Հովիկ Աբրահամյանը լավն էր, Նիկոլը՝ վատը, կամ՝ կառավարությունը մասամբ ճիշտ է, բայց ոչ ազնիվ

Տնտեսվարողներն այսօր էլի հավաքվել էին կառավարության դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների դեմ, որով 5 տոկոս շրջանառության հարկը դարձել է 10 տոկոս, իսկ ավելի ցածր տոկոսով հարկվելու համար պետությունը պահանջում է փաստաթղթավորել իրենց ապրանքները։ Իսկ տնտեսվարողներն ասում են՝ փաստաթղթավորել չեն կարող, որովհետև, օրինակ, Թուրքիայից ներմուծված ապրանքների համար ոչ ոք իրենց հաշիվ-ապրանքագիր՝ ֆակտուրա չի տալիս։ Պետությունն էլ կարծում է, որ իրենք, եթե ուզենան, կարող են այդ ֆակտուրան ապահովել։ 

Մոտ մեկ ամիս է՝ այս մարդիկ ակցիաներ են անում կառավարության դիմաց, հանդիպումներ պահանջում պատասխանատու պաշտոնյաների հետ, անգամ խորհրդարանական լսումներ եղան, բայց այդպես էլ որևէ ընդառաջ գնացող քայլ կառավարությունը չարեց, որ տնտեսվարողները գոհ մնային։ Կառավարությունից մի պաշտոնյա իջավ՝ ինչ-որ դիմումների վարչության պետ, որի վրա գոռգոռացին տնտեսվարողները, հետո եկան այն հայտարարի, որ մինչև եկող հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը, պետք է պատասխան ստանան։ Ակնկալում են, որ հենց նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարի օրենքը կասեցնելու մասին, հետո նոր նստեն բանակցելու։ Ու սկսեցին վանկարկել՝ «կասեցում, կասեցում»։

Իրականում, պետությունը՝ ի դեմս կառավարության, այստեղ մասամբ ճիշտ է, բայց ազնիվ չէ։ Ճիշտ է այն հարցում, որ փոքր ու միջին ձեռնարկատերերի ծավալած գործունեության մեջ, իրականում, զգալի չափով ստվեր կա։ Բայց ազնիվ չէ, որովհետև կառավարությունում նստած «փայլուն ուղեղները», որոնք իրենց տաքուկ աշխատասենյակներում օրենքներ են մշակում, այդ մարդկանց կաշվի մեջ չեն մտնում, չգիտեն՝ ինչպես են նրանք բիզնես անում և երկու կոպեկ աշխատում։ Թեև, շատերի դեպքում այդքան էլ երկու կոպեկ չէ, և պետության կողքին առևտրականները նույնպես լիարժեք ազնիվ չեն։ Այդ նույն առևտրականների մեջ շատ կան այդ առևտրով հարստացած ու միլիոնատեր դարձածներ, և լացակումած տոնով իրենց նեղ վիճակի, պետության կողմից իրենց հացի վերջին փշրանքը խլելու վերաբերյալ զեղումներն, իրականում, մի քիչ չափազանցրած են։

Նույն ոսկերիչների մեջ մարդիկ կան, որոնք տարիներ շարունակ մաքսանենգ ճանապարհով 999 հարգի ոսկի են տարել Թուրքիա՝ որպես իբրև թե իրենց անձնական զարդ, այնտեղ դա թանկ գնով վաճառել, այդ փողով էժան զարդ են գնել, բերել են Հայաստան ու թանկ գնով վաճառել՝ դրանով կլորիկ գումարներ դիզելով։ Այդ ամենը, բնականաբար, պետությունից հարկեր, տուրքեր և մաքսազերծման գումարներ թաքցնելու հաշվին։ Դրա համար էլ այսօր նրանցից շատերը ենթևեկում են թանկարժեք մեքենաներով, կառուցել են շքեղ առանձնատներ և միլիոնավոր դրամներ են հետ գցել։ Նույնը հագուստի առևտրով զբաղվողների մասին է, որոնք տարիներ ի վեր կիլոյով հագուստ են ներկրել Թուրքիայից, և դա առանց փաստաթղթավորման հատով մի քանի անգամ թանկ վաճառել ու հարստացել։

Իհարկե, բոլորի մասին չի կարելի այսպիսի ընդհանրական դատողություններ անել, բայց հիմնական պատկերն այսպիսին է։ Եվ պետությունն այս մասին, բնականաբար, իմացել է ու հիմա էլ շատ լավ գիտե։ Բայց տարիներ ի վեր դրա վրա աչք են փակել, որովհետև լավ գիտակցել են, որ հարկային այսպիսի բարդ ընթացակարգերով և խրթին «ռեֆորմներով» ստվերն էլ ավելի են խորացնելու։ Դրա համար դեռ նախորդ իշխանության օրոք՝ 2015-16 թթ, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, հերթական փոփոխություններից հետո, երբ ավելի շատ ուզում էին այն կարգոների և հայտնի «պապկաների» դեմն առնել, տնտեսվարողները նորից ոտքի ելան, և կարճ ժամանակ անց՝ կառավարությունը այսպիսի մի լուծում մտածեց․ այն տնտեսվարողները, որոնք կփաստաթղթավորեն իրենց ապրանքը, կվճարեն 1.5 տոկոս շրջանառության հարկ, իսկ որոնք առանց ֆակտուրայի կաշխատեն, կվճարեն 5 տոկոս շրջհարկ։

Տնտեսվարողներին սա ձեռնտու տարբերակ էր, և այսօր էլ կառավարության դիմաց այդ նույն տնտեսվարողները ակամա խոստովանեցին, որ Հովիկ Աբրահամյանն ավելի լավն էր՝ որպես վարչապետ, որովհետև մի օր միտինգ արեցին կառավարության դիմաց, և նա ընդունեց իրենց, լսեց և ընդառաջ գնաց իրենց պահանջներին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որ իրենց ծոցից է ելել, և, ինչպես իրենք նորից խոստովանեցին, Նիկոլին որպես ժողովորդի ծոցից դուրս եկած և «սոված» մեկին են բերել, որ իրենց՝ սովածների դարդ ու ցավը լավ իմանա, հիմա ավելի վատ է վարվում իրենց հետ, քան այն ժամանակ Հովիկ Աբրահամյանը, որը կուշտ էր, ու, թվում էր, պիտի սովածներին լավ չհասկանա։ Այսօրվա ակցիայի ամբողջ թեզը հենց սա էր, որը մի քանի անգամ է՝ կրկնում են, որ իրենք են Նիկոլին բերել ու փոշմանել են, որովհետև «սրանք նրանցից վատը դուրս եկան», որովհետև ասում են՝ նախկին «թալանչիներն» այսպես չէին քերթում իրենց։ Իսկ Հովիկ Աբրահամյանը, թեև լինելով կուշտ վարչապետ, նրանց հասկանում ու բարձրացրած խնդրին անմիջապես լուծում էր տալիս, որովհետև մի բիզնեսմեն էլ նա էր, նա էլ իր բիզնես շահերն ուներ, ու լավ գիտեր՝ շարքային առևտրականին ինչ է պետք, որտեղ է պետք օրենքը պահել, որտեղ՝ շրջանցել, որ ոչ շիշը վառի, ոչ՝ միսը։ 

Հիմա այս «սովածների» կառավարությունը այդ 5 տոկոսը 10 տոկոս են դարձնում, բայց ասում են՝ փաստաթղթավորման դեպքում դա կդառնա 1 տոկոս՝  նախկին 1.5-ի փոխարեն, բայց տնտեսվարողները պնդում են, որ դա միֆ է՝ 1 տոկոսից ավել է իրենց վրա նստելու։ Իրականում, կառավարությունը սրանով ուզում է իբրև թե խոշոր հարկ վճարողների մոտ եղած ստվերի դեմն առնել, բայց, իրականում, մանր ու միջին բիզնեսին է հարվածում, իսկ խոշորը շարունակելու է իր ստվերում ապահով մնալ։ Սրա լուծումն, իրականում, ոչ թե շղթայի վերջին օղակից սկսելն է, այլ սկզբից՝ ներմուծման և մաքսազերծման փուլում խիստ վերահսկողություն սահմանելը։

Հիմա կառավարությունը փոխանակ փոփոխություններ մտցնի Հայաստան մտնող ապրանքի և դրա մաքսազերծման հարցում, որ ամեն ինչ օրինական ու թափանցիկ արվի, արդեն տարբեր, այդ թվում՝ զարտուղի ճանապարհներով ներկրված ապրանքն ուզում է կրկնակի հարկել և պահանջել, որ ամեն միավոր ապրանքն իր հաշիվ-ապրանքագիրն ունենա։ Իսկ որտեղի՞ց ունենա, եթե արտահանող երկիրն այդ ապրանքի համար ֆակտուրա չի տվել կամ, ասենք, կիլոյով են դա ներմուծել կամ էլ, ոսկու և հեռախոսների նման՝ հատով, որպես իրենց անձնական իր ներմուծելով։

Հիմա կառավարությունը պետք է կացինը դնի մի կողմ և հստակ որոշում կայացնի՝ թողնել, որ այս մարդիկ շարունակեն գործել ու հարկ վճարե՞լ, թեկուզ ոչ այն չափով, ինչ չափով ակնկալում են կառավարության «վունդերքինդ» ֆինանսիստները, թե՞ բոլորին ուղարկել փակման՝ դրանից բխող սոցիալական և տնտեսական լուրջ հետևանքներով։ Համենայնդեպս, այդ պարագայում իրենք բյուջեում առաջացած ճեղքվածքն էլ ավելի դժվարությամբ են կարողանալու փակել։ 

Վահե Մակարյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները