրեր խնդրահարույց են, հանրության կողմից բացասական արձագանքներ կարող են ունենալ, դրանք կենտրոնացրել են 2025-2026 թվականների վրա: Պատահական չէ, որ, օրինակ՝ հայտարարագրումը հետաձգեցին մինչև նոյեմբեր՝ լարվածությունը մի քիչ թուլացնելու համար: Վստահ եմ, որ որոշ ծրագրեր կփորձեն վերանայել, հարկային եկամուտների կամ հարկային վարչարարության խստացման մասով որոշակի փոփոխության կգնան՝ փորձելով մեղմել իրավիճակը: Սա գործող իշխանությունների համար բավականին լուրջ գլխացավանք է դառնալու, նրանք չեն կարողանում խնդիրները համակարգված լուծել, և սրա արդյունքում պարբերաբար նմանատիպ խնդիրներ են լինելու»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները